Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Երիտասարդ դիվանագետների դպրոց
ՕՊԵԿ-ի երկրների գագաթնաժողով (2009 թ.)
Կոմս Պասկևիչ-Էրիվանսկու առաջին հանդիպումը Պարսկաստանի թագաժառանգ Աբբաս Միրզայի հետ (1827 թ., Թավրիզ)
Սևրի պայմանագրի 
ստորագրումը 
(1920 թ-ի օգոստոսի 10-ին)
Լևոն Կարախան (Կարախանյան,
1889–1937 թթ.),
դիվանագետ, ՌԽՖՍՀ  (1918–21 թթ.) և ԽՍՀՄ (1927–34 թթ.) արտաքին գործերի ժողկոմի 
տեղակալ
Վիկտոր Իսրայելյան
(1919–2005 թթ.),
դիվանագետ, 1968 թ-ից ՄԱԿ-ին առընթեր ԽՍՀՄ ներկայացուցչությունում (Նյու Յորք)` մշտական ներկայացուցչի տեղակալ, ապա` առաջին տեղակալ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան (1971 թ-ից)
Ջոն Կիրակոսյան
(1929–1985 թթ.),
դիվանագետ, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար (1975–85 թթ.)
Դիվանագիտությունը պետության ղեկավարների, 
կառավարությունների ու հատուկ մարմինների պաշտոնական 
գործունեությունն է՝ պետության արտաքին քաղաքականությունն արտասահմանում իրականացնելու, նրա իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով: 

Դիվանագիտությունը (հունարեն «դիպլոմատիա»՝ երկտակ ծալված գրություն, փաստաթուղթ) ձևավորվել է միջպետական հարաբերությունների առաջացմանը զուգընթաց: Բաբելոնը, Ասորեստանը, Խեթական ու Վանի թագավորությունները և այլ երկրներ զարգացած դիվանագիտություն ունեցող առաջին պետություններն էին: 
Դասական դիվանագիտություն է ունեցել Հին Հռոմը: Միջնադարում առավել զարգացած էր բյուզանդական դիվանագիտությունը: Նրա ձևերը, մեթոդներն ու սովորույթներն ընդօրինակել են Ֆրանսիան, Արաբական խալիֆությունը, Հին Ռուսիան և այլ պետություններ: Եկեղեցու ազդեցության աճին զուգընթաց՝ առանձնահատուկ հեղինակություն էր վայելում պապական դիվանագիտությունը: Յուրահատուկ էր Վենետիկի և իտալական այլ քաղաք-պետությունների դիվանագիտությունը, որը պայմանավորված էր առևտրական գործունեությամբ, ձևավորվող նոր հասարակական հարաբերություններով ու համակարգով, ուներ նաև հյուպատոսական մարմիններ:
Հայաստանն օտար պետությունների հետ ռազմաքաղաքական, դաշնակցային հարաբերություններ հաստատել է մ. թ. ա. VI դարից: Քսենոփոնի «Կյուրոպեդիայում» հիշատակվում է մ. թ. ա. 550-ական թվականներին Աքեմենյան Կյուրոս արքայի հետ Հայոց Տիգրան թագավորի վարած քաղաքական բանակցությունների մասին: Հայ դիվանագիտությունն աչքի է ընկել հատկապես Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ-ի օրոք: Կարևոր դիվանագիտական քայլեր էին Տիգրան Բ-ի՝ 70 հովիտների ժամանակավոր զիջումը պարթևներին (մ. թ. ա. 95 թ.), հայ-պոնտական դաշինքը՝ ընդդեմ հռոմեացիների (մ. թ. ա. 94 թ.), Արտաշատի պայմանագիրը 
(մ. թ. ա. 66 թ.) և այլն: 
Տրդատ Գ Մեծի օրոք դիվանագիտական կարևոր քայլ էր քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն (301 թ.), որով Հայաստանը սահմանազատվեց Պարսկաստանից ու Հռոմից՝ ինքնուրույն քաղաքական գործունեություն վարելու վճռականությամբ: Հայ նախարարները պարսիկների կրոնափոխության պահանջին (V դարի կեսեր) դիմակայելու նպատակով դաշնակցել են Բյուզանդիայի, վրացիների, աղվանների ու հոների հետ: Պարսկաստանի հետ կնքված Նվարսակի պայմանագրով (484 թ.) ապահովվել է Հայաստանի ինքնուրույն զարգացումը, Դվինի ժողովներում (506 թ. և 554 թ.) քաղկեդոնականության մերժումով՝ Հայ եկեղեցու և Հայաստանի քաղաքական անկախությունը, իսկ արաբական տիրապետության շրջանում՝ 652 թ-ին Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ կնքված հայ-արաբական պայմանագրով՝ Հայաստանի ներքին ինքնուրույնությունը: Ճկուն դիվանագիտության արդյունք էին Հայաստանի անկախության նվաճումը 885 թ-ին և Աշոտ Ա Բագրատունուն թագավոր հռչակելը:
XI դարում դիվանագիտությունը Կիլիկյան Հայաստանում կառավարության պաշտոնական ձևավորված ոլորտ էր՝ իր սկզբունքներով, որը ծավալվել է ողջ հայության անունից՝ եկեղեցու գործուն մասնակցությամբ: Դիվանագիտությունը, որպես կանոն, եղել է կրոնական սահմանափակումներից անկախ, իսկ անհրաժեշտության դեպքում կրոնն օգտագործվել է քաղաքական նպատակներով: Մահմեդական երկրների հետ համագործակցելու համար եվրոպական պետությունները հաճախ դիմել են Հայաստանի միջնորդությանը: Իկոնիայի և Եգիպտոսի հետ հաշտ ապրելու անհաջող փորձերից հետո Կիլիկյան Հայաստանը ձգտել է նրանց հակադրել արևմտյան պետություններին և մոնղոլական իշխանություններին: Մոնղոլական բանակին սննդամթերք մատակարարելու, զորք տրամադրելու պարտավորությամբ՝ հայ դիվանագետներին հաջողվել է 1254 թ-ին կնքել հայ-մոնղոլական դաշինք և կանխել մոնղոլների մուտքը Կիլիկիա: 
XII դարի վերջից Կիլիկյան Հայաստանում գործել են օտարերկրյա առաջին հյուպատոսությունները: 
Պետականության բացակայության շրջանում հայ դիվանագիտությունը գլխավորել է եկեղեցին, որն ազգի մասնատվածության, քաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմաններում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հաջողությունը պայմանավորել է միայն արտաքին օգնությամբ: Մինչև XVII դարի 2-րդ կեսն այդ օգնությունն ակնկալվում էր արևմտյան պետություններից, ապա շրջադարձ է կատարվել դեպի Ռուսաստան: XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի նշանավոր դիվանագետներից էր Իսրայել Օրին, որի հիմնական խնդիրը հայ-ռուսական ռազմական դաշինքի ստեղծումն էր: 
Հայ դիվանագիտության հաջորդ կարևոր փուլը XVIII դարի 2-րդ կեսն էր: Գիտակցելով պաշտոնական հարաբերությունների կարևորությունը՝ գաղութահայ բուրժուազիայի ներկայացուցիչներ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Հովհաննես Լազարյանը և ուրիշներ արտաքին հարաբերություններում Սբ Էջմիածնի վանքը ներկայացրել են որպես համայն հայության կենտրոն: Տարբեր ժամանակներում ճանաչված հայազգի դիվանագետներից էին Իվաշկոն, Վասիլի Վրոնան, Քրիշտոֆ Հայը, Գրիգոր Լուսիկյանը, Նիկոլայ Հայը, Նիկոլայ Աթաբիովիչը (Լեհաստանում), Եղիա Կարնեցին, Միրզա Մելքում խանը, Հովհաննես խան Մասեհյանը (Իրանում), Խոջա Իսրայել Սահրատը (Հնդկաստանում), Պողոս պեյ Յուսուֆյանը, Տիգրան փաշա Ապրոն, Նուբար փաշան (Եգիպտոսում), Մուրադ Հալեպցին (Եթովպիայում), Խոջա Փանոս Քալանթարը (Բիրմայում),  Ենիկոլոփյանները (Վրաստանում) և ուրիշներ:
Արևելյան Հայաստանի դրության բարելավմանը էականորեն նպաստել են XIX դարասկզբի ռուս-պարսկական պատերազմները, որոնց ավարտով երկրամասը միացել է (1828 թ.) Ռուսական կայսրությանը: Հայ քաղաքական և դիվանագիտական գործիչները (Ներսես Աշտարակեցի, Խաչատուր Լազարյան, Ալեքսանդր Խուդաբաշյան և ուրիշներ) նպաստել են հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների զարգացմանը, ներկայացրել Արևելյան Հայաստանի ապագա կարգավիճակի նախագծեր: 1828–29 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից առաջ արևմտահայության ներկայացուցիչները բանակցություններ են վարել Այսրկովկասի ռուսական իշխանությունների հետ՝ ազատագրությունն ակնկալելով Ռուսաստանից: Այդ ժամանակ Արևմտյան Հայաստանը դարձել էր մեծ տերությունների ուշադրության առարկա: 
XIX դարի 2-րդ կեսին հայկական  որոշ քաղաքական շրջանակներ, կողմնորոշվելով դեպի եվրոպական տերությունները, նրանց քաղաքականության հետ են կապել արևմտահայերի ազատագրումը: Ներսես Վարժապետյանի, Մկրտիչ Խրիմյանի, Նուբար Փաշայի, Մինաս Չերազի դիվանագիտական դյուրահավատությունը դրսևորվեց հատկապես 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի, Բեռլինի վեհաժողովի և նրան հաջորդած շրջանում: 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմի ժամանակ Հայկական հարցը վերստին դարձավ եվրոպական պետությունների ու Ռուսաստանի ուշադրության առարկա: Կազմավորվեց Ազգային պատվիրակություն Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ, որն Անտանտի պետությունների ղեկավարների շրջանում պետք է գործունեություն ծավալեր հայաբնակ վիլայեթների բարենորոգումների օգտին: Պատվիրակությունն իր գործունեությունը շարունակել է նաև Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) տարիներին (կամավորական խմբերի կազմավորում անգլո-ֆրանսիական զորքերի կազմում, հակագերմանական քարոզչություն և այլն) և դրանից հետո՝ մասնակցելով 1919–20 թթ-ի Փարիզի հաշտության, ապա՝ Լոնդոնի (1921 թ.) ու Լոզանի (1922–23 թթ.) կոնֆերանսներին:
1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանի և Այսրկովկասի հայության շահերը միջազգային համաժողովներում ու բանակցություններում պաշտպանում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը: 
Հայաստանի Հանրապետության (1918–20 թթ.) արտաքին քաղաքականությունը տնօրինում էին կառավարությունն ու արտգործնախարարությունը, որը դիվանագիտական ներկայացուցիչներ և հյուպատոսություններ ուներ մի շարք պետություններում (ԱՄՆ, Բելգիա, Իտալիա, Գերմանիա, Թուրքիա, Պարսկաստան, Ֆրանսիա և այլն), Այսրկովկասի հանրապետություններում և Հյուսիսային Կովկասում: Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներն էին Միացյալ Հայաստանի ստեղծումը, կողմնորոշումը դեպի եվրոպական դաշնակից պետությունները, ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատի (1920 թ.) ստանձնումը, բարեկամական հարաբերությունների հաստատումը հարևան երկրների՝ Ռուսաստանի, Պարսկաստանի, Թուրքիայի և կովկասյան հանրապետությունների հետ՝ չմոռանալով նաև սահմանային պահանջատիրությունը: Հանրապետության պատվիրակությունը (ղեկավար՝ Ավետիս Ահարոնյան) հատկապես եռանդուն գործունեություն ծավալեց 1919–20 թթ-ի Փարիզի հաշտության կոնֆերանսում, որի արդյունքը 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի կնքումն էր:
Խորհրդային իշխանության հաստատումից (1920 թ-ի դեկտեմբեր) հետո Հայաստանի արտաքին հարաբերությունների ղեկավարումն ստանձնել է հեղկոմը, որը հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացնում էր Խորհրդային Ռուսաստանի ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ փաստորեն զոհաբերելով հայ ժողովրդի ազգային շահերը «համաշխարհային հեղափոխության» ու Արևելքի (այդ թվում՝ Թուրքիայի) «հեղափոխականացման» գաղափարին: Այդ անհեռատես քաղաքականության և հայ խորհրդային դիվանագիտության առաջին ձախողակ քայլերից մեկը 1921 թ-ի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի կնքումն էր, որով հայ ժողովուրդը զրկվեց իր բուն հայրենիքի զգալի տարածքից Արևմտյան և Արևելյան Հայաստանում: Անդրֆեդերացիայի (1922 թ-ի մարտ), այնուհետև ԽՍՀՄ-ի (1922 թ-ի դեկտեմբեր) կազմավորումից հետո, երբ ՀԽՍՀ-ն մտավ պետական նոր միավորումների մեջ, նրա միջազգային պայմանագրային պարտականություններն ու արտաքին քաղաքական իրավասություններն անցան ԽՍՀՄ-ին, իսկ հանրապետության արտգործնախարարությունը (ժողկոմատ) վերացավ: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ այն կրկին վերականգնվել է 1944 թ-ին և գործել սահմանափակ իրավասությամբ: 
Հայ դիվանագետներն այնուհետև գործել են ԽՍՀՄ արտաքին քաղաքականության ոլորտներում. նշանավոր են Համազասպ Հարությունյանը, Վիկտոր Իսրայելյանը, Ջոն Կիրակոսյանը և ուրիշներ: 
1990 թ-ին անկախ պետականություն հռչակած Հայաստանի Հանրապետությունն իրեն վերստին հայտարարեց միջազգային իրավունքի սուբյեկտ. վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների հետ, մասնակցում միջազային կազմակերպությունների գործունեությանը (ՄԱԿ-ի անդամ է 1992 թ-ի մարտի 1-ից): ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը բոլոր պետությունների, առաջին հերթին՝ հարևանների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումն է: Հայաստանի համար հատկապես կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք երկուստեք հայտարարվել են ռազմավարական:
   «Բրիտանիան չունի մշտական դաշնակիցներ: Նա ունի միայն մշտական շահեր»:
XIX դարի անգլիացի նշանավոր պետական և քաղաքական գործիչ Հենրի Պալմերստոնի (1784-1865 թթ.) այս արտահայտությունը դարձել է թևավոր խոսք: