 | Եղվարդի երկհարկ Սբ Աստվածածին եկեղեցի-զանգակատունը (1301 թ.) հարավ-արևմուտքից |
 | Աշտարակի Սբ Մարինե եկեղեցին (1270-ական թթ.) հարավ-արևմուտքից |
 | Լվովի Սբ Աստվածածին հայկական եկեղեցին (1363–70 թթ.) |
 | Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի եկեղեցու ներքին տեսքը |
Եկեղեցին ընդհանուր իմաստով կրոնական կազմակերպություն է, որը հավատի ու պաշտամունքի հիմքի վրա միավորում է այս կամ այն կրոնական ուղղության հետևորդներին: Քրիստոնեական եկեղեցին հավատացյալների այնպիսի հավաքականություն է, որի շրջանակներում տեղի է ունենում մարդու հաղորդակցությունն Աստծու հետ:
«Եկեղեցի» (հունարեն` «էկլեսիա») նշանակում է Աստծուն հավատացող մարդկանց ժողով, սրբերի հավաք: Նիկիայում 325 թ-ին եկեղեցական հայրերը սահմանել են հավատի և դավանանքի բանաձև, որը կոչվում է «Հավատո հանգանակ» կամ ուղղակի «Հավատամք», որտեղ եկեղեցու մասին ասվում է. «Հավատում ենք Մի, Ընդհանրական, Առաքելական և Սուրբ եկեղեցուն»: Եկեղեցին մի է, քանի որ մեկ է Քրիստոսը, մեկ է ճշմարիտ հավատը, և մեկ է այդ հավատի վրա կառուցված եկեղեցին: Այն ընդհանրական է, քանի որ առանց ցեղի ու լեզվի խտրության միավորում է աշխարհասփյուռ բոլոր քրիստոնյա հավատացյալներին: Եկեղեցին, Հիսուս Քրիստոսի առաքյալների քարոզչությամբ հիմնված լինելով, կոչվեց առաքելական: Առաքյալները Տիրոջից ստացան ձեռնադրելու և մարդկանց մկրտելու իրավունք, որը ձեռնադրության միջոցով փոխանցեցին իրենց հաջորդներին: Եկեղեցին սուրբ է, որովհետև Սուրբ է նրա հիմնադիր Հիսուս Քրիստոսը: Այն երկրի վրա բաժանված է վարչատարածքային, ազգային, լեզվական, նաև ավանդույթների, դավանական, ծիսական տարբերությունների և այլ պատճառներով: Քրիստոնեական եկեղեցին հավատի կարևոր ինստիտուտ է, որից դուրս մարդ չի կարող քրիստոնյա լինել և փրկություն ստանալ: Եկեղեցին ունի հստակ պաշտոնակարգություն, կենտրոնացված կառավարում, պաշտամունքի ծառաներ (հոգևորականություն) և հավատացյալների հոտ: Քրիստոնեական եկեղեցին՝ իբրև հավաքականություն, ձևավորվել է III–IV դարերում, երբ սկսվել է համայնքային հոգևոր առաջնորդների ձեռանադրումը (նշանակումը): Սկզբնական շրջանում եկեղեցին հիմնականում եղել է անհավատների (հերետիկոսներ) դեմ պայքարի միջոց, ավելի ուշ, սակայն, տիրապետելով որոշակի կարողությունների (ունեցվածք և ֆինանսական միջոցներ), ձեռք է բերել նոր կարգավիճակ. ձևավորել է եպիսկոպոսության ինստիտուտը և վերածվել կենտրոնացված կառույցի, որը գրեթե նույնությամբ պահպանվում է մինչև օրս: Քրիստոնեական եկեղեցին խորհրդաբանական և նվիրական կառույց է, որտեղ կատարվող աստվածապաշտական արարողությունները` սրբազան խորհուրդները, ժամերգությունները և պատարագը, արտացոլում և խորհըրդանշում են երկնային իրողություններ: Սկզբնական շրջանում հեթանոսական պաշտամունքային կառույցներն էին վերածվում եկեղեցիների, ապա աստիճանաբար տարածվեց խաչաձև հիմքով կենտրոնագմբեթ եկեղեցիներ կառուցելու ավանդույթը: Եկեղեցու կառույցի մաս կազմող աղոթասրահը, Ավագ խորանը՝ ատյանի և դասի մասերով, ավանդատները, մկրտության ավազանը շեշտում են Քրիստոսի մարմինը խորհրդանշող եկեղեցու բազմազանությունը, իսկ գմբեթի վրա բարձրացող խաչը՝ Հիսուս Քրիստոսով ամբողջը միավորելու և նրա սիրով իմաստավորելու գաղափարը: Հայ առաքելական եկեղեցին օժտված է վերոհիշյալ 4 հատկանիշներով: Այն հիմնադրել են սբ Թադեոս և սբ Բարդուղիմեոս առաքյալները: Հայաստանն աշխարհում առաջին պետությունն է, որ 301 թ-ին` Տրդատ Գ արքայի և սբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի օրոք, քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Գրեթե բոլոր երկրների սահմանադրություններում հռչակված է խղճի ազատություն, որով մարդիկ ազատորեն կարող են դավանել իրենց կրոնը: Շատ երկրներում եկեղեցին անկախ է պետությունից, որը կարգավորվում է օրենքով: Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է: Եկեղեցին բաժանված է թեմերի, որոնք ունեն իրենց թեմակալ առաջնորդ եպիսկոպոսները:
|