Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Երևանի զինանշանը և դրոշը 
Երևանի տարածքը 
162 կմ2 է (արվարձաններով՝ ավելի քան 230 կմ2), 
բնակչությունը՝ 
1 մլն 200 հզ. (2009 թ.): 
Երևանի տարածքում պեղված բրոնզե ձիու գլուխ (մ. թ. ա. VII դար)
Խաչքար (XVII դար)
Երևանի հատակագիծը՝ ըստ Ժան Բատիստ 
Տավեռնիեի (1655 թ.)
Երևանի բերդը
«Երևանի բերդի գրավումը» 
(գործ` Ֆրանց Ռուբոյի) 
Մեծ կամ Շուկայի հրապարակը (Ղանթար) հին Երևանում
Երևանի հատակագիծը 
(1906–11 թթ., կազմող` Բորիս Մեհրաբյան)
Երևանի նահանգային վարչության գրասենյակը, Հայաստանի առաջին հանրապետության կառավարության նստավայրը, հետագայում՝ Ժողկոմխորհի շենքը 
(XIX դարի վերջ – XX դարի սկիզբ, 
այժմ` Հանրապետության փողոցում)
«Բերդաձոր» ռեստորանը Հրազդան գետի ձախափնյա լանջին
Երևանը Արարատի համայնապատկերով
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը 
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում
Երևանի պետական համալսարանի աստղադիտարանը
«Ջուր ծախող տղան» (1970 թ., քանդակագործ` Հովհաննես Բեջանյան)
Երևանը Հայաստանի Հանրապետության  (նաև նախորդ 2 
հանրապետությունների, Հայաստանի 12-րդ)  մայրաքաղաքն է. արդյունաբերական, գիտամշակութային կենտրոն, օդային, 
երկաթուղային և ավտոճանապարհների խոշոր հանգույց է: 
Հիմնադրվել է մ. թ. ա. 782 թ-ին:  «Երևան» անունը կապվում է 
Էրեբունի քաղաք-ամրոցի անվան հետ, կոչվել է նաև Այրիվան, 
Էրիվան,  Րևան և այլ անուններով:

Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելյան եզրին՝ Հրազդանի  ափերին՝ ծովի մակարդակից 900–1200 մ բարձրության վրա՝ 7–8-բալլանոց սեյսմիկ գոտում: 
Երևանը ժամանակի ընթացքում ընդարձակվել և ներառել է Նորքը (1830 թ-ից), այնուհետև` Քանաքեռ, Ավան, Շոռբուլաղ, Վերին Ջրաշեն, Նուբարաշեն, Նոր Արեշ, Խարբերդ, Նորագավիթ,  Չարբախ, Հաղթանակ, Դավիթաշեն գյուղերը: 
Կլիման խիստ ցամաքային է. ամառը շոգ ու չոր է,  ձմեռը՝ համեմատաբար խստաշունչ: Հաստատուն ձնածածկույթ լինում է ոչ ամեն տարի: Գարունը կարճատև է. ամառն սկսվում է մայիսի վերջերին: Աշունը երկարատև է ու զով: Արևափայլքի տարեկան տևողությունը 2700 ժամ է, տեղումների տարեկան քանակը՝ 320–350 մմ: Երևանի խմելու ջուրը որակյալ է. բերվում է 18–30 կմ հեռավորությունից՝  սառնորակ ու մաքուր աղբյուրներից: Խոշոր  գետը Հրազդանն է՝ Գետառ, Ջրվեժ, Ողջաբերդ, Մուշաղբյուր վտակներով: Կառուցվել են Երևանյան լճի, «Հաղթանակ» զբոսայգու և այլ արհեստական ջրամբարներ: 
Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Նուբարաշեն, Էրեբունի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա: Մայրաքաղաքում է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի (կազմավորվել է IV դարի սկզբին) առաջնորդանիստը՝ Սբ Սարգիս եկեղեցին:
Երևանի տարածքը բնակեցված է հնագույն ժամանակներից: Հրազդանի ձորում (այժմյան Երևանյան լճի տարածքում) հայտնաբերվել են քարեդարյան կացարանների և նյութական մշակույթի մնացորդներ: Հայտնի են Շենգավիթի էնեոլիթյան (մ. թ. ա. IV–III հազարամյակներ), Ծիծեռնակաբերդի, Կարմիր բլուրի և բրոնզեդարյան (մ. թ. ա. II հազարամյակ) այլ բնակատեղիներ: Վանի թագավորության (Ուրարտու) Արգիշտի Ա արքան մ. թ. ա. 782 թ-ին Երևանի հարավ-արևելքում՝ Արինբերդի շրջանում,  կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը և այդ մասին թողել սեպագիր արձանագրություն, որը, փաստորեն, Էրեբունի-Երևանի ծննդյան վկայականն է: 
Մ. թ. ա. VII  դարում Կարմիր բլուրում կառուցվել է Թեյշեբաինի ամրոցը, որը կործանվել է մ. թ. ա. VI դարում: 
Երևանն առաջին անգամ հայ մատենագրության մեջ հիշատակվում է VII դարի սկզբներին՝ Դվինի եկեղեցական ժողովի առնչությամբ, երկրորդ վկայությունը վերաբերում է  640-ական թվականների սկզբներին՝ արաբական արշավանքներին: VII–IX դարերում Երևանը եղել է բերդ ունեցող գյուղաքաղաք, Կոտայք գավառի կենտրոնը: X–XIII դարերում վերածվել է այս կամ այն իշխանին պատկանող ավատական քաղաքի: Ենթադրվում է, որ XIII դարում ունեցել է 15–20 հզ. բնակիչ: 1387 թ-ին Լենկթեմուրի հրոսակները գրավել են Երևանը: Կարակոյունլու ցեղապետ Ջհան շահը (1437–67 թթ.) ստեղծել է Երևան կենտրոնով  կուսակալությունը: Այդուհետ Երևանը հաճախ հիշվել է որպես «Այրարատյան երկրի մայրաքաղաք»: 
1502 թ-ին Իրանի Սեֆյան հարստության հիմնադիր շահ Իսմայիլը, ի թիվս Հայաստանի արևելյան երկրամասերի, ակկոյունլուներից խլել է նաև Երևանը և հանձնել Ռևան խանին: Որպես սահմանային մեծ խանության կենտրոն՝ Երևանը Ռևան խանի օրոք ձեռք է բերել ռազմական խոշոր նշանակություն: Թուրք-պարսկական  պատերազմների հետևանքով Երևանը քանիցս անցել է մե՜րթ պարսիկներին, մե՜րթ թուրքերին: 1555 թ-ի Ամասիայի պայմանագրով Հայաստանը բաժանվել է նրանց միջև, և Երևանի խանությունն անցել է Իրանին: 1583 թ-ին թուրքական մի ստվար բանակ՝ Ֆահրատ փաշայի հրամանատարությամբ, վերստին արշավել է Երևան: Մահմուդ խանը նահանջել է արևելք՝ քաղաքը թողնելով թուրքերին: Ֆահրատ փաշան 45 օրում նորոգել է Երևանի բերդը՝ օգտագործելով հայկական գերեզմանաքարերն ու եկեղեցիների քարերը: 
1603 թ-ին Պարսից Շահ Աբբասը (1587–1629 թթ.) 8–9 ամիս պաշարել է Երևանը.  թուրքական կայազորը հարկադրված հանձնվել է: 1604 թ-ին Աբբասի գերեվարած շուրջ 300 հզ. հայերի թվում եղել են հազարավոր երևանցիներ:  1639 թ-ի Կասրե-Շիրինի հաշտության պայմանագրով ավարտվեցին թուրք-պարսկական պատերազմները: Պարսկաստանի զավթած հայկական հողերի մեծ մասը մտցվեց Երևանի խանության մեջ՝ Երևան կենտրոնով: 
Երևանը խիստ տուժել է 1679 թ-ի հունիսի Գառնիի երկրաշարժից, որն ամենակործանիչ երկրաշարժն է Երևանի պատմության մեջ: Ավերվել են Երևանի բերդը, եկեղեցիներ, մզկիթներ,  խանի ապարանքը, բնակելի թաղամասեր և այլն:
XVIII դարի 1-ին քառորդից սկսած՝    Իսրայել Օրին և ազատագրական շարժման մյուս գործիչները հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում կարևորել են  Երևանի դերը: 1724 թ-ին Երևանի և շրջակա գյուղերի բնակիչները մոտ 3 ամիս պաշտպանվել են և մի քանի անգամ պարտության մատնել թուրքական զորքերին: Սեպտեմբերի 26-ին պաշարված քաղաքն անձնատուր է եղել: 
1735 թ-ի սեպտեմբերի 22-ին՝ երկար պաշարումից հետո, Իրանի Նադիր շահը Երևանը գրավել է առանց կռվի՝ Կարսի բերդի պաշարումը վերացնելու պայմանով: XVIII դարի 2-րդ կեսին Երևանի խանությունը հարկատու էր Վրաստանի Հերակլ II թագավորին, սակայն ժամանակ առ ժամանակ խանի՝ հարկատվությունից հրաժարվելու պատճառով Հերակլը ձեռնարկել է 3 պատժիչ արշավանքներ (1765, 1769, 1779 թթ.): Վերջինի ժամանակ ավերել են Երևանի խանության գավառները, 3 ամիս պաշարել քաղաքը, խանության բազմաթիվ բնակիչների գաղթեցրել Վրաստան: Երևանից տեղահանվածներին բնակեցրել են Տփղիսի Հավլաբար թաղամասում:
Երկարամյա պատերազմները կասեցրել են Երևանի բնակչության աճը, տնտեսական և մշակութային զարգացումը:  XVII–XVIII դարերում Երևանն ունեցել է մոտ 15 հզ. բնակիչ: 1804–13 թթ-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ գեներալ Պավել Ցիցիանովի գլխավորությամբ ռուսական զորքերը 1804 թ-ի հուլիսին պաշարել են Երևանի բերդը: Սակայն, հաշվի առնելով բերդի գրավման դժվարությունները, պարենի պակասությունը, տարածված հիվանդությունները, վերադարձել են Թիֆլիս: Գեներալ Իվան Գուդովիչի գլխավորությամբ 1808 թ-ի հոկտեմբերի II արշավանքը Երևան նույնպես անարդյունավետ էր: 1826–28 թթ-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել երրորդ արշավանքը դեպի Երևան՝ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ: 1827 թ-ի հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերը հայ կամավորների աջակցությամբ գրավել են քաղաքը: 1828 թ-ի փետրվարի 10-ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրով` Երևանի ու Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառն անցել են Ռուսաստանին: Երևանը (ուներ մոտ 11.500 բնակիչ) դարձել է Հայկական մարզի (1828–40 թթ.) կենտրոնը: 1840 թ-ին Հայկական մարզի վերացմամբ Երևանի գավառը մտել է Վրացա-Իմերեթյան նահանգի մեջ, և Երևանը վերածվել է գավառական քաղաքի: 1849 թ-ին ստեղծվել է Երևանի նահանգը՝ համանուն կենտրոնով: 1874 թ-ին, վարչական նոր փոփոխության հետևանքով, նահանգը բաժանվել է գավառների, որոնցից մեկն էլ Երևանի գավառն էր:
1878 թ-ին տեղի են ունեցել քաղաքային դումայի 1-ին ընտրությունները. 4 տարի ժամկետով ընտրվել է 52 իրավասու: Խորհրդային իշխանության տարիներին (1920–91 թթ.) Երևանը կառավարում էր ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը, որը 1977 թ-ից սկսած կազմված էր 500 պատգամավորից` 242 կին, ԽՄԿԿ 250 անդամ և անդամության թեկնածու, 297 բանվոր և կոլտնտեսական:
2009 թ-ից քաղաքը կառավարում է քաղաքային ավագանին՝ ընտրվում է 5 տարի ժամկետով, որը նշանակում է քաղաքապետին և նրա տեղակալներին, որոնք իրականացնում են գործադիր իշխանությունը:
Երևանը զարգացած քաղաքաշինական մշակույթ ունեցող հնագույն քաղաքներից է: 1856 թ-ին հաստատվել է Երևանի 1-ին գլխավոր հատակագիծը: 1863 թ-ին բացվել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցը, մինչև դարավերջ՝ նաև զուգահեռ և ուղղահայաց այլ փողոցներ, որոնք կենտրոնում ստեղծել են տրանսպորտային ուղիների փոքրիշատե կանոնավոր ցանց:
Երևանի զարգացումն սկսվել է XIX դարի 80–90-ական թվականներին՝ պայմանավորված Ռուսաստանի ընդհանուր զարգացմամբ: Առաջին գործարանները գործարկվել են 1880-ական թվականներին. 1881 թ-ին՝ գարեջրի, 1887 թ-ին՝ Թաիրյանի օղու, սպիրտի և գինու, 1892 թ-ին՝ հանքային ջրերի և օշարակի, 1893 թ-ին՝ Աֆրիկյանի և Գյուլազյանի, 1894 թ-ին՝ Սարաջևի գինու-կոնյակի գործարանները: 1890 թ-ին Թաիրյանի գործարանը գնել է ռուս ֆաբրիկանտ Շուստովը և, մեծ ներդրումներ կատարելով, 10-անգամ ավելացրել է կոնյակի արտադրությունը: 
1901 թ-ին Երևանը երկաթուղով կապվել է Թիֆլիսի, իսկ 1906 թ-ին՝ Ջուլֆայի հետ, հայտնվել է առաջին ձիաքարշ տրամվայը: 1907 թ-ին քաղաքի մի մասն առաջին անգամ ստացել է էլեկտրաէներգիա: 1912 թ-ին ջրմուղով խմելու ջուր է բերվել Քառասուն աղբյուրներից:
Առաջին ավտոմեքենան Երևան մուտք է գործել 1913 թ-ին, նույն թվականին քաղաքը հեռախոսաֆիկացվել է՝ 80 հեռախոսահամարով:
Երևանում առաջին բուժարանը բացվել է 1888 թ-ին, որին կից, 5 տարի անց` կլինիկական հիվանդանոց՝ 12 մահճակալով: 1913 թ-ին Երևանում գործել են 4 բուժարան, 3 դեղատուն, ակնաբուժարան, հոգեբուժարան:
Տնտեսության զարգացման շնորհիվ Երևանի բնակչությունը 1880–1912 թթ-ին ավելացել է շուրջ 3 անգամ (36.836 մարդ): Ընտանիքները միջին հաշվով բաղկացած էին 6 անձից: Բնակչության ճնշող մեծամասնությունը հայ էր: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) տարիներին, ընդհանուր զորահավաքով զորակոչվածներից և պարտադիր ծառայության մեջ գտնվողներից բացի, պատերազմին մասնակցել են նաև երևանցի բազմաթիվ կամավորներ, որոնք ռուսական զորքի կազմում պայքարել են Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու համար: Երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանից տեղահանված և յաթաղանից փրկված շուրջ 45 հզ. գաղթականներ ապաստանել են Երևանում, որոնց կարիքները հոգալու համար ստեղծվել են տարբեր գաղթականական կազմակերպություններ, օգնության և նպաստամատույց կոմիտեներ,  որբախնամ կազմակերպություններ: 
1832 թ-ին բացվել է Երևանի գավառական դպրոցը, որտեղ տեսուչ և ուսուցիչ է աշխատել Խաչատուր Աբովյանը: Այնուհետև բացվել են հոգևոր թեմական դպրոցը (1837 թ.), իգական ուսումնարանը (1850 թ.), Նորքի ծխական դպրոցը (1860 թ.), Գայանյան օրիորդաց ուսումնարանը (1866 թ.),   Ուսուցչական սեմինարիան (1881 թ.):
1918 թ-ի գարնանը՝ Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, թուրքական զորքերի մի մասը շարժվել է դեպի Երևան: Քաղաքն առանց դիմադրության հանձնելու՝ քաղաքային դումայի որոշմանը հակառակ՝ Երևանի և շրջակա գյուղերի (Քանաքեռ, Ավան, Առինջ և այլն) բնակչությունը հայկական զորամասերի հետ պաշտպանել է քաղաքը: Սարդարապատի ճակատամարտում (1918 թ-ի մայիսի 21–29) պարտված թուրքական բանակը նահանջել է, և Երևանը փրկվել է թուրքական բարբարոսությունից: 1918 թ-ի հուլիսին Երևան է տեղափոխվել նույն թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակված Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Երևանը դարձել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը: 1919 թ-ի հունիսին խորհրդարանը հռչակվել է հանրապետության գերագույն օրենսդիր մարմին, որը գործել է մինչև 1920 թ-ի դեկտեմբերը:
Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից (1920 թ-ի դեկտեմբեր)  հետո ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանը դարձել է սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքի խոշորագույն կենտրոն: 1924 թ-ին հաստատվել է Ալեքսանդր Թամանյանի կազմած Երևանի՝ խորհրդային շրջանում 1-ին գլխավոր հատակագիծը (15 տարի հաշվարկային ժամկետով, բնակչության 60–150 հզ. աճով), որը հիմք է դարձել մայրաքաղաքի հետագա բոլոր հատակագծերի համար:
Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) տարիներին բազմահազար երևանցիներ մարտնչել են ֆաշիստական զավթիչների դեմ: Երևանի արդյունաբերության առանձին ճյուղեր և առողջապահական որոշ հաստատություններ վերակազմավորվել են պատերազմական ժամանակների պահանջներին համապատասխան, բնակչության զգալի մասը լծվել է թիկունքի ապահովման աշխատանքին: Նրանցից ավելի քան 10 հզ-ը հետագայում արժանացել է կառավարական պարգևների: 
Պատերազմից հետո Երևանը սկսել է զարգանալ ու կառուցվել բուռն թափով: 
Բացվել են նոր արդյունաբերական ձեռնարկություններ, կրթական, բարձրագույն
Երևանի քաղաքապետարանի շենքը (2004 թ., ճարտարապետներ` Ջիմ Թորոսյան, Ռոմիկ Մարտիրոսյան)
և մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտական հիմնարկներ, գրադարաններ, կինոթատրոններ, հրատարակչություններ, եկեղեցիներ, մզկիթ, մշակութային այլ օջախներ, ստեղծվել է ռադիոհեռուստատեսային լայն ցանց: 
Երևանը դարձավ Այսրկովկասի ու Առաջավոր Ասիայի արդյունաբերական խոշոր կենտրոններից: 1981 թ-ից գործում է Երևանի մետրոպոլիտենը:
1991 թ-ից Երևանը Հայաստանի երրորդ հանրապետության մայրաքաղաքն է: 2005 թ-ին հաստատվել է քաղաքի զարգացման նոր գլխավոր հատակագիծը, և քաղաքը վերակառուցվում ու կառուցապատվում է ժամանակակից` նոր տիպի շենքերով ու շինություններով: