Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Զաքարե Բ-ի զինանշանը Հառիճավանքի Սբ Աստվածածին եկեղեցու պատին
Զաքարյանների պետական զինանշանով  
որմնաքանդակներ 
Նոր Վարագավանքում
Զաքարյանների զինանշանով մանրանկարներ 
Հառիճավանքի Ժողովածուից  (XIII դար)
Արուճի բերդը (XII–XIII դարեր) կառուցվել է 
Զաքարյանների օրոք:

Զաքարյանների իշխանապետությունը (Զաքարյանների պետություն, Զաքարյան Հայաստան) ավատատիրական պետություն էր (XII դարի վերջ – XIV դարի կես) Հյուսիսարևելյան Հայաստանում՝ Զաքարյան իշխանատոհմի գլխավորությամբ: Իշխանապետության հիմնադիր Սարգիս Զաքարյանի (Սարգիս Մեծ) հոր՝ Զաքարիայի անունով հայ մատենագրության մեջ տոհմը կոչվել է Զաքարյան: Զաքարյանների տոհմական դամբարանը գտնվում է Սանահինի վանքում:

Զաքարյանները (վրացական աղբյուրներում Զաքարյանների տոհմը կոչվում է Մխարգրձելի՝ Երկայնաբազուկ, Երկայնաթիկունք), ըստ հայ պատմագիրների, սերել են Մեծ Հայքի Կորճայք նահանգի Կարթունիք գավառից Հյուսիսային Հայաստան գաղթած Արծրունիների մի ճյուղից: 1965 թ-ին Ամբերդում հայտնաբերված արաբատառ արձանագրության մեջ Սարգիս Զաքարյանի որդիներ Զաքարե Բ Մեծը և Իվանե Ա-ն անվանված են Արծրունիներ: 
XI դարի կեսին Զաքարյանների նախնի Խոսրովն իր տոհմով անցել է Գուգարք և ճանաչել Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը, նրանից ստացել Խոժոռնի գավառակը՝ համանուն ամրոցով: 1118 թ-ին` Լոռին ժամանակավորապես Վրաստանին միացվելուց հետո, Զաքարիան (Սարգիս Մեծի հայրը) դարձել է Վրաց Դավիթ Շինարար թագավորի (1089–1125 թթ.), 1120-ական թվականներից՝ նաև Լոռու նոր տերերի՝ Օրբելիների վասալը: 1161 թ-ին հայ-վրացական միացյալ ուժերը Շադդադյան ամիրներից կարճ ժամանակով ազատագրել են Անին, Սարգիս Զաքարյանը դարձել է Անիի կառավարիչ Իվանե Օրբելու տեղակալը: 1181 թ-ի մի արձանագրության  մեջ Սարգիս Զաքարյանը հիշատակվում է արդեն որպես հայ-վրացական բանակի հայկական զորախմբի ամիրսպասալար (գլխավոր հրամանատար):
Սարգիս Զաքարյանի դերը վրաց արքունիքում ավելի է մեծացել, երբ Վրաց Գեորգի III թագավորի դեմ Իվանե Օրբելու գլխավորած ավատատերերի ապստամբության (1177 թ.) ժամանակ լքել է նրանց և սատարել թագավորին: Օրբելիների ջախջախումից հետո՝ 1185 թ-ին, Սարգիս Զաքարյանը նշանակվել է Վրաց թագավորության զինված ուժերի ընդհանուր զորահրամանատար («Հայոց և Վրաց ամիրսպասալար»), ստացել է Լոռին (Կյուրիկյան թագավորության տարածքը), որի ինքնուրույնությունը` Սարգիս Զաքարյանի գլխավորությամբ, ընդունել է Թամար թագուհին (1184–1207 թթ.), և որն այնուհետև դարձել է Զաքարյանների ժառանգական տիրույթ: Վրացական արքունիքը Զաքարյան իշխաններին և նրանց հրամանատարությամբ մարտնչող հայ զորահրամանատարներին ոգևորելու համար սկսեց նոր ազատագրված շրջանները շնորհել նրանց:
1191 թ-ին Զաքարե Բ Մեծը Թամար թագուհուց ստացել է ամիրսպասալարի, 1203 թ-ին՝ մանդատորթուխուցեսի (արքունի կնքապահ և թագուհու թիկնազորի պետ) պաշտոնները, դարձել վրաց Բագրատունիների պետության ազդեցիկ դեմք: Գլխավորելով վրաց-հայկական բանակը՝ եղբոր՝ Իվանե Ա-ի (1191 թ-ից՝ մսախուրթուխցես՝ արքունի մեծ վեզիր) հետ Զաքարե Բ-ն ավելի քան 20 տարի ազատագրական կռիվներ է մղել սելջուկյան ամիրությունների դեմ Հայաստանի կենտրոնական և հարավային շրջաններում: Նրանց հաղթական պատերազմների շնորհիվ ազատագրված հայկական տարածքները՝ Արագածոտնը, Շիրակը, Այրարատը, Սյունիքը, Արցախը, Կարսը, Բասենը և այլն, մտել են Զաքարյան իշխանապետության մեջ: Ամրապնդվել և հզորացել է իշխանապետությունը՝ Անի կենտրոնով (1199 թ-ից): Զարքարե Բ-ն մեծ հեղինակություն է ունեցել նաև Կիլիկիայի հայկական պետությունում: Դավանաբանական հարցերի շուրջ բանակցություններ է վարել Լևոն Բ թագավորի հետ, նախաձեռնել ու հրավիրել Լոռու (1205 թ.) և Անիի (1207 թ.) ժողովները: Զաքարե Բ-ին այդ ձեռնարկումներում օգնել է նրա հոգևոր հայրը՝ օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշը: 
Զաքարե Բ-ի մահից (1212 թ.) հետո Իվանե Ա-ն ստացել է ամիրսպասալարի, 1213 թ-ին՝ 14-ամյա գահաժառանգ Գեորգի IV Լաշայի (Իվանե Ա-ն նրա դաստիարակն էր) գահ բարձրանալուց հետո` նաև աթաբեկի (թագավորահայր) պաշտոնները, դարձել վրաց արքունիքի ամենաազդեցիկ դեմքը: Իվանե Ա-ի մահից (1227 թ.) հետո Զաքարյանների տոհմի ավագությունն անցել է Իվանեի որդի Ավագ Զաքարյանին (ծննդյան թվականն անհայտ է – 1250 թ.), որը ժառանգել է նաև աթաբեկի պաշտոնը: Սակայն մոնղոլական տիրապետության հաստատումից հետո թուլացած Զաքարյանները տրոհվել են ավատատիրական առանձին տների: Վրացական արքունիքում Զաքարյանները պահպանել են իրենց ազդեցությունը, շարունակել են վարել ամիրսպասալարի, արքունի մեծ վեզիրի, աթաբեկի պաշտոնները: Զաքարյաններից վերջին ամիրսպասալար է հիշվում Զազան (1345–80 թթ.): Այնուհետև մինչև XVIII դարը Զաքարյանների մասին հիշատակություն չկա:
Մոնղոլների տիրապետության ժամանակ Զաքարյանների տոհմը կոչվել է Արղութ, որը չաղաթայերեն Երկայնաբազուկ տոհմանվան հոմանիշն է: XVIII դարի վերջին, երբ Սանահինի կալվածատեր Երկայնաբազուկները դասվել են ռուսական ազնվականության շարքը, ստացել են Արղության-Երկայնաբազուկ ազգանունը:
Զաքարյանների իշխանապետությունը կազմված էր վարչատարածքային 3 խոշոր միավորներից. Լոռու մի մասը, հայ Բագրատունիների՝ Անի-Շիրակի թագավորության տարածքի զգալի մասը և այլ գավառներ՝ մինչև Բասեն, պատկանել են Զաքարե Բ-ին և նրա սերունդներին (կենտրոնը՝ Անի): Լոռու մի մասն էլ, Այրարատ նահանգի արևելյան մի քանի գավառներ, Գեղարքունիքը, Սոդքը, Վայոց ձորը, Սյունիքի հյուսիսարևելյան մի քանի շրջան՝ Իվանե Ա-ին և նրա սերունդներին (Դվին և Բջնի կենտրոններով), Տավուշը, Փառիսոսը, Գարդմանը՝ Զաքարեի և Իվանեի հորեղբայր Վահրամի Զաքարե որդուն և նրա սերունդներին (կենտրոնը՝ Գագ ամրոց): 
Զաքարյաններն իրենց տիրույթների ներքին գործերը վարել են ինքնուրույն կառավարման մարմինների համակարգով և վասալ իշխանների ցանցով, սակայն երկիրը կառավարել է Զաքարյանների տան ավագ ներկայացուցիչը (Զաքարե Բ-ն, Իվանե Ա-ն, Զաքարե Բ-ի որդի Շահնշահը, Իվանե Ա-ի որդի Ավագը և ուրիշներ), որը կրել է Թագավոր Հայոց, Արքա, Շահնշահ տիտղոսները: Փաստորեն Զաքարյանները դարձել են հայ Բագրատունիների ժառանգորդները (Հաղարծնի վանքի մի արձանագրության մեջ Զաքարեն և Իվանեն անվանված են Բագրատունի): 
Զաքարյան իշխանապետությունում եղել են վեզիրի (պետական կառավարման կենտրոնական մարմնի ղեկավար), սպարապետի, կողմնակալ կառավարչի, ամիրի (վերահսկել է գավառի ներքին կյանքը, կազմակերպել հարկահավաքը և այլն), հեջուբի (սենեկապետ), քաղաքապետի պաշտոններ: Նախկին տոհմիկ ազնվականության (Մամիկոնյաններ, Արծրունիներ, Սյունիներ, Բագրատունիներ և ուրիշներ) ներկայացուցիչները կա՜մ վերացել են, կա՜մ արտագաղթել, իսկ մնացածները զբաղեցրել են աննշան տեղ ու դիրք: Առաջացել են ավատատիրական նոր տներ, որոնց հիմնադիրները Զաքարյան տոհմից էին կամ նախկին մանր ազնվականներ, որոնք Զաքարյանների մղած պատերազմներում աչքի էին ընկել և ստացել հողային ընդարձակ տարածքներ, դարձել կողմնակալ-կառավարիչներ (Վաչուտյաններ, Օրբելյաններ, Հասան-Ջալալյաններ և ուրիշներ), վարել սպարապետության պաշտոնը (Խաղբակյաններ) և այլն:
Զաքարյանների տիրապետության շրջանում ծաղկել են երկրի տնտեսությունը, մշակույթը, առևտուրը, վերելք են ապրել երկրագործությունը, անասնապահությունը, արհեստագործությունը: Հայաստանի քաղաքները վերստին աշխուժորեն մասնակցել են Արևելքի երկրների ու Բյուզանդիայի հետ կատարվող առևտրին: Մշակույթի և գիտության կարևոր կենտրոններ էին Հովհաննես Իմաստասերի վարդապետարանը՝ Անիում, Գեղարդավանքի, Սանահնի, Հաղպատի, Հաղարծնի ուսումնագիտական կենտրոնները, Գլաձորի համալսարանը, Նոր Գետիկի (Գոշավանք), Խորանաշատի, Կայենաձորի, Խոր վիրապի վարդապետարանները, որոնք բարձրագույն ուսումնական հաստատություններ էին: Զարգացել է պատմագրությունը (Սամուել Անեցի, Մխիթար Անեցի, Մխիթար Այրիվանեցի, Կիրակոս Գանձակեցի, Ստեփանոս Օրբելյան և ուրիշներ), վերելք է ապրել հայ իրավագիտական միտքը (Դավիթ Ալավկա որդի, Մխիթար Գոշ), գրականությունը (Խաչատուր Կեչառեցի, Ֆրիկ, Տերտեր Երևանցի և ուրիշներ):
XIII–XIV դարերում ավարտվել են ճարտարապետական մի շարք համալիրներ՝ Տաթև, Սանահին, Հաղպատ, Կեչառիս, Հաղարծին, Հառիճ, Հովհաննավանք, Մակարավանք, Գեղարդավանք, Նոր Գետիկ, Ամաղուի Նորավանք, Սաղմոսավանք, Դադիվանք, Տեղեր, Դեղձուտ, Գանձասար և այլն: Զաքարյան իշխանապետությունում զարգացել են նաև քաղաքներն ու քաղաքային կյանքը: Բարգավաճել ու ընդարձակվել են Անին, Դվինը, Կարսը, Լոռեն, ձևավորվել է Երևանը` որպես միջնադարյան քաղաք:
   Զաքարե Բ Մեծը կրել է հայ Բագրատունիների շահնշահ տիտղոսը: Նրան անվանել են նաև Թագավոր հայոց, Կեսարոս, Ինքնակալ, Մանդատորթուխուցես, Ամիրսպասալար Հայոց և Վրաց շահնշահ Զաքարիա:
   Զաքարյան իշխանապետությունն ընդգրկել է Մեծ Հայքի Այրարատ և Սյունիք նահանգները, ինչպես նաև Գուգարք (XII դարի վերջից Թմուկ բերդը Ջավախքի շրջանի հետ տրվել է Զաքարյաններին), Արցախ, Ուտիք նահանգների մի մասը: Իշխանապետությունը հզորության գագաթնակետին է հասել Զաքարե Բ-ի և Իվանե Ա-ի օրոք, հետագայում թուլացել և XIV դարի կեսին՝ մոնղոլական տիրապետության շրջանում, դադարել է գոյություն ունենալուց: