Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Զորյան Ստեփան
1889 թ., ք. Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր)
1967 թ., Երևան 
(թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու 
պանթեոնում)
Ս. Զորյանի տուն-թանգարանը Վանաձորում
Գրող, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ստեփան Զորյանը, խորապես կապված լինելով ազգային կյանքին ու մշակույթին, իր 
արվեստում համադրել է նաև եվրոպական ու ռուսական 
ռեալիզմի լավագույն ավանդույթները: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում ձևի նորությամբ և սեղմ շարադրանքով:

Ստեփան Զորյանը (իսկական ազգանունը՝ Առաքելյան) ավարտել է ծննդավայրի ռուսական դպրոցը: 1906 թ-ին մեկնել է Թիֆլիս, աշխատել «Սուրհանդակ», «Մշակ» թերթերում: 1918 թ-ին լույս է ընծայել «Տխուր մարդիկ» պատմվածքների առաջին ժողովածուն, որն աչքի է ընկնում կյանքի և մարդկային հոգեբանության խոր ճանաչողությամբ: Պատմվածքներում նա թափանցել է հերոսների ներաշխարհը, բացահայտել իրականության հետ ներքին հակասությունները: 
1919 թ-ին տեղափոխվել է Երևան. աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատում (1922–25 թթ.), ընտրվել Կենտգործկոմի անդամ (1929–37 թթ.), եղել Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար (1950–54 թթ.): Գրողը մեծ ճանաչման է հասել «Ցանկապատ» (1923 թ.) և «Պատերազմը» (1925 թ.) պատմվածքների ժողովածուներով: «Ցանկապատ», «Ծովանը» պատմվածքների հերոսները հանուն շահի ոտնահարում են բարոյական բոլոր սկզբունքները: «Պատերազմը» ժողովածուում («Պատերազմը», «Զաքարի հարսը», «Ընթերցողները», «Ջրհորի մոտ» և այլն) Զորյանն անդրադարձել է հայկական գյուղում պատերազմի ավերիչ հետևանքներին, իսկ «Պարզ հոգիներ» (1945 թ.) ժողովածուում պատկերել է ռազմադաշտից հեռու՝ թիկունքում ապրող պարզ ու համեստ մարդկանց կյանքը: Զորյանի ստեղծած կանանց կերպարները՝ Եսթերը («Զաքարի հարսը»), Նունուֆարը («Խնձորի այգին»), Փառանձեմը («Հայոց բերդը»), առանձնանում են հուզական բարդ ներաշխարհով, հոգեկան բարձր ու ազնիվ գծերով: Սոցիալական չարիքի թեման լավագույնս ներկայացված է «Խնձորի այգին» (1917 թ.) վիպակում: «Ամիրյանի ընտանիքը» (1921 թ.) վեպում և «Հեղկոմի նախագահը» (1926 թ.), «Գրադարանի աղջիկը» (1926 թ.) վիպակներում գրողն անդրադարձել է նոր ժամանակների իրականության հակասություններին:
1944 թ-ին Զորյանը լույս է ընծայել «Պապ թագավոր» պատմավեպը: Նա, քննադատաբար վերանայելով պատմական անցյալը, Պապին ներկայացրել է որպես դարաշրջանի նշանավոր պետական ու քաղաքական գործչի: Այնուհետև հրատարակվել են նրա «Հայոց բերդը» (1959 թ.), «Վարազդատ» (1967 թ.) պատմավեպերը, որոնք «Պապ թագավորի» հետ ամբողջացրել են եռագրությունը: Այս վեպերում գրողը IV դարի քաղաքական անցքերի գեղարվեստական վերլուծությամբ հաստատել է ժողովրդի գոյատևման գլխավոր նախապայմանը՝ պետականության առկայությունը: 
Զորյանը գրել է պատմվածքներ  նաև պատանիների ու մանուկների համար («Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն») ու հեքիաթներ: Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է «Մի կյանքի պատմություն» (1935–39 թթ.) ինքնակենսագրական վեպը, որտեղ ներկայացված է իր ապրած ժամանակաշրջանը՝ հարազատ գույներով, տրամադրություններով ու հակասություններով: 
Զորյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Ջրհորի մոտ» (1970 թ.), «Հեղկոմի նախագահը» (1977 թ.), «Խնձորի այգին» (1985 թ.) գեղարվեստական կինոնկարները:
Զորյանը գրել է նաև հուշեր իր ժամանակակիցների՝ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի մասին («Հուշերի գիրք», 1958 թ.): Թարգմանել է Լև Տոլստոյի, Իվան Տուրգենևի, Հենրիկ Սենկևիչի, Մարկ Տվենի, Ստեֆան Ցվայգի ստեղծագործություններից: 
Վանաձորում գործում է Զորյանի տուն-թանգարանը. այդտեղ և հանրապետության այլ քաղաքներում Զորյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ:
   «Լեզուն իրոք մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա ուրախության պահին բացում է մեր սիրտը, իսկ վատ տրամադրության ժամին նա է սփոփում մեզ.... ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց»:
Ստեփան Զորյան