Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Էնգելս Ֆրիդրիխ
1820 թ., Բարմեն (այժմ՝ Վուպերթալ), Գերմանիա
1895 թ., Լոնդոն 
Ֆրիդրիխ Էնգելսի և Կարլ Մարքսի հուշարձանը 
Բեռլինում
Գերմանացի մտածող և հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիդրիխ Էնգելսը մարքսիզմի հիմնադիրներից է. Կարլ Մարքսի հետ ստեղծել է գիտական կոմունիզմի տեսությունը: 

Ֆրիդրիխ Էնգելսը ծնվել է գործարանատիրոջ ընտանիքում: Ուսանել է Բարմենի քաղաքային դպրոցում, ապա՝ Էլբերֆելդի գիմնազիայում:  Դեռևս դպրոցական տարիներից դրսևորվել են նրա գրական, երաժշտական, լեզվական բացառիկ ունակությունները. ազատ տիրապետել է մոտ 20 լեզվի: 1841 թ-ից անցել է զինվորական ծառայության, միաժամանակ Բեռլինի համալսարանում սովորել է փիլիսոփայություն. հարել է երիտասարդ հեգելականների ձախ թևին:
1844 թ-ին Փարիզում հանդիպել է Կարլ Մարքսին, և սկսվել է նրանց համատեղ գործունեությունը: 1845 թ-ին Բրյուսելում նրանք մշակել են գիտական կոմունիզմի տեսությունը և պայքարել պրոլետարիատի (սեփականություն չունեցող վարձու բանվորներ) կուսակցություն ստեղծելու համար: Էնգելսը 1847 թ-ին մասնակցել է «Կոմունիստների միություն» կազմակերպության հիմնադրմանն ու գործունեությանը, 1848 թ-ին Կարլ Մարքսի հետ գրել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» աշխատությունը, որտեղ նրանք ապացուցել են կապիտալիզմի կործանման, սոցիալիստական հեղափոխության և պրոլետարիատի քաղաքական իշխանության հաստատման անհրաժեշտությունն ու խնդիրները: 1848–49 թթ-ին Քյոլնում հրատարակել են «Նոր Հռենոսյան լրագիրը»: 
Էնգելսը գործուն մասնակցություն է ունեցել 1849 թ-ի գերմանական ժողովրդի զինված ապստամբությանը Հարավարևմտյան Գերմանիայում: Հեղափոխության պարտությունից հետո՝ 1849 թ-ին, մեկնել է Անգլիա, մինչև 1870 թ. ապրել Մանչեստրում,  նամակագրություն հաստատել Լոնդոնում ապրող Մարքսի հետ և նյութապես օգնել նրան: 
Էնգելսը Մարքսի հետ ղեկավարել է I Ինտերնացիոնալը (1864–76 թթ.), իսկ Մարքսի մահվանից (1883 թ.) հետո եղել եվրոպական սոցիալիստների ղեկավարն ու խորհրդականը: Գործերի մի մասը («Սուրբ ընտանիք», 1845 թ., «Գերմանական գաղափարախոսություն», 1845–46 թթ.) հրատարակել են համահեղինակությամբ:
Էնգելսը մասնակցել է  աշխարհում առաջին պրոլետարական հեղափոխությանը՝ Փարիզի կոմունային (1871 թ.), իսկ Կոմունայի պարտությունից հետո  քննադատել է նրա սխալներն ու գնահատել դասերը:
Էնգելսն էականորեն նպաստել է 1889 թ-ին Փարիզում պրոլետարիատի միջազգային նոր միավորման՝ II Ինտերնացիոնալի ստեղծմանը, որը, շարունակելով I Ինտերնացիոնալի գործը, նպաստել է համաշխարհային բանվորական շարժման ընդլայնմանն ու համախմբմանը: Նա անձամբ է մասնակցել միջազգային պրոլետարիատի համաշխարհային օրվա՝ մայիսմեկյան առաջին ցույցերին: Վճռականորեն դեմ է արտահայտվել կապիտալիստական պետությունների  զավթողական պատերազմներին և կոչ է արել պաշտպանել ժողովուրդների միջև խաղաղությունը:
Էնգելսը ձգտել է ընդհանրացնել ժամանակի բնագիտական նվաճումները և դիալեկտիկական մատերիալիստական մեթոդը տարածել բնության ճանաչման վրա: Ըստ նրա` աշխարհի միասնականությունը նրա նյութականության մեջ է, իսկ շարժումը մատերիայի գոյության ձև է: Կտրականապես հերքել է աշխարհի անճանաչելիութան  մասին տեսությունը՝ ագնոստիցիզմը` իր բոլոր դրսևորումներով, ճանաչողության դիալեկտիկական մատերիալիստական մեթոդաբանությունն առաջադրել որպես մինչ այդ ընդունված նման մոտեցումների այլընտրանք: Այս և փիլիսոփայության բազմաթիվ այլ հարցեր են քննարկվել նրա «Անտի-Դյուրինգ» (1878 թ.), «Բնության դիալեկտիկա», «Սոցիալիզմի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն», «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» (1884 թ.), «Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը» (1886 թ.) և այլ երկերում: 
Էնգելսը մեծ ուշադրությամբ է հետևել Ռուսաստանում ծավալվող իրադարձություններին՝ կանխատեսելով ռուսական վերահաս հեղափոխությունը և նրա անվերապահ ազդեցությունը մյուս երկրների հեղափոխական շարժումների վրա: Նա նամակագրական և անձնական կապեր է ունեցել ռուս քաղաքական գործիչներից շատերի հետ, խրախուսել է նրանց պայքարը:
Էնգելսն զբաղվել է նաև Հայաստանին առնչվող հարցերով: Նա համակրանքով է վերաբերվել հայ ժողովրդի ազատագրական շարժմանը՝ ընդդեմ թուրքական և ցարական բռնապետությունների, բարեկամական կապեր է ունեցել հայ հեղափոխական գործիչների հետ` հետաքրքրվել է Հայաստանի պատմական անցյալով, հանգել այն եզրակացության, որ «...Հայաստանի ազատագրումը թուրքերից, ինչպես նաև ռուսներից հնարավոր կդառնա, երբ տապալվի ռուսական ցարիզմը»: XIX դարի վերջի հայ հասարակական-քաղաքական գործիչները ծանոթ են եղել մարքսիստական ուսմունքին, առանձին գործեր թարգմանել են հայերեն՝ հայ հասարակայնության շրջանում մարքսիզմը տարածելու նպատակով:
Էնգելսի աշխատությունները հրատարակվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն` հայ հեղափոխական գործիչներ Ստեփան Շահումյանի, Բոգդան Կնունյանցի, Սուրեն Սպանդարյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Սարգիս Կասյանի և ուրիշների ջանքերով:
Տես նաև Մարքս Կարլ:
   «Հայ ժողովուրդը գտնվում է թուրքական Սցիլլայի և ռուսական      Քարիբդայի բռնակալությունների միջև»:
Ֆ. Էնգելս, 1894 թ.
   «Քաղաքակրթության ճանապարհ ելնելու թուրքական կառավարության բոլոր փորձերը ողորմելիորեն ձախողվեցին»:
Կ. Մարքս, Ֆ. Էնգելս, 1853 թ.