Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ժողովուրդը մարդկանց որոշակի խումբ է, որին բնորոշ է 
բնակության տարածքի, լեզվի, մշակույթի, կրոնի, պատմական անցյալի և այլ հատկանիշների ընդհանրությունը: Ընդհանուր իմաստով` «ժողովուրդ» հասկացությունը նույնանում է 
ազգագրական հանրույթին՝ էթնոսին: Ժողովուրդ է նաև աշխարհի այս կամ այն երկրի, կղզու, վարչական միավորի բնակչությունը, որևէ միջոցառմանը կամ գործին մասնակից մարդկանց խումբը:

«Ժողովուրդ» հասկացությունը հանրության զարգացման տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր իմաստներ. ներկայացրել է ցեղը, ազգությունը և ազգը:
Ցեղը նախնադարյան համայնատիրական հասարակարգում առաջացած էթնիկական հանրույթն է, որի անդամներին բնորոշ են արյունակցական կապը, տարածքի և տնտեսավարության ընդհանրությունը, ցեղին պատկանելու ինքնագիտակցությունն ու ինքնանվանումը, սովորույթների և հավատալիքների, հետագայում՝ նաև ինքնակառավարման տարրերը: Ցեղային միությունների առաջացման, նրանց միջև պատերազմների, նվաճումների և վերաբնակեցումների հետևանքով կազմավորվել են ավելի խոշոր էթնիկական խմբեր: Ցեղային կազմավորումները մինչև օրս պահպանվում են որոշ ժողովուրդների մեջ:
Ազգությունը կազմավորվել է ցեղային խոշոր էթնիկական խմբերից՝ նրանց լեզվական, տարածքային, տնտեսական և այլ ընդհանրությունների հիման վրա: Ազգություններն առաջացել են նախնադարյան համայնական կարգերի քայքայման և ստրկատիրական հարաբերությունների կազմավորման շրջանում:
Ազգը մարդկանց սոցիալ-էթնիկական ընդհանրության պատմական զարգացման բարձրագույն ձևն է, որն ունի լեզվի, բնակության վայրի, տնտեսական կյանքի, հոգեբանության ու մշակույթի որոշակի ընդհանրություն և ազգային ինքնագիտակցություն: Այդ հատկանիշները բնորոշ են նաև ազգությանը, այն տարբերությամբ միայն, որ ազգի դեպքում ընդհանրություններն ավելի արտահայտված են:
Մարքսիզմի տեսաբաններն ազգին վերագրել են նաև դասակարգային առանձնահատկություն. շրջանառության մեջ են դրել «բուրժուական ազգ» հասկացությունը, որը, ըստ էության, ժողովրդի լայն զանգվածներից կտրված և նրանց իշխող խավն է:
Ժողովրդի համար լեզվի ու կրոնի ընդհանրություններն անհրաժեշտ են, բայց ոչ պարտադիր, որովհետև կան նույն լեզվով խոսող տարբեր ժողովուրդներ և  նույն ժողովրդի առանձին հատվածներ, որոնք դավանում են տարբեր կրոններ:
Ժողովուրդը, ազգաբնակչության առումով, Երկրագնդի այս կամ այն մասի՝ մայրցամաքի, աշխարհամասի, երկրի, երկրների խմբի, քաղաքի, գյուղի և այլ միավորի բնակչությունն է, որը վերարտադրության միջոցով անընդհատ փոփոխվում,  զարգանում է: Հին քարի դարի վերջին (մոտ 15 հզ. տարի առաջ) Երկրագնդի բնակչության թիվը 3 մլն էր, նոր քարի դարի վերջին (մ. թ. ա. II հազարամյակ)՝ 50 մլն: Մեր թվականության սկզբին աշխարհի բնակչության թիվը 230 մլն էր, իսկ I հազարամյակի վերջին՝ 275 մլն, 1900 թ-ին` 1,6 մլրդ: Ներկայումս (2009 թ.) աշխարհում ապրում է շուրջ 6,525 մլրդ մարդ:
2000 թ-ին աշխարհի բնակչության միջին տարեկան աճը կազմել է 1,2 %: Ցամաքի վրա բնակչությունը տեղաբաշխված է անհավասար. 7 %-ի վրա բնակվում է մարդկանց 70 %-ը:
Ներկայումս աշխարհում ապրում են շուրջ 2 հզ. տարբեր ժողովուրդներ:

   Աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները (մլն, 2006 թ.).

Չինաստան՝ 1.319.97
Հնդկաստան՝ 1.095.00
ԱՄՆ՝ 298.44
Ինդոնեզիա՝ 245.45 
Բրազիլիա` 188.08
Պակիստան՝ 165.80 
Ռուսաստան՝  142.90
Ճապոնիա՝ 127.50