Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Իսակով Հովհաննես
1894 թ., գ. Հաջիքենդ, Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառ (այժմ՝ Ադրբեջանի Գյանջա քաղաքի մոտ)
1967 թ., Մոսկվա 
(թաղված է Նովոդևիչի գերեզմանատանը) 
Հովհաննես Իսակովի հուշարձանը Երևանում  (2005 թ., քանդակագործ` Գևորգ Գևորգյան)

Հովհաննես Իսակովը Խորհրդային Միության նավատորմի ծովակալ է (1955 թ.), Խորհրդային Միության հերոս (1965 թ.), գիտնական, գրող, ռազմածովային գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1951 թ.), ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից (1958 թ.), ՀԽՍՀ 
գիտությունների ակադեմիայի պատվավոր (1967 թ.) անդամ:

Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան) 1913 թ-ին ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը, 1917 թ-ին՝ Պետրոգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գարդեմարինյան (ծովային) դասընթացները, 1928 թ-ին՝ Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի (ՌԾԱ) բարձրագույն հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները: 
1914 թ-ից ծառայել է ռազմածովային նավատորմում (ՌԾՆ, Բալթիական նավատորմի «Իզյասլավ», «Ռիգա», «Կորչիկ», «Կորշուն» նավեր): Որպես նավի հրամանատարի ավագ օգնական՝ 1918 թ-ին Բալթիկ ծովում հեղափոխական նավաստիների հետ մասնակցել է գերմանական նավատորմի դեմ ռուսական նավերի կազմակերպած «սառցային» արշավանքին` Հելսինգֆորսից (այժմ՝ Հելսինկի)   դեպի Կրոնշտադտ: 1920 թ-ին եղել է Վոլգա–Կասպիական նավատորմի «Դեյատելնի» ականակրի հրամանատար, մասնակցել Կասպից ծովում տնօրինող անգլիական նավերի դեմ մղված մարտերին: 
1921 թ-ին նշանակվել է Բալթիական նավատորմի «Իզյասլավ» ականակրի հրամանատար: 1922–27 թթ-ին ծառայել է Սևծովյան նավատորմում. եղել է «Կորֆու» ականակրի հրամանատար, ապա` նավատորմի շտաբի օպերատիվ բաժնի պետ: 1929 թ-ին նշանակվել է Բանվորագյուղացիական կարմիր բանակի գլխավոր շտաբի ծովային բաժնի պետ, 1932 թ-ին՝ ՌԾԱ ռազմարվեստի ամբիոնի դասախոս, 1937 թ-ին՝ Բալթիական նավատորմի հրամանատար: 1938–46 թթ-ին  ԽՍՀՄ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) շտաբի պետն էր, ՌԾՈւ-ի ժողկոմի տեղակալը, ապա՝ առաջին տեղակալը (1938–39 թթ-ին համատեղել է ՌԾԱ-ի պետի պաշտոնը): Խորհրդա-ֆիննական պատերազմի (1939–40 թթ.) ժամանակ համակարգել է Բալթիական նավատորմի և Կարմիր բանակի գործողությունները: 1940 թ-ին ստացել է ծովակալի կոչում: 
Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) սկզբին նշանակվել է Հյուսիսարևմտյան ռազմաճակատի, 1942 թ-ից՝ Հյուսիսկովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարի տեղակալ: Իր ծանրակշիռ մասնակցությամբ առավելագույնս նպաստել է Բալթիական և Սևծովյան ռազմական նավատորմերի մարտական գործողությունների պլանների մշակմանը, օժանդակել ցամաքային զորքերին և նրանց տարհանմանը, ծովափնյա պաշտպանության կազմակերպմանը: 
1942 թ-ի հոկտեմբերի 4-ին Տուապսե քաղաքի մատույցներում ծանր վիրավորվել է և զրկվել ձախ ոտքից: 1943 թ-ի մայիսին վերադարձել է  մարտական շարք և վարել ՌԾՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը: 1947–50 թթ-ին եղել է ԽՍՀՄ ՌԾՆ գլխավոր  հրամանատարի տեղակալ, 1950–56 թթ-ին՝ ՌԾՆ նախարարի տեղակալ, 1958-ից՝ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ:
Հովհաննես Իսակովը ռազմածովային գործին զուգընթաց զբաղվել է ռազմատեսական ու ռազմապատմական հարցերով: 1932–33 թթ-ին մասնակցել է Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) պատմության փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու խմբագրմանը: Ռազմածովային մասնագետների շրջանում մեծ համբավ են վայելում «Ճապոնացիների օպերացիան Ցինդաոյի դեմ 1914-ին», «Ծովափնյա ամրոցները», «Գերմանական ռազմավարության ավանտյուրիզմը» և այլ աշխատություններ, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: Մասնակցել է ՌԾՈւ-ի մարտական կանոնագրքերի մշակմանը: 1947 թ-ին նշանակվել է նավագնացաաշխարհագրական, ֆիզիկաաշխարհագրական և ռազմապատմական հարցերին նվիրված «Ծովային ատլասի» (3 հատորով) խմբագրական խորհրդի նախագահ: Ատլասի առաջին հատորի համար 1951 թ-ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Եղել է ԽՍՀՄ Պետական և Լենինյան մրցանակների կոմիտեի երկրաբանության և աշխարհագրության հանձնաժողովի անդամ (1958–67 թթ.), Ռազմածովային գիտությունների գծով բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, Խորհրդային մեծ հանրագիտարանի ռազմածովային գործի խմբագիր-խորհրդական, Օվկիանոսագիտական հանձնաժողովի անդամ: Գրել է ռազմածովային թեմայով 250-ից ավելի պատմվածքներ, ուսումնասիրություններ առաջին հայ ծովակալ Լազար Սերեբրյակովի (Ղազար Արծաթագործյան), ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին:
Ծովակալի մասին գրվել են գրքեր, ակնարկներ, ստեղծվել են նկարներ, փաստագրական ֆիլմեր: 
Իսակովի անունով են կոչվել Ռուսաստանի Դաշնության ՌԾՈւ-ի մի հածանավ, ստորջրյա լեռ Խաղաղ օվկիանոսում, փողոցներ ՀՀ և ԼՂՀ քաղաքներում: Երևանի համանուն պողոտայում կանգնեցվել է Իսակովի հուշարձանը: 
   Մարշալ Գեորգի Ժուկովն  իր հուշերում Հովհաննես Իսակովին անվանել է «տաղանդավոր, նախաձեռնող և ուժեղ կամքի տեր ծովակալ»: