Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տոկիոն բնակչության թվով աշխարհի ամենամեծ ագլոմերացիան է (ավելի քան 60 մլն մարդ):
Փարիզը աշխարհի մշակութային մայրաքաղաքն է:
Գյուղական բնակավայր Աֆրիկայում
ՀՀ Հրազդան քաղաքը
Մարդիկ ի սկզբանե ապրել են որոշակի բնակավայրերում՝ ժամանակավոր կամ մշտական: Պատմական զարգացման ընթացքում բնակավայրերը փոխել են իրենց բովանդակությունն ու արտաքին տեսքը, չափերն ու խտությունը: Աշխարհի բնակչությունն ապրում է քաղաքային և գյուղական բնակավայրերում: Միայն Աֆրիկայի հյուսիսում, Արաբական թերակղզում և Իրանական բարձրավանդակի որոշ շրջաններում դեռևս ապրում է փոքրաթիվ քոչվոր և կիսաքոչվոր բնակչություն: 
Քաղաքները երկրի տնտեսական, մշակութային ու գիտական կյանքի կենտրոններ են: Առաջացել են դեռևս մ.թ.ա. III հազարամյակի վերջին՝ աշխատանքի հասարակական բաժանման հետևանքով, երբ սկսվեց արհեստների, առևտրի տարանջատումը գյուղատնտեսական աշխատանքից: XX դարի ընթացքում տեղի ունեցած արդյունաբերական բուռն աճը նպաստեց քաղաքների զարգացմանը: Դրանց աճին զուգընթաց ավելացել է նաև քաղաքային բնակչությունը. 1800 թ-ին այն կազմել է աշխարհի բնակչության 3 %-ը, ներկայումս 47 % է:
Քաղաքները դասակարգվում են ըստ մեծության (բնակչության թվի), աշխարհագրական դիրքի, գործառույթների:
Ըստ բնակչության թվի՝ տարբերում են փոքր (մինչև 50 հզ. մարդ), միջին (50–100 հզ.), խոշոր (100 հզ-ից 1 մլն) և գերխոշոր (1 մլն-ից ավելի) քաղաքներ: Մեծ է հատկապես գերխոշոր քաղաքների նշանակությունը: Աշխարհում առաջինը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնն է հատել 1 մլն-ի սահմանը՝ XIX դարի 2-րդ կեսին: XX դարի սկզբին միլիոնանոց քաղաքները 10-ն էին, ներկայումս՝ 300: Կան մոտ 20 գերխոշոր քաղաքներ, որոնց բնակչությունն անցել է 10 մլն-ից (Մեխիկո, Սան Պաուլո, Շանհայ, Տոկիո, Նյու Յորք, Բուենոս Այրես, Ռիո դե Ժանեյրո, Բոմբեյ, Կալկաթա, Կահիրե, Սեուլ և այլն): 
«Քաղաք» հասկացությունը տարբեր երկրների համար տարբեր է: Օրինակ՝ Դանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում քաղաքներ են համարվում 200-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերը, Կանադայում, Ավստրալիայում՝ 1000-ից ավելի, Ֆրանսիայում, Կուբայում՝ 2 հզ-ից ավելի, ԱՄՆ-ում, Մեքսիկայում՝ 2,5 հզ-ից ավելի, Ավստրիայում, Հնդկաստանում, Իրանում՝ 5 հզ-ից ավելի, Ճապոնիայում՝ 30 հզ-ից ավելի, Կորեայի Հանրապետությունում՝ 40 հզ-ից ավելի բնակիչ ունեցողները: Շատ երկրներում քաղաքներ են համարվում վարչական կենտրոնները՝ անկախ բնակչության թվից: Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) քաղաք է համարում ավելի քան 20 հզ. բնակիչ ունեցող բնակավայրերը:
Ժամանակակից քաղաքը սովորաբար կատարում է մի քանի գործառույթ՝ վարչաքաղաքական, արդյունաբերական, առևտրական, տրանսպորտային, մշակութային, գիտական, առողջարանային: Բայց կան նաև 1 գործառույթ ունեցող քաղաքներ: Օրինակ՝ արդյունաբերական (Դետրոյտ), տրանսպորտային (Սուեզ), վարչաքաղաքական (Կանբերա), մշակութային, այդ թվում՝ համալսարանական (Քեմբրիջ, Օքսֆորդ), առողջարանային (Սոչի), կրոնական (Մեքքա, Վատիկան, Երուսաղեմ) և այլն:
Շատ երկրներում գերխոշոր քաղաքների շուրջը գոյացել են մեծաթիվ փոքր ու միջին քաղաքներ, որոնք բազմաթիվ կապերով կապված են գլխավոր քաղաքին: Քաղաքային բնակավայրերի նման խոշոր կուտակումներն առաջացրել են քաղաքային ագլոմերացիաներ. տարածքով ամենամեծ ագլոմերացիան Նյու Յորքն է (27375 կմ2), բնակչության թվով ամենամեծը՝ Տոկիոն (ավելի քան 60 մլն):
Ագլոմերացիաների ընդարձակման հետևանքով երբեմն դրանք սերտաճում (միաձուլվում) են՝ առաջացնելով մեգալոպոլիսներ: 3 խոշոր մեգալոպոլիսներ են ձևավորվել ԱՄՆ-ում. Մերձատլանտյան կամ Բոսվաշ (Բոստոն և Վաշինգտոն քաղաքների միջև), Մերձլճային կամ Չիփիթս (Չիկագո և Փիթսբուրգ քաղաքների միջև) և Մերձխաղաղօվկիանոսյան կամ Սան-Սան (Սան Ֆրանցիսկո և Սան Դիեգո քաղաքների միջև):
Հաճախ երկրի խոշորագույն քաղաքը պետության մայրաքաղաքն է: Խոշորագույն քաղաքներում հաճախ սրվում են տվյալ երկրի բնապահպանական, տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները: Նման դեպքերում մայրաքաղաքները փոխադրվում են երկրի ավելի փոքր քաղաքներ, իսկ երբեմն ամայի վայրերում կառուցվում է նոր մայրաքաղաք: Օրինակ՝ Բրազիլիայում Ռիո դե Ժանեյրո նախկին մայրաքաղաքի փոխարեն ամայի վայրում հիմնադրվեց Բրազիլիա ներկայիս մայրաքաղաքը, Նիգերիայի մայրաքաղաքը բազմամիլիոնանոց Լագոս քաղաքից փոխադրվեց Աբուջա, Տանզանիայում Դար-էս-Սալամից՝ Դոդոմա, Ղազախստանում Ալմաթիից` Աստանա անհամեմատ փոքր քաղաքները:
Ուշագրավ է այն երևույթը, որ խոշոր քաղաքները և քաղաքային ագլոմերացիաները զարգացման որոշակի մակարդակի հասնելուց հետո դադարում են աճել: Եթե մինչ այդ տեղի էր ունենում բնակչության հոսք դեպի ագլոմերացիայի կենտրոն, ապա ինչ-որ սահմանի հասնելուց հետո այդ հոսքը փոխում է իր ուղղությունը. բնակչությունը գերադասում է հիմնավորվել ոչ թե կենտրոնում, այլ ագլոմերացիայի եզրամասերում և դրանցից դուրս:
Քաղաքների արագ աճի, դրանց դերի բարձրացման, քաղաքային ապրելակերպի տարածման գործընթացը կոչվում է ուրբանիզացում (քաղաքակենտրոնացում): Ուրբանիզացման մակարդակը զարգացած երկրներում բարձր է 70 %-ից, իսկ դրան հակառակ՝ աշխարհի մեծ մասում (թույլ զարգացած երկրներում) ցածր է 15–30 %-ից:
Չնայած քաղաքային բնակչության և քաղաքների արագ աճին՝ աշխարհի բնակչության կեսից ավելին բնակվում է գյուղական բնակավայրերում: Գյուղական տարաբնակեցման ձևերը տարբեր են: Դրանք կախված են երկրի տնտեսական առանձնահատկություններից և սոցիալական պայմաններից: Սովորաբար մեծ գյուղերը ձևավորվում են ոռոգելի երկրագործության շրջաններում: Բարձր զարգացած երկրներում գյուղական բնակչության թիվն արագորեն կրճատվում է, մինչդեռ երկրների մյուս խմբերում՝ աճում:
Մինչև 1920 թ. ՀՀ ներկա տարածքում կային 4 քաղաքային բնակավայրեր (Երևան, Ալեքսանդրապոլ, Նոր Բայազետ, Գորիս): 1960-ական թվականներին կառուցվեցին նորերը: Այժմ կա 998 բնակավայր, որոնցից 48-ը՝ քաղաքային՝ 2062 հզ. բնակչությամբ, իսկ 950-ը՝ գյուղական՝ 1153 հզ. բնակչությամբ: Խոշոր քաղաքներն են Երեվանը (1103,5 հզ.), Գյումրին (150,9 հզ.), Վանաձորը (107,4 հզ.), Վաղարշապատը (56,4 հզ.), Հրազդանը (52,8 հզ.), Կապանը (45,7 հզ.):