Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Խուդյակով Սերգեյ 
1902 թ., գ. Մեծ Թաղեր, (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում)
1950 թ., ստալինյան բռնապետության զոհ
Սերգեյ Խուդյակովը խորհրդային ռազմական գործիչ է, ԽՍՀՄ ավիացիայի մարշալ (1944 թ.):  

Սերգեյ Խուդյակովը (իսկական անուն-ազգանունը՝ Արմենակ Խանփերյանց) 1916 թ-ին տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում: 1917 թ-ի նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918 թ-ին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, 1918–20 թթ-ին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին: Մարտերից մեկում մահացու վիրավորված ռուս ընկերոջ և հրամանատարի՝ Սերգեյ Խուդյակովի խնդրանքով Խանփերյանցը համաձայնել է  նրա փոխարեն և նրա անունով ղեկավարել մարտը: Ռազմավարական հմուտ գործողությունների շնորհիվ Խանփերյանց-Խուդյակովը ջոկատը դուրս է բերել շրջափակումից: 
Խանփերյանցը 1922 թ-ին ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները, 1931–36 թթ-ին՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան: 1936–41 թթ-ին ծառայել է Բելոռուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) շտաբում, եղել է նաև շտաբի պետ, 1938-40-ին՝ Բելոռուսիայի հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ-ի թիկունքի պետ: 1940 թ-ին մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի և Արևմտյան Ուկրաինայի վերամիավորման համար մղված մարտերին: Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942 թ-ի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից` խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943 թ-ի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի  շտաբի պետ և հրամանատարի տեղակալ:
Խուդյակով-Խանփերյանցի հրամանատարությամբ ռազմաօդային միավորումները մասնակցել են Արևմտյան ռազմաճակատի զորքերի հարձակողական մարտերին: 1943 թ-ին համակարգել է Վորոնեժի և Տափաստանային ռազմաճակատների օդուժի գործողությունները Կուրսկի և Դնեպրի ճակատամարտերում: 1945 թ-ի փետրվարի 4–11-ին, որպես ԽՍՀՄ Գերագույն գլխավոր հրամանատարի` օդուժի գծով խորհրդական, մասնակցել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի  ղեկավարների` Յալթայի (Ղրիմի) խորհրդաժողովին: 
1945 թ-ի հունիսից 12-րդ ՌՕՈւ  հրամանատարն էր, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը Հեռավոր Արևելքում: Երկրորդ աշխարհամարտի ավարտից (1945 թ-ի սեպտեմբերի 2) հետո ղեկավարել է Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի 12-րդ ՌՕՈւ-ն:
1945 թ-ի դեկտեմբերին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է և չորսուկես տարի ստալինյան զնդաններում անցկացնելուց հետո՝ 1950 թ-ի ապրիլին, գնդակահարվել: Արդարացվել է 1956 թ-ի նոյեմբերին: 1965 թ-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և նախագահության որոշմամբ վերականգնվել է մարշալի կոչումը:
1980 թ-ին ծննդավայրում բացվել է մարշալի տուն-թանգարանը:
ՀՀ պաշտպանության նախարարության ՌՕՈւ-ի ինստիտուտը 2005 թ-ին անվանվել է  Արմենակ Խանփերյանցի անվամբ, ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանում կանգնեցվելու է նրա հուշարձանը: Նրա անունով են կոչվել նաև փողոցներ ՀՀ և ԼՂՀ քաղաքներում: