 | Կլեոպատրա VII Մ. թ. ա. 69 թ. Մ. թ. ա. 30 թ.
Կլեոպատրայի կիսանդրին Բեռլինի անտիկ արվեստի թանգարանում. քանդակվել է նրա մահվանից հետո` աղջկա պատվերով: |
 | Կլեոպատրայի հին եգիպտական արձան |
Կլեոպատրա VII Թեա Փիլոպատորան («Աստվածուհի Հայրասեր») Հին Եգիպտոսի նշանավոր թագուհիներից է (մ. թ. ա. 51–30 թթ.), Պտղոմեյանների արքայատոհմի (մ. թ. ա. 350–30 թթ.) վերջին ներկայացուցիչը:
Կլեոպատրան Պտղոմեոս XI-ի դուստրն էր, Պտղոմեոս XII Դիոնիսոսի քույրը, կինը և գահակիցը (մ. թ. ա. 51 թ-ից): Իշխանության համար պայքարել է ամուսնու դեմ: Մ. թ. ա. 48 թ-ին աքսորվել է Ասորիք: 48 թ-ի վերջին – 47 թ-ի սկզբին Հուլիոս Կեսարը պարտության է մատնել եգիպտական թագավորական զորքին և Եգիպտոսի թագուհի հռչակել Կլեոպատրա VII-ին: Կլեոպատրան եղել է Կեսարի սիրուհին, նրանից ունեցել է Կեսարիոն որդուն: Կեսարի սպանությունից (մ. թ. ա. 44 թ.) հետո՝ 41 թ-ից դարձել է Մարկոս Անտոնիոսի դաշնակցուհին և սիրուհին, իսկ 37 թ-ին նրանք ամուսնացել են: Մ. թ. ա. 34 թ-ին իր պարթևական և հայկական արշավանքների ժամանակ Անտոնիոսը մտել է Հայաստան և հասել մինչև Արտաշատ: Հայոց Արտավազդ Բ արքան բանակցելու նպատակով ներկայացել է հռոմեական ճամբար, բայց նրան ձերբակալել են և շթղայակապ տարել Անտոնիոսի մոտ: Հռոմեացի պատմիչ Տակիտոսն այդ արարքը բնութագրել է որպես «անբարո վերաբերմունք հայոց Արտավազդի նկատմամբ»: Անտոնիոսը Եգիպտոս է տարել Հայոց արքային և նրա ընտանիքը: Նա իր «հաղթանակի» առթիվ հաղթահանդես է կազմակերպել Ալեքսանդրիայում և հանդիսավորությամբ Կլեոպատրա VII-ին հանձնել ոսկե շղթաներով շղթայված Արտավազդ Բ-ին՝ ընտանիքով: Գերյալներին ազատություն են խոստացել՝ թագուհուն մեծարանքի խոսքեր ասելու պայմանով: Սակայն Հայոց արքան անցել է հպարտորեն ու չի մեծարել թագուհուն, որը ցնցող տպավորություն է թողել հանդիսականների վրա: Հույն ժամանակակից պատմիչը գրում է. «Հայերը ցույց տվեցին իրենց ոգու արիությունը և դրանով փառավոր անուն վաստակեցին»: Վիրավորված Կլեոպատրան Արտավազդ Բ-ին բանտարկել է: Մ. թ. ա. 31 թ-ի սեպտեմբերի 2-ին Հունաստանի արևմտյան ափին՝ Ակտիումի (Ակցիում) հրվանդանի մոտ, ծովային ճակատամարտում Անտոնիոսը պարտություն է կրել եռապետ Գայոս Օկտավիանոսից և փախել Ալեքսանդրիա: Նույն տարվա հոկտեմբերին Կլեոպատրա VII-ի հրամանով Արտավազդ Բ-ն մահապատժի է ենթարկվել Ալեքսանդրիայում: Օկտավիանոսից գերվելու վտանգն ստիպել է ինքնասպան լինել Անտոնիոսին ու Կլեոպատրա VII-ին: Կլեոպատրա VII-ի կերպարին անդրադարձել են գրողներ Վիլյամ Շեքսպիրը, Բեռնարդ Շոուն, նկարիչներ Ջովաննի Տիեպոլոն, Պիտեր Ռուբենսը և ուրիշներ, հայ գրականության մեջ՝ Արտավազդ Բ-ի ողբերգության հետ կապված` Նաիրի Զարյանը, Վահագն Դավթյանը և ուրիշներ: Նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ, որոնցից հանրահայտ է ռեժիսոր Ջոզեֆ Լեո Մանկևիչի «Կլեոպատրան»:  | Կադր «Կլեոպատրա» (1963 թ., ռեժիսոր` Ջոզեֆ Լեո Մանկևիչ, Կլեոպատրայի դերում՝ Էլիզաբեթ Թեյլոր) կինոնկարից |
 | «Կլեոպատրայի մահը» (1874 թ., գործ՝ Ժան Անրի Ռիքենի) |
|