Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Կյուրոս Մեծի հարթաքանդակը Պասարգադում
Կյուրոս II Մեծի դամբարանը (մ. թ. ա. VI դար)
Ծննդյան թվականն անհայտ է:
Մ. թ. ա. 530 թ., Ամուդարյա գետից արևելք
Կյուրոս II Մեծը Աքեմենյան պարսկական տերության հիմնադիր արքան է մ. թ. ա. 558–530  թթ-ին: 

Կյուրոսի կենսագրական տեղեկությունները մեզ են հասել պատմիչներ Հերոդոտոսի և Քսենոֆոնի երկերի միջոցով:
Կյուրոսի պապը՝ Մարաստանի թագավոր Աստիագենեսը (Աժդահակ), երազում տեսել է, որ  թոռն իրեն թագազրկելու է և դառնալու է խոշոր կայսրության հիմնադիր: Կարգադրել է, որ աղջկանից խլեն այդ նորածնին ու սպանեն, բայց երեխային փրկել է մի հովիվ և մեծացրել: Աստիագենեսը,  հետագայում տեղեկանալով այդ մասին, նրան ուղարկել է Մարաստանի հեռավոր սահմանը, որտեղ իշխում էր նրա հայրը՝ Կամբյուսեսը: 
Մ. թ. ա. 558 թ-ին Կյուրոսը դարձել է Պարսուա և Անշան երկրների թագավոր, ապա ոտքի է հանել պարսկական ցեղերին և գրավել Մարաստանի մայրաքաղաք Էքբատանը, գահազրկել պապին:
Թագավորության մայրաքաղաք է դարձրել իր հիմնադրած Պասարգադ քաղաքը:
Այնուհետև գրավել է Ասորեստանը, Հայաստանը, Կապադովկիան և Պարթեոնը: Ըստ Քսենոփոնի և Մովսես Խորենացու` Հայաստանի Տիգրան Ա թագավորը Կյուրոսի մտերիմն էր և դաշնակիցը՝ ընդդեմ Մարաստանի: Ըստ հայկական առասպելի՝ Աժդահակին սպանել է Տիգրան Ա-ն: 
Մ. թ. ա. 546 թ-ին Կյուրոսը գրավել է Լիդիայի թագավորությունն ու իր իշխանությունը տարածել Իրանական բարձրավանդակում և Միջին Ասիայում ապրող բոլոր ցեղերի վրա: 540 թ-ին նրա կայսրության սահմանները հասել են մինչև Սիրդարյա գետն ու Հինդիկուշի լեռները:  539 թ-ին Կյուրոսն արդեն գրավել էր նաև Փոքր և Միջին Ասիայի երկրները, Բաբելոնը, Միջագետքը, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը: Ըստ Քսենոփոնի՝ հայկական հետևազորը և հեծելազորը, Տիգրան Ա-ի և Եմբրաս զորավարի առաջնորդությամբ, մասնակցել են Բաբելոնի գրավմանը: Աստվածաշնչի մեկնաբանները Բաբելոնի գրավումը համարել են Աստծու կամքի կատարում, որով հրեա ժողովուրդն ազատագրվել է Բաբելոնի գերությունից: 
Կյուրոսի այդ հաղթանակը հավերժացնելու համար ստեղծված «Կյուրոս II-ի գլանաթերթում» ներկայացված են նրա տիտղոսները` Աշխարհի թագավոր, Մեծ թագավոր, Բաբելոնի թագավոր, Շումերի և Աքքադի թագավոր, Չորս կողմերի թագավոր:
Այդ երկրները գրավելուց հետո Կյուրոսն օգնել է վերականգնելու Նաբուգոդոնոսորի և Նաբոնիդի ավերած քաղաքները:
Արևելքի ժողովուրդների հիշողության մեջ Կյուրոս II-ը մնացել է որպես իմաստուն և արդարադատ կառավարիչ, որի համար նրան տվել են Կյուրոս Մեծ պատվանունը:
Ըստ Հերոդոտոսի՝ Կյուրոս Մեծը մահացել է մ. թ. ա. 530 թ-ին Ամուդարյա գետի արևելյան ափին` մավքութների դեմ պատերազմում: Նրանց թագուհի Թումիրիսը կարգադրել է մարտի դաշտում գտնել Կյուրոսի մարմինը և գլուխը փաթաթել արյունով ներծծված մորթով, որպեսզի ծավալապաշտ տիրակալի արյան ծարավն ի վերջո հագենա:
Պերսեպոլիսի մերձակայքում պահպանվել են Կյուրոս Մեծի որդու՝ Կամբյուսեսի հրամանով կառուցված դամբարանի ավերակներն ու արքայի պատկերով հարթաքանդակը` «Ես` աքեմենյանների Կյուրոս թագավորս» մակագրությամբ:
Ավանդապատումի համաձայն՝ Ալեքսանդր Մակեդոնացին արևելյան արշավանքի ժամանակ այցելել է այդ դամբարանը, իսկ նրա զինվորները տեսել են Կյուրոսի մումիան, որը թանկարժեք քարերով ու ոսկով զարդարված հագուստով հանգչում էր գորգապատ մահճում:
Կյուրոսի վարքի մասին է Քսենոփոնի «Կյուրոպեդիա» (Կյուրոսի վարքը) աշխատությունը: 
Տես նաև Դարեհ: