Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կոմիտաս   
1869 թ.,Կուտինա 
(Քյոթահիա), Թուրքիա
1935 թ., Փարիզ 
(թաղված է Երևանի 
Կոմիտասի անվան 
զբոսայգու պանթեոնում) 

Կոմիտասի հուշարձանը Երևանում (1988 թ., քանդակագործ՝ Արա Հարությունյան)
Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, 
երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային 
կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: 
Նրա ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է ունեցել նաև արևելյան այլ ժողովուրդների երաժշտության  զարգացման վրա:

Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ,  1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր: 
1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:
1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը: 
Անգնահատելի է Կոմիտասի  հավաքչական ու գիտական աշխատանքը: Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ: Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն  և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա: 
Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները: Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո'ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր: 
Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել է ժամանակի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ: Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի, Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասներ» կատակերգության, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները և օպերային էսքիզները:  Իր անհուն խորությամբ առանձնանում է «Պատարագը», որը կանտատ-օրատորիայի դասական նմուշներից է: 
Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:
Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ:
Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր:

   «Մեր ժողովրդական երգերն ու պարերգերը ... բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը»:
Կոմիտաս
   «Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (1906 թ., Փարիզ) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ»:
Լուի Լալուա
Սորբոնի համալսարանի պրոֆեսոր,
երաժշտական քննադատ