 | Կուտուզով Միխայիլ Իլարիոնովիչ 1745 թ., Սանկտ Պետերբուրգ 1813 թ., ք. Բունցլաու, Սիլեզյան Պրուսիա (այժմ՝ Լեհաստանի տարածքում, թաղված է Սանկտ Պետերբուրգի Կազանսկի տաճարի բակում)
Դիմանկարը` Ռ.Մ. Վոլկովի (1812 թ.) |
 | Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) տարիներին ԽՍՀՄ-ում սահմանվել են Կուտուզովի I, II (1942 թ.) և III (1943 թ.) աստիճանի շքանշաններ: |
 | Մ. Կուտուզովի ձիարձանը Մոսկվայում (1973 թ., քանդակագործ` Ն.Վ. Տոմսկի) |
Կուտուզովը ռուսաց բանակի զորավար է, գեներալ-ֆելդմարշալ (1812 թ.), Հայրենական պատերազմի (1812 թ.) հերոս: Ստացել է կոմսի (1811 թ.), պայծառափայլ իշխանի և Սմոլենսկի իշխանի (1812 թ.) տիտղոսներ, պարգևատրվել Գեորգիևյան I աստիճանի մարտական շքանշանով (1812 թ.):
Միխայիլ Կուտուզովն (Գոլենիշչև-Կուտուզով) ականավոր զորահրամանատար Ալեքսանդր Սուվորովի աշակերտն էր: Մասնակցել է 1768–74 թթ-ի և 1787–91 թթ-ի ռուս-թուրքական պատերազմներին, աչքի է ընկել Իզմայիլի բերդի գրավման (1790 թ-ի դեկտեմբեր) ժամանակ: 1805 թ-ի ռուս-ավստրո-ֆրանսիական պատերազմում եղել է ռուսական զորքերի հրամանատարը: Աուստերլիցի ճակատամարտից (1805 թ.) հետո Կուտուզովին հաջողվել է ռուսական բանակը զերծ պահել թշնամու գերազանցող ուժերի հարվածից: 1806–12 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1811 թ-ի մարտին) նշանակվել է Մոլդովական բանակի գլխավոր հրամանատար: Հունիսին Ահմեդ փաշայի 60-հզ-անոց բանակը հարձակվել է Ռուսչուկի վրա, բայց Կուտուզովն իր 15-հզ-անոց զորքով հետ է մղել հարվածը, ապա նոյեմբերի 23-ին Սլոբոձեայի մերձակայքում շրջապատել ու պարտության է մատնել: Դեռևս հոկտեմբերին սկսված հաշտության բանակցությունները Կուտուզովի դիվանագիտական հմտության շնորհիվ ավարտվել են 1812 թ-ի մայիսի 16-ի Բուխարեստի պայմանագրով, որով Բեսարաբիան անցել է Ռուսաստանին: 1812 թ-ի հունիսին ֆրանսիական բանակը Նապոլեոնի գլխավորությամբ ներխուժել է Ռուսաստան. սկսվել է Հայրենական պատերազմը: Օգոստոսի 8-ին, երբ արդեն ռուսական զորքերը հանձնել էին Սմոլենսկը, ռուսաց Ալեքսանդր I կայսրը Կուտուզովին նշանակել է գլխավոր հրամանատար: 1812 թ-ի օգոստոսի 26-ին Մոսկվայից 124 կմ արևմուտք գտնվող Բորոդինո գյուղի մոտ տեղի է ունեցել Հայրենական պատերազմի վճռորոշ ճակատամարտը (տևել է 15 ժամ, երկուստեք գործի են դրել ավելի քան 1200 հրանոթ): Բորոդինոյի ճակատամարտում ֆրանսիացիները կորցրել են 58 հզ. մարդ. այդ թվում՝ 47 գեներալ, ռուսները՝ 44 հզ. մարդ, այդ թվում՝ 23 գեներալ: Ֆրանսիայի կայսրը հետագայում վկայել է, որ իր 50 ճակատամարտերից «Մոսկվայի մոտ ճակատամարտում դրսևորվեց առավել քաջություն, անձնվիրություն, սակայն ձեռք բերվեց նվազագույն հաջողություն»: Մեծ կորուստները և անհրաժեշտ պահեստազորի պակասը Կուտուզովին հարկադրել են նահանջել դեպի Մոժայսկ, ապա՝ Մոսկվա. ֆրանսիացիները զինուժի առավելություն ունեին: Ժամանակ շահելու և բանակը համալրելու նպատակով Կուտուզովը որոշել է Մոսկվան հանձնել: Ընդունելով այդ ծանր ու ամենապատասխանատու որոշումը՝ նա ասել է. «Նապոլեոնը նման է արագ հեղեղի... Մոսկվան սպունգ է, որը կներծծի նրան իր մեջ»: Մոսկվան հրդեհվել ու կողոպտվել է: Ծավալվել է պարտիզանական շարժում: Կուտուզովն այդ ընթացքում համալրել է բանակը և, անցնելով հակահարձակման, Տարուտինայի մատույցներում ջախջախիչ հարված հասցրել Հովակիմ Մյուրատի կորպուսին, իսկ Բերեզինայի ափին՝ ֆրանսիական հիմնական ուժերին: 1813 թ-ին շարունակվել է նապոլեոնյան բանակի մնացորդների ջախջախումը Լեհաստանի և Պրուսիայի տարածքում: Գարնան սկզբին ռուսական բանակի առաջապահ հեծելազորային գունդը հասել է Էլբա գետը: Ապրիլի 16-ին (28-ին) Կուտուզովը  | «Բորոդինոյի ճակատամարտը» (1912 թ., գործ` Ֆրանց Ռուբոյի) |
վախճանվել է: Նրան փոխարինել է Պյոտր Վիտգենշտեյնը, ապա՝ Միխայիլ Բարկլայ դը Տոլին: Ալեքսանդր I-ը, նրանց վստահելով ռազմական գործողությունների ղեկավարությունը, ինքն է լուծել քաղաքական ու դիվանագիտական խնդիրները, որովհետև այդ զորավարներն օժտված չէին Կուտուզովի քաղաքական ու դիվանագիտական ընդգծված ունակություններով և մեծ հեղինակություն չունեին Ռուսաստանի դաշնակիցների շրջանում:
Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը նվիրված է ռուս ժողովրդի համար այնքան բախտորոշ 1812 թ-ի Հայրենական պատերազմին, որտեղ պատմական իրադարձությունների համատեքստում ներկայացված է նաև ականավոր զորավարի՝ Կուտուզովի հերոսական կերպարը:
|