Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դրո 
(Դրաստամատ  Կանայան, 1883–1956 թթ.)
Արմեն Գարո 
(Գարեգին Փաստրմաճյան, 1872–1923 թթ.)
Նիկոլ Դուման 
(Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան, 1867–1914 թթ.)
Համազասպ 
(Համազասպ Սրվանձտյան, 1873–1921 թթ.)
Սեբաստացի Մուրադ
(Մուրադ Խրիմյան, 1874–1918 թթ.)
1905–06 թթ-ի հայ-թաթարական (Կովկասի մահմեդական 
ազգաբնակչության) ընդհարումները  Ռուսաստանի առաջին 
բուրժուադեմոկրատական  հեղափոխության (1905–07 թթ.) 
ժամանակ ժողովրդի ուժերը մասնատելու նպատակով 
Անդրկովկասում ցարական իշխանությունների հրահրած 
ազգամիջյան բախումներն են: 

Հարևանությամբ ապրող ժողովուրդների, մասնավորապես հայերի, վրացիների ու Կովկասի թաթարների միջև այլատյացության առանձին դրսևորումներ միշտ էլ եղել են: Սակայն XIX դարի վերջին – XX  դարի սկզբին ցարական իշխանությունները դրանք հասցրին պետական քաղաքականության մակարդակի և օգտագործեցին սեփական խնդիրները լուծելու, տեղերում իրենց հակաազգային ծրագրերն իրականացնելու նպատակով: Հայերի ու թաթարների միջև նախ՝ խորացվեց այլատյացությունն արդյունաբերության և հատկապես Բաքվի նավթարդյունաբերության մեջ իրենց ձեռներեցությամբ աչքի ընկնող հայերի ու հիմնականում սևագործ թաթար բանվորների միջև, ապա՝ այդ հակամարտությունը հասցվեց բացահայտ թշնամանքի՝ 2 կողմերին միմյանց դեմ հանելու, թուլացնելու, ջլատելու և առանձին-առանձին հնազանդեցնելու նպատակով:  
1905 թ-ի փետրվարի 6-ին Բաքվում տեղական իշխանությունների և անձամբ նահանգապետ Նակաշիձեի դրդմամբ մոլեգնած թաթարները հարձակվեցին հայերի վրա: Հրդեհեցին հայկական թաղամասեր, կողոպտեցին հայերի գույքն ու կահ-կարասին: Հայ բնակչության ինքնապաշտպանությունն ստանձնեց դաշնակցությունը, միաժամանակ սպառնագիր ուղարկեց նահանգապետին, որտեղ ասվում էր. «Պաշտպանեցեք ժողովուրդը, եթե ոչ, անձամբ պատասխանատու կլինեք»: 40 ժամ թաթար խուժանն անարգել և անպատիժ կոտորեց ու կողոպտեց հայերին. հայ բնակչությունը բազմաթիվ զոհեր տվեց: Նախահարձակ թաթարներին ոգևորում էին նաև թուրքական ծպտյալ գործակալները:
Մեկուկես օր ապարդյուն սպասելուց հետո Նիկոլ Դումանը, Մարտիրոս Չարուխչյանը, Մկրտիչ Աղամալյանը, Հմայակ Ջանփոլադյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը, Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), Սեբաստացի Մուրադը (Խրիմյան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Համազասպը (Սրվանձտյան) կազմակերպեցին ինքնապաշտպանական խմբեր: 
Քառօրյա արյունալի ընդհարումներից հետո խաղաղություն հաստատվեց, սակայն ցարական կառավարության հետադիմական ուժերի ջանքերով այդ բախումները տեղափոխվեցին նաև Անդրկովկասի այլ քաղաքներ:
1905 թ-ի օգոստոսին արյունալի բախումները վերսկսվեցին Բաքվում, որոնց ընթացքում սպանվեց շուրջ 400 մարդ: Հրդեհվեցին հայերին պատկանող նավթահորերը. վնասը շուրջ 25 մլն ռուբլի էր: 
Նոյեմբերի 20-ին Բաքվում ծավալվեց հայ-թաթարական ընդհարումների 3-րդ ալիքը: Բախումներ տեղի ունեցան նաև Երևանի նահանգում և Նախիջևանում: Զինված հրոսակները (1905 թ-ի մայիսի 12–15-ը) կողոպտեցին ու կոտորեցին հայերին: Շուրջ 182 հայապատկան խանութներից անվնաս մնացին միայն 4-ը: Տասնյակ հայկական գյուղեր ավերվեցին ու հրդեհվեցին, հայ ազգաբնակչությունը տվեց շուրջ 400 սպանված և վիրավոր: Բռնությունների ալիքը Նախիջևանից անցավ Շարուր-Դարալագյազի գավառ, Զանգեզուրի և Ղարաբաղի շրջաններ: Կատաղի կռիվներ տեղի ունեցան Ելիզավետպոլի նահանգում և բոլոր այն վայրերում, որտեղ հայ ու թաթար խառը բնակչություն էր ապրում:
Երևանի նահանգում ինքնապաշտպանական ուժերի ղեկավարությունը ստանձնեց Նիկոլ Դումանը, Արցախում այն գլխավորեցին Վարդանն ու Համազասպը, Զանգեզուրում՝ Քեռին, Թիֆլիսում՝ Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան):
Նիկոլ Դումանի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին հին ու նոր բազմաթիվ խմբապետներ՝ Սաքոն, Խեչոն, Դրոն, Ռաշիդը, Մուրադը, Սեպուհը, Առաքելը, Առյուծ Ավագը, Կոփեցի Մուշեղը, Կոտոյի Հաճին և ուրիշներ:
Երևանում ազգամիջյան արյունալի բախումներ տեղի ունեցան 1905 թ-ի մայիսի 23–25-ը: Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի զոհեր տալով, այլևս չհամարձակվեցին նոր հարձակումներ ձեռնարկել: 
Ընդհարումներ տեղի ունեցան Շուշիում, Ասկերանում, Վարանդայում: Այստեղ թաթար հրոսակապետներից ակտիվ էր հայտնի հայատյաց Աբբաս Վեզիրովը: Շուշիում բախումներն սկսվեցին 1905 թ-ի օգոստոսի 7-ից և տևեցին մի քանի շաբաթ, որոնք կրկնվեցին նաև 1906 թ-ի հունիսին:
 Թիֆլիսում բախումներ տեղի ունեցան 1905 թ-ի նոյեմբերին: Շուրջ 500 հայ  կամավորներ 3 օրվա ընթացքում (նոյեմբերի 22–25-ը) հակահարված տվեցին թաթար խուժանին և ապահովեցին Թիֆլիսի հայության (շուրջ 100 հզ.) անվտանգությունը: Թեև 1906 թ-ին որոշ վայրերում բախումները կրկնվեցին, սակայն այլևս զանգվածային բնույթ չստացան և ավարտվեցին սեպտեմբերին: 
Հայ-թաթարական բախումները կանխելու առաքելությամբ էին գործում Հովհաննես Թումանյանը և թաթար բանաստեղծ Միրզա Սաբիրը. սպիտակ դրոշը ձեռքներին` նրանք շրջում էին հայկական ու թաթարական բնակավայրերում և խաղաղության կոչեր անում: Կովկասյան պաշտոնյաների առավել հայատյաց ներկայացուցիչների նկատմամբ ՀՀԴ-ն մահվան դատավճիռ կայացրեց:
1905 թ-ի մայիսի 11-ին Բաքվում սպանվեց հայտնի հայատյաց, տեղի հայության ջարդերի գլխավոր հրահրող ու կազմակերպիչ, նահանգապետ Նակաշիձեն: Վրիժառուն երիտասարդ Դրոն էր (Դրաստամատ Կանայան): Վրիժառուները սպանեցին Բաքվի ջարդերի նաև այլ պատասխանատուների՝ Մահմեդբեկովին, Միքելաձեին, Շահթախթինսկուն: Ալեքսանդրապոլում Մարտիրոս Չարուխչյանն սպանեց Նախիջևանի կոտորածների կազմակերպիչ, գեներալ Ալիխանով-Ավարսկուն:
Նիկոլ Դումանը կազմակերպեց Երևանի նահանգի թուրքամոլ պաշտոնյա Կենգեռլինսկու հետապնդումն ու սպանությունը. վերջինս խրախուսել էր թաթարների վայրագությունները: 
1905–06 թթ-ի ազգամիջյան բախումների ժամանակ ցարական պաշտոնյաներն ու ոստիկանությունը, որպես կանոն, աջակցում էին թաթար խաժամուժին: Կովկասի փոխարքայի գիտությամբ և հովանավորությամբ թաթար հրոսակները Ելիզավետպոլի և Բաքվի նահանգներում ստեղծեցին «Դիֆայի» («Պաշտպանություն») կազմակերպությունը, որի նպատակը Բաքվի մահմեդական կապիտալիստների օգնությամբ ողջ Ղարաբաղի հողերը գնելն էր՝ դրանք բացառապես մահմեդականներով բնակեցնելու համար. «Ղարաբաղը վերածել մուսուլմանական պրովինցիայի, զենքով և փողով պարտադրել ղարաբաղցիներին դուրս գալ այնտեղից», Ղարաբաղը դարձնել ադրբեջանական տարածք: «Դիֆային» զբաղվում էր ոչ միայն ահաբեկչությամբ, այլև մահասարսուռ թռուցիկներ էր տարածում՝ լուսնի վրա խաչվող 2 դաշույնների դրոշմով:  Ի պատիվ ղարաբաղցիների՝ ոչ ոք չհամաձայնեց իր տունն ու տեղը թողնել մահմեդականներին և հեռանալ: