Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վահագնի դիմաքանդակը Նեմրութ լեռան 
սրբավայրում (մ. թ. ա. I դար)
Վահագնի արձանը Երևանում (1968 թ., 
քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան)
Վահագնը հին հայկական դիցարանում պատերազմի, քաջության ու հաղթանակի, ամպրոպի ու կայծակի աստվածն է: Նա Արամազդի՝ հայոց գերագույն աստծու  և Անահիտ դիցուհու հետ կազմում է սրբազան երրորդություն:

Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից է՝ վառվռուն ու խարտյաշ մի պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով: Նա ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա 3 բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը, բռնվել էին ցավով: Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը: Նրա ծննդյան ձոն-երգը, որը հնագույն առասպելաբանական հիմներգ է, գրառել ու մեզ է ավանդել Մովսես Խորենացին:
Հին հայերը հավատում էին, որ ամպրոպի ժամանակ երկնքում ծնվում կամ երկրի խորքերից երկինք են բարձրանում սև ու ամեհի վիշապներ, կուլ են տալիս Արեգակը, խավարով պատում երկինքն ու երկիրը և փակում երկնային ջրերի ճանապարհը: Այդ ժամանակ երկնային ծիրանի ծովից ծնված լուսեղեն Վահագնը հարձակվում է սև ու խավար վիշապ-հրեշների վրա, սպանում նրանց և Արեգակն ու երկնային ջրերն ազատում գերությունից: Այստեղից էլ՝ նրա «Վիշապաքաղ» մականունը: Ազատված երկնային ջրերն անձրևի նման թափվում են երկրի վրա, և երկնքում փայլում է պայծառ Արեգակը: 
Որոշ աղբյուրներում և առասպելազրույցներում Վահագնը վկայվում է նաև որպես Արեգակ աստված: Արագած, Արեգունի, Մասիս, Վարագ և հայոց այլ բարձր լեռներ դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ: Վասպուրականում տարածված մի ավանդազրույցի համաձայն՝ Արեգակը (Վահագնը) գիշերը ծովում լողանալուց հետո առավոտյան Վարագի գագաթից բարձրանում է երկինք, և նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ, որոնք խորհրդանշում են կենդանակերպի 12 համաստեղությունները:
Վահագնի անվան հետ են կապել Ծիր Կաթին համաստեղությունը կամ, ինչպես հին հայերն են անվանել, Հարդագողի ճանապարհը: Ըստ ավանդության՝ Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից (Բել) հարդ է գողացել, որի մի մասը թափվել է երկնակամարում և հետք թողել, որն էլ կոչվել է Հարդագողի ճանապարհ:
Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր: Հայ թագավորներն ու զորավարները նրանից էին քաջություն և հաղթանակ աղերսում:
Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր՝ Քարքե լեռան լանջին: Մեհյանում դրվել են Վահագնի մեծ, կից սրահներում՝ Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները: Աստղիկը համարվել է Վահագնի հարսնացուն, նրա սրահը կոչվել է նաև «սենյակ Վահագնի»: Վահագնի տաճարն անվանել են Վահևանյան, որովհետև այն ժառանգաբար սպասարկել են Վահնունի կամ Վահևունի տոհմի քրմերը: Վահագնի պաշտամունքը կատարվել է ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը: Վահագնը նույնացվել է պատերազմը խորհրդանշող Հրատ (Մարս) մոլորակին, որին հին հայերն «Ատրահեր» («Հուրհեր») մականունն են տվել: 

Վահագնի ծնունդը
«Երկնում էր երկինք, 
երկնում էր երկիր,
Երկնում էր և ծովը ծիրանի. 
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին,
Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
Եղեգնի փողով բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում
Խարտյաշ մի պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ,
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ»:
(Աշխարհաբարը՝  Ստեփան Մալխասյանցի)