Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Նժդեհ Գարեգին
1886 թ., գ. Կզնուտ 
(Նախիջևանի գավառ)
1955 թ., ք. Վլադիմիր, Ռուսաստան
Գարեգին Նժդեհի հուշարձանը Գյումրիում` նրա անվան 
հրապարակում (1993 թ., քանդակագործ`  Արտուշ Պապոյան)
Հուշատախտակ Սոֆիայի այն տան պատին, որտեղ 1944 թ-ին ձերբակալել են Գարեգին Նժդեհին:
Գարեգին Նժդեհը ռազմական, քաղաքական և պետական գործիչ է, 
Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրը: 
Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային 
Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու 
թուրք-բոլշևիկյան ծրագիրը:

Գարեգին Նժդեհը (իսկական ազգանունը՝ Տեր-Հարությունյան, Նժդեհ ծածկանվան առաջին գրավոր հիշատակությունը 1906 թ-ի սեպտեմբերի 27-ից է) սովորել է Նախիջևանի ռուսական 7-ամյա դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության բաժնում: 1907 թ-ին ավարտել է Սոֆիայի սպայական դպրոցը, ընդունվել ՀՀԴ կուսակցության շարքերը, որից հեռացել է 1937 թ-ին: 1908 թ-ին վերադարձել է Կովկաս: 1909 թ-ին ցարական ոստիկանությունը ձերբակալել է նրան (զենք տեղափոխելու համար), 1912 թ-ին ազատվել է բանտից և մեկնել Բուլղարիա:
Մասնակցել է Բալկանյան 1-ին պատերազմին (1912–13 թթ.). Անդրանիկի հետ կազմավորել է հայկական կամավորական վաշտ (271 զինվոր) և բուլղարական բանակի կամավորական միավորման կազմում կռվել թուրքերի դեմ. պարգևատրվել է «Սպայական քաջության խաչ» շքանշանով: 
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ժամանակ նշանակվել է կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրոյի (Դրաստամատ Կանայան) տեղակալ, 1916 թ-ին՝ կամավորական գնդերը ցրելուց հետո, անցել է Ալեքսանդրապոլ: 1918 թ-ին հեծյալների հարյուրյակով մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին (մայիսի 24–28-ը): Հայաստանի Հանրապետության (1918–20 թթ.) հռչակման առաջին օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմավորման և ուսուցման աշխատանքով: 
1919 թ-ի հոկտեմբերից Զանգեզուրի  (ներկայիս ՀՀ Սյունիքի մարզի տարածքը) զինված ուժերի հրամանատարն էր, որոնք նոյեմբերին կազմակերպված դիմադրություն են ցույց տվել թուրք-թաթարական զորքերին: 
1920 թ-ի հուլիսին 11-րդ Կարմիր բանակի դեմ Նժդեհն իր փոքրաթիվ ուժերով մի քանի շաբաթ անհավասար մարտեր է մղել Կապանի պաշտպանության համար: 
1920 թ-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը պետք է ժամանակավորապես վերահսկեին խորհրդային ուժերը՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի (ապրիլի 28-ից՝ խորհրդային) միջև վիճելի տարածքների պատկանելության հարցի խաղաղ ճանապարհով լուծումը: Սակայն Զանգեզուրի ժողովուրդը՝ Նժդեհի գլխավորությամբ, չի ճանաչել այդ համաձայնագիրը: 1920 թ-ի սեպտեմբեր-նոյեմբերին Նժդեհն ազատագրել է Կապանը, Սիսիանը և Գորիսը: 
Դեկտեմբերի 25-ին հռչակվել է Սյունիքի ինքնավարությունը, Նժդեհն ընտրվել է Սյունյաց սպարապետ: 1921 թ-ի ապրիլի 26-ին Տաթևի վանքում գումարված համազանգեզուրյան երկրորդ համագումարն Ինքնավար Սյունիքը հռչակել է անկախ Լեռնահայաստանի Հանրապետություն, Նժդեհն ընտրվել է վարչապետ և արտաքին գործերի ու զինվորական նախարար: 
1921 թ-ի հուլիսի կեսերին, Սյունիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց հետո, Նժդեհը փոքր զորախմբով անցել է Իրան, 1922 թ-ին մեկնել Սոֆիա: 1932–34 թթ-ին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ մշակել է Ցեղակրոն վարդապետությունը և սկզբնավորել համանուն շարժումը:
1944 թ-ի սեպտեմբերին խորհրդային բանակի` Բուլղարիա մտնելուց հետո՝ հոկտեմբերի 10-ին, Նժդեհը ձերբակալվել է. նրան տեղափոխել են Բուխարեստ, ապա՝ Մոսկվա, և բանտարկել Լուբյանկայի բանտում: 1946 թ-ի նոյեմբերին ուղարկել են Երևան (ԽՍՀՄ-Թուրքիա ենթադրվող պատերազմում օգտագործելու նպատակով), դատապարտել 25 տարվա բանտարկության: 1948 թ-ին տեղափոխել են Վլադիմիրի բանտ (Ռուսաստան), որտեղ և վախճանվել է (դեկտեմբերի 21-ին) ու թաղվել բանտին կից գերեզմանատանը:
1983 թ-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել է Երևան, որից մի մասունք ամփոփվել է Խուստուփի լանջին (2001 թ-ին կանգնեցվել է կիսանդրին), աճյունը 1987 թ-ին՝ Սպիտակավոր Սբ Աստվածածին վանքի բակում (ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ): 2005 թ-ի ապրիլի 26-ին աճյունի մի մասը զինվորական պատիվներով վերաթաղվել է Կապանում, որտեղ ստեղծվել է Նժդեհին նվիրված հուշահամալիր:
2001 թ-ին Երևանում լույս է տեսել Նժդեհի երկերի «Հատընտիր» ժողովածուն, 2002 թ-ին՝ երկհատորյակը:
Հայաստանի առաջին հանրապետությունը Նժդեհին պարգևատրել է «Մեծն Վարդան», Լեռնահայաստանի Հանրապետությունը՝ «Խուստուփի արծիվ» շքանշաններով:
Գարեգին Նժդեհի անունով Երևանում  կոչվել են դպրոց, հրապարակ, փողոց, մետրոպոլիտենի կայարան, Գյումրիում` փողոց, հրապարակ, որտեղ և կանգնեցվել է նրա հուշարձանը:

   «Ազգային ոգի – ահա՜ գերագույն հերոսը, միա՜կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը»:
Գարեգին Նժդեհ
   «Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ բողոքում են իրենց հայրենիքից»:
   «Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը»:
   «Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»:
Գարեգին Նժդեհ
   «Զորեղ տպավորություն կձգե զինվորներու վերաբերումը դեպի իրենց հրամանատար Նժդեհը: Այդ հարաբերություն չէ դեպի իրենց պետը, այլ մասնավոր երկրպագություն գերագույն էակի մը հանդեպ: Զինվորը հանձին անոր կտեսնե մարմնացումը թագավորի մը, որը իմաստությամբ կկառավարե հայ ժողովուրդը»:
Գնդապետ Ֆիլիպով, 
բուլղարական բանակի սպա