Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տրդատ. Անիի Սբ Փրկիչ եկեղեցին (1036 թ.)

Տրդատ 
940-ական թվականներ
Մահվան թվականն 
անհայտ է:
Անիի պարսպի Կարսի դարպասը (հետին պլանում Անիի Մայր եկեղեցին է)
Տրդատ. Անիի Մայր տաճարը (1001 թ.) 
հարավ-արևմուտքից
Տրդատը Բագրատունիների թագավորական տան գլխավոր 
ճարտարապետն էր: Նա մեծապես նպաստել է ոճական ուղղության և 
հորինվածքային սկզբունքների ձևավորմանը հայ միջնադարյան 
ճարտարապետության ու քանդակագործության մեջ: 

Տրդատի մասին տեղեկություններ է հաղորդում պատմիչ Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ): Տրդատը տիրապետել է հայերենին, արաբերենին և հունարենին, խորությամբ ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը: Նրա շինարարական գործունեությունը հիմնականում կենտրոնացել է մայրաքաղաք Անիում և Արգինայում: Կառուցել է Արգինայի կաթողիկե եկեղեցին (հավանաբար՝ 973–977 թթ-ին), ենթադրաբար՝ նաև վարդապետարանն ու մատենադարան-գրատունը: Արգինայի համալիրն ավարտելուց (977–989 թթ.) հետո, Խոսրովանույշ թագուհու պատվերով, նրա Սմբատ և Կյուրիկե որդիների արևշատության համար, ենթադրվում է, որ Տրդատն է կառուցել Հաղպատի Սբ Նշան եկեղեցին (976–991 թթ.): 
Սմբատ Բ թագավորը Տրդատի հեղինակությամբ և մասնակցությամբ ձեռնարկել է Անիի բարեկարգման ու ամրացման աշխատանքները. կառուցվել են շուրջ 2,5 կմ երկարությամբ, 55 աշտարակով, 17 դուռ ու դռնակներով, 8–10 մ բարձրությամբ, սրբատաշ քարով «Սմբատաշեն» ամրակուռ պարիսպը, Ախուրյան գետի վրա եռաթռիչք (թռիչքը՝ 31,25 մ) Մեծ և այլ կամուրջներ, մշակվել է Անիի գլխավոր ու մյուս փողոցների, թաղամասերի հատակագծային հորինվածքների և գերիշխող հանգույցների առանձնահատկություններով քաղաքաշինական համակարգը: 
Տրդատի ստեղծագործության գլուխգործոցն Անիի Մայր տաճարն է (989– 1001 թթ.)՝ դարաշրջանի ճարտարապետական ըմբռնումներին հարազատ հորինվածքով: Գմբեթի հսկա զանգվածի ծանրությունը հենել է 4 մեծ մայր մույթերի և միացնող կամարների կենտրոնի վրա, խորշերը և շքամուտքերը քանդակազարդել է տարբեր երանգների տուֆով: Մայր տաճարը երևույթ է հայկական ճարտարապետության պատմության մեջ. Տրդատը հստակեցրել է նաև պաշտամունքային կառույցի հորինվածքի ու դեկորատիվ հարդարանքի սկզբունքային ձևերը, որոնք զարգացել են Անի–Շիրակի ճարտարապետական դպրոցում: 
Թորոս Թորամանյանը, եվրոպացի գիտնականներ Յոզեֆ Ստրժիգովսկին, Յուրգիս  Բալթրուշայտիսը և ուրիշներ նշել են, որ ավելի ուշ կազմավորված ռոմանական և գոթական ճարտարապետությանը բնորոշ հիմնական սկզբունքներն առկա են հայկական միջնադարյան ճարտարապետության, մասնավորապես Անիի Մայր տաճարի կառուցվածքային ու դեկորատիվ ձևերում: Գագիկ Ա թագավորի պատվերով Տրդատն Անիում կառուցել է Սբ Գրիգոր Լուսավորիչ (Գագկաշեն) եկեղեցին (1001–10 թթ.): Ուսումնասիրելով Զվարթնոցի ավերակները՝ նա մշակել է նոր եկեղեցու կառուցման սկզբունքները՝ կործանման վտանգից զերծ պահող ակնհայտ փոփոխություններով: Պեղումներով հայտնաբերվել է Տրդատի կերտած՝ Գագիկ Ա-ի` 1,2 մ բարձրությամբ քարե բոլորաքանդակը՝ ձեռքին Գագկաշենի մանրակերտը: 
Տրդատը՝ որպես ճարտարապետ, ճանաչված էր նաև Հայաստանից դուրս: 989 թ-ին նա հրավիրվել է Կոստանդնուպոլիս՝ վերակառուցելու Սբ Սոֆիայի տաճարի՝ երկրաշարժից փլված գմբեթը և վնասված որմերը: Ստեփանոս Տարոնեցու վկայությամբ՝ Տրդատն իր «իմաստուն հանճարով» վերականգնել է (991/992 թ.) գմբեթը, որը ցայսօր կանգուն է: Տրդատին և նրա ստեղծագործական դպրոցի աշակերտներին ու վարպետներին են վերագրում նաև մի շարք կառույցներ՝ Մարմաշենի բոլորաձև հատակագծով քառաբսիդ (968–1029 թթ.), Անիի Առաքելոց հնգագմբեթ (հավանաբար՝ 1004–31 թթ.), Սբ Փրկիչ (1036 թ.), Խծկոնքի Սբ Սարգիս (1027 թ.) և այլ եկեղեցիներ:
Տրդատը նաև երևելի քանդակագործ էր. նրա կառույցներն աչքի են ընկել հարուստ և բազմազան զարդաքանդակներով: