Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վարդան Այգեկցի
XII դար, գ. Մարաթա, Հայոց Միջագետքի Տլուք գավառ (այժմ՝ Սիրիայում)
1229 թ-ից հետո, 
Սև լեռների Այգեկ վանք (Կիլիկիա)

Մանրանկարը` 
XVII դարի ժողովածուից (Մատենադարան)

Վարդան Այգեկցու առակների 
հրատարակություններից
 Վարդան Այգեկցին միջնադարյան մատենագիր է, դավանաբան, 
առակագիր, քարոզիչ, հոգևոր գործիչ, առակավոր ճառի հիմնադիրը 
հայ գրականության մեջ:

Վարդան Այգեկցին (Մարաթացի) սովորել է ծննդավայրում, ապա՝ Սև լեռների Արքակաղին վանքում: Ուսումն ավարտելուց և վարդապետ ձեռնադրվելուց հետո զբաղվել է քարոզչությամբ Ամիթում, ապա՝ Տլուքում: 1198 թ-ին մասնակցել է Կիլիկիայի Լևոն Բ Մեծ արքայի թագադրության հանդեսին: Ենթադրվում է, որ եղել է Լամբրոնի արքեպիսկոպոս և Սկևռայի վանքի առաջնորդ: Ինչ-ինչ պատճառներով հալածվել է և 1208 թ-ին հարկադրված հեռացել վանքից: 1210 թ-ից մինչև կյանքի վերջն ապրել ու գործել է Սև լեռների Այգեկ (այստեղից էլ՝ Այգեկցի մականունը) վանքում:
Վարդան Այգեկցին գրել է բազմաթիվ ճառեր, թղթեր, խրատներ, կազմել է «Արմատ հավատոն» (1205 թ.), որը հայ և օտար եկեղեցական մատենագրություններից քաղված վկայությունների ժողովածու է: Պայքարել է քաղկեդոնականության դեմ, ջատագովել է հայ ժողովրդի ազգային ու բարոյական նկարագրի անաղարտությունը, քարոզներում ու խրատներում պարսավել է մարդկային արատները, հանդես եկել ժողովրդական խավերի իրավունքների պաշտպանությամբ:
Այգեկցին իր ճառերն ու քարոզները լսելի, ազդեցիկ և ընկալելի դարձնելու համար համեմել է առակներով: Խրատական ճառերում վերամշակել և օգտագործել է «Բարոյախոս» ժողովածուն, Եզոպոսի և հայ ժողովրդական առակներից, ժողովրդի կյանքն ու կենցաղը պատկերող բանավոր զրույցներ, որոնք   փոքրիկ նովելներ են, զվարճալի ու խրատական պատմություններ: Իր մշակած և հեղինակած (ավելի քան 3 տասնյակ) առակներն ու զրույցներն Այգեկցին ամփոփել է առանձին ժողովածուներում: 
Այգեկցու առակներում աշխարհը շենացնող տքնաջան աշխատանքն ամեն ինչից բարձր է դասվում («Ոսկին և ցորենը», «Եկեղեցի և ջրաղաց», «Եզն և ձի»): «Կտակ գանձի մասին» առակում աղքատ ու իմաստուն հայրը, իբր այգում թաղված գանձը գտնելու նպատակով, իր ծույլ որդիներին ստիպում է վարել հողը: Եվ այդ աշխատանքն իսկապես գանձ է  դառնում, քանի որ այգին աճում և առատ բերք է տալիս: Հետևաբար՝ իսկական գանձը բարեբեր աշխատանքն է:
Այգեկցին իր առակներով ու զրույցներով ձգտել է նպաստել ժողովրդի մարտական ոգու հզորացմանը. մարտի պետք է գնալ ոչ թե փախչելու, այլ կռվելու և հաղթելու վճռականությամբ («Իմաստուն զինվորը»): Այդուհանդերձ, առակագիրը դեմ է անիմաստ ու փուչ պատերազմներին: Այդ մասին է «Կաթ մի մեղր պատճառ պատերազմի» առակը, որի հիման վրա Հովհաննես Թումանյանը գրել է «Մի կաթիլ մեղր» բալլադը:
Սուր երգիծանքով առանձնանում են Այգեկցու հատկապես այն առակները, որտեղ նա ծաղրում է կաշառակեր դատավորներին ու անիրավ հոգևորականներին («Քահանան և ղադին», «Գող քահանան և այրի կինը», «Աղքատ, երեց և Ավետարան» և այլն), աշխարհիկ տերերին («Իշխանավորը և իմաստունը», «Աղոթք աղքատի», «Իշխանը և այրի կինը» և այլն): 
Այգեկցին գրել է ժողովրդական պարզ ու հետաքրքիր ոճով: Նրա առակների մեծ մասում գլխավոր գործող անձն աղվեսն է, այդ իսկ պատճառով Այգեկցու առակագրքերն անվանել են նաև «Աղվեսագիրք»: Այդ գրքերը հետագայում շարունակ բազմացվել են՝ ընդգրկելով նորանոր զրույցներ, հետաքրքրաշարժ պատմություններ, երևան են եկել մի քանի հարյուրի հասնող առակներ պարունակող ժողովածուներ, որոնք նույնպես անվանվել են «Աղվեսագիրք» (առաջին անգամ լույս է տեսել Ամստերդամում, 1668 թ-ին):
Այգեկցու և Մխիթար Գոշի շնորհիվ առակը և զրույցը միջնադարում դարձել են գրական ժանրեր:

Իշխանը և այրի կինը
   Մի իշխան կար՝ խիստ, չար և անիրավ: Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, և իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ ու ասաց. «Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»: Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ, չար: Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզանից ավելի չար լինի»: