Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ականատեսի վկայություն` հայերի կոտորածներից (գծանկար)
Տեղահանության զոհերից (1915 թ., Միջագետք, լուսանկար)
Բռնագաղթի ճանապարհին (լուսանկար)
«Հայերի կոտորածը 
Տրապիզոնում 1895 թվին» (1896 թ., նկարիչ` 
Հովհաննես Այվազովսկի)
«Ոտնահարված սրբություն» (1895 թ., նկարիչ` Վարդգես Սուրենյանց)
Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական 
կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման 
պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի 
առաջին ցեղասպանություն: 

Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են: 
Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին: 
Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը: 
Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914 թ-ի հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե» (Սելանիկլի Նազիմ, Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի), որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: «Երեքի գործադիր կոմիտեն» ստացել է մեծ լիազորություններ, զենք ու դրամ:
Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով: 
Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18–45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել  են և 1915 թ-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը: 
Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն ու ոչնչացումն էր: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան) և շատ ուրիշներ: 1915 թ-ի ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և Անատոլիայի խորքերն է աքսորվել մոտ 800 մտավորական. նրանց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը (նաև խորհրդարանի պատգամավոր էր), Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Մեծ մասն սպանվել է: 1915 թ-ի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը (Մատթեոս Սարգիսյան) և նրա 19 կուսակից ընկերները: 
Երրորդ փուլում սկսվել է տասնյակհազարավոր անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել: 1915 թ-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արդեն կռահել էր, որ հայ բնակչության տեղահանությունը հետապնդում է մեկ նպատակ` հայերի զանգվածային ոչնչացում: Տեղահանության իսկական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիային, որի դեսպան Հանս Վանգենհայմը 1915 թ-ի հուլիսին այդ մասին տեղեկացրել է իր կառավարությանը: 
Մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված հայերը կարավաններով ուղարկվել են կայսրության խորքերը, Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվել էին հատուկ ճամբարներ: Ճանապարհին նրանք ենթարկվել են թուրքական խուժանի ու քրդական ավազակախմբերի հարձակումներին, կոտորվել. տեղահանվածների չնչին մասն է հասել ճամբարներ: Այսպես՝ Տրապիզոնի 3 հզ. հայ աքսորականներից Հալեպ է հասել միայն 35-ը: Միջագետքի անապատներ հասած աքսորականներին  հաճախ խմբերով հանել են ճամբարներից և կոտորել ավազուտներում: Հարյուրհազարավոր մարդիկ էլ դարձել են սովի, հիվանդությունների և համաճարակների զոհ: Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրով Թալեաթը պահանջել է վերջ տալ հայերի գոյությանը՝ ուշադրություն չդարձնելով «ո՜չ սեռին, ո՜չ խղճի խայթին»: 
Պահպանվել են ցեղասպանությունը վերապրած հայերի և իրադարձությունների ականատես օտարերկրյա դիվանագետների, միսիոներների ու լրագրողների՝ հայ բնակչությանը բաժին ընկած  ահավոր տառապանքների հազարավոր հաղորդագրություներ ու նկարագրություններ: Կոտորածը շարունակվել է նաև հետագա տարիներին: Հազարավոր հայեր ոչնչացվել են Ռաս ուլ Այնի, Դեյր էզ Զորի և այլ ճամբարներում:
Չնայած օրհասական դրությանը՝ 1915 թ-ին Արևմտյան Հայաստանում և կայսրության մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանության: Հերոսամարտեր են տեղի ունեցել Վանի վիլայեթում (Շատախ, Հայոց ձոր, Գյավաշ, Թիմար և այլ վայրերում), Վան քաղաքում, Մուշում, Սասունում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում, ինչպես նաև Բյուրիքում (Շապին-Գարահիսարի գավառ), Սինջարում (Դիարբեքիրի վիլայեթ), Ֆունջակում, Ֆռնուզում, Կիշելֆիլում, Բերեկոյում (Ադանայի վիլայեթ), Գուվաթ-Շափայում (Տրապիզոնի վիլայեթ) և այլ վայրերում:
1918 թ-ին արշավելով Այսրկովկաս՝ թուրքական զորքերը հայերի կոտորածները շարունակել են Արևելյան Հայաստանում ու Ադրբեջանում: Սեպտեմբերի 15-ին, երբ անգլիական ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն և ադրբեջանական ազգայնամոլների հետ կոտորել 30 հզ. հայի:
1918–20 թթ-ին հայ բնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում: 1919 թ-ի հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի է քաշվել ավելի քան 500 հայ: 1920 թ-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթական ավազակախմբերը կոտորել են ավելի քան 30 հզ. մարդու, հրդեհել քաղաքի հայկական մասը:
1920 թ-ի թուրք-հայկական պատերազմի (սեպտեմբերի 28 – նոյեմբերի 18) ընթացքում թուրքական զորքերը Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում զանգվածաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը:
1915–16 թթ-ին Եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստանել էին արաբական երկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսել են վերադառնալ իրենց բնակության վայրերը: Ըստ դաշնակիցների գաղտնի համաձայնության (1916 թ.)՝ Կիլիկիան մտնելու էր Ֆրանսիայի ազդեցության գոտի: 1919 թ-ին Կիլիկիայում հայերի թիվը 120–130 հզ. էր, 1920 թ-ին հասել է 160 հզ-ի: Այդտեղ տեղաբաշխված ֆրանսիական զորքերի հրամանատարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, որից օգտվելով՝ քեմալականները բռնություններ են սկսել հայերի դեմ: 1920 թ-ի հունվարին, 20 օրվա մարտերի ընթացքում, Մարաշում զոհվել է 11 հզ. հայ, մնացածները հեռացել են Սիրիա: 
Շուտով թուրքերը պաշարել են Հաճնը. տեղի 6 հզ. հայերը 7 ամիս համառորեն դիմադրել են, բայց հոկտեմբերին թշնամուն հաջողվել է գրավել քաղաքը: 1920 թ-ի սկզբին Հալեպ են հասել Ուրֆայի հայության խլյակները՝ մոտ 6 հզ. մարդ: 1920 թ-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարել են Այնթապը: Շնորհիվ 15-օրյա հերոսական պաշտպանության՝ այնթապցիները խուսափել են կոտորածից: Բայց երբ ֆրանսիական զորքերը թողել են Կիլիկիան, 1921 թ-ի վերջին Այնթապի հայերն ստիպված անցել են Սիրիա: 1920 թ-ին քեմալականները ոչնչացրել են Զեյթունում մնացած հայերին:
Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919–22 թթ-ի հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում: 1921 թ-ի օգոստոս-սեպտեմբերին թուրքերը, բեկում մտցնելով պատերազմի մեջ, ընդհանուր հարձակման են անցել հունական զորքերի դեմ: 1922 թ-ի սեպտեմբերի 9-ին նրանք մտել են Իզմիր (Զմյուռնիա) և կազմակերպել հայերի ու հույների ջարդը, խորտակել են Իզմիրի նավահանգստում կանգնած հայ և հույն փախստականներով լեփ-լեցուն, ինչպես նաև փախստականներին փոխադրելու պատրաստ նավերը:
Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվել է 1,5 մլն-ը: Շուրջ 800 հզ. հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել և քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14,6 մլրդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 մլրդ գերմանական մարկի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 մլն մարկ (ոսկի): Յուրացվել են նաև օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդները, ինչպես նաև նրանց պատկանող շարժական ու անշարժ գույքը:
Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում նաև կայզերական Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլև նպաստել է դրա իրագործմանը: Գերմանիայի մեղսակցությունը նշել են գերմանացի հանրահայտ մտավորականներ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Կարլ Լիբկնեխտը և ուրիշներ:
Աշխարհի առաջադեմ հասարակական, քաղաքական և մշակույթի ու գիտության բազմաթիվ գործիչներ [Ջեյմս Բրայս, Առնոլդ Թոյնբի (Մեծ Բրիտանիա), Մաքսիմ Գորկի, Վալերի Բրյուսով (Ռուսաստան), Անատոլ Ֆրանս, Ժակ դը Մորգան (Ֆրանսիա), Յոզեֆ Մարկվարտ (Գերմանիա), Հերբերտ Գիբոնս (ԱՄՆ), Ֆրանց Վերֆել (Ավստրիա) և շատ ուրիշներ] դատապարտել են թուրք ջարդարարների հանցագործությունը:
Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո թուրքական իշխանությունները մեղադրել են երիտթուրքերի պարագլուխներին՝ Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար, և դատի տվել: Պատերազմի հանցագործներին ներկայացվել են նաև Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպման ու իրականացման մեղադրանքներ: Սակայն երիտթուրքական պարագլուխներից մի քանիսի դատավճիռները կայացվել են հեռակա կարգով (1919 թ-ի հուլիս): Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել է փախչել երկրից. ոմանց (Թալեաթ, Բեհաէդդին Շաքիր, Ջեմալ, Սայիդ Հալիմ և ուրիշներ) նկատմամբ մահվան դատավճիռը հետագայում իրականացրել են հայ ժողովրդական վրիժառուները՝ «Նեմեսիս» գործողությամբ:
1988 թ-ի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունել է «Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ-ի ցեղասպանության դատապարտման մասին», որով Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտվել է որպես ոճրագործություն մարդկության դեմ: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ի ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագրում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակագրությունը

Ուրուգվայ (1965 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով, 2004 թ-ին՝ օրենքով),
Կիպրոս (1982 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Եվրամիություն (1987, 1998, 2000, 2001, 2002, 2005 թթ-ին՝ Եվրախորհրդի բանաձևերով),
Արգենտինա (1988, 1993, 2005-06 թթ-ին՝ Սենատի բանաձևերով, 2004, 2007 թթ-ին՝ օրենքով),
Ռուսաստան (1995 թ-ին՝ Պետդումայի հայտարարությամբ),
Կանադա (1996, 2002, 2004 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
Հունաստան (1996 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լիբանան (1997, 2000 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
Բելգիա (1998 թ-ին՝ Սենատի բանաձևով),
Ֆրանսիա (1998 և 2000 թթ-ին՝ Խորհրդարանի որոշումներով, 2001 թ-ին՝ օրենքով),
Շվեդիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի զեկույցով),
Վատիկան (2000 թ-ին),
Իտալիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
Շվեյցարիա (2003 թ-ին՝ Ազգային խորհրդի բանաձևով),
Սլովակիա (2004 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
Նիդեռլանդներ (2004 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լեհաստան (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Վենեսուելա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Գերմանիա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լիտվա (2005 թ-ին՝ Ասամբլեայի որոշումով),
Չիլի (2007 թ-ին՝ Սենատի բանաձևով),
ԱՄՆ (2007 և 2010 թթ-ին՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթակոմիտեի որոշմամբ):

Հայոց Մեծ եղեռնի վերաբերյալ լույս են տեսել փաստավավերագրական ժողովածուներ, հուշագրություններ, գիտական հետազոտություններ, պատմագրական և մատենագիտական աշխատություններ, Մեծ եղեռնի ճանաչման ու դատապարտման գործընթացը ներկայացնող ուսումնասիրություններ և այլ գրականություն: Հայտնի հեղինակներից են Մկրտիչ Ներսիսյանը, Ջոն Կիրակոսյանը, Ռուբեն Սահակյանը, Նիկոլայ Հովհաննիսյանը, Վարդգես Միքայելյանը, Յուրի Բարսեղովը, Ավետիս Փափազյանը, Վահագն Տատրյանը, Արտեմ Օհանջանյանը, Վերժինե Սվազլյանը, Ստեփան Ստեփանյանը, Ռուբեն Ադալյանը, Հարություն Գևորգյանը, ինչպես նաև ֆրանսիացի Իվ Տերնոնը, գերմանացիներ Վոլֆգանգ Գուստը, Հիլմար Կայզերը, հրեա Յաիր Աարոնը և ուրիշներ: Թուրք հեղինակներից հայտնի են Թաներ Աքչամի գործերը:
Մեծ եղեռնի թեմային բազմիցս անդրադարձել են գրականության մեջ և արվեստում:
Թուրքիան ցայսօր մերժում է Հայոց ցեղասպանության փաստը, սակայն այն ճանաչել ու դատապարտել են բազմաթիվ երկրներ (պետական տարբեր մակարդակներով) և միջազգային կազմակերպություններ:

«–Ո՜վ արդարություն,
Թող որ ես թքեմ 
ճակատին քո բաց,
Գոչել էր մեկը քարերով ջարդված այդ 
հանճարներից,
Գոչել ո՜չ հիմա,
Այնժամ էր գոչել,
Երբ խուժանն այս նույն
Արյունով հարբած 
գազանի նման
Դրդվելով միայն 
վայրենուն հայտնի իր 
պատճառներից,
Ո՛րերորդ անգամ մոխիր էր 
թողնում
Մեր արտ ու այգուց, մեր 
տաճարներից:
Պարույր Սևակ, 
բանաստեղծ

   «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի, այն մի փոքր արյունը, որ դեռ նրան սնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ, մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնում»:
Անատոլ Ֆրանս, 
ֆրանսիացի գրող 

   «Արևմտահայերի բռնագաղթը այլ բան չէր, քան քողարկված սպանդ... չկա աշխարհում որևէ լեզու այնքան հարուստ և այնքան գունեղ, որով հնարավոր լիներ նկարագրել սարսափները»:
 Ժակ դը Մորգան,
 ֆրանսիացի գիտնական

   Նույնիսկ «սահմանադրության» հռչակումից հետո օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր «երբ չեն լինի հայերը, չի լինի նաև Հայկական հարցը»»:
Յոզեֆ Մարկվարտ,
գերմանացի գիտնական 

   «Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով օսմանայն Թուրքիայի առանձնաշնորհյալ դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար»:
Լուիս Էյնշտեյն,
գերմանացի դիվանագետ