Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Դեիսուս», մանրանկար «Մալաթիայի Ավետարանից» (1266 թ., ծաղկող` Թորոս Ռոսլին)
Հայ առաքելական եկեղեցու խաչը
Կաթոլիկ եկեղեցու խաչը
Ուղղափառ եկեղեցու խաչը
«Գրիգոր Լուսավորիչը մկրտում է հայ ժողովրդին» 
(1892 թ., նկարիչ` 
Հովհ. Այվազովսկի)
Քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոններից է. 
ունի մոտ 2,1 մլրդ հավատացյալ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: 

Ըստ քրիստոնեական ուսմունքի՝ Աստված իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մարդու կերպարանքով ուղարկեց աշխարհ՝ ճշմարտությունը հայտնելու մարդկությանը և նրան ազատագրելու մեղքից: Հիսուս Քրիստոսը դրա համար չարչարվեց, խաչվեց, մեռավ խաչի վրա, հոգով իջավ դժոխք և ազատեց հոգիներին, երրորդ օրը հարություն առավ, 40 օր հարություն առած մարմնով երևաց աշակերտներին, նրանց նախապատրաստեց ապագա առաքելության համար, համբարձվեց երկինք: Քրիստոսի երկրորդ գալուստով բոլոր մեռելները հարություն կառնեն, և արդարների համար երկրի վրա կստեղծվի հավիտենական կյանք:
Քրիստոնեությունն առաջացել է մ. թ. I դարի սկզբին՝ Իսրայելի հրեականության և Հռոմեական կայսրության մեջ տարածված բազմաստվածության հետ մրցակցության պայմաններում. II դարի կեսերին այն դարձել է համաշխարհային կրոն: Քրիստոնեության վերջնական հաղթանակի համար էական դեր են խաղացել միաստվածությունը, ավելի ամբողջական ու հստակ արտահայտված բարոյամարդասիրական բովանդակությունը, անդրշիրիմյան կյանքի հեռանկարը, Աստծու առջև բոլորին (նաև ստրուկին) հավասար հայտարարելը, ծիսակարգերի պարզությունն ու մատչելիությունը և այլն: 
«Քրիստոնեություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է Իգնատիոս Անտիոքացին (I–II դարեր)՝ Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում:
Քրիստոնեական դավանաբանությունը սահմանվել է IV–V դարերում՝ եկեղեցու հայրերի երկերում՝ Աստվածաշնչի և տիեզերական ժողովների որոշումների հիման վրա: Քրիստոնեության մեջ առանցքային նշանակություն է ունեցել Նիկիայի տիեզերական ժողովը (325 թ.), որն ընդունել է ուղղափառ դավանանքի հիմնական դրույթները՝ Հավատո հանգանակը:
Քրիստոնեական աստվածաբանության համաձայն՝ Հայր Աստվածը, Որդի Աստվածը և Սուրբ Հոգի Աստվածը միասնական՝ մեկ Աստվածության 3 անձեր են՝ Սուրբ Երրորդություն: Նիկիայի տիեզերական ժողովն ամրագրեց Սուրբ Երրորդության Անձերի համագոյությունը, այսինքն՝ նույն բնությանը պատկանելը: 
Արարչագործության գլխավոր նպատակը մարդն է, որն արարչության կենտրոնն է և ստեղծվել է Աստծու պատկերով և նմանությամբ: Ադամական մեղքի պատճառով խզվել է մարդու հետ Աստծու ճշմարիտ հարաբերությունը: Մարդը զրկվել է Աստծու հետ լինելու կատարյալ երանությունից և արտաքսվել դրախտից: Պատվիրանազանցությունը հանգեցրել է մարդու երկակի մահվան՝ հոգևոր և մարմնավոր: 
Բայց Տիրոջից հեռացած մարդկությանն Աստված չզրկեց իր արարչական խնամքից և փրկեց Որդու՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությամբ: Քրիստոսը նոր Ադամն է, որ աշխարհ եկավ և նորոգեց մեղքով ապականված ու մահվան դատապարտված մարդկությանը:
Քրիստոնեական դավանաբանության եզրափակիչ մասը Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան, մեռելների համընդհանուր հարության, ահեղ դատաստանի և երկնային արքայության մասին է. մեղավորները դատապարտվելու են դժոխքի տանջանքների, իսկ արդարները հարություն են առնելու՝ հավիտենական երանությունը վայելելու համար: 
Քրիստոնեական եկեղեցին Հռոմեական կայսրության բաժանումից (395 թ.) հետո տրոհվել է հռոմեական-արևմտյան և հունական-արևելյան մասերի, որոնց միջև Քաղկեդոնի ժողովից (451 թ.) հետո խորացել են հակասություններն ու մրցակցությունը: Հակաքաղկեդոնական ավանդապաշտ եկեղեցիները, հավատարիմ մնալով առաջին 3 տիեզերական ժողովների դավանաբանական սահմանումներին և աստվածաբանությանը, կազմել են Ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը: 1054 թ-ին Սուրբ Հոգու բխման մասին վարդապետության մեջ Հռոմի կողմից ավելացված «և Որդու» (այսինքն՝ Սուրբ Հոգին բխում է Հորից և Որդուց) հավելվածի պատճառով այդ եկեղեցիները բաժանվել են: Բաժանումից հետո հռոմեական եկեղեցին՝ Վատիկան կենտրոնով, կոչվել է Կաթոլիկական, իսկ հունա-բյուզանդական եկեղեցին՝ Ուղղափառ
«Ավետում», մանրանկար Հակոբ Ջուղայեցու 
ծաղկած Ավետարանից (1585 թ., Մատենադարան)
(երկաբնակ): IX–X դարերից սկսած՝ կազմավորվել են ինքնուրույն երկաբնակ եկեղեցիներ, որոնք միավորվում են Ուղղափառ (Արևելյան երկաբնակ) եկեղեցիներ անվան տակ: Դրանցից են Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Դամասկոսի, Երուսաղեմի աթոռները, Մոսկվայի (Ռուս ուղղափառ եկեղեցի), Սերբիայի, Բուլղարիայի, Ռումինիայի պատրիարքությունները, Հունաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Աֆրիկայի, ԱՄՆ-ի և այլ ուղղափառ եկեղեցիներ:
Արևելյան ուղղափառ եկեղեցի են Հայ առաքելական և քույր` Եգիպտական ղպտի, Ասորական, Հնդիկ մալաբար և Եթովպական կամ Հաբեշական եկեղեցիները:
XVI դարում Կաթոլիկ եկեղեցում սկիզբ է առել հակակաթոլիկական շարժում, որը հայտնի է որպես բողոքական ռեֆորմացիա: Կաթոլիկ եկեղեցուց առանձնացել են լյութերականները, կալվինականները, անգլիկանները, անաբապտիստները և ուրիշներ:
1996 թ-ի տվյալներով՝ աշխարհի 2 մլրդ քրիստոնյաներից 981 մլն-ը կաթոլիկներ են, 600 մլն-ը՝ բողոքական, 182 մլն-ը՝ ուղղափառ:
Հայ առաքելական եկեղեցին աշխարհի հնագույն եկեղեցիներից է. սկզբնավորվել է սբ Թադեոս և սբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ: 301 թ-ին, Հայոց Տրդատ Գ Մեծ արքայի օրոք, Սբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն (առաջինը` աշխարհում):
Քրիստոնեությունը նպաստել է հայ հոգևոր մշակույթի վերելքին, մայրենի լեզվի և գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին: Հայ եկեղեցին տևական ժամանակ համախմբել է պետականությունը կորցրած հայ ժողովրդին:

Հայ առաքելական եկեղեցու Հավատո հանգանակը
   «Հավատում ենք մի Աստծու՝ ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին: Հավատում ենք և Մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծու Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ միածին, այսինքն՝ Հոր էությունից: Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ո՜չ արարած: Նույն ինքը՝ Հոր բնությունից, որով ամենայն ինչ եղավ երկնքում, և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ: Որ մեզ՝ մարդկանց համար և մեր փրկության համար, երկնքից իջնելով, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից: Որով վերցրեց մարմինը, հոգին և միտքը և ամենայն ինչ, որ ունի մարդ՝ ճշմարտապես և ոչ կարծեցյալ: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռածներին, որի թագավորությունը վախճան չունի:
Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ անեղ և կատարյալ, որ խոսեց Օրենքի, Մարգարեների և Ավետարանների միջոցով: Որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սրբերի մեջ: 
   Հավատում ենք նաև միայն մի, Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին:
   Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին, կամ թե՝ ոչէից եղան, կամ ասում են՝ այլ էությունից են Աստծու Որդին և կամ Սուրբ Հոգին և թե փոփոխելի են կամ այլայլելի, անպիսիներին նզովում է Կաթողիկե և Առաքելական Սուրբ Եկեղեցին»: