Այբուբեն
ԴԻՂՉՐ
ԵԼՃՊՑ
ԶԽՄՋՈւ
ԷԾՅՌՓ
ԱԸԿՆՍՔ
ԲԹՀՇՎՕ
ԳԺՁՈՏՖ
Արագ Որոնում


Վարդան Մամիկոնյան
388/391 թ.
451 թ., Ավարայրի դաշտ (Վասպուրական 
նահանգի 
Արտազ գավառում)
Վարդան Մամիկոնյանի ձիարձանը Երևանում (1975 թ., քանդակագործ՝ Երվանդ Քոչար)
Տեսարան Վարդանանց պատերազմից
Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ի «հանուն հավատքի և հայրենյաց» ազատագրական 
պատերազմի (Վարդանանց պատերազմ) առաջնորդն է: Մեծարվել է 
Քաջ Վարդան և Կարմիր Վարդան պատվանուններով: 

Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ-ին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422 թ-ին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ: 
Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թ-ին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների (հոներ) դեմ: Հազկերտ II-ը 449 թ-ին հրովարտակով հայերին առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն (կրակապաշտություն): Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ Արտաշատում գումարված հատուկ ժողովը մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը: Մերժողական պատասխան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները: Վարդանին և Հայոց, Վրաց ու Աղվանից իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն: Մահապատժի սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատքը: 
Հազկերտ II-ը, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ: Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով: 
Վարդան Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը:
Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450 թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել  է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից: Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել է մինչև Ճորա պահակի ամրությունները (այժմյան Դերբենդ քաղաքի մոտ) և փոխօգնության դաշինք կնքել հոների հետ: 
450 թ-ի վերջին Արտաշատի ժողովում Վարդան Մամիկոնյանն ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ծավալված ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացրել բերդերը և նախապատրաստվել վճռական մարտի: 
Ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ: Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը: Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն: Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները: 
Վարդան Մամիկոնյանի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության (Ղևոնդ Ալիշան, Դերենիկ Դեմիրճյան), քանդակագործության (Երվանդ Քոչար), գեղանկարչության (Էդուարդ Իսաբեկյան, Գրիգոր Խանջյան, Վահան Խորենյան) մեջ և թատերարվեստում: Վարդանանց են նվիրված կաթողիկոսներ Պետրոս Ա Գետադարձի «Արիացեալք» և Ներսես Դ Կլայեցու (Ներսես Շնորհալի) «Նորահրաշ» շարականները: Վաղ միջնադարից Վարդան Մամիկոնյանին և Վարդանանց նվիրված եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել Հայաստանի տարբեր նահանգներում, հայկական գաղթավայրերում, հետագայում՝ նաև Սփյուռքում:
ՀՀ-ում սահմանվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանը, որով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության և բանակաշինությանը մատուցած ակնառու ծառայությունների համար:
Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սբ Վարդանանք:
   «Վարդան – ահավասիկ մի անուն՝ ավելի հմայքոտ, ավելի զորավոր, քան մականը Հայաստանի գահը վայելած բոլոր թագակիրների:
   Մի անուն – մի ամբողջ դավանանք, մի ուխտ, մի բարոյական իմաստասիրություն... Տղմուտի ափերում դարերին ու սերունդներին իմացեալ մահով անմահանալու ճամփան մատնանշեց հրաշունչ Մամիկոնյանը, որն իր արյունով հաստատեց, թե չի կարելի մարել այն, որն էությամբ անմարելի է՝ հայկական ոգին»:
Գարեգին Նժդեհ, 
քաղաքական և ռազմական գործիչ