 | Տուշպայի հիմնադրման արձանագրությունը |
 | Գինու մառան Կարմիր բլուր հնավայրից (մ. թ. ա. VII դար) |
 | Հատված Խորխոռյան տարեգրությունից (մ. թ. ա. VIII դար) |
 | Բրոնզե վահան և սաղավարտ (մ. թ. ա. VIII դար) |
 | Մենուայի ջրանցքը (մ. թ. ա. IX դարի վերջ – VIII դարի սկիզբ) |
 | Բրոնզե կապարճի հատված` Սարդուրի II-ի գրությամբ |
 | Թևավոր ցուլի բրոնզե ֆիգուր, որով զարդարվել է արքայական գահը
|
 | Սարդուրի II-ի բրոնզե սաղավարտի հատված` Կենաց ծառի պատկերով |
 | Թեյշեբաինի ամրոցի որմնանկար (վերականգնված) |
Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում, մ. թ. ա. IX–VII դարերում. ասորեստանյան աղբյուրներում անվանվել է «Ուրարտու», տեղական սեպագիր արձանագրություններում` «Բիայնիլի» և «Նաիրի», իսկ Աստվածաշնչում` «Արարատ»:
Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ): Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։ Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում: Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա: Մենուայի օրոք Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը: Մենուայի բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպի Դիաուխի-Դայաենի (Տայք) երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտենեի (Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասել է մինչև Դիալա գետի ավազան: Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերության մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության: Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա. 764–735 թթ.): Նրա օրոք տերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում. կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանով համադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության: Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով: Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը: Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ը վերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության ախոյանը: Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել Ասորեստանի հետ նոր բախման: Ասորեստանի Սարգոն II արքան (մ. թ. ա. 721–705 թթ.) մ. թ. ա. 714 թ-ին արշավել է Վանի թագավորություն: Առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝ վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը: Կարճ ժամանակ անց Ռուսա I-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը: Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ., ըստ ասորեստանյան աղբյուրների՝ մ. թ. ա. 708 թ-ին): Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում (Գամիրք), որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ: Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում: Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոք պետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը, որից մեզ հասած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին: Պետության անկմանը նպաստել են նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։ Վանի թագավորության անկման ժամանակն ստույգ հայտնի չէ: Հիմքեր կան կարծելու, որ Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է պալատական հեղաշրջման միջոցով՝ նախքան մ. թ. ա. 609 թ.: Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում մ. թ. ա. 612 թ-ին, ըստ Մովսես Խորենացու, ձևավորվել է հայկական նոր՝ Հայկազունների իշխանությունը՝ Պարույր Հայկազունու գլխավորությամբ: Վանի թագավորության մշակույթը Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների: Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է: Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր: Վանի տիրակալները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է Տուշպան: Մենուայի օրոք Արաքսի աջ ափին կառուցվել է Մենուախինիլի քաղաքը, Արածանիի ափին հիմնադրվել է Ներքին Խնձորի հզոր ամրոցը (Կայալի-դերե հնավայր), Տուշպայից հյուսիս-արևելք` Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ այլ ամրոցներ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ավազանում: Արգիշտի I-ը մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունին, մ. թ. ա. 776 թ-ին՝ Արգիշտիխինիլին` Արարատյան դաշտում, մեկ այլ Արգիշտիխինիլի` Մուշի շրջանում: Սարդուրի II-ը Տուշպայից ոչ հեռու հիմնել է Սարդուրիխինիլին (Հայկաբերդ, Աստվածաշեն), ապա` նույնանուն 2 այլ քաղաքներ` Արճեշից հյուսիս և Աղձնիքում: Ռուսա I-ը Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ` դրանք անվանակոչելով Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով: Արգիշտի II-ը կառուցել է խոշոր ամրոցներ` Խալդի աստծու և իր անուններով: Ռուսա II-ը հիմնադրել է Թեյշեբաինի քաղաքը (Կարմիր բլուր հնավայր), ապա՝ «Ռուսայի փոքր քաղաքը» (Բաստամ հնավայրը՝ ներկայիս Իրանի տարածքում), Զիուկունի երկրի Խալդիի քաղաքը (Արծկե, Ադիլջևազ հնավայր), Ռուսախինիլի անվամբ 2 քաղաք (Թոփրակկալե և Այանիս հնավայրեր), վերակառուցել և ընդարձակել է բազմաթիվ ամրոցներ ու քաղաքներ: Զարգացել է տաճարաշինությունը: Վանի թագավորության տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարն էր, որի միայն վերակազմության պատկերն է պահպանվել: Տաճարների այս ոճը Հայաստանից անցել է Փոքր Ասիա, այնտեղից` Հունաստան, ապա` Հռոմ, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում: Այդ ոճի հիանալի նմուշներից է Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարի մյուս տեսակը կոչվում է «Աստծու դարպաս»: Պալատների ու տաճարների պատերը ներսից զարդարվել են որմնանկարներով (աստվածների, ռազմի, կենդանիների և այլ բազմագույն պատկերներ), զինատեսակներով: Պեղումներից հայտնաբերվել են մեծ թվով սաղավարտներ, վահաններ, գոտիներ, կապարճներ, որոնք զարդարված են մարտակառքերի, հեծյալների, քրմերի, առյուծների, ցուլերի ու թևավոր էակների պատկերաքանդակներով: Պեղումներից հայտնաբերված մշակութային արժեքները պահպանվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի, Բրիտանական (Լոնդոն), Առաջավորասիական (Բեռլին) թանգարաններում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ) և այլուր:
|