Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մանկական գրականությունը նախադպրոցականից մինչև դպրոցական բարձր տարիքի երեխաների համար գրված գեղարվեստական, գիտահանրամատչելի, արկածային և այլ բնույթի ստեղծագործություններն են:

Մանկական գրականության համաշխարհային գլուխգործոցներ են Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ», Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո», Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունը», Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրյուելը», Հարիետ Բիչեր-Սթոուի «Քեռի Թոմասի խրճիթը», Հենրի Մալոյի «Առանց ընտանիքի», Էթել Վոյնիչի «Բոռ» վեպերը, Մարկ Տվենի, Վալտեր Սկոտի, Ժյուլ Վեռնի, Չառլզ Դիքենսի, Ֆենիմոր Կուպերի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի, Իվան Տուրգենևի, Լև Տոլստոյի, Սամուիլ Մարշակի, Սերգեյ Միխալկովի և այլ դասականների բազմաթիվ ստեղծագործություններ:
Հայ առաջին մանկագիրը Ներսես Շնորհալին է. գրել է չափածո խրատներ, հանելուկ-առակներ: Հայ մանկական գրականության ավանդույթների ստեղծմանը մեծապես նպաստել են Խաչատուր Աբովյանը, Ռաֆայել Պատկանյանը, Ղազարոս Աղայանը, Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը. նրանց հեքիաթները, պոեմները, պատմվածքներն ու բանաստեղծությունները կրթել և դաստիարակել են մանուկների շատ սերունդների: Հայ մանկական գրականության զարգացմանը զգալի ծառայություն են մատուցել «Ծիծեռնակ», «Աղբյուր», «Հասկեր», «Բուրաստան մանկանց» և այլ պարբերականներ: 
Նոր շրջանի մանկական գրականությունը հարստացել է Եղիշե Չարենցի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Մովսես Արազու, Խնկո Ապոր, Հայրապետ Հայրապետյանի, Հակոբ Աղաբաբի գործերով. նրանց բանաստեղծությունները, պոեմներն ու արկածային վեպերը դարձել են հայ մանուկների սիրելի ստեղծագործություններից: Մանկական գրականության թեմատիկ և ժանրային սահմանները հետագայում ընդարձակվել են. մանկապատանեկան արձակը հարստացել է Ս. Զորյանի «Խուժան Արշոն» (1928 թ.) և «Սև Սեթոն» (1935 թ.), Մկրտիչ Արմենի «Սկաուտ N 89» (1933 թ.), Վախթանգ Անանյանի «Կրակե օղակի մեջ» (1930 թ.), «Քարանձավի բնակիչները» (1930 թ.), «Սևանի ափին» (1951 թ.), Աշոտ Շայբոնի «Սպիտակ ստվերների աշխարհում» (1951 թ.), «Գիշերային ծիածան» (1954 թ.), «Տիեզերական օվկիանոսի կապիտանները» (1955 թ.), Խաժակ Գյուլնազարյանի «Ոսկի որոնողները» (1964 թ.), «Ինչ-որ տեղ վերջանում է հորիզոնը» (1966 թ.) վիպակներով ու վեպերով: 
Նորագույն շրջանի մանկապատանեկան գրականության ճանաչված անուններից են Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Ղուկասյանը, Խաչիկ Հրաչյանը, Հենրիկ Սևանը, Սուրեն Մուրադյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Նանսեն Միքայելյանը, Լևոն Միրիջանյանը, Վազգեն Տալյանը, Ազատ Շահինյանը, Յուրի Սահակյանը, Էդվարդ Միլիտոնյանը և ուրիշներ, որոնց ստեղծագործություններն աչքի են ընկնում ժողովրդական-բանահյուսական ակունքներից սերող պատկերավոր լեզվամտածողությամբ, մանկան ներաշխարհի նորովի դիտարկումներով, հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ, ստեղծագործական բազմազան ձևերի ու ոճերի օգտագործմամբ, նուրբ հումորով, արդիական թեմաների մեկնաբանությամբ: 
Մանուկների համար լույս են տեսել նաև մատենաշարեր («Մանկական գրադարան», «Դպրոցական գրադարան»), հանրագիտարաններ [«Ինչ է. Ով է» (4 հատոր), «Ոսկեփորիկ» (3 հատոր), «Դպրոցական մեծ հանրագիտարան» (2 գիրք՝ 4 հատորով)], կրոնական բնույթի գրքեր («Մանկական Աստվածաշունչ») և այլն: