Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պլուտարքոս
Մոտ 45 թ., ք. Քերոնեա, Հունաստան
Մոտ 127 թ., ք. Դելփիք, Հունաստան
Պլուտարքոսի «Զուգակշիռք» երկի 1-ին հրատարակության (1470 թ., Հռոմ) մեկ էջը
Պլուտարքոսը հին հույն բարոյախոս փիլիսոփա է և պատմագիր: 
Նրա որոշ երկեր դրվել են եվրոպական մանկավարժության հիմքում: 

 Պլուտարքոսը Քերոնեայում ստացել է քերականի և հռետորական կրթություն, ապա ուսումը շարունակել է Աթենքում: Ճանապարհորդել է Հունաստանում, ապրել Ալեքսանդրիայում և Հռոմում: Եղել է Հռոմի ապագա կայսր Ադրիանոսի դաստիարակը, ստացել Հռոմի քաղաքացիություն, ապա նշանակվել Աքքայա պրովինցիայի (վարչական միավոր) դատախազ: Կյանքի մեծ մասն անցկացրել է ծննդավայրում. զբաղվել է հասարակական և լուսավորչական գործունեությամբ: Քերոնեայում ստեղծել է մասնավոր ակադեմիա, որտեղ ուսուցանել է երիտասարդությանը: Նրա «Երեխաների դաստիարակության մասին» աշխատությունը Վերածննդի շրջանում թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ մանկավարժական բնույթի այլ գործեր` XV դարում՝ լատիներեն: 
Որպես փիլիսոփա` Պլուտարքոսը հարել է Պլատոնյան ակադեմիային, էկլեկտիզմի ոգով տուրք է տվել ստոիկյան, պերիպատետիկյան և հատկապես պյութագորասականության ազդեցություններին: Նա փիլիսոփայությունը համարել է ոչ այնքան հայեցակարգ, որքան դաստիարակության միջոց: 
95 թ-ին ընտրվել է Դելփիքի Ապոլոնի սրբարանի քրմերի խորհրդի անդամ: 
Որպես պատմագիր` արտահայտել է Հռոմեական կայսրության վերնախավի շահերը, եղել նրա նվաճողական քաղաքականության ջատագովը: Պլուտարքոսի բարոյափիլիսոփայական և պատմագիտական հայացքներն արտահայտվել են նրա «Բարոյականք» (հայերեն՝ 1860 թ.) և «Զուգահեռ կենսագրություններ» (հայերեն` «Զուգակշիռք», 1832–35 թթ.) աշխատություններում: Վերջինս հունական և հռոմեական քաղաքական ու ռազմական հանրահայտ 70 գործիչների՝ զուգահեռ շարադրված (մեկ հույն և մեկ հռոմեացի) կենսագրությունների հավաքածու է (մոտ 50): Սրանցից մեզ են հասել 23 զույգ զուգահեռ կենսագրություններ (Թեսևս ու Հռոմուլոս, Ալեքսանդր Մակեդոնացի ու Հուլիոս Կեսար, Դեմոսթենես ու Ցիցերոն և այլն): Ըստ Պլուտարքոսի՝ դրանք զուտ պատմական երկեր չեն, այլ իր հերոսների բնութագրումներն են, նրանց մարդկային արժանիքների ու թուլությունների գրական դիմանկարները: Միայն 4 կենսագրություն (այդ թվում` Պարսից Արտաքսերքսես I արքայի) ներկայացրել է առանձին՝ առանց համեմատությունների: 
Պլուտարքոսը, որպես կանոն, հույն և հռոմեացի գործիչներին ներկայացրել է լավագույն գծերով, արդարացրել է միհրդատյան և հայ-հռոմեական պատերազմներին մասնակցած հռոմեական ընչաքաղց ու փառամոլ զորավարների (Լուկուլլոս, Պոմպեոս, Կրասոս, Անտոնիոս) նվաճողական արշավանքներն Արևելքում, իսկ նրանց հակառակորդների՝ իրենց անկախության համար պայքարի ելած հայերի և պարթևների գործողությունները համարել է բարբարոսական:
«Էթիկա» ընդհանուր խորագրով աշխատությունն ընդգրկում է Պլուտարքոսի բարոյախրատական, փիլիսոփայական գործերը` «Թագավորների և զորավարների ասույթները», «Հունական հարցեր», «Հռոմեական հարցեր», «Միապետության, ժողովրդավարության և օլիգարխիայի մասին», «Իզիսի և Օզիրիսի մասին» և այլն: 
Հայաստանի, հայերի և հայ գործիչների մասին Պլուտարքոսը զանազան տեղեկություններ է հաղորդում «Թագավորների և զորավարների ասույթներում»: Նա նկարագրել է Արտաշատի կառուցումը, մ. թ. ա. 69–66 թթ-ի հայ-հռոմեական պատերազմը, Տիգրան Բ Մեծի գործունեությունը, նրա փոխհարաբերությունները՝ Լուկուլլոսի և Պոմպեոսի, Արտավազդ Բ-ի փոխհարաբերությունները՝ Կրասոսի և Անտոնիոսի հետ: Հռոմի ոտնձգություններից իրենց երկիրը պաշտպանող Հայոց Տիգրան Բ Մեծ և Արտավազդ Բ թագավորները վատաբանված են: 
Պլուտարքոսը հիմնականում ոչ քննադատաբար է վերաբերվել օգտագործած աղբյուրներին, բայց Հերոդոտոսին հանդիմանել է հույն-պարսկական պատերազմների նկարագրության ժամանակ ցուցաբերած «կողմնակալության» համար:
Դելփիքում կանգնեցվել է Պլուտարքոսի արձանը:

   «Նա, ով իր առողջությունը ուզում է փնտրել ոչ թե աշխատանքի, այլ անգործության մեջ, վարվում է ճիշտ այնպես հիմարաբար, ինչպես իր ձայնը լռությամբ կատարելագործել ցանկացողը»:

   «Ժուժկալությունը մարդու գլխավոր բժիշկն է»:

   «Աստված հույս է քաջի և ոչ թե արդարացում վախկոտի համար»:
   Պլուտարքոս
   «Պատմում են, թե կարթագենացի Հաննիբալը հռոմեացիներից Անտիոքոսի կրած վերջնական պարտությունից հետո գնաց հայ Արտաշեսի մոտ և հրահանգիչ ու խորհրդատու դարձավ նրան օգտավետ ձեռնարկներում: Բացի այդ, նկատելով երկրում չօգտագործված և անտեսված հարմարագույն և խիստ հաճելի մի վայր, նա այդ տեղում ուրվագծեց քաղաքի հատակագիծ: Հաննիբալն այնտեղ տարավ Արտաշեսին և, ցույց տալով տեղանքը, համոզեց նրան այդ վայրում քաղաք հիմնել: Թագավորը սիրով համաձայնեց և խնդրեց, որ նա ստանձնի այդ գործի ղեկավարությունը: Այսպիսով՝ կառուցվեց մեծ ու շատ գեղեցիկ քաղաք, որը կոչվեց թագավորի անունով և հռչակվեց Հայաստանի մայրաքաղաք»:
    Պլուտարքոս