 | Ներսիսյան դպրոցի շենքը Թիֆլիսում (1824 թ.) |
 | Պատկերներ Դանիել Դզնունու կազմած ալբոմից |
Ներսիսյան դպրոցը հիմնադրվել է 1824 թ-ին, Թիֆլիսում՝ Թիֆլիսի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ: Իր 100-ամյա գործունեության ընթացքում դպրոցը եղել է հայ մշակույթի օրրան, տվել հազարավոր շրջանավարտներ, որոնք անգնահատելի ծառայություն են մատուցել հայրենի մշակույթին և գիտությանը:
Ներսիսյան դպրոցն սկզբնապես կոչվել է Թիֆլիսի հայոց ուսումնարան, 1826–37 թթ-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան հայոց ուսումնարան: Առաջին ուսումնական տարում ունեցել է 3 դասարան, 80 աշակերտ, հաջորդ 2 տարիներին ավելացել են 4-րդ և 5-րդ դասարանները. սովորողների թիվը հասել է 360-ի: 1836 թ-ին փակվել և 1837 թ-ին վերաբացվել է որպես հոգևոր սեմինարիա՝ 4 դասարանով: Հիմնադրման օրից ունեցել է տպարան: Առաջին տեսուչը (1824–30 թթ.) առաջադեմ մանկավարժ, հասարակական, քաղաքական գործիչ Հարություն Ալամդարյանն էր, որը մշակել է դպրոցի վարչական և բարոյակրթական աշխատանքների կանոնները: Նրա տեսչության ժամանակահատվածն անվանվել է «դար Ալամդարյանի» և համարվել դպրոցի գործունեության ամենաբեղուն շրջանը: 1843 թ-ին Ներսես Ե Աշտարակեցին, ընտրվելով կաթողիկոս, դպրոցը վերակառուցել է միջնակարգի ծրագրով, իսկ 1848 թ-ին ստեղծել է հոգաբարձություն: Ներսիսյան դպրոցը նոր վերելք է ապրել 1850-ական թվականներից, երբ դարձել է կրթական-լուսավորական շարժման դրոշակակիրն ու օրենսդիրը արևելահայ իրականության մեջ: Դպրոցական ծրագրում ավելացվել են բնագիտական մի շարք առարկաներ, արգելվել են մարմնական պատիժները, ուշադրության կենտրոնում է եղել աշխարհաբարի ուսուցումը: 1877 թ-ին դարձել է լրիվ միջնակարգ: Այստեղ մշակված նոր ուսումնական ծրագրերը, ուսուցման առաջավոր եղանակները, ղեկավարման հոգաբարձական ձևն աստիճանաբար տարածվել են արևելահայ բոլոր դպրոցներում: 1924 թ-ին Ներսիսյան դպրոցն ավարտել են նրա վերջին՝ 25 շրջանավարտները. 1925 թ-ին վերածվել է աշխատանքային դպրոցի: Տարբեր տարիների դպրոցի տեսուչներ են եղել Գաբրիել Պատկանյանը, Պետրոս Շանշյանը, Ստեփանոս Նազարյանը, Սեդրակ Մանդինյանը և ուրիշներ: Ներսիսյան դպրոցի անվանի սաներից են Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հայկ Բժշկյանցը (Գայ), Անաստաս Միկոյանը, Աշխարհաբեկ Քալանթարը, ակադեմիկոսներ Վարդան Գուլքանյանը, Գուրգեն Սևակը, ճարտարապետներ Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը, Գևորգ Քոչարը, դերասաններ Արամ Վրույրը, Ավետ Ավետիսյանը, ռեժիսորներ Արմեն Գուլակյանը, Ամո Խարազյանը և ուրիշներ: Դպրոցում դասավանդել են ճանաչված գիտնականներ՝ պատմաբաններ Լեոն, Հակոբ Մանանդյանը, ազգագրագետ Ստեփան Լիսիցյանը, գրողներ Գաբրիել Սունդուկյանը, Ղազարոս Աղայանը, Ծերենցը, Պերճ Պռոշյանը, գրականագետ Մանուկ Աբեղյանը և ուրիշներ: 1951 թ-ին դպրոցի մի խումբ սաների նախաձեռնությամբ Երևանում ստեղծվել է ներսիսյանցիների ընկերությունը, որը կազմակերպում էր նախկին շրջանավարտների հավաքներ, 1965 թ-ին հրատարակել է «Անմոռաց դեմքեր. Ներսիսյան դպրոցի սաներ» գիրքը: Ներսիսյան դպրոցի մասին գրվել են տասնյակ այլ գործեր՝ արժևորելով նրա դերն ու նշանակությունը կրթության ոլորտում:
Ներսիսյան դպրոցի հետ է կապված արևելահայ պարբերական մամուլի սկզբնավորումը. 1846–47 թթ-ին դպրոցի ուսուցիչներ Հակոբ Կարենյանի և Հակոբ Արղունյանի նախաձեռնությամբ և բարձր դասարանցիների աջակցությամբ հրատարակվել է «Կովկաս» հայերեն առաջին շաբաթաթերթը: «Ներսիսյան դպրոցը մշակույթի մեծ օջախ է եղել հայ ժողովրդի համար և իր արժանավոր տեղն ունի նրա հոգևոր մշակույթի պատմության մեջ»: Անատոլի Լունաչարսկի, ռուս գրող, արվեստաբան, պետական գործիչ
|