Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հովհաննես Քաջազնունի 
(1868–1938 թթ.), 
ՀՀ 1-ին վարչապետը
Ալեքսանդր Խատիսյան 
(1875–1945 թթ.), 
ՀՀ 2-րդ վարչապետը
Համազասպ Օհանջանյան 
(1873–1947 թթ.), 
ՀՀ 3-րդ վարչապետը
Սիմոն Վրացյան 
(1882–1969 թթ.), 
ՀՀ 4-րդ (վերջին) 
վարչապետը
Ավետիք Սահակյան 
(1865–1933 թթ.), 
Հայաստանի խորհրդի 
նախագահը
Ավետիս Ահարոնյան 
(1866–1948 թթ.), 
ՀՀ խորհրդարանի 
նախագահը
Հայաստանի առաջին 
հանրապետության 
Կառավարության շենքը 
Երևանում
Հայաստանի առաջին 
հանրապետության 
թղթադրամի նմուշներ
Հանրապետության 
անկախության հռչակման 
տարեդարձի 
տոնակատարությունը 
Երևանում
Հայկական համալսարանի 
շենքը Ալեքսանդրապոլում
ՀՀ պատվիրակությունը 
Փարիզի հաշտության
 խորհրդաժողովում 
(1919 թ.)` 
Ավետիս Ահարոնյանի 
նախագահությամբ
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը:
ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր,  
բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ.,       961,7 հզ. կմ2, մայրաքաղաքը՝ Երևան:

Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:
1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Հունիսի սկզբին հրապարակվել է հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:
Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:
Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը:
Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Հայաստանի Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. կմ2 տարածք:
Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հզ. հայության կյանքը:
Հայաստանին նաև պարտադրվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական «ավազակային զորաջոկատները»՝ նկատի ունենալով հատկապես Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող զինված ջոկատները: 
1918 թ-ի հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը վերջապես ժամանել է Երևան. առաջատար քաղաքական կուսակցությունների և Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվել է բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը (հետագայում` խորհրդարան), որտեղ ընդգրկվել են տարբեր կուսակցությունների,  ազգային խորհուրդների անկուսակցական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 46 մարդ, որից 18-ը՝ դաշնակցական:
Հուլիսի 24-ին հրապարակվել է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան:
Օգոստոսի 1-ին Հայաստանի խորհուրդը Երևանում գումարել է իր առաջին նիստը, նախագահ է ընտրվել Ավետիք Սահակյանը (դաշնակցական): Նիստը որոշում է ընդունել քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար: 
1918 թ-ին Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր: Վիճակը բարելավվել է, երբ Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) Թուրքիան պարտություն է կրել և սկսել հեռանալ Անդրկովկասի գրավված շրջաններից, այդ թվում՝ Լոռուց և Ախալքալաքի գավառներից: Սակայն այդ տարածքների պատկանելության շուրջ հակամարտություն է ծագել Հայաստանի և Վրաստանի միջև, որը 1918 թ-ի դեկտեմբերի կեսերին վերածվել է հայ-վրացական պատերազմի: Հայկական զինված ուժերը Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ կարողացել են վրացիներին դուրս քշել Լոռուց և զգալի ռազմամթերք գրավել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս կանխել են անգլիացիները, որոնց միջամտությամբ 1919 թ-ի հունվարի 9–17-ը տեղի ունեցած խորհրդաժողովում կնքվել է հաշտություն:
Լոռին հայտարարվել է չեզոք գոտի՝ անգլիական գեներալ-նահանգապետի իշխանության ներքո: Ախալքալաքի գավառը ժամանակավորապես մնալու էր Վրաստանի իշխանության տակ: Թեև այդ հիմնախնդրի վերջնական լուծման համար ստեղծվել էր հայ-վրացական հանձնախումբ, սակայն որևէ լուծում չի տրվել:
Հարևան երկրներից միայն Իրանի հետ են հաստատվել բարիդրացիական հարաբերություններ: Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ի սկզբանե կոշտ ու թշնամական էր: Ադրբեջանը տարածքային հավակնություն ուներ Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ: 
1919 թ-ի գարնանը հայկական զորքերը անգլիացիների աջակցությամբ ազատագրել են Կարսի մարզը և Նախիջևանի գավառը. Կարսի նահանգապետ է նշանակվել Ստեփան Ղորղանյանը:
Այսպիսով` հանրապետության տարածքն ընդարձակվել և հասել է 60 հզ. կմ2-ի:
1919 թ-ի աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար: Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել Զանգեզուրը: 
1919 թ-ի փետրվարին Երևանում տեղի է ունեցել Արևմտահայության 2-րդ համագումարը, որոշում է ընդունվել Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման մասին:
Անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, Կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ա. Խատիսյանը, Հայաստանը հռչակել է Անկախ և Միացյալ Հանրապետություն: Փաստորեն ՀՀ Կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը: 1919 թ-ի հունիսին տեղի են ունեցել ընտրություններ (միակը ՀՀ-ում)՝ 366 հզ. ընտրողների և 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Օգոստոսի 1-ին գումարված նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը (դաշնակցական): 
Հանրապետությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում էր, քայքայվել էր տնտեսությունը, չէին աշխատում պղնձի հանքերն ու գործարանները: 1918 թ-ի վերջին և 1919 թ-ի սկզբին սովյալների թիվն անցնում էր կես միլիոնը: Սովից ու համաճարակներից մահացել է 180 հզ. մարդ, հիմնականում՝ արևմտահայ գաղթականներ:
Արտասահմանում օգնություն կազմակերպելու համար Եվրոպա և Ամերիկա է մեկնել պատվիրակություն՝ Հ. Քաջազնունու գլխավորությամբ: Ամերիկյան առաջին օգնությունը Հայաստան է հասել 1919 թ-ի մայիսին: Հանրապետության տարբեր վայրերում ստեղծվել է մանկատների ցանց: Ամերիկյան կոմիտեն (Ամերկոմ) մեծ օժանդակություն է ցուցաբերել երկրի չքավոր ու գաղթական բնակչությանը:
Սփյուռքահայ մի շարք բարեգործ մեծահարուստներ միջոցներ են հատկացրել և կտակներ փոխադրել Հայաստան (Եգիպտոսից՝ Մելգոնյան եղբայրները, Բաքվից՝ Արշակ Ղուկասյանը, Ստավրոպոլից՝ Պոպովը, և ուրիշներ):
Լուսավորության և մշակույթի նախարար Նիկոլ Աղբալյանի ջանքերով 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում բացվել է պետական համալսարանը: Հիմնադրվել է Հնությունների պահպանման պետական կոմիտե, նախատեսվում էր ստեղծել նաև պետական թատրոն:
ՀՀ կայունությանը, սակայն, սպառնում էին թուրք-թաթարական ներքին խռովությունները, որոնք ճնշելու համար իշխանությունները ստիպված էին դիմելու զինված ուժերին: Ճնշվել է թուրք-թաթարական խռովությունը Զանգիբասարում (հետագայում՝ Մասիսի շրջան), Բեյուք-Վեդիում (Արարատի շրջան, երկուսն էլ այժմ ՀՀ Արարատի մարզում են) և այլ վայրերում:
ՀՀ-ում կյանքի կայունացման ընթացքը խանգարվել է 1920 թ-ի մայիսին բոլշևիկների կազմակերպած ապստամբությամբ: Մայիսի 5-ին կազմվել է նոր Կառավարություն՝ Համազասպ Օհանջանյանի գլխավորությամբ, ընդունվել է օրենք արտակարգ դրություն մտցնելու մասին: Մայիսի կեսերին կառավարական ուժերին հաջողվել է ճնշել ապստամբությունը, որը, սակայն, երկրի համար ծանր հետևանքներ է ունեցել:
1920 թ-ից սկսվել է Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 23-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշել են փաստացի (դե ֆակտո) ճանաչել Հայաստանի անկախությունը: 1920 թ-ի ապրիլի 24-ին ճանաչել է նաև ԱՄՆ-ը: Հայաստանում ներկայացուցչություններ են ստեղծել Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, միջազգային տարբեր ընկերություններ:
Դեռևս 1918 թ-ի վերջին Հայաստանի խորհրդարանը կազմել էր հատուկ պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, և ուղարկել Եվրոպա՝ 1919 թ-ի հունվարին Փարիզի Խաղաղության խորհրդաժողովում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Փարիզ է ժամանել նաև արևմտահայության շահերը ներկայացնող ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ. մշակվել է խորհրդաժողովին ներկայացվելիք միասնական ծրագիր:
Թուրքիայի հետ հաշտության նախագծի մշակման համար 1920 թ-ի ապրիլին Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովում մեծ տերությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են հրավիրել Հայկական հարցին՝ լուծումը համարելով Հայաստանի 2 հատվածների միավորումը: Այդ նպատակով անհրաժեշտ էր, որ որևէ մեծ տերություն ընդուներ Հայաստանի հովանավորությունը: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը համաձայնել է ստանձնել Հայաստանի մանդատը, սակայն 1920 թ-ի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը (52 դեմ, 23 կողմ) մերժել է:
1920 թ-ի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները և Թուրքիան ստորագրել են պայմանագիր,  որը հայանպաստ էր: ՀՀ-ի կողմից պայմանագիրն ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին:  Ցավոք, ստեղծված միջազգային նոր իրադրության պայմաններում այս պայմանագիրը կյանքի չկոչվեց: Ավելին, շուտով Թուրքիայում իրավիճակի տեր դարձան քեմալականները, որոնք չճանաչեցին ո՜չ Սևրի պայմանագիրը, ո՜չ Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանի Կառավարությունը փորձել է Ռուսաստանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ: Խորհրդարանի փոխնախագահ Լևոն Շանթի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն է ուղարկել Մոսկվա: Սակայն քեմալականներն ու Խորհրդային Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտել են հայ-ռուսական պայմանագրի ստորագրումը:
1920 թ-ի մայիսին Կարմիր բանակը մտել է Ղարաբաղ, հունիսին՝ Զանգեզուր,  օգոստոսին՝ Նախիջևան՝ առանց հայկական զինված ուժերի դիմակայության: Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների՝ իբրև հայ-ադրբեջանական վիճելի տարածքների, ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը:
1920 թ-ի օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրվել է ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչել է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ: Ըստ էության՝ այդ համաձայնագիրը Հայաստանի դեմ էր:
1920 թ-ի սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է Հայաստանի վրա: Հետագայում թուրքական կառավարությունը պատերազմի վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանը ներկայացրել է որպես նախահարձակ:
Հայաստանի Կառավարությունը երկրում հայտարարել է ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշևիկյանից, հանդես են եկել հայրենիքի պաշտպանության կոչով: 
Սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավել են Սարիղամիշը, ապա՝ Կաղզվանը: 
Հայկական բանակը, Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Կարսի մատույցներում, սակայն հոկտեմբերի 30-ին թշնամին առանց դիմադրության գրավել է նաև Կարսի բերդը: Շուրջ 3 հզ. հայ զինվոր և 120 սպա գերի են ընկել: Նոյեմբերի 7-ին ընկել է նաև Ալեքսանդրապոլը:
Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված ընդունել է թուրքերի առաջարկած զինադադարը: 1920 թ-ի նոյեմբերի 24-ին կազմվել է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտել է Իջևան և երկրում հայտարարել խորհրդային իշխանություն:
Դեկտեմբերի 2-ին Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի ստորագրած համաձայնագրով Հայաստանը հռչակվել է խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղկոմի ժամանումը Երևան, հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Կառավարության պատվիրակությունն Ալեքսանդրապոլում կնքել է հայ-թուրքական նվաստացուցիչ պայմանագիրը, որով ավարտվել է հայ-թուրքական պատերազմը: 
ՀՀ-ն գոյություն է ունեցել երկուսուկես տարի: Հայտնվելով միջազգային հակասությունների բարդ ու խառնակ հանգուցակետում, պարտվելով Թուրքիային, մշտապես ենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի ճնշմանը, լքված Արևմուտքի օգնությունից` Հայաստանի առաջին հանրապետությունը դադարել է գոյություն ունենալուց: Նրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: