Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1810 թ-ի օգոստոսի 17-ին Նապոլեոն Բոնապարտի հրովարտակով Սբ Ղազարի հայկական միաբանությունը ճանաչվել է գիտական հաստատություն՝ «Հայկական ակադեմիա» պատվավոր տիտղոսով:
Սբ Ղազարի ձեռագրատան ցուցասրահը
Հալեպի Մխիթարյան վարժարանը (1936 թ.)
Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել
Սեբաստացու մահվանից հետո: 

Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական: 
Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն: 
Հատկապես մեծարժեք են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.), Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց» (3 հատոր, 1784–86 թթ.), Ստեփանոս Ագոնցի և Ղուկաս Ինճիճյանի «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի» (11 հատոր, 1802–08 թթ.), Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանություն սրբոց...» (12 հատոր, 1810–15 թթ.), Հարություն Ավգերյանի «Բառարան անգղիերեն և հայերեն» (1821 թ.) ու «Բառարան հայերեն և անգղիական» (1825 թ.), Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյանի և Մկրտիչ Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1836–37 թթ.), Գաբրիել Այվազովսկու «Համառոտ պատմություն Ռուսաց» (1836 թ.) և «Պատմություն օսմանյան պետության» (2 հատոր, 1841 թ.), Հովսեփ Գաթըրճյանի «Տիեզերական պատմություն...» (2 հատոր, 1849–52 թթ.), Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» (1853 թ.), «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.), Ղևոնդ Հովնանյանի «Պատմություն քաղաքակրթության...» (4 հատոր, 1856–60 թթ.), Գարեգին Զարբհանալյանի «Պատմություն հայերեն դպրությանց» (2 հատոր, 1865–78 թթ.), Արսեն Այտընյանի «Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի» (1866 թ.), Սերովբե Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» (1885 թ.) և այլ աշխատություններ, «Մատենագիրք նախնյաց», «Ընտիր մատենագիրք», «Սոփերք հայկական» մատենաշարերը:
1732 թ-ին Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այնուհետև Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Ախալցխայում և այլուր: 1992 թ-ից Վենետիկի Մխիթարյանների կրթահամալիր է գործում նաև Երևանում:
1772 թ-ին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել է Վենետիկը և 1773 թ-ին հաստատվել Տրիեստում, իսկ 1811 թ-ին տեղափոխվել է Վիեննա: Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը. ստեղծվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը: Նրանք իրենց գործունեությունն սկսել են կաթոլիկ կրոնաաստվածաբանական աշխատությունների հրատարակումով, սակայն աստիճանաբար սկսել են գրել հայագիտական, պատմագիտական, բանասիրական և լեզվաբանական երկեր:
Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ. միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հզ.: Հայտնի է նաև Վիեննայի մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2600 գրչագիր մատյան:
Մխիթարյան միաբանությունը հրատարակել է մեկ տասնյակից ավելի պարբերականներ [«Տարեգրություն» (1799– 1802 թթ.), «Եղանակ բյուզանդյան» (1803– 1820 թթ.), «Եվրոպա» (1847–63 թթ.) և այլն], որոնց մի մասը լույս է տեսնում ցայսօր [«Բազմավեպ» (1843 թ-ից), «Հանդես ամսօրյա» (1887 թ-ից), «Մխիթարյան ընտանիք» (1969 թ-ից) և այլն]: 
XIX դարի վերջից գիտական, գրական, մշակութային կարևոր գործունեությամբ հայտնի են Գրիգորիս Գալեմքյարյանը, Հակոբոս Տաշյանը, Արսեն Ղազիկյանը, Վարդան Հացունին, Սուքիաս Էփրիկյանը, Մկրտիչ Պոտուրյանը, Ներսես Ակինյանը, Համազասպ Ոսկյանը, Վահան Հովհաննիսյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Պողոս Անանյանը, Պողոս-Լևոն Զեքիյանը, Հարություն Պզտիկյանը և ուրիշներ: 
2000 թ-ի հուլիսի 10–21-ը Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը:
Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:
Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների:
   «Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար: Աղոթքի հետ՝ աշխատանք, առաքինության հետ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ Հայրենիքին համար, հայ ժողովուրդին համար...»:
Մխիթար Սեբաստացի

   «Այս մարդիկ (Մխիթարյանները) հարստահարված և բարձրատոհմ մի ազգի կրոնավորներն են, ազգ, որ հրեաների և հույների պես տարագիր ու ստրուկ է եղել՝ առանց առաջինների ինքնամեկուսացման և վերջինների ստրկամտության: Այս ժողովուրդը հարստացել է առանց բանսարկության»:
Ջորջ Բայրոն, 
անգլիացի բանաստեղծ 

   «Ոչ մեկ հայկական հաստատություն այնքան խորունկ ու տևական ազդեցություն ունեցած է Հայոց վրա, արևմտյան ոգիին, ճաշակին և ազնիվ բարքերուն մեր մեջ տարածման տեսակետով, որքան Մխիթարի տունը»:
Արշակ Չոպանյան, 
գրող