Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մովսես Սիլիկյան 
(Սիլիկով, 1862–1937 թթ.)
Դանիել բեկ Փիրումյան (Փիրումով, 
1861–1921 թթ.)
Պողոս բեկ Փիրումյան (Փիրումով, 
1862–1921 թթ.)
Դրաստամատ Կանայան (Դրո, 1883–1956 թթ.)
Նիկոլայ Ղորղանյան 
(Կորգանով, 1878 –1921 թթ.)
Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի զանգակատունը (1968 թ., ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)
Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողը Ապարանում (1979 թ., ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան)
Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական 
ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում 
վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին 
հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայել են գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր: Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարի 10-ին անցել են հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին բանակային կորպուսը, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ նահանջել է. նրա հետ արտագաղթել են տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովել է Անդրանիկի ջոկատը:
Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի) գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:

Սարդարապատի ճակատամարտը

Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվել նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-րդ բրիգադը դիրքավորվել է Նախիջևան–Շարուր ուղղությամբ: Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը:
Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային (հրամանատար՝ Վասիլի Պերեկրյոստով), Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ (հրամանատար՝ Սարգիս Սալիբեկով) գնդերը Քյորփալուից (այժմ՝ գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝ գ. Արմավիր) անցել են հարձակման, Ղամշլու (այժմ՝ գ. Եղեգնուտ) գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:
Հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետո ստեղծել է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ, և մշակել թուրքերի շրջապատման պլան. խմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսկադրոն (ընդամենը 4 հրանոթով), որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհել են ճակատից: Թուրքական բանակի մնացորդները խուճապահար փախել են Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով:
Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները:
Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:

Բաշ Ապարանի ճակատամարտը

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: 
Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:
Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:

Ղարաքիլիսայի ճակատամարտը

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Աթաբեկ բեյ Մամիկոնյան) և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (այժմ՝ Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ): Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները: Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:
Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: 

   «Եվ թշնամին, որ մի քանի անգամ ավելի կորուստներ ունեցավ, երկար ժամանակ պիտի հիշե այդ (Սարդարապատի) ճակատամարտը, ինչպես պարսիկները՝ Ավարայրը (451 թ.), և արաբները՝ Վարդանակերտը (703 թ.): Արդարև, այդ երեք հերոսամարտերը մեր պատմության ալեծուփ ծովից դուրս ցցված գրանիտե ժայռեր են, որոնց վրա երեք անգամ հայ հայրենիքի թշնամիների կատաղության ալիքները փշրվեցին»:
Ավետիս Ահարոնյան, 
գրող, հասարակական գործիչ
   «Ղարաքիլիսայի ճակատամարտը «....բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: 
   ....Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»:
Վեհիբ փաշա,  
Կովկասում թուրքական բանակի հրամանատար

    «1918 թ. մայիսին օրակարգում էր դրված հայ ժողովըրդի լինել-չլինելու, իր Հայրենիքի մի փոքր անկյունում՝ Արևելյան Հայաստանում, ապրելու, գոյատևելու խընդիրը: Հայ ժողովուրդը հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը, կարողացավ ջախջախել թուրքական զորքերին և զենքով ձեռք բերել իր սեփական Հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքը»: 
Լենդրուշ Խուրշուդյան, 
պատմաբան