Այբուբեն
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
ԶԾՆՎՖ
ԷԿՇՏ
ԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
Արագ Որոնում


Մանուկյան Արամ
1879 թ., գ. Զեյվա 
(այժմ՝ Դավիթ Բեկ,
ՀՀ Սյունիքի մարզում)
1919 թ., Երևան
Արամ Մանուկյանը (Արամ փաշա) հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալներից է, XX դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական, 
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչներից, 
ՀՀԴ կուսակցության անդամ: 

Արամ Մանուկյանը (հեղափոխական անունն է 1904 թ-ից, իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Հովհաննիսյան) սովորել է Շուշիի թեմական դպրոցում, 1901 թ-ին ավարտել է Երևանի թեմական դպրոցը: 1901–03 թթ-ին կուսակցության հանձնարարությամբ աշխատել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում: 1903 թ-ին Կարսից զենք, զինամթերք և կամավորական խմբեր է փոխադրել Արևմտյան Հայաստան: 1904–08 թթ-ին գործել է Վանում, ապա Օրդու քաղաքում զբաղվել ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում: 1910 թ-ին վերադարձել է Վան, դարձել Վասպուրականի հայության ամենաճանաչված գործիչներից: Եղել է 1915 թ-ի Վանի ինքնապաշտպանության (ապրիլ-մայիս) կազմակերպիչներից ու ղեկավարներից, որի հաղթական ավարտից հետո ռուսական հրամանատարությունը նրան նշանակել է Վասպուրականի նահանգապետ (նահանգապետությունը գոյատևել է 70 օր): Հուլիսի 2-ին ռուսական զորքերի անակնկալ նահանջից հետո կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթը Արևելյան Հայաստան: 
1916–17 թթ-ին Մանուկյանը եղել է Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ. զբաղվել է հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով: Մեծապես նպաստել է 1917 թ-ի մայիսի 2–11-ը Երևանում Արևմտահայերի 1-ին համագումարի կազմակերպմանը: 1917 թ-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանել է Երևան, գլխավորել նորաստեղծ Հատուկ կոմիտեն, որն օժտված էր լայն լիազորություններով, իսկ 1918 թ-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ): Նա բազմաթիվ կոչերով և ուղերձներով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար: 
Կառավարության դերը կատարել է Մանուկյանի ջանքերով ստեղծված կառավարման վարիչների մարմինը, որի նախագահը և զինվորական գործերի վարիչն ինքն էր: 
Մանուկյանը Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918 թ., մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքի անվտանգությունը: 1918 թ-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը՝ մինչև Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարության ժամանումը (հուլիսի 23-ին) Երևան: Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության փաստացի հիմնադիրն է: Նա նոր կառավարության մեջ ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որի իրավասության տակ էին նաև լուսավորության, հաղորդակցության, պարենավորման ու խնամատարության ոլորտները, տեղական իշխանությունների ձևավորումը: Մանուկյանը մեծ ջանքեր է գործադրել հանրապետությունում պարենային ճգնաժամը մեղմելու, գրագրությունների լեզուն հայացնելու, հարյուրհազարավոր փախստականների և որբերի կացությունը հնարավորինս բարելավելու համար: Նրա անմիջական մասնակցությամբ երկիրը ձերբազատվել է հայոց պետականության նկատմամբ թշնամաբար տրամադրված մահմեդականներից: 
Մանուկյանը մահացել է բծավոր տիֆից: 
Արամ Մանուկյանի մասին գրվել են գրքեր, հյուսվել երգեր, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ բնակավայրերում, կիսանդրին կանգնեցվել է մայրաքաղաքում (2009 թ.):

   «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՜ ճակատը պաշտպանելու և թե՜ երկրի ներսում կարգ հաստատելու»: 
Արամ Մանուկյան
   «...Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը...»:
Նիկոլ Աղբալյան, 
գրականագետ, քաղաքական գործիչ

   «Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն»:
Հարություն Թուրշյան, 
պատմաբան, գրող