Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շանթ Լևոն
1869 թ., 
Կոստանդնուպոլիս
1951 թ., Բեյրութ
Տեսարան Լ. Շանթի 
«Հին աստվածներ» պիեսի 
ներկայացումից 
(1999 թ., ռեժիսոր՝ Վահե Շահվերդյան, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն)
Գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Լևոն Շանթի 
ստեղծագործության մեջ առանձնանում է դրամատուրգիան, որը հայ գրականության բացառիկ արժեքներից է:

Լևոն Շանթը (իսկական ազգանունը՝ Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան) վաղ տարիքում զրկվել է ծնողներից: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սկյուտարի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում), 1884–91 թթ-ին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարաններում, 1892–99 թթ-ին սովորել է Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ: 1899 թ-ից ավելի քան 10 տարի դասավանդել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում: Թիֆլիսում անդամակցել է «Վերնատուն» գրական խմբակին: 
1911 թ-ից Շանթը դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական և Էսայան վարժարաններում. 1915–19 թթ-ին ապրել է Եվրոպայում: Գրողը Հայ հեղափոխական դաշնակցության անդամ էր. եղել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր: 1920 թ-ի ամռանը գլխավորել է Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցելու համար Մոսկվա մեկնած պաշտոնական պատվիրակությունը: 1921 թ-ից ապրել է արտասահմանում. եղել է ուսուցիչ: 
1890-ական թվականներին Շանթը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և «Լերան աղջիկը» պոեմը, որտեղ արտահայտել է երազային սիրո գեղեցկության ու պատրանքի, կյանքի և իդեալի, իսկ «Մնաք բարովի իրիկունը» (1891 թ.), «Երազ օրեր» (1894 թ.), «Դուրսեցիները» (1895 թ.), «Վերժին» (1897 թ.), «Դերասանուհին» (1899 թ.), «Կինը» (1912 թ.) վիպակներում՝ սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության մոտիվներ: 
Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ առավելապես պայմանավորված է նրա դրամատուրգիայով: «Եսի մարդը» (1904 թ.), «Ուրիշի համար» (1905–06 թթ.), «Ճամբուն վրա» (1909 թ.) դրամաներում շոշափել է անհատի ու հասարակության փոխհարաբերության, բարոյականության խաթարման, եսի և անձնազոհության խնդիրներ:
Հայ գրականության մեջ ոչ մի ստեղծագործության այնքան չեն անդրադարձել ու մեկնաբանել, որքան Շանթի «Հին աստվածներ»-ին (1909 թ.), որը և՜ փիլիսոփայական դրամա է, և՜ պատմական ողբերգություն: Երկի պատմական հենքում IX դարի դեպքերն են, որտեղ արտացոլվել են աշխարհիկ ու հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողությունների ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների խնդիրներ, որոնք մեծ արձագանք են գտել հայ հասարակության մեջ: Շանթն ընդգծել է հերոսների՝ Աբեղայի և Վանահոր կերպարների հակադրությունը. մեկը հայացքն ուղղում է դեպի անցյալը՝ սկզբնականը, մյուսը՝ անհայտը՝ ապագան: «Հին աստվածներ» դրաման նոր որակ էր հայ գրականության մեջ՝ որպես զգացմունքի, հարափոփոխ տրամադրությունների և ապրումների, մարդու ազատության տենչանքի արտահայտություն:
«Կայսրը» (1916 թ.), «Շղթայվածը» (1921 թ.), «Ինկած բերդի իշխանուհին» (1923 թ.), «Օշին Պայլ» (1932 թ.) դրամաները նույնպես պատմական ողբերգություններ են, որտեղ արծարծվել են ազգային ու սոցիալ-հոգեբանական խնդիրներ, նաև անհատապաշտության, հերոսի և ամբոխի հակադրության գաղափարներ: 
Շանթի դրամաները, հատկապես «Հին աստվածները» և «Կայսրը», հայ գրականության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են: Նրա արվեստը հենվել է կեցության փիլիսոփայության վրա, որտեղ գեղարվեստական իրականությունը սոսկ խորհրդանիշ է աննյութականն ընկալելու համար: 
«Հին աստվածները», «Կայսրը» և «Շղթայվածը» բազմիցս բեմադրվել են հայ թատրոնում:
Շանթը զբաղվել է նաև հոգեբանությամբ: 1945 թ-ին լույս է ընծայել «Հոգիները ծարավի» հոգեբանական վեպը, որտեղ շոշափել է ընտանիքի, կնոջ, տղամարդու և բարոյականության հարցեր: Գրել է նաև հայոց լեզվի դասագիրք («Լուսաբեր»՝ Հովհաննես Թումանյանի և Ստեփան Լիսիցյանի հետ), գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, պատմագիտական աշխատություններ («Գրքեր և մարդիկ», 1905 թ., «Սեռն ու նյութը բանահյուսության», 1926 թ.), կատարել թարգմանություններ (Միխայիլ Լերմոնտովի «Մծիրի» պոեմը, Էթել Վոյնիչի «Բոռը» և այլն): 
Երևանում Շանթի անունով կոչվել է դպրոց, նրա պատկերով տպագրվել է փոստային նամականիշ:

Իջե՜ք, իջե՜ք, երազներ, 
իջե՜ք զգո՛ւյշ, երազներ,
շոյո՜ղ, անո՛ւշ երազներ, 
իջե՜ք քնքո՛ւշ երազներ:
Լևոն Շանթ,
«Հին աստվածներ» 

   «Բարոյական նկարագրի գեղեցկութունը և արվեստի կոչումը իր մեջ միաձուլված ներդաշնակություն մըն էին դարձած, ահա թե ինչու ան չբաժանեց արվեստը գաղափարեն, գեղեցիկը՝ ճշմարիտեն, երազը՝ իրականութենեն»:
Մուշեղ Իշխան, 
գրող
   «Շանթի ուսումնասիրությունների առարկան ....  կյանքի պոեզիան է, նրա մաքուր բանաստեղծական և գաղափարական կողմը»: 
Նիկոլ Աղբալյան, 
գրականագետ