Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մայր տաճարի 
Տրդատի դուռը  և 
Գրիգոր Լուսավորիչ 
Բաց խորանը
Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանի խաչակալը
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայրը Վաղարշապատում՝ Երևանից 20 կմ արևմուտք:

Սուրբ Էջմիածինը Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայր է հաստատել Սբ Գրիգոր Լուսավորիչը 303 թ-ին, 484 թ-ին պատմական հանգամանքների բերումով կաթողիկոսական աթոռը տեղափոխվել է Դվին: Ավելի ուշ աթոռանիստը հաստատվել է Կիլիկիայում և հանգրվանել Սսում (1293–1441 թթ.):
1441 թ-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը Մայր աթոռը վերահաստատել է Սբ Էջմիածնում: Սկզբնական շրջանում, Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության պայմաններում, Մայր աթոռը հայտնվել է ծանր կացության մեջ և միայն XVII դարում է վերստացել իր ազգային հոգևոր-մշակութային կենտրոնի կարևոր դերը:
Մայր աթոռի հետ են կապված Հայաստանում տեղի ունեցած մի շարք պատմական իրադարձություններ. այստեղ, Սբ Սահակ Պարթևի (388–439 թթ.) կաթողիկոսության օրոք, բացվել է առաջին հայալեզու դպրոցը:  Էջմիածնի Մայր տաճարի սպասավոր Ղազար Փարպեցին այստեղ է հիմնել 1-ին մատենադարանը` ձեռագրերի պահոցը: Այդ շրջանում Սբ Էջմիածինը վերածվել է ծաղկող ձեռագրատան, որտեղ ընդօրինակվել ու պատկերազարդվել են բազմաթիվ ու բազմատեսակ ձեռագրեր, ստեղծվել մանրանկարներ: 1771 թ-ին Սիմեոն Երևանցին (1763–80 թթ.) այստեղ է հիմնել Հայաստանում 1-ին տպարանը, իսկ 1860–70-ական թթ-ին Գևորգ Դ կաթողիկոսը՝ գանձատունն ու Գևորգյան ճեմարանը:
1914–16 թթ-ին Սբ Էջմիածինը դարձել է Մեծ եղեռնից փրկվածների ապաստան: 1921–41 թթ. Սբ Էջմիածնի պատմության ամենամռայլ ժամանակներն են. խորհրդային իշխանություններն ազգայնացրել են  եկեղեցու սեփականությունը, փակել եկեղեցիներն ու հալածել հոգևորականներին: Միայն Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45 թթ.) ֆաշիզմի դեմ Հայ եկեղեցու վարած քաղաքականության շնորհիվ մեղմվել է իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. վերադարձվել է եկեղեցու ունեցվածքը, բացվել են գրադարաններն ու ճեմարանը:
Վազգեն Ա կաթողիկոսի օրոք (1955–94 թթ.) Մայր աթոռը վերազարթոնք է ապրել, իսկ ներկայիս՝ 132-րդ կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնարկել է նոր շինարարական աշխատանքներ: 
Մայր աթոռն իրականացնում է նաև Հայորդաց տների, համալսարանների և բանակի հոգևոր հովվությունը, ունի բարեգործական ճաշարաններ ու հիվանդանոցներ:
Մայր աթոռում գործում են Քրիստոնեության դաստիարակության, Միջեկեղեցական հարաբերությունների, հրատարակչական և աստվածաբանական-հայագիտական կենտրոնները, գանձատունը, թանգարաններ և այլն: 

Էջմիածնի Մայր տաճարը

Սբ Էջմիածնի գլխավոր շինությունը Մայր տաճարն է. այն հայկական առաջին եկեղեցին է. հիմնադրվել է IV դարի սկզբին: Ըստ Ագաթանգեղոսի՝ 302–303 թթ-ին տաճարը կառուցել են Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը` տեսիլքով վերջինիս հայտնված Միածնի (Աստծու Որդու) իջման վայրում: 
Տաճարը քառամույթ խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է՝ ներսից՝ պայտաձև, դրսից՝ հնգանիստ 4 խորանով: Կառույցի այս ձևը կրկնվել է Բագարանի Սբ Թեոդորոս եկեղեցում և բյուզանդական ճարտարապետության միջոցով փոխանցվել Եվրոպա, դարձել Կոստանդնուպոլսի Նեա, Օռլեանի Ժերմինյի դե Պրեի (Ֆրանսիա), Միլանի Սան Սատիրո (Իտալիա) և այլ եկեղեցիների նախատիպը: Այն հայ եկեղեցական ճարտարապետության կարևոր ներդրումն է ընդհանուր քրիստոնեական ճարտարապետության մեջ:
IV դարում տաճարը նորոգել է Սահակ Ա Պարթև կաթողիկոսը: 483–484 թթ-ին հիմնովին վերակառուցել է Վահան Մամիկոնյան իշխանը: VII դարի սկզբին տաճարի փայտե ծածկը քարաշենով է փոխարինվել Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի օրոք: 
Տաճարը խիստ տուժել է VII դարի սկզբին, երբ Պարսից շահ Աբբաս I-ը (1587– 1629 թթ.) բազմաթիվ հայերի Պարսկաստան վերաբնակեցնելուց հետո որոշել է քանդել Էջմիածնի տաճարն ու նրա քարերով եկեղեցի կառուցել Սպահանի մերձակայքում: Տաճարի պատերից պոկած անկյունաքարերով հետագայում այնտեղ եկեղեցի են կառուցել:
1629 թ-ին վերականգնել են ծածկը, պատերը և գմբեթը, 1654 թ-ին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսն սկսել է տաճարի արևմտյան ճակատին կից զանգակատան կառուցումը, որն ավարտվել է Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք՝ 1658 թ-ին: 1712–21 թթ-ին Նաղաշ Հովնաթանը նկարազարդել է տաճարի գմբեթը, իսկ XVIII դարի 2-րդ կեսին` Հովնաթան Հովնաթանյանը՝ ներսը: 1869 թ-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը (1866–82 թթ.) տաճարի արևելյան կողմին կից կառուցել է եկեղեցական սպասքատունը, որը հետագայում վերածվել է թանգարանի (բացվել է 1956 թ-ին): Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տարիներին (1955–1994 թթ.) Մայր տաճարը հիմնանորոգվել է (1954–55 թթ.): 

Սբ Էջմիածնի մյուս շինությունները

Սբ Էջմիածնի վանական համալիրը շարունակաբար համալրվում է նոր կառույցներով:
Տրդատի դուռը կառուցվել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի օրոք՝ 1629–32 թթ-ին: Վանքի սեղանատան շինարարությունն սկսվել է Մովսես Գ Տաթևացու և ավարտվել Փիլիպոս Ա Աղբակեցու օրոք՝ XVII դարի առաջին կեսին: XVIII դարի վերջին՝ Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի օրոք, վերակառուցվել է սեղանատունը: 
Հին վեհարանը կառուցվել է 1738–41 թթ-ին՝ Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի օրոք, Հոգևոր ճեմարանի շենքը` 1871 թ-ին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի օրոք: 1911 թ-ին կառուցվել է մատենադարանի շենքը (ճարտարապետ՝ Պողոս Զուրաբյան, 1983 թ-ին վերակառուցվել է): 
Վազգեն Ա կաթողիկոսի օրոք պարսպապատվել և բարեկարգվել է Մայր աթոռի տարածքը, վերակառուցվել են տպարանի շենքը, Նոր վեհարանը (ճարտարապետ՝ Արծրուն Գալիկյան), վանական սեղանատունը, «Ղազարապատ» հյուրատունը: 1965 թ-ին կառուցվել է Նահատակաց հուշարձանը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան), 1978 թ-ին՝ նոր վանատունը, 1982 թ-ին՝ Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը (ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան), 2001 թ-ին` Մայր աթոռ Սբ Էջմիածնի մուտք-խորանը (քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան), 2008 թ-ին՝ մկրտարանը, հյուսիսարևելյան մասում կառուցվում է Սբ Հրեշտակապետաց եկեղեցին (երեքի ճարտարապետներն էլ՝ Ջիմ Թորոսյան և Ռոմեո Ջուլհակյան), մատենադարանի նոր շենքը (ճարտարապետ` Արտակ Ղուլյան):

   Մայր տաճարը ՀՀ տեսարժան կառույցներից է. Սբ Էջմիածին այցելող զբոսաշրջիկներին տաճարը գրավում է ոչ միայն որպես հոգևոր կենտրոն, այլև որպես ճարտարապետական յուրօրինակ կառույց: 
1994 թ-ին Մայր տաճարի մանրակերտը տեղադրվել է «Մինի Մունդուսում», իսկ 2000 թ-ին տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»: