Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բրածո բույսեր
Գաստրոպոդների բրածո մնացորդներ Վեդի գետի ավազանում
Բրածո մամոնտի վերականգնված կմախքը Երևանի երկրաբանության թանգարանում
Հնագույն կենդանիներ
Բրածո բույսերն ու կենդանիները անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների մնացորդներ են, որոնք պահպանվել են երկրակեղևի նստվածքային ապարներում: 
Ժամանակի ընթացքում կենդանական ու բուսական աշխարհների փոփոխությունների հիման վրա Երկրի պատմությունը բաժանել են երկրաբանական ժամանակաշրջանների. դրանց մնացորդների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս որոշելու նստվածքային ապարների հարաբերական տարիքը, շաղկապելու տարբեր ժամանակներում երկրագնդի կլիմայի և երկրաբանական պայմանների կրած փոփոխությունները և, որ ամենակարևորն է, վերականգնելու մեր մոլորակի անցյալի և նրա զարգացման պատկերը:
Երկրակեղևի հնագույն նստվածքներում հայտնաբերված բույսերը ջրիմուռներն են: Ցամաքային բույսերի առաջին մնացորդները հայտնաբերվել են շատ ավելի ուշ դարաշրջանի նստվածքներում. դրանք մոտավորապես 270 մլն տարեկան են: Ներկայիս ցամաքային բույսերի գրեթե բոլոր տեսակները ձևավորվել են շուրջ 70 մլն տարի առաջ, իսկ 1 մլն տարի առաջ առաջացել են բույսերի ժամանակակից տեսակները. մահացել են հին, երբեմնի լայնորեն տարածված ձևերը, և երկրագնդի վրա տեղի է ունեցել բուսածածկույթի վերաբաշխում, որը ժամանակակից տեսքը ստացել է սառցադաշտային դարաշրջանից հետո:
Բրածո բույսերից առաջացած օգտակար հանածոները՝ տորֆը, ածուխները, այրվող թերթաքարերը և այլն, մարդն օգտագործում է տնտեսության և արդյունաբերության մեջ:
ՀՀ տարածքի տարբեր շերտախմբերում կան բրածո բույսերի բազմաթիվ մնացորդներ: Դրանցից հնագույնները (տարիքը՝ շուրջ 185 մլն տարի) հայտնաբերվել են Արարատի մարզի Ջերմանիսի ածխի հանքավայրում, ամենաերիտասարդները՝ դիատոմային ջրիմուռների մնացորդները (տարիքը՝  մոտ 1 մլն տարի)` Սյունիքի մարզի Սիսիանի տարածքում:
500 մլն տարի առաջ կենդանական կյանք գոյություն է ունեցել միայն ծովերում և օվկիանոսներում: Դա հաստատվել է երկրակեղևի հնագույն շերտախմբերում ցածրակարգ բազմաթիվ կենդանիների՝ սպունգների և միաբջիջների բրածո մնացորդների հայտնաբերումով:
Առաջին երկկենցաղներն ու միջատները ցամաքի վրա հայտնվել են մոտ 300 մլն տարի, իսկ սողունները՝ 200 մլն տարի առաջ: Հետագա 115 մլն տարիների ընթացքում տարածվել են կոկորդիլոսները, կրիաները, դինոզավրերը, ատամնավոր և երկարապոչ թռչուններն ու պարզագույն կաթնասունները: Կաթնասունների բուռն զարգացումն սկսվել է մեզանից 70 մլն տարի առաջ. դրանք էին տիտանոթերիաները, հսկա ռնգեղջյուրները, մաստոդոնտները, եռասմբակ ձիերը, թրատամ վագրերը, որոնցից մի քանիսը եղել են այժմյան կենդանիների նախնիները: Իսկ մարդը Երկրի վրա հայտնվել է շուրջ 1,5 մլն տարի առաջ:
Կենդանական աշխարհի այս զարգացումը կապված է երկրագնդի վրա տեղի ունեցած բնակլիմայական պայմանների փոփոխության հետ: Սակայն բոլոր հնագույն կենդանիները չէ, որ ոչնչացել են այդ զարգացման ընթացքում. որոշ կենդանիներ, օրինակ՝ կրիաները և կոկորդիլոսները, հարմարվել են փոփոխվող պայմաններին: Մյուսները գոյատևել են, որովհետև նրանց բնակության վայրերում կլիման շատ չի փոխվել: Օրինակ՝ Ավստրալիայում պահպանվել են շատ հնագույն կենդանիներ՝ ագեվազը, պարկավոր արջը, բադակտուցը և եքիդնան:
ՀՀ տարածքում կան մեծ քանակությամբ բրածո կենդանիների մնացորդներ: Դրանցից հնագույնները (տարիքը՝ շուրջ 300 մլն տարի) հայտնաբերվել են Արարատի մարզի Երասխ գյուղի շրջակայքում, Վայքի և Ուրծի լեռնաշղթաներում, Արգիճի գետի ավազանում ու Զանգեզուրում: Մամոնտների, ձիերի, ռնգեղջյուրների, բիզոնների և այլ կենդանիների բրածո մնացորդներ են հայտնաբերվել Շիրակի ու Արարատյան գոգավորություններում, Սևանի ավազանում: Մանր կաթնասունների՝ կրծողների, նապաստակակերպների և չղջիկների, երկկենցաղների, սողունների, թռչունների բրածոների հարուստ համալիր հայտնաբերվել է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի շրջակայքում: