Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հանրագիտարանը գիտական կամ գիտահանրամատչելի տեղեկատու 
հրատարակություն է՝ համակարգված գիտելիքների ժողովածու: 
Բառարաններն ու տեղեկատուները բառերի և բառակապակցությունների 
ժողովածուներ են, որոնք ներկայացնում են դրանց ծագման, նշանակության, օգտագործման, թարգմանության առանձնահատկությունները կամ ամփոփ տեղեկություններ են՝ հասկացությունների, դրանցով նշված 
առարկաների, գիտության, մշակույթի և այլ ոլորտների մասին:

Հանրագիտարանները լինում են համապարփակ, որտեղ ընդգրկված են գիտելիքների ու կիրառական նշանակության բոլոր ոլորտները, և ճյուղային, որոնք վերաբերում են գիտելիքի, մշակույթի, պատմության կամ հասարակական կյանքի առանձին բնագավառների:
Ըստ կառուցվածքի՝ հանրագիտարանները լինում են այբբենական, որտեղ նյութերը դասավորվում են այբբենական կարգով, և որոշակիորեն համակարգված. նյութերը խմբավորվում են թեմատիկ սկզբունքով: Ըստ ծավալի՝ լինում են մեծ հանրագիտարաններ (օրինակ՝ ՀՍՀ, 13 հատոր), համառոտ (օրինակ՝ ՀՀՀ, 4 հատոր) և հանրագիտական բառարաններ: Հանրագիտարաններում կարևոր են նաև հոդվածին կից տրվող պատկերազարդ նյութերը՝ քարտեզները, հատակագծերը, սխեմաները, գծագրերը, լուսանկարները, դիմանկարները և այլն: Հանրագիտարանները սովորաբար ունենում են ցուցիչներ, որտեղ այբբենական կարգով ներկայացված են եզրույթները և բառերը՝ հատորներում տեղաբաշխվածության համապատասխան նշումով:
Հանրագիտարաններն ստեղծվել են նոր ժամանակներում, թեև հանրագիտական աշխատանքները հայտնի են հնագույն անցյալից (Հին Եգիպտոս, Հին Հունաստան, Հին Հռոմ և այլն):
1751–80 թթ-ին Ֆրանսիայում Դենի Դիդրոյի և Ժան-Լերոն դ’Ալամբերի խմբագրությամբ հրատարակվել է առաջին հանրագիտարանը՝ «Հանրագիտարան կամ գիտությունների, արվեստների և արհեստների բացատրական բառարանը»: Ներկայումս հրատարակվող համապարփակ հանրագիտարաններից հնագույնը «Բրիտանական հանրագիտարանն» է. տպագրվել է 1768–71 թթ-ին, Էդինբուրգում: Տեղեկատվական բացառիկ արժեք ունի «Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանը» (86 հատոր). լույս է տեսել 1890–1907 թթ-ին, Սանկտ Պետերբուրգում: XIX դարի վերջին և XX դարի սկզբին ստեղծվել են նաև ոչ բազմահատոր համապարփակ հանրամատչելի հանրագիտարաններ:
Հայերեն առաջին հանրագիտական ամբողջական աշխատությունն Արսեն Դպիր Կոստանդնուպոլսեցու «Գիրք սահմանաց...» հանրագիտարանն է. լույս է տեսել 1749 թ-ին, Կոստանդնուպոլսում:
1965 թ-ին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիային առընթեր ստեղծվել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը՝ ԳԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ: 
1974–87 թթ-ին խմբագրությունը հրատարակել է «Հայկական սովետական հանրագիտարանը»՝ 12 հիմնական և «Սովետական Հայաստան» հատորներով:
Այս հրատարակության համար 1988 թ-ին ՀՀ Պետական մրցանակ է շնորհվել Հայկական հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդի նախագահ Վիկտոր Համբարձումյանին, գլխավոր խմբագիրներ Աբել Սիմոնյանին, Մակիչ Արզումանյանին, գլխավոր խմբագրի տեղակալ Ջավադ Թորոսյանին, պատասխանատու քարտուղար Հայկ Խաչատրյանին: 
1984–87 թթ-ին խմբագրությունը հրատարակել է «Ինչ է. Ով է» (4 հատոր) մանկական, 1990–2003 թթ-ին՝ «Հայկական համառոտ հանրագիտարանը» (4 հատոր), «Հայկական հարց» (ռուսերեն՝ 1991 թ., հայերեն՝ 1996 թ.), 1993–99 թթ-ին՝ «Ոսկեփորիկ» մանկական եռահատոր հանրագիտարանները, «Տնային տնտեսության հանրագիտարանը» (1997 թ.), «Հանրամատչելի բժշկական հանրագիտարանը» (2001 թ.), «Քրիստոնյա Հայաստան» (2002 թ.), «Հայ Սփյուռք» (2003 թ.), «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988–1994» (2004 թ.), «Հայաստանի բնաշխարհը» (2006 թ.), «Ով ով է. Հայեր» կենսագրական երկհատոր (2005–07 թթ.) հանրագիտարանները, «Դպրոցական մեծ հանրագիտարանի» I գիրքը՝ 2 հատորով (2007–08 թթ.), 
II գիրքը` 2 հատորով  (2009–10 թթ.):
Հանրագիտարանների առավել համառոտ տեսակները կոչվում են հանրագիտական բառարաններ, որոնք կազմվում են բառարանի սկզբունքով՝ սեղմ և ամփոփ: 

Բառարան և բառարանագրություն

Բառարանն ունի բառացանկ, կառուցվածք, նպատակ: Ըստ բառապաշարի` լինում են ծավալուն կամ լիակատար և համառոտ, ըստ նշանակության՝ դպրոցական, առձեռն, ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզու, երկլեզու, բազմալեզու, ըստ բնույթի՝ բացատրական, հոմանիշների, հականիշների, համանունների, դարձվածաբանական, ստուգաբանական, արմատական, անձնանունների, բարբառային, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլ բառարաններ: 
Բառարանագրությունը բառարաններ պատրաստելու գիտելիքների ամբողջությունն է: Սկզբնավորել են շումերները Միջագետքում (մ. թ. ա. III հազարամյակ): Զրուցարաններ են կազմվել Հին Հունաստանում և Հին Հռոմում: Եվրոպայի ժամանակակից լեզուների բառարաններից հայտնի են «Ֆրանսիայի ակադեմիայի բառարանը» (1694 թ.), Պյոտր Սիմոն Պալլասի «Բոլոր լեզուների և բարբառների համեմատական բառարանները» (1787–89 թթ.) և այլն:
Հայերեն առաջին հայտնի բառարանը Արիստակես Գրչի (XII դար) ուղղագրական բառարանն է: 
1749 թ-ին լույս է տեսել Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազյան լեզվի» բառարանի 1-ին հատորը, 1769 թ-ին՝ 2-րդը, որը նշանակալի երևույթ է հայ մշակույթի պատմության մեջ: XVIII դարից մինչև XX դարի սկիզբը ստեղծվել են բազմաթիվ և բազմաբնույթ բառարաններ՝ թարգմանական՝ հայերեն–լատիներեն, լատիներեն–հայերեն, ֆրանսերեն–հայերեն, հայերեն–ֆրանսերեն, բացատրական, ուղղագրական, կազմվել են գործնական և գիտական նշանակության տարաբնույթ տեղեկատուներ: 1926–35 թթ-ին լույս է տեսել Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանը» (7 հատոր), 1942–62 թթ-ին՝ «Հայոց անձնանունների բառարանը» (5 հատոր), 1969–80 թթ-ին՝ ակադեմիական քառահատոր «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը»: Ուշագրավ և գործածական են Ստեփանոս Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը» (4 հատոր, 1944–45 թթ.), «Ռուս-հայերեն բառարանը» (4 հատոր, ակադեմիական հրատարակություն, 1954–58 թթ.), Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարանը» (1967 թ.) և «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանը» (2003 թ.), Արարատ Ղարիբյանի «Ռուս-հայերեն բառարանը» (1968 թ.), Հովհաննես Բարսեղյանի «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական, տերմինաբանական բառարանը» (1973 թ.), Աշոտ Սուքիասյանի և Սերգեյ Գալստյանի «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարանը» (1975 թ.), Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» (2 հատոր, 1976 թ.), «Հայ–ռուսերեն բառարանը» (ակադեմիական հրատարակություն, 1984 թ.), Թադևոս Հակոբյանի, Ստեփան Մելիք-Բախշյանի ու Հովհաննես Բարսեղյանի «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը» (5 հատոր, 1986–2001 թթ.), Լևոն Հախվերդյանի «Թատերագիտական բառարանը» (1987 թ.), «Ռուս–հայերեն պոլիտեխնիկական բառարանը» (1988 թ.), Արտաշես Տեր-Խաչատրյանի «Հայոց լեզվի նոր բառարանը» (արևմտահայերեն, 2 հատոր, 1992 թ.), Երջանիկ Գևորգյանի «Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարանը» (Շարժութարան, 2003 թ.), Ռուբեն Ղազարյանի «Գրաբարի բառարանը» (2004 թ.) և «Գրաբարի հոմանիշների բառարանը» (2006 թ.), Բախտիար Հովակիմյանի «Հայոց ծածկանունների բառարանը» (2005 թ.) և այլն: 
Բառարաններում և տեղեկատուներում կուտակվում են բազմաթիվ սերունդների ավանդներն ու գիտելիքները: