Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մեծ եղեռնի հուշարձանը Երևանում
Հուշահամալիրի անշեջ կրակը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցասրահներից
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը գտնվում է Երևանում` Ծիծեռնակաբերդի բարձունքին. 
ներառում է Մեծ եղեռնի զոհերի հուշարձանը (1965–67 թթ.) և 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (1995 թ.):

Մեծ եղեռնի հուշարձան

Հուշարձանի (ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան) հորինվածքի միջուկը 12 բազալտակուռ զանգվածեղ մույթերի համախումբն է շրջանաձև տարածքի շուրջը՝ հարթակի կենտրոնական մասում, որի ընդհանուր մակարդակից 2 մ ցածր ներքին բրգաձև ծավալն է՝ կենտրոնի վարդյականման բուրվառից ելնող անշեջ կրակով, որը ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժության և անմահության խորհրդանիշն է:
Ուղղանկյուն հարթակի հարավային կողմում 40 մ բարձրությամբ սլաքաձև կոթողն է (երեսպատված է Փամբակի գրանիտե ողորկված սալերով), որը խորհրդանշում է հայ ժողովրդի վերելքը, նրա միասնության և ընդհանրության գաղափարը: 
Հարթակ տանող անցուղուն զուգահեռ կառուցված է 100 մ երկարությամբ Հուշապատը, որին փորագրված են Արևմտյան Հայաստանի՝ ցեղասպանությունից առավել տուժած 52 բնակավայրերի անունները՝ Կոստանդնուպոլսից մինչև Դեյր էզ Զոր:
1996 թ-ից Հուշապատի վերջնամասում` պատի հակառակ կողմում, ամփոփված են Հայոց ցեղասպանության դեմ բողոքի ձայն բարձրացրած հասարակական-քաղաքական գործիչների և մտավորականների (Արմին Վեգներ, Հեդվիգ Բյուլ, Հենրի Մորգենթաու, Ֆրանց Վերֆել, Յոհաննես Լեփսիուս, Ջեյմս Բրայս, Անատոլ Ֆրանս, Ջակոմո Գորինի, Բենեդիկտոս XV, Ֆրիտյոֆ Նանսեն, Ֆայեզ Էլ Ղուսեյն, Կարեն Եփփե) շիրիմներից բերված հողով սափորները: 
Հուշարձանն օրգանապես կապված է տեղանքին՝ իր ծավալատարածական ընդհանուր կուռ հորինվածքով, զուսպ ու խստաշունչ ձևերով, ուրվանկարով, գույնով ու մասշտաբով: Այն արդի հայ ճարտարապետության նվաճումներից է:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ճարտարապետներ՝ Սաշուր Քալաշյան, Լյուդմիլա Մկրտչյան) բացվել է 1995 թ-ին՝ Մեծ եղեռնի 80-րդ տարելիցի առթիվ: Նպատակը Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, գրականություն և այլ վավերագրական նյութեր հավաքելն է, մշակելը, հրատարակելը, պահպանելն ու ցուցադրելը: 
Երկհարկանի օղակաձև, գրեթե ստորգետնյա շենքը կառուցվել է համալիրի հարավարևմտյան կողմում՝ ներգծված հարակից զբոսուղիների ցանցում, որոնց հետ տարբեր մակարդակներում կապված է բաց աստիճաններով: 
Կազմված է ուղղանկյուն և սեգմենտաձև ծավալներից: Առաջին հարկում վարչական, աշխատանքային և ճարտարագիտատեխնիկական սպասարկման սենյակներն են, դահլիճը (Կոմիտասյան սրահ), ֆոնդադարանները, գրադարան-ընթերցասրահը, արխիվը: Երկրորդ հարկում հիմնական ցուցասրահն է՝ եզրերի նախասրահով և խորանասրահով (Ուխտատուն): Ներքին բակի և նախասրահի սալածածկ հատակի միջին հատվածում նահատակների հիշատակի հավերժությունն ու աշխարհասփյուռ հայության միավորման գաղափարը խորհրդանշող, անհամաչափ հորինվածքով խորաքանդակն է և 8 x 3 մ չափերով խաչքար-տապանաքարը (ճարտարապետ՝ Սաշուր Քալաշյան, քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան): Հարկաբաժինները հաղորդակցվում են շենքի եզրային մասերի համաչափ, հարմարավետ աստիճաններով:
Նախասրահի արևմտյան պատին Հայկական լեռնաշխարհի քարե քարտեզն է, որտեղ նշված են եղեռնագործության և զանգվածային տեղահանության վայրերը: Ներքին բակի եզրանիստերին փորագրված են Ֆրիտյոֆ Նանսենի, Անատոլ Ֆրանսի, Վալերի Բրյուսովի, Արմին Վեգների, Ալբերտ Էյնշտեյնի, Յոզեֆ Մարկվարտի և ուրիշների՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող խոսքերը: Խորանասրահի խորշում պատկերված է կենաց ծառ՝ փյունիկ թռչունի համադրությամբ. խորհրդանշում է անմահության, միասնության և վերածնության գաղափարը:
Հուշահամալիրի հարևանությամբ տեղադրվել են 1988–90 թթ-ին Խորհրդային Ադրբեջանի Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ քաղաքներում տեղի ունեցած եղեռնագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարերը:
Հուշահամալիրի տարածքում ձևավորվել է նաև Հիշողության պուրակը, որտեղ, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, եղևնի են տնկում հուշահամալիր այցելող օտարերկրյա պետական բարձրաստիճան ու գիտամշակութային նշանավոր գործիչներ:
   Մեծ եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, տնկվել է խորհրդանշական 95 ծառ՝ բերված Արևմտյան Հայաստանից:
   «Երբ այնտեղ (Հուշահամալիրում) եմ լինում, լսում եմ Կոմիտասի ողբը, զարմանքի ու տագնապի սուր ճիչը, մարդկային հոգու և տիեզերքի լացը, որի հնչյունները հառնում են դեպի ապագայի բոլոր մարդկանց հոգիները...»: 
Միխայիլ Դուդին, 
ռուս բանաստեղծ