Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Եգիպտոսի Նեֆերտիտի թագուհու դիմաքանդակը 
Ռոզեթյան արձանագրությունը. հին եգիպտերեն և հին հունարեն նույնիմաստ արձանագրություններով բազալտե սալաքար (մ. թ. ա. 196 թ.) է: 1799 թ-ին հայտնաբերել է Նապոլեոնի բանակի սպա Բուշարը Եգիպտոսում`  Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի մոտ: Պահպանվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն):
Գրչի հին եգիպտական արձան
Եգիպտական գեղանկար (մ. թ. ա. 1400 թ.)
Հին եգիպտական ռազմակառք
Շումերական աստվածուհու քանդակ
Նոտաների և երաժշտական գործիքների 
պատկերներով սեպագիր 
(մ. թ. ա.  2600 թ.)
Թիգլաթպալասար III-ի բարձրաքանդակը
(մ. թ. ա. VIII դարի կես)
Համմուրաբիի օրենքների արձանագրություններով հուշասյուն Բաբելոնում
Սարգոն II արքան 
առյուծների որսի պահին (ասորական 
բարձրաքանդակ)
Իշտար աստվածուհու դարպասը 
Բաբելոնում
Գիլգամեշ արքայի 
արձանը Ուրում
Պերսեպոլիսի հարթաքանդակներից
Պերսեպոլիս մայրաքաղաքի ավերակները
Աշոկայի սյան առյուծները, որպես խորհրդանիշ, պատկերված են ներկայիս Հնդկաստանի զինանշանի վրա:
Քրմի արձան (մ.թ.ա. III–II հազարամյակներ, Մոհենջոդարո)
Շիվա-Նատարաջա 
պարի  աստվածը 
(X–XII դարեր) 
Մոհենջոդարոյի պեղված փլատակները
Վիշապը չինացիների մշակութային խորհրդանիշն է:
Խեցե անոթներ 
(մ. թ. ա. III հազարամյակ)
Բրոնզե անոթ՝ ռնգեղջյուրի տեսքով  (մ. թ. ա. II հազարամյակ)
Ցին Շի Հուանդի կայսրի հետ 
մ. թ. ա. 210–209 թթ-ին թաղված  Թրծակավե բանակը 
(բացվել է 1974 թ-ի պեղումներով)
Սոլոն 
(մ. թ. ա. 640/635–559 թթ.), աթենական քաղաքական գործիչ, օրենսդիր և 
բարեփոխիչ
Պերիկլես 
(մ. թ. ա. մոտ 490–429 թթ.), հին հունական պետական, քաղաքական և 
ռազմական գործիչ
Հունական տրիեր 
(եռաշար թիերով) 
ռազմանավ
Դիոնիսոսի (հին հունական պտղաբերության, խաղողագործության, 
գինեգործության և զվարճանքի աստվածը, II դար) արձանը
Աթենական սափոր 
(մ. թ. ա.  540–530-ական թթ.)
Արտեմիսի տաճարը 
Եփեսոսում (մ. թ. ա. 550 թ.)
Հռոմեական լեգեոներ
Հռոմի ավանդական 
հիմնադիր Հռոմուլոսին և նրա եղբայր Հռեմոսին 
կերակրող գայլի արձանը 
(մ. թ. ա. VI դար, բրոնզ)
Տիբերիոս Կլավդիոս 
Ներոն, Հռոմի կայսր (54–68 թթ.)
Հին հռոմեական տաճար
Կադր «Գլադիատոր» (2000 թ.) կինոնկարից
«Հին աշխարհի երկրներ» հասկացությունը ներառում է Հին Արևելքի և Հին Հունաստանի ու Հին Հռոմի հնագույն պատմությունը՝ նախնադարից մինչև ստրկատիրության անկումը: Այդ ժամանակաշրջանում են կազմավորվել առաջին պետություններն ու աշխարհակալ տերությունները, ստեղծվել 
սեպագիրը, այբուբենը, Հին աշխարհի 7 հրաշալիքները, սկզբնավորվել են մի շարք գիտություններ, կատարվել բազում հայտնագործություններ: Արդի քաղաքակրթության հիմքում նաև Հին Արևելքի և անտիկ մշակույթներն են:

Հին Արևելք

Հին Արևելքը Մերձավոր և Միջին Արևելքի, Հարավային և Արևելյան Ասիայի, Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայի երկրների ընդհանուր անվանումն է: Ընդգրկում է ստրկատիրության ծագման և գոյության ժամանակաշրջանը` մ. թ. ա. IV–I հազարամյակները:

Հին Եգիպտոս

Հին Եգիպտոսը հնագույն պետություն էր ներկայիս Եգիպտոսի տարածքում՝ մ. թ. ա. IV հազարամյակի վերջից մինչև մ. թ. ա. 31 թ.: 
Ընդունված է Հին Եգիպտոսի պատմության 8 բաժանում. Վաղ թագավորություն (մ. թ. ա. մոտ 3000–2800 թթ.), Հին թագավորություն (մ. թ. ա. մոտ 2800–2250 թթ.), Եգիպտոսի առաջին կազմալուծում (մ. թ. ա. մոտ 2250–2050 թթ.), Միջին թագավորություն (մ. թ. ա. մոտ 2050–1700 թթ.), Եգիպտոսի երկրորդ կազմալուծում (մ. թ. ա. մոտ 1700–1580 թթ.), Նոր թագավորություն (մ. թ. ա. մոտ 1580–1070 թթ.), Ուշ (Լիբիա-սաիսյան և Պարսից) ժամանակաշրջան (մ. թ. ա. 1070–332 թթ.), Հունա-հռոմեական ժամանակաշրջան (մ. թ. ա. 332 – մ. թ. 395 թթ.):
Եգիպտոսը վերելք է ապրել հատկապես Նոր թագավորության (XVIII–XX հարստություններ) ժամանակաշրջանում՝ մ. թ. ա. XVI–XV դարերում: Թութմոս I, Թութմոս III և Ամենհոտեպ II փարավոնները Եգիպտոսին են միացրել Պաղեստինը, Ասորիքը՝ մինչև Եփրատ գետը, և Քուշը: Եգիպտոսն Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունն էր. բարձրակետին է հասել Ամենհոտեպ III-ի օրոք (մ. թ. ա. 1455–1424 թթ.):
Եգիպտոսի հզորության վերջին շրջանը Ռամզես II-ի (մ. թ. ա. 1279–1213 թթ.) օրոք էր: Դաշինք կնքելով գլխավոր հակառակորդ Խեթական տերության հետ՝ փարավոնն ապահովել է երկրի սահմանների անվտանգությունը և զբաղվել է ներքին գործերով: Ռամզես II-ի մահից հետո Եգիպտոսն անկում է ապրել՝ տրոհվելով բազմաթիվ իշխանությունների: 200 տարի անց երկիրը միավորվել է, սակայն այլևս նախկին հզորությանը չի հասել:
Մ. թ. ա. 525 թ-ին Աքեմենյան Կամբյուսես թագավորը գրավել է Եգիպտոսը և միացրել Աքեմենյան տերությանը: 
Մ. թ. ա. 404 թ-ին Եգիպտոսն անկախացել է, մ. թ. ա. 341 թ-ից կրկին ենթարկվել է Աքեմենյաններին, իսկ մ. թ. ա. 331 թ-ից՝ Ալեքսանդր Մակեդոնացուն. Միջերկրականի ափին նրա կառուցած Ալեքսանդրիա քաղաքը դարձել է հելլենիստական մշակույթի և առևտրի խոշոր կենտրոն:
Փարավոնների կառավարումը պաշտոնապես ավարտվել է մ. թ. ա. 31 թ-ին, երբ Հռոմը գրավել է Եգիպտոսը և այն դարձրել կայսրության պրովինցիա:
Մշակույթ: Ընդունված է հին եգիպտական մշակույթի պատմությունը բաժանել 3 շրջանի՝ Հին թագավորության՝ 
մ. թ. ա. 2800–2250 թթ., Միջին թագավորության՝ մ. թ. ա. 2050–1700 թթ., Նոր թագավորության՝ մ. թ. ա. 1580–1070 թթ.:
Հին և Միջին թագավորությունների ժամանակաշրջաններում կառուցվել են Քեոփս, Քեփրեն և Միկերեն փարավոնների դամբարանները, Քեփրենի և Ամենհոտեպ III-ի սֆինքսները և այլն: Դրանք կառուցվել են մեծ չափսերով՝ արտահայտելու համար թագավորների հզորությունը, որոնք համարվել են աստծու երկրային զավակներ: 
Հին եգիպտական աստվածները պատկերվել են արծվի, աղվեսի, գայլի տեսքով, պալատներում պահվել են գիշատիչներ, որոնք հետագայում զմռսվել ու թաղվել են: Հայտնաբերվել են գազանների ամբողջական պանթեոններ:
Փարավոնների ու աստվածների քանդակներին բնորոշ են մեծ չափերը, ժամանակի և երկրային իշխանությունից ազատ, դեպի հեռուն (հավիտենություն) միտված հպարտ հայացքը:
Նոր թագավորության ժամանակաշրջանում զարգացել է տաճարաշինությունը. առավել հայտնի են Ամոն-Ռայի տաճարները Լուքսորում և Կառնակում: Այդ շինությունների ճարտարապետական առանձնահատկությունը բազմաշար սյուների կիրառությունն է:
Ուշագրավ նախշազարդեր են արվել Թեբեի և այլ դամբարաններում, որոնք աչքի են ընկնում պատկերների պլաստիկությամբ ու գեղարվեստական բարձր ճաշակով: Հին եգիպտացիները պատկերել են մարդկանց ֆիգուրներ՝ գլուխը՝ կիսադեմով, իրանը՝ դիմացից, ոտքերը՝ թեքությամբ: Այդ ավանդույթից հրաժարվել են միայն մ. թ. ա. VII դարում:
Եգիպտացիները լուրջ նվաճումների են հասել ֆիզիկայի, քիմիայի (զմռսման արվեստ), բժշկության` հատկապես վիրաբուժության բնագավառներում: Նրանք իմացել են հաշվարկի տասնական համակարգը, թվաբանական ու երկրաչափական պրոգրեսիաները, կանխատեսել են Արևի խավարումները, Նեղոսի վարարումների փուլերը և դրանց հետ կապված հմայություններ ու գուշակություններ արել:
Մ. թ. ա. IV հազարամյակի վերջերից օգտագործել են հիերոգլիֆային (սրբազան և փորագրված պատկեր) գիրը, որը 1822 թ-ին վերծանել է ֆրանսիացի գիտնական Ժան-Ֆրանսուա Շամպոլյոնը:
Եգիպտացի աստղագետները մոլորակները տարբերել են աստղերից, կազմել օրացույց, ըստ որի՝ տարին ուներ 365 օր:
Զարգացած էր նաև գրականությունը. հայտնի են «Հեքիաթ նավաբեկության ենթարկվածի մասին», «Պատմվածք եգիպտացի Սինուհեթի մասին» և այլ գործեր:
Գիտական տեղեկությունները եղել են քրմերի մենաշնորհը և օգտագործվել են փարավոնի կենտրոնաձիգ իշխանությունն ամրապնդելու համար: 
Միջագետքի պետությունները

Ստորին Միջագետք

Միջագետքի (Եփրատ ու Տիգրիս գետերի միջին և ստորին հոսանքների ավազանը) հարավը կոչվել է Շումեր: Մ. թ. ա. XXIV դարում Ումմա քաղաքի արքան իր տիրապետությունն է հաստատել շումերական բոլոր (Ուր, Ուրուկ, Քիշ, Լագաշ և այլն) քաղաքների վրա, առաջին անգամ Շումերը միավորել է մեկ պետության մեջ:  Սակայն շուտով Աքքադը նվաճել է շումերական պետությունը:
Աքքադը Շումերից հյուսիս էր: Նրա հիմնադիրը՝ Սարգոն I-ը (մ. թ. ա. 2330– 2295 թթ.), պատմության մեջ առաջին անգամ ստեղծել է հատուկ մարզված մշտական զորք՝ բաղկացած 5400 զինվորից, նվաճողական ու կողոպտչական արշավանքներ ձեռնարկել շրջակա երկրների և ցեղերի դեմ՝ Պարսից ծոցից հասնելով մինչև Տավրոսի լեռներ, Էլամից` մինչև Միջերկրական ծով: Սարգոն Աքքադացու ստեղծած պետությունը Հին աշխարհի առաջին աշխարհակալ տերությունն էր. հզորության գագաթնակետին է հասել Սարգոն I-ի թոռան՝ Նարամսինի օրոք (մ. թ. ա. մոտ 2238–2202 թթ.): Ի թիվս այլ երկրների՝ նա արշավել է նաև Հայկական լեռնաշխարհ: Նարամսինն իրեն հայտարարել է աստված: Սակայն նրա որդու օրոք` մ. թ. ա. մոտ 2200 թ-ին, կուտիների լեռնական ցեղերը նվաճել են Աքքադը: 
Մ. թ. ա. XVIII դարում Շումերում և Աքքադում գերիշխանության է հասել Հին Բաբելոնի թագավորությունը: Բաբելոն (աքքադերեն է. նշանակում է աստծու դարպաս) քաղաքը, որի անունով կոչվել է երկիրը, կենտրոնական Միջագետքում էր՝ Եփրատի ափին: Պետությունը գոյատևել է մ. թ. ա. 1894 թ-ից մինչև մ. թ. ա. 539 թ.: Համմուրապի արքան (մ. թ. ա. 1792–1750 թթ.) օրենքներով ամրագրել է երկրի քաղաքական, սոցիալական և վարչական կառուցվածքը: Հետագայում Առաջավոր Ասիայի պետությունների օրենքները գրելիս օգտվել են Համմուրաբիի օրենսգրքից: 
Մ. թ. ա. XVIII դարի 2-րդ կեսից Բաբելոն են թափանցել կասսիտական ցեղերը և հիմնել իրենց տիրապետությունը (մ. թ. ա. 1518–1204 թթ.): Հայաստանում՝ Մեծամորում, հայտնաբերվել են կշռաքար և կնիք՝ կասսիտական որոշ արքաների անուններով:
Կասսիտների տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր հարստության ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի (մ. թ. ա. 1146–1123 թթ.) օրոք: Այնուհետև Ասորեստանը բազմիցս կողոպտել ու ավերել է Բաբելոնը, իսկ մ. թ. ա. 732 թ-ին ենթարկել է իր տիրապետությանը: 
Ասորեստանի անկումից (մ. թ. ա. 605 թ.) հետո Բաբելոնի թագավորությունը (պատմագրության մեջ կոչվում է Նոր Բաբելոնյան կամ Քաղդեական) վերստին դարձել է Առաջավոր Ասիայի հզոր տերություն: Նաբուգոդոնոսոր II-ը (մ. թ. ա. 604–502 թթ.) մ. թ. ա. 586 թ-ին գրավել է Երուսաղեմը և հրեաների զգալի մասին բռնի գաղթեցրել Բաբելոն (հայտնի է «բաբելոնյան գերություն» անունով): Մ. թ. ա. 539 թ-ին Աքեմենյան Կյուրոս Մեծ արքան նվաճել է Բաբելոնը, այդ արշավանքին, ինչպես նշում է Քսենոփոնը «Կյուրոպեդիա» երկում, մասնակցել են արմենների (հայերի) 8-հզ-անոց այրուձին և 40-հզ-անոց հետևակը:

Վերին Միջագետք

Միջագետքի հյուսիսի ամենանշանավոր քաղաք-պետությունն Աշշուրն էր, որի վաճառականները մ. թ. ա. XX–XIX դարերում առևտրական գաղութներ (ֆակտորիա) ունեին Հայկական լեռնաշխարհում և Փոքր Ասիայում: Աշշուրի թագավոր Շամշի-Ադադ I-ը (մ. թ. ա. 1813–1781 թթ.) Վերին Միջագետքի քաղաքները միավորել է մեկ հզոր պետության կազմում՝ Աշշուր մայրաքաղաքով: Սակայն նրա մահից հետո այն տրոհվել է: 
Մ. թ. ա. XVII դարի վերջին Վերին Միջագետքում կազմավորվել է Միտանի պետությունը, որի հիմնական բնակիչները խուռիներն էին: Միտանին ժամանակի հզորագույն պետություններից էր. Հայկական լեռնաշխարհի մի զգալի հատված նույնպես նրա կազմում էր: Լճաշենում, Արթիկում, Լոռիբերդում հայտնաբերված կնիքները և զենքերի ու զարդերի նմուշները վկայում են, որ Հայաստանի հնագույն բնակիչները սերտ կապեր են ունեցել այդ երկրի հետ: Մ. թ. ա. XIV դարում Միտանին թուլացել է և ընկել խեթերի տիրապետության տակ, իսկ հաջորդ դարում Ասորեստանն է նվաճել այն:
Միտանիի անկումից հետո Հյուսիսային Միջագետքը և հարևան երկրները միավորվել են Ասորեստանի (գլխավոր կենտրոն Աշշուր քաղաքի անունով) աշխարհակալ տերության կազմում: Երկրի ռազմատենչ արքաները (Թիգլաթպալասար I, մ. թ. ա. 1116–1090 թթ., և ուրիշներ) հաճախ են արշավել նաև Հայկական լեռնաշխարհ:
Ասորեստանը հզորության բարձրակետին է հասել մ. թ. ա. VIII դարի 2-րդ կեսից մինչև VII դարի 1-ին կեսը: Նրա տիրապետությունն ու ազդեցությունը տարածվել են Իրանական սարահարթից մինչև Միջերկրական ծով, Պաղեստին և Փոքր Ասիայի հարավ: Առաջավոր Ասիայում գերիշխանության հասնելու համար Ասորեստանը մրցակցել է Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) հետ: Մ. թ. ա. VII դարի 2-րդ կեսից Ասորեստանն սկսել է թուլանալ: Նրա վաղեմի թշնամին՝ հզորացած Բաբելոնը, և նորաստեղծ Մարաստանը դաշինք են կնքել Ասորեստանի դեմ: Նրանց է միացել Պարույր Սկայորդին՝ հայկական զորքով: Մ. թ. ա. 612 թ-ին դաշնակիցները միացյալ ուժերով գրավել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն (այժմ՝ Քույունջիկի բլուր՝ Իրաքում): Այդ արշավանքին մասնակցելու համար Պարույր Սկայորդին Մարաստանի թագավորից թագ է ստացել և ճանաչվել հայոց թագավոր: Մ. թ. ա. 605 թ-ին Ասորեստանը վերջնականապես կործանվել է:
Մշակույթ: Շումերական քաղաք-պետությունների զարգացման ժամանակաշրջանը համարվում է շումերական քաղաքակրթության գագաթնակետը: Առաջինը շումերներն են պատրաստել ոսկե իրեր ու զենք, ոսկին օգտագործել արծաթի ու բրոնզի հետ զուգակցված, հայտնագործել գունավոր ապակին ու բրոնզը, անիվն ու սեպագիրը, կազմել առաջին օրենսգիրքը, հայտնագործել թվաբանությունը:
Համմուրաբիի օրենքների ժողովածուն օրենսդրության հնագույն հուշարձանն է Միջագետքի՝ իրավական ու սոցիալ-տնտեսական կառույցի մասին (սեպագիրը՝ 9-մ-անոց բազալտե սյան վրա, հայտնաբերվել է Էլամի Շոշ մայրաքաղաքում, 1901–02 թթ-ին):
Շումերներն առաջինն են փորձ արել բարոյապես հաղթահարել մահը և այն դիտել որպես դեպի հավերժություն տանող վիճակ: Շումերական դիցաբանության մեջ եղել են ոսկեդարի և դրախտային կյանքի պատկերացումները, որոնք հետագայում փոխանցվել են Առաջավոր Ասիայի այլ ժողովուրդների ու ներառվել աստվածաշնչյան սյուժեներում:
Քրմերը կարողացել են ճշգրտությամբ որոշել տարվա տևողությունը` 365 օր 6 ժամ 15 րոպե 41 վայրկյան: Նրանք իմացել են Արեգակի ու աստղերի շարժման օրենքները և կանխագուշակել պետության կյանքի կարևոր իրադարձությունները:
Շումերական ճարտարապետությունն ու քանդակագործությունն աչքի են ընկնում գեղարվեստական հղկվածությամբ: Կառուցվել են տաճարային համալիրներ՝ զիկկուրատներ, որոնք ոչ միայն հոգևոր կյանքի, այլև գիտամշակութային կենտրոններ էին:
Շումերում է ստեղծվել աշխարհում առաջին՝ «Գիլգամեշ» էպոսը, նաև Համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելը, որը հետագայում հին հրեաները շարադրել են Աստվածաշնչում, որտեղ  Զիուսուդրա արքայի փոխարեն հանդես է գալիս Նոյը:
Բաբելոնական, քաղդեական և ասորական քաղաքակրթությունները հիմնականում եղել են շումերական քաղաքակրթության շարունակությունը:
Ասորեստանի Աշուրբանիպալ (մ. թ. ա. 669–633 թթ.) թագավորը Նինվեում հավաքել է տասնյակհազարավոր պատմական, կրոնական և այլ բնագրեր՝ մոտ 30 հզ. կավե սալիկների վրա, ստեղծել է առաջին գրադարանը. հայտնի է որպես Աշուրբանիպալի գրադարան (հայտնաբերվել է Նինվեի պեղումների ժամանակ՝ 1949–54 թթ-ին): 
Բարձրաքանդակներով և որմնանկարներով է զարդարվել հատկապես Ասորեստանի Սարգոն II արքայի պալատը:
Միջագետքում է ստեղծվել սեպագիրը, որը մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին Առաջավոր Ասիայում վերածվել է միջազգային գրի համակարգի. սեպագիրն ստեղծել են շումերները, նրանցից փոխանցվել է բաբելոնացիներին ու աքքադացիներին: Սեպագիր արձանագրությունների 1 մլն-ից ավելի նմուշներ պահպանվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում: Սեպագիր արձանագրություններ են թողել աքքադները, բաբելոնացիները, էլամցիները, խեթերը, ասորեստանցիները, ուրարտացիները և ուրիշներ:
Բաբելոնացիներից սեպագիրը փոխառել են պարսիկները, կատարելագործել այն՝ հարյուրավոր գրանշանների փոխարեն օգտագործելով ընդամենը 40-ը, որոնք նշանակել են վանկեր ու տառեր:

Փոքր Ասիայի երկրներ 

Մ. թ. ա. III հազարամյակի վերջերին Փոքր Ասիա թերակղզում առաջացել են Կուսսար, Քանես, Խաթթուաս և այլ քաղաք-պետություններ: Մ. թ. ա. XVII դարում Կենտրոնական Անատոլիայում կազմավորված Խեթական թագավորությունը մ. թ. ա. XIII դարի վերջին տրոհվել է մի քանի պետությունների, որոնց բնակիչները հիմնականում խեթերին ազգակից լուվիացիներն էին. այդ պետությունները կոչվում են լուվիական: Մ. թ. ա. VIII դարի վերջին Ասորեստանի Սարգոն II արքան նվաճել է լուվիական պետությունների մեծ մասը: Սակայն սկսված ապստամբությունը ճնշելու համար Փոքր Ասիա արշաված նրա զորքերը մ. թ. ա. 705 թ-ին պարտվել են, իսկ ինքը զոհվել է: Մեկ դար անց Լիդիայի պետությունը նվաճել է Փոքր Ասիան:
Մ. թ. ա. X–VIII դարերում Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում հայտնի էր Փռյուգիայի թագավորությունը՝ Գորդիոն (հիմնադիր Գորդիոսի անունով) մայրաքաղաքով: Այն հզորության է հասել Միդաս արքայի օրոք: Մ. թ. ա. IX դարում իր տիրապետությունն է հաստատել Էգեյան ծովում:
Մ. թ. ա. VIII դարի վերջից Արևելքում հաճախակի են դարձել ընդհարումներն Ասորեստանի հետ, իսկ 
մ. թ. ա. VII դարի 70-ական թվականներին նրա տարածքի զգալի մասը զավթել են կիմերները: Մ. թ. ա. VI դարում Փռյուգիան ընկել է հարևան Լիդիայի գերիշխանության տակ:
Լիդիան հզորության է հասել Գիգես արքայի օրոք՝ մ. թ. ա. VIII դարի վերջին: Աշխարհում առաջին անգամ այնտեղ են դրամ հատել: Մ. թ. ա. 546 թ-ին Պարսից  Կյուրոս II արքան գրավել է Լիդիայի մայրաքաղաք Սարդեսը, իսկ Դարեհ I-ը Փոքր Ասիան դարձրել է իր տերության սատրապություն:

Արևելյան Միջերկրականի երկրներ

Արևելյան Միջերկրականը տարածվել է Տավրոսի լեռներից մինչև Եգիպտոս՝ ներառելով Սիրիան, Փյունիկիան, Պաղեստինը: Այն քաղաքակրթության հնագույն օրրաններից էր: Մ. թ. ա. III հազարամյակում երկրամասի քաղաք-պետություններից առավել նշանավորն Էբլան էր: Հզոր միջնաբերդ և պարիսպ ունեցող քաղաքում ապրել է 20–30 հզ. մարդ: Մ. թ. ա. XIII դարի վերջերին Աքքադի արքա Նարամսինը գրավել և ավերել է երկիրը: Հատկանշական է, որ Էբլայի հետ հիշատակվում է նաև Արմանումը, որն առնչվում է Արմենիա երկրանվանը:
Միջերկրական ծովի արևելյան ափին (այժմյան Լիբանանի և Սիրիայի առափնյա մասերը) փյունիկյան հնագույն քաղաք-պետություններն էին Բիբլոսը, Սիդոնը, Արվադը և այլն: Փյունիկեցիներն Աֆրիկայի ծովափնյա շրջաններում հիմնել են գաղութներ (նշանավորներից էր Կարթագենը), նավարկել Ատլանտյան օվկիանոսում, կանոնավոր առևտուր արել Բրիտանական կղզիների բնակչության հետ. գնել են անագ և սաթ:
Մ. թ. ա. XIII դարի վերջին հրեական 12 ցեղերի միությունը ներխուժել է Պաղեստին և նվաճել Քանանը: Այս իրադարձությունն Աստվածաշնչում ներկայացված է իբրև հրեաների ելքը Եգիպտոսից՝ Մովսես նահապետի առաջնորդությամբ:
Հրեաների ստեղծած պետությունը (Հուդա) հզորացել է Դավիթ թագավորի (մ. թ. ա. 1000–965 թթ.) օրոք, որը մայրաքաղաք դարձրեց Երուսաղեմը: Նրա որդի Սողոմոնից հետո երկիրը բաժանվել է 2 պետության՝ հյուսիսում՝ Իսրայել՝ Սամարիա մայրաքաղաքով, հարավում՝ Հուդա՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Մ. թ. ա. IX դարում Դամասկոսի արամեական թագավորությունը նվաճել է Իսրայելի մի մասը, իսկ Հուդան պարտավորվել է հարկ վճարել նրան: Մ. թ. ա. VIII դարի 2-րդ կեսին Ասորեստանը նվաճել է Իսրայելը, Դամասկոսը և Փյունիկիան, որոնք անկախացել են Ասորեստանի կործանումից հետո: Սակայն մ. թ. ա. 587 թ-ին Բաբելոնը կրկին գրավել է Երուսաղեմը և տասնյակհազարավոր հրեաների գերեվարել Միջագետք: 
Աքեմենյան տիրապետության (մ. թ. ա. 550–330 թթ.) շրջանում Արևելյան Միջերկրականի երկրները ծաղկում են ապրել: Կյուրոս Մեծը (մ. թ. ա. 558–530 թթ.) վերականգնել է ավերված Երուսաղեմը և հրեաներին ազատել «բաբելոնյան գերությունից»:

Իրանի պետությունները

Մ. թ. ա. II հազարամյակի վերջին Իրանական սարահարթում ապրում էին բազմաթիվ հնդեվրոպալեզու ժողովուրդներ՝ մարեր, պարսիկներ, քոչվոր սակեր, մասսագետներ: Մ. թ. ա. XXII դարում Իրանի հարավում (Շումերից արևելք) փոքր քաղաք-պետությունները միավորվել են և ստեղծել Էլամ պետությունը՝ Շոշ մայրաքաղաքով: Մ. թ. ա. XII դարում Էլամի արքաները գրավել են Բաբելոնը և այնտեղից, որպես ռազմավար, տարել նաև Համմուրաբիի օրենքների արձանագրությունը: Սակայն շուտով Էլամը, պարտվելով Բաբելոնից, կորցրել է իր նվաճումները: Մ. թ. ա. VIII–VII դարերում Էլամը և Բաբելոնը միասին պայքարել են Ասորեստանի դեմ: Մ. թ. ա. 549 թ-ին Աքեմենյան պետությունը գրավել է Էլամը:
Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող մարական ցեղերին Դեյովկա (Դեյոկես) թագավորը միավորել է և հիմնադրել Մարաստանը (Մեդիա) և նրա մայրաքաղաք Էկբատանը: Պետությունը հզորության գագաթնակետին է հասել Կիաքսար (մ. թ. ա. 625–585 թթ.) թագավորի օրոք: Նա հաղթել է երկիրն ասպատակող սկյութական ցեղերին և ստեղծել կանոնավոր բանակ: Մ. թ. ա. 612 թ-ին, դաշնակցելով Բաբելոնի արքայի և Պարույր Սկայորդու հետ, նվաճել է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Հետագայում Մարաստանը հպատակեցրել է նաև Պարսկաստանը, Էլամը, Ուրարտուն ու Փոքր Ասիայի արևելյան մասը և դարձել ժամանակի հզորագույն պետություններից: Մ. թ. ա. 550 թ-ին Մարաստանն Աքեմենյան պետության կազմում էր:
Իրանի հարավում ապրող պարսիկների (ֆարսեր) երկիրն ասորեստանցիներն անվանել են Պարսուա: Սկզբում պարսիկների թագավորությունը հպատակվել է Մարաստանին, սակայն մ. թ. ա. 553/552 թ-ին Պարսուայի և Անշանի Կյուրոս II Մեծ թագավորն ապստամբել է մարական թագավոր Աժդահակի (Աստիագես) դեմ, մ. թ. ա. 550 թ-ին տապալել է նրան, գրավել Էկբատանը և նվաճելով մարերի տիրապետության մեջ մտնող երկրները՝ հիմնադրել է պատմության մեջ առաջին աշխարհակալ պետություններից ամենամեծը՝ Աքեմենյան պարսկական տերությունը  (մ. թ. ա. 550–330 թթ.). տարածվել է Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Հնդկաստան: 
Տիրակալությունը համախմբվել և հզորացել է Դարեհ I-ի (մ. թ. ա. 522–486 թթ.) բարենորոգումների շնորհիվ: 490 թ-ին Մարաթոնի ճակատամարտում Դարեհի պարտվելուց հետո նրա որդին՝ Քսերքսես I-ը (մ. թ. ա. 486–465 թթ.), և հաջորդները չեն կարողացել պարտության մատնել հույներին: Արտաքսերքսես I Երկայնաբազուկի (մ. թ. ա. 465–424 թթ.) օրոք անկախացել են Եգիպտոսը և Փոքր Ասիայի հունական քաղաքները: Դարեհ II-ի մահից (մ. թ. ա. 404 թ.) հետո գահակալական կռիվները բորբոքվել են Կյուրոս Կրտսերի և Արտաքսերքսես II-ի 
(մ. թ. ա. 404–358 թթ.) միջև: Մ. թ. ա. 401 թ-ին Կունաքսայի ճակատամարտում Կյուրոսը պարտվել է և սպանվել: Նրան օգնության եկած 10 հզ. հույն զինվորները Հայաստանի տարածքով վերադարձել են հայրենիք: Այդ մասին է Քսենոփոնի «Անաբասիս» երկը: 
Դարեհ III Կոդոմանոսը երկրի վերջին գահակալն էր (մ. թ. ա. 336–330 թթ.): Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները կործանել են Աքեմենյան տերությունը: 
Մշակույթ: Հին Իրանի մշակույթն ու կրոնը որոշակի ազդեցություն են ունեցել հարևան ժողովուրդների մշակույթների ու կրոնների զարգացման վրա: Մ. թ. ա. VII–VI դարերում իրանական մշակույթի կենտրոնը Մարաստանն էր: Ճարտարապետական գեղեցիկ կառույցներից էր Էկբատան մայրաքաղաքի արքայական պալատը: 
Հին Իրանի ճարտարապետության գլուխգործոցը մ. թ. ա. VI դարի վերջին հիմնադրված Պերսեպոլիս մայրաքաղաքն էր: Արքայական պալատի համալիրի գլխավոր մասը ընդունելությունների 2 շքեղ դահլիճներն էին՝ առաջինը՝ աստիճանակողերին Աքեմենյան տերության հպատակ ժողովուրդներին պատկերող քանդակներով, երկրորդը՝ Հարյուր սյուների դահլիճը: Դրանք կառուցել են չթրծված աղյուսից, ծածկը՝ փայտից, ցուլի պատկերով խոյակներով սյուները՝ քարից: Մ. թ. ա. 330 թ-ին Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է Պերսեպոլիսը և այրել: 
Հին Հնդկաստան

Հնդկաստանի ժողովուրդներից հնագույնը  դրավիդներն էին, որոնք հիմնականում բնակվում էին Հարավային Հնդկաստանում: Մ. թ. ա. III հազարամյակում Ինդոս գետի հովտի բազմաթիվ բնակավայրերից նշանավոր էին Մոհենջոդարո (բառացի՝ Մեռյալների բլուր) և Խարապպա քաղաքները:
Մ. թ. ա. II հազարամյակի վերջերին հյուսիս-արևմուտքից Հնդկաստան ներխուժած արիական ցեղերը, նվաճելով Հյուսիսային Հնդկաստանի քաղաք-պետությունները, ստեղծել են մի շարք փոքր պետություններ և ստրկացրել տեղի ժողովուրդներին: 
Մ. թ. ա. 327 թ-ին Ալեքսանդր Մակեդոնացին նվաճել է Ինդոսի հովիտը: Նրա մահից (մ. թ. ա. 323 թ.) հետո Հնդկաստանում ապստամբություն է սկսվել` Չանդրահուպտայի գլխավորությամբ: Մ. թ. ա. 317 թ-ին, գրավելով Հյուսիսային Հնդկաստանը, նա հիմնադրել է Մաուրյան հարստությունն ու նույնանուն պետությունը: 305 թ-ին Չանդրահուպտայի և Սելևկոս I Նիկատորի կնքած հաշտությամբ Սելևկոսն ստացել է 500 մարտական փիղ և զիջել է այժմյան Աֆղանստանի և Բելուջիստանի մի շարք մարզեր: Չանդրահուպտայի որդի Բինդասարը (մ. թ. ա. մոտ 293–268 թթ.) գրավել է Հնդկաստանի մի շարք մարզեր: Մաուրյանների պետությունը, որի մայրաքաղաքը Պատալիպուտրան էր, հզորության գագաթնակետին է հասել Աշոկայի (մ. թ. ա. 268–232 թթ.) օրոք՝ ներառելով գրեթե ողջ Հնդկաստանը: Հովանավորվել է բուդդայականությունը: 
Մ. թ. ա. II դարի սկզբին Մաուրյանների պետության հուսիսարևմտյան մասը գրավել է Հունա-Բակտրիական թագավորությունը: Վերջին թագավոր Բրիհադրատհի սպանությունից (մ. թ. ա. 187/185 թթ.) հետո Մաուրյան պետությունը դադարել է գոյություն ունենալուց:
Մաուրյանների պետությունն աշխույժ առևտուր է արել Ասիայի և միջերկրածովյան հելլենիստական երկրների հետ, դիվանագիտական հարաբերություններ ունեցել Սելևկյանների, Պտղոմեյանների, Մակեդոնիայի, Կիրենիայի և Էպիրոսի հետ: Այնուհետև երկիրը եղել է հիմնականում օտար տիրապետությունների տակ: Ենթադրվում է, որ II–IV դարերում ստրկատիրական կարգն սկսել է քայքայվել:
Մշակույթ: Հին հնդկական մշակույթի հիմքը Խարապպայի քաղաքակրթությունն է (մ. թ. ա. III–II հազարամյակներ). կենտրոնը Մոհենջոդարոն էր:
Հին հնդկական մշակույթում էական տեղ ունի վեդայական («վեդան» սանսկրիտերեն է. նշանակում է գիտելիք) ժամանակաշրջանի մշակույթը: Վեդան սուրբ գրությունների ժողովածու է. գրվել է մ. թ. ա. II հազարամյակի վերջին – I հազարամյակի սկզբին, որտեղ ներկայացված են աստվածների վարքը և խորհուրդներ՝ մարդու երկրային կյանքի կազմակերպման մասին: Այն հնդկական կրոնի՝ հինդուիզմի հիմքն է, որի հիմնական աստվածները 3-ն են՝ Բրահմա (արարիչ աստված), Վիշնու (պահպանիչ աստված) և Շիվա (ավերիչ և վերաշինիչ աստված). բոլորը, սակայն, մեկ միացյալ աստվածություն են՝ իրենց գործունեության տարբեր ոլորտներով:
Մ. թ. ա. I հազարամյակի կեսերի ճարտարապետության մեջ կարևոր տեղ ունի քարանձավային ճարտարապետությունը, որի նմուշներից պահպանվել են Աջանդայում, Սանչիում և այլուր: Կառուցվել են նաև ստուպաներ (արհեստական բլուրներ՝ հովանոցաձև ծածկով)՝ երբեմն եգիպտական բուրգերի բարձրությամբ. դրանք բուդդայական պաշտամունքի տաճարներ են՝ Բուդդայի մասունքներով (մազեր, ատամ և այլն), իսկ պատերը զարդարված են Բուդդայի կյանքի դրվագները պատկերող որմնանկարներով ու քանդակներով:
Աշխարհին հայտնի են հին հնդիկների ձեռբերումները բժշկության ու մաթեմատիկայի, լեզվաբանության, տրամաբանության ու հոգեբանության ոլորտներում:
Արաբական թվերը կիրառության մեջ են դրել հին հնդիկները, նրանք են ներմուծել «0» թիվը՝ նշանակելու համար բուդդայական փիլիսոփայության մեջ հանդիպող «դատարկություն» հասկացությունը:
Դեռևս V դարում հնդիկները (բնագետ Արյուբհատտա) իմացել են Երկրի՝ սեփական առանցքի և Արեգակի շուրջ պտույտի մասին:
Հին հնդկական մշակույթը նկատելի աղերսներ ունի հին իրանական մշակույթի հետ:

Չինաստանի պետությունները

Մ. թ. ա. III հազարամյակի վերջին Հուանհե գետի ավազանում ապրող ցեղերն անցել են նստակյաց կյանքի, իսկ 
մ. թ. ա. XVIII դարում կազմավորել են քաղաք-պետություններ, որոնք ղեկավարել են թագավոր-քրմերը: Մ. թ. ա. XII դարում Չժոու պետությունն իրեն է ենթարկել մյուս պետությունները և միավորել Հյուսիսային Չինաստանի մեծ մասը: Չժոուն գոյատևել է 700 տարի. այդ ընթացքում մեծապես զարգացել է Չինաստանի տնտեսությունը: Պետությունը ղեկավարել է ժառանգական իշխանությամբ օժտված թագավորը՝ վանը: Հյուսիսից ներխուժած քոչվոր ցեղերը մ. թ. ա. VI դարի վերջին կործանել են Չժոուն, հետագայում ձուլվել են տեղացիներին: Երկրի տարածքում առաջացած 7 թագավորությունները պայքարել են գերիշխանության համար: Հաղթել է Ցինը. ստեղծվել է մեծ կայսրություն, որը հետագայում կոչվել է Ցինաստան կամ Չինաստան: 
Ցին Շի Հուանդին (մ. թ. ա. 246–210 թթ.) միավորված Չինաստանի առաջին կայսրն էր: Նրա օրոք ստեղծվել է ոռոգման ջրանցքների ցանց, ընդունվել են դրամի, չափի ու կշռի միասնական միավորներ: Վերացվել են ժառանգական տիտղոսները: Տարածվել է ստրկությունը: Քոչվորներից պաշտպանվելու համար երկրի հյուսիսում սկսվել է Չինական մեծ պարսպի շինարարությունը:
Ցին Շի Հուանդիից հետո երկրում սկսվել են գյուղացիների և ստրուկների ապստամբություններ, որոնց հետևանքով մ. թ. ա. 202 թ-ին տապալվել է Ցին հարստությունը: Ապստամբության առաջնորդներից Լյու Բանը հռչակվել է կայսր՝ սկզբնավորելով Հան կայսրությունը, որը հզորության է հասել Ու-Դի կայսեր օրոք (մ. թ. ա. 141–87 թթ.): Այդ ժամանակ կոնֆուցիուսականությունը ճանաչվել է պաշտոնական գաղափարախոսություն: 
Ու-Դիի բացած առևտրական ճանապարհը դեպի Միջին Ասիա և Իրան (հետագայում կապվել է նաև Եվրոպայի հետ) կոչվել է Մետաքսի մեծ ճանապարհ. փոխադրվող հիմնական ապրանքը չինական մետաքսն էր, որի ստացման եղանակը չինացիները գաղտնի էին պահում: Մետաքսի ճանապարհի երկարությունն ավելի քան 7 հզ. կմ էր, որի մի հատվածը Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Երասխի հովիտ՝ Ջուղայի գետանցով դեպի Նախճավան և Արտաշատ, այնտեղից՝ Սև ծովի նավահանգիստներ: Գործել է մինչև XVI դարը, XX դարի վերջին վերականգնվել է երկաթուղային  գծերի միջոցով: Չինաստանից արտահանել են նաև թեյ, բրինձ, ճենապակի, երկաթ ու ոսկի: 
Գյուղացիական պատերազմների հետևանքով թուլացած Հան հարստությունը 220 թ-ին տապալվել է, որով վերջնականապես անցում է կատարվել ստրկատիրական հասարակարգից ավատատիրականի:
Մշակույթ: Բուն չինական մշակույթը ձևավորվել է մ. թ. ա. XIV դարում՝ Ին պետության կազմավորումից հետո: Այդ շրջանում չինացիներն արդեն ստեղծել էին օրացույցը և ներկայիս հիերոգլիֆի նախատիպը:
Չինաստանը կողմնացույցի, արագաչափի, սեյսմոգրաֆի, վառոդի, գրատպության, ճենապակու և բազմաթիվ այլ հայտնագործությունների հայրենիքն է: Մաթեմատիկոսները լուծել են առաջին աստիճանի հավասարումներ, հաշվել շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերությունը: Աստղաբաշխները կազմել են տեսանելի աստղերի ցանկեր, հետևել նրանց և Արեգակի շարժումներին:
Զարգացած էր չինական բժշկությունը. այստեղ է տպագրվել դեղագիտության առաջին ձեռնարկը, թմրանյութերի կիրառմամբ արվել են վիրահատություններ, նկարագրվել և իրականացվել են ասեղնաբուժությունը, այրումով ու մերսումով բուժման եղանակները:
Հայտնի են Չինական մեծ ջրանցքը (մ. թ. ա. XI – մ. թ. XIX դարեր) և Չինական մեծ պարիսպը (մ. թ. ա. IV–III դարերից –1644 թ.):
Չինացիների հոգևոր կյանքում ձևավորվել է ամենօրյա վարվելակարգի ավանդույթ. առաջացել է տոհմի կամ ընտանիքի ավագների պաշտամունք:

Հին Հունաստան

Հին Հունաստանը (Հելլադա) ընդգրկել է Բալկանյան թերակղզու հարավային մասը, Էգեյան ծովի կղզիները, Թրակիայի ծովափնյա շրջանները, Փոքր Ասիայի արևմտյան ծովափը, որոնք հունական գաղութացման շրջանում (մ. թ. ա. VIII–VI դարեր) իրենց ազդեցությունը տարածել են Հարավային Իտալիայում, Արևելյան Սիկիլիայում, Հարավային Ֆրանսիայում, Հյուսիսային Աֆրիկայում (Կիրենակիա), Սև և Ազովի ծովերի նեղուցներում ու ծովափնյա շրջաններում:
Հունական քաղաքակրթության հնագույն կենտրոնը Կրետե կղզին է, որտեղ մ. թ. ա. III հազարամյակում առաջացել են քաղաք-պետություններ, որոնք II հազարամյակում միավորվել են մեկ պետության մեջ՝ Կնոսոս մայրաքաղաքով: 
Կրետական պետությունը հզորացել է մ. թ. ա. XVI–XV դարերում՝ Մինոս արքայի օրոք: Կրետացիներն իրենց են ենթարկել Էգեյան ծովի կղզիները, Հունաստանի ծովափնյա բնակավայրերը և ստեղծել հզոր ծովապետություն: Թագավորը նաև գլխավոր քուրմն էր: Կրետեում ավելի վաղ, քան մայրցամաքային Հունաստանում կիրառել են մետաղե գործիքներ: Պետությունն առևտրական ու դիվանագիտական կապեր է ունեցել Եգիպտոսի, Փոքր Ասիայի և Ասորիքի հետ:
Մ. թ. ա. XVIII–XVII դարերում Թեսալիայից Միջին ու Հարավային Հունաստան և Կրետե կղզի են ներթափանցել հունական ցեղերը՝ աքքայացիները, որոնք մ. թ. ա. XV դարի վերջին գրավել են Կրետական պետությունը և նրա բնակչությանն աստիճանաբար ձուլել իրենց: Աքքայացիները կրետացիներից սովորել են հեռավոր ծովագնացություն, արհեստներ և, ամենակարևորը, գիրը: Աքքայական պետությունները երբեմն ստեղծել են միություններ՝ արշավանքների ու պատերազմելու համար. ամենատևականը մ. թ. ա. XIII դարի հայտնի Տրոյական պատերազմն է: 
Մ. թ. ա. XII դարի վերջին Բալկանյան թերակղզու հյուսիսից Հունաստան և կղզիներ են ներխուժել հունական այլ ցեղեր՝ դորիացիները, որոնց զարգացման ցածր մակարդակի պատճառով Հունաստանը 3 դար շարունակ անկում է ապրել: Այս ժամանակահատվածը (մ. թ. ա. XII–IX դարեր) անվանում են Հոմերոսյան դարաշրջան, որի մասին գիտենք Հոմերոսի պոեմներից: Դորիական նվաճումներից հետո՝ մ. թ. ա. VIII–VI դարերում, Հունաստանն սկսել է զարգանալ. այդ ժամանակաշրջանում, որը հին հույներն անվանել են «Արխայիկ», ստեղծվել է հասարակական-քաղաքական կառույց՝ պոլիս՝ քաղաքացիական ազատությունների հիմքի վրա կառուցված ինքնիշխան և ինքնավար քաղաք-պետություն:
Մ. թ. ա. VIII–VI դարերում արիստոկրատիայի և դեմոսի (ժողովուրդ) պայքարի հետևանքով սկսվել է Հունական մեծ գաղութացումը: Իսպանիայից մինչև Կոլխիդա հիմնելով գաղութներ՝ հույները տարածել են իրենց առաջավոր հասարակական կենցաղն ու մշակույթը: 
Մ. թ. ա. VII–VI դարերում հույների ձեռքն են անցել միջերկրածովյան առևտրի կարևոր ուղիները: 
Միջպոլիսային և միջազգային հարաբերությունների զարգացմանը զուգընթաց ձևավորվել է համահունական սրբությունների և աստվածների պաշտամունքը, առաջացել են համահունական սրբավայրեր (Օլիմպիա, Դելփիք, Համահոնիական): 
Մ. թ. ա. 621 թ-ին Աթենքում հրապարակվել են օրենսդիր Դրակոնի օրենքները, մ. թ. ա. 594 թ-ին իրականացվել են Սոլոնի բարենորոգումները: Դեմոսի պայքարն արիստոկրատիայի դեմ մայրցամաքային Հունաստանի և Հոնիայի պոլիսներում ծնել է տիրանների (բռնապետ) իշխանություն, որը հենվել է չքավոր խավերի վրա, ստացել առևտրականների ու արհեստավորների աջակցությունը:
Մ. թ. ա. VI դարի վերջին Սպարտա պետությունը հիմնել է Պելոպոնեսյան միությունը, որը դարձել է Հունաստանի գերիշխող ուժը: 
Մ. թ. ա. V–IV դարերում Հունաստանի զարգացումը պայմանավորված էր Աթենքի վերելքով, որին նպաստել են հույն-պարսկական պատերազմներում (մ. թ. ա. 500–449 թթ.) աթենական դեմոկրատիայի հաղթանակը և Աթենքի գլխավորությամբ Դելոսյան կամ Աթենական առաջին ծովային միության ստեղծումը:
Պելոպոնեսյան և Աթենական միությունների միջև տևական պայքարը դադարել է մ. թ. ա. 445 թ-ին կնքված 30-ամյա հաշտությամբ: Մ. թ. ա. 444–429 թթ-ին անընդմեջ Աթենքի առաջին ստրատեգոս է ընտրվել Պերիկլեսը, որի կառավարման տարիներն աթենական դեմոկրատիայի ծաղկման ժամանակաշրջանն է: Մ. թ. ա. 431 թ-ին Աթենական և Պելոպոնեսյան միությունների միջև վերսկսվել է պատերազմը, որն ավարտվել է մ. թ. ա. 404 թ-ին՝ Աթենքի պարտությամբ: 
Սպարտայի գերիշխանությունից հունական պոլիսների ազատվելու ձգտումը հանգեցրել է Կորնթոսյան պատերազմին (մ. թ. ա. 395–387 թթ.): Պատերազմից հետո Սպարտան առժամանակ պահպանել է իր ազդեցությունը Հունաստանում, սակայն մ. թ. ա. 379 թ-ից, երբ Թեբեից վտարվել է Սպարտայի կայազորը, Թեբեն Պելոպիդասի և Էպամինոնդասի ժամանակ ռազմական հաջող գործողություններ է ձեռնարկել Սպարտայի դեմ և ժամանակավորապես դարձել է Հունաստանի առաջատարը: Պելոպոնեսյան միությունը քայքայվել է: 
Մ. թ. ա. 378 թ-ին Աթենքն ստեղծել է Աթենական 2-րդ ծովային միությունը: Սակայն դաշնակիցների նկատմամբ Աթենքի վարած քաղաքականությունը նրանց հանել է իր դեմ, և մ. թ. ա. 357– 355 թթ-ի «Դաշնակցային պատերազմից» հետո Աթենական 2-րդ ծովային միությունը քայքայվել է: 
Մակեդոնիան մ. թ. ա. 338 թ-ին Քերոնեայի ճակատամարտում հաղթել է հունական պոլիսների միացյալ ուժերին: Մակեդոնիայի Ֆիլիպ II թագավորը (մ. թ. ա. 359–336 թթ.) իր գերիշխանությանն է ենթարկել ողջ Հունաստանը: Նրա որդու՝ Ալեքսանդր Մակեդոնացու օրոք (մ. թ. ա. 336–323 թթ.) տերության սահմանները հասել են մինչև Հնդկաստան, սակայն Մակեդոնացու մահից հետո տերությունը քայքայվել է, բայց Հունաստանը մնացել է Մակեդոնիայի գերիշխանության տակ: 
Մ. թ. ա. 146 թ-ին Հունաստանն ընկել է Հռոմի գերիշխանության տակ, մ. թ. ա. 27 թ-ին Միջին և Հարավային Հունաստանի տարածքներում ստեղծվել է հռոմեական Աքքայա պրովինցիան: Աթենքը համարվել է ազատ քաղաք: Մ. թ. IV դարում Հունաստանի տարածքը մտել է Արևելյան Հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի կազմի մեջ՝ դառնալով նրա միջուկը:
Մշակույթ: Հին Հունաստանի մշակույթը բարձր զարգացման է հասել մ. թ. ա. XI–IX դարերից մինչև մ. թ. IV դարը: Այն Հին Հռոմի մշակույթի հետ կոչվում է հունա-հռոմեական կամ անտիկ մշակույթ, մեծապես ազդել է տարբեր ժողովուրդների մշակույթների վրա, դարձել եվրոպական մշակույթի հիմքը:
Հունական մշակույթը ծաղկել է հատկապես մ. թ. ա. V դարի վերջից մինչև 
մ. թ. IV դարի սկիզբը, որը հայտնի է որպես դասական ժամանակաշրջան:
Մ. թ. ա. VIII–VI դարերում հույներն ունեցել են օլիմպիական (Օլիմպոս լեռան անունից, որտեղ ենթադրաբար ապրել են աստվածները) 12 աստվածների պաշտամունքը՝ Զևս հայր աստծու գլխավորությամբ, որ կյանքի արարիչն էր, երկնքի, լույսի, արդարության, կարգի, օրենքի և իշխանության աղբյուրը:
Եթե Հին Արևելքի մշակույթներում որպես հերոս ներկայացվել են երկինքն ու տարերային ուժերը, այստեղ մ. թ. ա. V դարում նրանց փոխարինել են մարդն ու հասարակական կյանքը: Մարդը դիտարկվել է որպես մահկանացու աստված, աստվածը՝ չմեռնող մարդ: Նույն մոտեցումը տարածվել է նաև փիլիսոփայության, գիտության, դիցաբանության և այլ ոլորտներում:
Հին Հունաստանում է ծնունդ առել փիլիսոփայությունը, ձևավորվել են Դեմոկրիտեսի՝ նյութի կառույցի ատոմային ուսմունքը, Սոկրատեսի և Պլատոնի իդեալիզմը: Պատմահայր Հերոդոտոսի ջանքերով պատմագիտությունն առանձնացել է որպես գիտության ինքնուրույն ճյուղ: Արիստոտելի «Պոլիտիկա» երկով սկզբնավորվել է պետության առաջին գիտական տեսությունը, Էվկլիդեսը հիմնադրել է երկրաչափությունը, Արքիմեդը՝ մեխանիկան:
Ըստ հույն պատմիչների՝ հունական գիտությունը մեծ ազդեցություն է կրել փյունիկյանից: Հունաստանի առաջին մաթեմատիկոս, փիլիսոփա և աստղագետ Թալես Միլեթացին փյունիկեցի էր: Մ. թ. ա. XI դարում Փյունիկիայում ստեղծվել է 22 նշանից բաղկացած այբուբեն, որը հետագայում փոխառել են Փոքր Ասիայի ժողովուրդները և հույները: Հունական գիրն ստեղծվել է մ. թ. ա. VIII դարում. փյունիկյան այբուբենին ավելացրել են ձայնավորներ և ստեղծել կատարյալ այբուբեն, որը հետագայում մի շարք այբուբենների հիմքն է դարձել:
Հին հունական գրականությունը, որ հնագույնն է Եվրոպայում, ձևավորվել է առասպելների և ասքերի հիման վրա: Տրոյա քաղաքի դեմ աքքայացիների մղած 10-ամյա պատերազմի մասին են պատմում Հոմերոսի «Իլիական» ու «Ոդիսական» պոեմները, որոնք համաշխարհային գրականության գլուխգործոցներ են: Դրանց մեջ այնքան ամբողջական է ներկայացված վաղ հունական կյանքը, որ հետագա սերունդներն այդ պոեմներն անվանել են «հունական կյանքի հանրագիտարան»: Հեսիոդոսը (մ. թ. ա. VIII–VII դարեր) ներկայացրել է աշխարհի ու աստվածների ծագումնաբանությունը («Թեոգոնիա»), կազմել բարոյատնտեսական ու կրոնական խրատների ժողովածու:
Հին հունական թատրոնը սկզբնավորվել է մ. թ. ա. VI դարում՝ Դիոնիսիոս աստծուն նվիրված սրբազան տոնակատարությունների ժամանակներից: Ունեցել է 2 ժանր՝ ողբերգություն և կատակերգություն: Դասական ժամանակաշրջանի երևելի ողբերգակ թատերագիրներից էին Էսքիլեսը, Սոֆոկլեսը, Եվրիպիդեսը, կատակերգակներից՝ Արիստոֆանեսը: Թատերական ներկայացումների համար կառուցել են հատուկ շինություններ՝ ամֆիթատրոններ:
Հույները շինարարության (Աթենքի Ակրոպոլիս) ու քանդակագործության (Միլոսյան Աֆրոդիտե) մեջ հրաժարվել են գիգանտոմանիայից. շինությունները կառուցել ու քանդակները կերտել են բնությանը ներդաշնակ համամասնություններով:
Ձևավորվել է ճարտարապետական և գեղագիտական 3 ոճ՝ դորիական՝ խիստ պարզ՝ առանց զարդանախշի, կորնթական՝ ճոխ ու զարդարուն, հոնիական՝ հավասարակշիռ ու զուսպ: Դրանց համադրությամբ Հունաստանում ստեղծվել են ճարտարապետական արժեքներ, որոնցով առանձնանում էր մ. թ. ա. V դարի Աթենքը: Պերիկլեսի օրոք այնտեղ են ապրել և ստեղծագործել բոլոր նշանավոր արվեստագետները: Դասական շրջանի մեծագույն քանդակագործ-ճարտարապետը Ֆիդիասն էր. նա է կերտել Աթենաս աստվածուհու և Զևսի հռչակավոր արձանները: Հունական նկարչության բարձր զարգացման մասին վկայում են խեցեղենի (թասեր, սափորներ, գավաթներ) վրա արված նկարները:
Հունաստանում (Օլիմպիայում) մ. թ. ա. 776 թ-ից (4 տարին` մեկ) անցկացվել են սպորտային մրցումներ, որոնք շարունակվում են մինչև օրս (տարբեր երկրներում)` օլիմպիական խաղեր անվանումով:

Հին Հռոմ

Հռոմը հնագույն քաղաք է Ապենինյան թերակղզում: Ավանդության համաձայն՝ հիմնադրել են Հռոմուլոս և Հռեմոս եղբայրները մ. թ. ա. 754/753 թ-ին: Կոչվել է առաջին թագավոր Հռոմուլոսի 
(մ. թ. ա. 754/753–717/716 թթ.) անվամբ: Միջերկրածովյան տերություն է դարձել մ. թ. ա. 146 թ-ին՝ Պունիկյան պատերազմում Կարթագենին հաղթելուց հետո. ընդգրկել է Եվրոպայի արևմտյան և հարավարևելյան մասերը, Փոքր Ասիան, Հյուսիսային Աֆրիկայի մերձափնյա շրջանները, Ասորիքը և Պաղեստինը:
Հին Հռոմում թագավորական դարաշրջանը տևել է 250 տարի: Վերջին՝ 7-րդ թագավոր Լուկիոս Տրաքվինիոս Գոռոզի (մ. թ. ա. 534/533–510/509 թթ.) վտարումից հետո տապալվել է միապետական կարգը, և հաստատվել է հանրապետություն (մինչև մ. թ. ա. 30/27 թ.):
Հանրապետական շրջանում Հռոմում կառավարել են կոնսուլները (բարձրաստիճան պաշտոնյա): Բարձրագույն իշխանությունը պատկանել է Ժողովրդական ժողովին, պահպանվել է պետական խորհուրդը՝ Ծերակույտը (ավագների ժողով): 
Մ. թ. ա. 89 թ-ին պատերազմ է սկսվել Հռոմի և Պոնտոսի միջև. վերջինիս թագավոր Միհրդատ VI Եվպատորը մ. թ. ա. 93 թ-ին դաշինք էր կնքել Տիգրան Բ Մեծի հետ: Մ. թ. ա. 74/73 թ-ին Իտալիայում Սպարտակի գլխավորությամբ բռնկվել է ստրուկների ապստամբություն: Միհրդատյան պատերազմների (մ. թ. ա. 89–63 թթ.) ժամանակ Հռոմն անմիջական հարաբերությունների մեջ է մտել Հայաստանի հետ: 
Մ. թ. ա. 69 թ-ին Լուկիոս Լուկուլլոսը ներխուժել է Հայաստան, գրավել Տիգրանակերտը, սակայն մ. թ. ա. 68–67 թթ-ին հայ-պոնտական զորքերը հռոմեացիներին վտարել են Հայաստանից և Պոնտոսից:
Մ. թ. ա. I դարի 60-ական թվականներին Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը գաղտնի համաձայնությամբ ստեղծել են հակածերակուտական միություն՝ եռապետություն, որը դարձել է փաստացի կառավարություն: Սրվել են Կեսարի և Ծերակույտի (նրա կողմն էր անցել Պոմպեոսը) հակասությունները, սկսվել է քաղաքացիական պատերազմ (մ. թ. ա. 49–45 թթ.): Պոմպեոսին ու նրա կողմնակիցներին հաղթած Կեսարը դարձել է հռոմեական տերության անսահմանափակ տիրակալ, ցմահ դիկտատոր (արտակարգ լիազորություններով պաշտոնատար անձ), սակայն մ. թ. ա. 44 թ-ին դավադրաբար սպանվել է:
Մ. թ. ա. 43 թ-ին Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը պաշտոնապես կազմել են 2-րդ եռապետությունը: Եռապետները մ. թ. ա. 42 թ-ին Փիլիպպեի (Հունաստան) ճակատամարտում պարտության են մատնել հանրապետականներին: Անտոնիոսը, շարունակելով Կրասոսի սկսած պատերազմը Պարթևական թագավորության դեմ, անհաջողության է մատնվել և մ. թ. ա. 34 թ-ին ներխուժել է Հայաստան, գերել Արտավազդ Բ-ին և տարել Եգիպտոս: Օկտավիանոսի և Անտոնիոսի հարաբերությունները սրվել են: Մ. թ. ա. 31 թ-ին Ակտիումի ծովամարտում Օկտավիանոսը հաղթել է Անտոնիոսին, իսկ մ. թ. ա. 30 թ-ին գրավել է Եգիպտոսը: Օկտավիանոսը դարձել է Հռոմեական պետության միանձնյա ղեկավար: Հռոմում վերացել է հանրապետական կարգը:
Կայսրության շրջանում՝ մ. թ. ա. 27 թ-ին, Սենատը (Ծերակույտ) հաստատել է Օկտավիանոսի գերագույն իշխանությունը և նրան շնորհել Օգոստոս (սրբազան) պատվանունը: Օգոստոսի (մ. թ. ա. 27– մ. թ. 14 թթ.) և նրա հաջորդների ժամանակ Հռոմի արևելյան քաղաքականության մեջ կարևոր տեղ են ունեցել Հայաստանը և Պարթևստանը: Ներոն կայսեր (54–68 թթ.) օրոք նոր պատերազմ է սկսվել Հռոմի և Պարթևստանի ու Հայաստանի միջև, որի հետևանքով Հայոց թագավոր է հռչակվել Տրդատ Ա-ն:
Հռոմեական կայսրությունն իր տարածքի առավելագույն ընդարձակմանը հասել է Անտոնինոսների հարստության (96–192 թթ.) ժամանակ: Մարկոս Տրայանոսի (98–117 թթ.) օրոք Հռոմը գրավել է Դակիան և Արաբիան (106 թ.): 114 թ-ին Տրայանոսն արշավել է Հայաստան և այն հայտարարել հռոմեական պրովինցիա:  Ադրիանոս (Հադրիանոս, 117–138 թթ.) կայսրը, չկարողանալով Հայաստանում պահպանել իր գերիշխանությունը, 117 թ-ին Հայոց թագավոր է ճանաչել Վաղարշ Ա-ին: Անտոնիոս Պիոս (138–161 թթ.) կայսրը Հայաստանի գահը հանձնել է Հռոմի դրածո Սոհեմոսին: Մարկոս Ավրելիոսի (161–180 թթ.) օրոք, հռոմեա-պարթևական պատերազմից (163–166 թթ.) հետո, Հայաստանը դարձել է Հռոմից կախյալ թագավորություն:
III դարից Հռոմի արևելյան քաղաքականության մեջ կարևորվել է Սասանյան Պարսկաստանը: III դարի վերջին և IV դարում (Խոսրով Բ-ի, Տրդատ Գ-ի և ուրիշների օրոք) Պարսկաստանի դեմ պատերազմներում Հռոմի դաշնակից է դարձել Հայաստանը: Դիոկղետիանոսի (284– 305 թթ.) ժամանակ կայսեր իշխանությունը դարձել է բացարձակ և հռչակվել աստվածային, կայսրը՝ տիրակալ և տեր: Կոստանդին I Մեծը (306–337 թթ.) 313 թ-ի Միլանի էդիկտով (հրովարտակ) թույլատրել է դավանել նաև քրիստոնեություն: Նա 330 թ-ին կայսրության մայրաքաղաքը տեղափոխել է Արևելք. Բոսֆորի նեղուցի ափին կառուցել է Կոստանդնուպոլիսը: 
Կոստանդին Մեծի հաջորդների ժամանակ կայսրության քաղաքական կացությունն անկայուն էր: Թեոդոսիոս I-ը (379–395 թթ.) կարճ ժամանակով միավորել է կայսրությունը: Նրա օրոք Հայաստանի տարածքում հռոմեա-պարսկական հակամարտություններն ավարտվել են Հայաստանի բաժանմամբ (387 թ.): Թեոդոսիոս I-ից հետո կայսրությունը (395 թ-ին) վերջնականապես բաժանվել է 2 մասի՝ Արևմտյան և Արևելյան Հռոմեական կայսրությունների:
410 թ-ին Հռոմ քաղաքը գրավել ու կողոպտել են վեստգոթերը՝ Ալարիք I-ի գլխավորությամբ: 455 թ-ին վանդալները (հին գերմանական ցեղ) կողոպտել են քաղաքը, ոչնչացրել արվեստի ու մշակույթի արժեքավոր ստեղծագործություններ (այստեղից էլ՝ «վանդալիզմ»՝ մշակութային արժեքների ոչնչացում հասկացությունը):
476 թ-ին գերմանական վարձկանների առաջնորդ Օդոակրը գահընկեց է արել Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին՝ Հռոմուլոս Օգոստուլոս կայսրին:
Արևմտյան Հռոմեական կայսրության կործանմամբ տապալվել է նաև ստրկատիրական կարգը:
Արևելյան Հռոմեական կայսրությունը, Բյուզանդիա անվանումով, գոյատևել է մինչև 1453 թ.:
Մշակույթ: Հին Հռոմի մշակույթը (մ. թ. ա. VII – մ. թ. V դարեր) կրել է հիմնականում հունական, մասամբ նաև էտրուսկների մշակույթների ազդեցությունը և շարունակել է նրանց ավանդույթները մինչև հին հռոմեական ինքնուրույն մշակույթի ձևավորումը:
Հռոմեական դիցարանը (կառուցվածքը նման է հունականին) գլխավորում է աստվածների հայր Յուպիտերը՝ ամպրոպի և կայծակի աստվածը: Գլխավոր աստվածների տաճարները կառուցվել են Կապիտոլիում բլրի վրա (կոչվել են Կապիտոլիական աստվածներ):
Հին հռոմեացիները, էտրուսկների գիրը հարմարեցնելով իրենց լեզվին, ստեղծել են լատինական այբուբենը՝ բաղկացած 24 տառից, որոնցով այժմ էլ գրում են շատ ժողովուրդներ: Մ. թ. ա. II դարի 60-ական թվականներին Հռոմում կազմավորվել են բարձր տիպի քերականական և հռետորական դպրոցներ: Աղջիկները կրթություն են ստացել տանը՝ պեդագոգի (կրթված ստրուկ) օգնությամբ: Քերականական դպրոցներում, լատիներեն և հունարեն քերականությունից ու գրականությունից բացի, ուսուցանել են մաթեմատիկա, աստղագիտություն, երկրաչափություն և այլ առարկաներ: Հռետորական կրթության ըմբռնումն իր տրակտատներում համակարգել և մշակել է Մարկոս Տուլիոս Ցիցերոնը (Կիկերոն): 
II դարից երևան են եկել իրավագետների խմբեր, որոնք, աստիճանաբար կայանալով, սկսել են կոչվել իրավունքի «ամբիոններ»: Այսպես են ձևավորվել նաև հռետորության ու փիլիսոփայության, ապա՝ բժշկության ու ճարտարապետության «ամբիոնները»: Փայլուն հռետորներ և իրավաբաններ են եղել Սցիպիոնը, Գայոս և Տիբերիոս Գրակքոսները, Հուլիոս Կեսարը և շատ այլ նշանավոր հռոմեացիներ: Հռոմեական գրականությունը ծաղկել է Օկտավիանոս Օգոստոս կայսեր օրոք: Նրա մտերիմներից մեծահարուստ Մեկենասը, իր շուրջը հավաքելով լավագույն գրողներին ու արվեստագետներին, նրանց օգնել է նյութապես: (Հետագայում «մեկենաս» են կոչվել մշակույթի, արվեստի հովանավորները): Մեկենասի պատվերով անվանի բանաստեղծ Վերգիլիոսը գրել է «Էնեական» պոեմը:
Հին հռոմեական ճարտարապետությունը ձևավորվել է մ. թ. ա. IV–I դարերում: Հին հռոմեացիներն են սկզբնավորել հասարակական շենքերի (բազիլիկներ, թերմեր, թատրոններ, ամֆիթատրոններ, գրադարան, շուկա, ինչպես նաև, դամբարաններ և այլն) շինարարությունը:
Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը՝ Կոլիզեումը (շուրջ 80 հզ. հանդիսատեսի համար), կառուցվել է 80 թ-ին՝ Վեսպասիանոս կայսեր օրոք, և կանգուն է ցայսօր: Հռոմեացիները հայտնագործել են բետոնը: Գմբեթավոր շրջանաձև ամենամեծ շինությունը Պանթեոնն էր՝ բոլոր աստվածների տաճարը, որը կառուցել է Օգոստոս կայսրը: Կայսերական շքեղ ապարանքը կառուցվել է Պալատին բլրի վրա («պալատ» անվանումը ծագում է այս բլրի անունից): 
Հին Հռոմում տարածված էին գլադիատորների մրցումները, որոնք կազմակերպվում էին կրոնական տոներին: Այդ ավանդույթը պահպանվել է շուրջ 700 տարի:
   «Հեքիաթներում անդունդներ են՝ խորը՝ անծայր, անվերջ .... Հեքիաթը հարուստ ու շքեղ աշխարհ է: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է. նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում ...»:
Հովհ. Թումանյան
   «Թրակիան հնուց ի վեր հելլենացիների համար ներկայացնում էր սրբության երկիր, լույսի և մուսաների հայրենիք, որովհետև նրա լեռների բարձունքներից իջել էին աստվածները՝ Զևսը, Կրոնոսը և Ուրանոսը՝ իրենց հետ բերելով բանաստեղծության, օրենքների և սրբազան արվեստների գերագույն ռիթմը»:
Կոստան Զարյան, գրող