 | Վիթխարի գլուխ (մ. թ. ա. VIII–IV դարեր, օլմեքների մշակույթ, Մեքսիկա, բարձրությունը ավելի քան 25 մ է, կշռում է 30 տ-ից ավելի) |
 | «Հանգստացող սատիրը» (մ. թ. ա. IV դարի 1-ին կես, քանդակագործ` Պրաքսիտելես) |
 | Շարտրի տաճարի (1194–1220 թթ., Ֆրանսիա) ավագ շքամուտքի խմբաքանդակներից |
 | «Նստած Վոլտերը» (1781 թ., քանդակագործ` Ժան-Անտուան Հուդոն) |
Քանդակագործությունը կերպարվեստի ամենահին տեսակներից է, որի գործերն ունեն ծավալատարածական ձևեր, եռաչափ են և շոշափելի:
Քանդակագործությունը պատկերում է հիմնականում մարդուն, կենդանիներ (անիմալիստական ժանր), սակավ՝ բնությունը (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտ): Քանդակը, սովորաբար, նախ կերտում են կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլում գիպսից. գիպսե ձուլածոները ծառայում են նաև որպես մոդել՝ քանդակն ավելի մնայուն նյութերով (փայտ, քար, մետաղ) վերստեղծելու համար: Քանդակն ունի 2 ենթատեսակ՝ բոլորաքանդակ (ստեղծագործությունը բոլոր կողմերից տեսանելի է) և ռելիեֆ (պատկերը հարթության վրա փորագրվում է  | «Լեռնցիների պարը» (1984 թ., քանդակագործ` Տիգրան Արզումանյան) |
կամ կերտվում որոշակի ցցունությամբ): Ռելիեֆները, ըստ ծավալային պատկերաձևերի, լինում են բարձրաքանդակ (քանդակապատկերի ծավալի կեսից ավելին դուրս է մակերեսից), հարթաքանդակ (քանդակապատկերի ծավալի կեսից պակասը դուրս է մակերեսից) և խորաքանդակ (մակերեսից խոր ընկած քանդակապատկեր), որոնք հարդարում են շենքի ճակատը, գոտին, ճակտոնը, ներսի պատերն ու առաստաղը (առաստաղապատկեր): Քանդակագործության մեջ տարբերակում են մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ և փոքր ձևերի քանդակներ: Մոնումենտալ քանդակի նպատակը կարևոր գաղափարների, պատմական իրադարձությունների, ականավոր մարդկանց դերի քարոզումն է և հիշատակի հավերժացումը. դրվում է բաց տարածության մեջ և հասարակական վայրերում: Հաստոցային քանդակը բնական կամ ճարտարապետական միջավայրից կախում չունի. դրվում է թանգարաններում, հասարակական կամ բնակելի շենքերի ներսում: Մեծ հնարավորություններ ունի թե՜ բոլորաքանդակում, թե՜ ռելիեֆում մարմնավորելու թեմատիկ զանազան իրավիճակներ և արտահայտելու կերպարի ներաշխարհի առանձնահատկությունները: Դեկորատիվ քանդակը զարդարման միջոց է և սովորաբար համադրվում է ճարտարապետության հետ:  | «Հաղթանակ» հարթաքանդակը Երևանում` «Զեյթուն» սրճարանի պատին (1985 թ., քանդակագործներ` Վլադիմիր Աթանյան, Արտաշես Հովսեփյան) |
Փոքր ձևերի քանդակները տարբեր ժանրերի մանրաքանդակներ են («մանր պլաստիկա»), որոնք պատրաստվում են խեցուց, մետաղից, ոսկրից, քարից, ապակուց կամ պլաստմասսայից. նախատեսված են շինությունների ներսը զարդարելու համար, հաճախ աղերսվում են դեկորատիվ-կիրառական արվեստի հետ:Քանդակագործության առաջին նմուշները (ժայռապատկերներ, կնոջ մարմնով բոլորաքանդակներ և այլն) ստեղծվել են վաղ անցյալում: Դեռևս բրոնզի դարում քանդակագործությունը համարվել է մասնագիտություն, որի հնագույն կենտրոններն էին Հին Եգիպտոսն ու Միջագետքը: Քանդակագործության պատմության կարևոր փուլն անտիկ շրջանն է, որի իդեալը ներդաշնակ զարգացած մարդու կերպարի ստեղծումն էր (Միրոն, Ֆիդիաս, Պոլիկլետոս, Սկոպաս և ուրիշներ): XV–XIX դարերում քանդակագործության մեջ գերիշխել են կառուցվածքային ավելի ազատ լուծումները (Դոնատելլո, Միքելանջելո, Օգյուստ Ռոդեն, Ֆեդոտ Շուբին և ուրիշներ): XX դարում թարմացվել և նորոգվել են քանդակագործության մեթոդներն ու նյութերը (Արիստիդ Մայոլ, Էմիլ Անտուան Բուրդել, Հենրի Մուր և ուրիշներ): Քանդակագործության ամենահին ձևերից են կիսանդրին, անդրին (ամբողջական արձանը), դիմաքանդակը և այլն: Տարբերում են նաև թեմատիկ քանդակներ, որոնք պատկերում են մեկ կամ մի քանի ֆիգուր (Միքելանջելոյի «Պիետտա», 1498–1501, Օ. Ռոդենի «Կալե քաղաքի բնակիչները», 1880 թ., Ա. Մայոլի «Երեք գեղուհիներ», 1930–38 թթ., և այլն): Տարբեր նյութեր օգտագործելիս կիրառվում են քանդակելու տարբեր տեխնիկաներ՝ ծեփում, կոփում, կռում, փորագրում, դրվագում և այլն: Կերտվում են նաև խեցեղեն քանդակներ: Հայաստանում քարի մշակման մասին վկայված է հնագույն ժամանակներից.  | «Դեյր էլ Զորի ճանապարհին» (1988 թ., քանդակագործ` Բենիկ Պետրոսյան) |
առաջին քանդակները ժայռապատկերներն են: Բրոնզի դարից հայտնի են բոլորաքանդակը և բարձրաքանդակը ոչ միայն քարից (վիշապներ), այլև կավից, փայտից, գունավոր մետաղներից (պեղվել են Վանաձորում, Լճաշենում): Մոնումենտալ արձաններ, հարթաքանդակներ, քանդակազարդ իրեր են ստեղծվել երկաթի դարի ուրարտական արվեստում, որի ավանդույթները շարունակվել են մ. թ. ա. VI–IV դարերում: Հելլենիզմի շրջանում քանդակագործությունը զարգացել է մեծ մասամբ Հունաստանից բերված բարձրարվեստ կոթողների օրինակով և տեղում ստեղծված արձաններով (Նեմրութ լեռան վրա Երվանդունիների տեղադրած մոնումենտալ քանդակները, մ. թ. ա. I դար): Պատմական և գեղարվեստական մեծ արժեք ունեն այդ շրջանի արծաթագործության նմուշները, դրամները՝ Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ-ի դիմաքանդակներով, Գառնիի տաճարի զարդաքանդակները: Դեկորատիվ զարդաքանդակները կիրառվել են հիմնականում եկեղեցաշինության մեջ, որոշ հուշարձաններում համադրվել են թեմատիկ բարձրաքանդակների հետ. վաղ շրջանի նմուշներն ի հայտ են եկել V դարում (Տեկոր, Դվին, Երերույք և այլն): Այդ համադրումը փայլուն կերպով դրսևորվել է նաև VII դարում՝ Զվարթնոցի, Մրենի, X–XIV դարերում՝ Անիի հուշարձաններում, Աղթամարում, Գանձասարում, Նորավանքում և այլուր: Ճարտարապետության մեջ հաճախ քանդակազարդել են փայտը՝ դռների, խոյակների համար: Ստեղծել են նաև փայտե թեմատիկ քանդակներ: Եկեղեցական կառույցներում տարածված էին նվիրատուների պատկերաքանդակները (Աղթամար, Գագկաշեն, Սանահին, Հաղպատ և այլն), միջնադարյան Հայաստանում՝ հուշակոթողները, որոնք դրվում էին հանգուցյալների շիրիմներին կամ նվիրվում որևէ կարևոր իրադարձության: IX դարից տարածվել է խաչքարի արվեստը, զարգացել է նաև մետաղի գեղարվեստական մշակումը: Նոր ժամանակներում հայկական պրոֆեսիոնալ քանդակագործությունը ձևավորվել է XIX դարի վերջին, Կոստանդնուպոլսում (Երվանդ Ոսկան): Հաջորդ սերնդի ներկայացուցիչներից են Անդրեաս Տեր-Մարուքյանը, Միքայել  | «Սասունցի Դավիթ» (1935 թ., քանդակագործ` Այծեմնիկ Ուրարտու) |
Միքայելյանը, Հայկ Բադիկյանը, Հակոբ Փափազյանը, Ռուզան Մուրացանը, Միքայել Փոլադյանը և ուրիշներ: 1920-ական թվականներին Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ մոնումենտալ քանդակներ, ձևավորվել է հայ քանդակագործության ազգային դպրոցը և զարգացել Արա Սարգսյանի, Սուրեն Ստեփանյանի, Ստեփան Թարյանի, Այծեմնիկ Ուրարտուի, ապա՝ Երվանդ Քոչարի ջանքերով: Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) և հետպատերազմյան տարիներին իրենց լավագույն գործերով աչքի են ընկել Նիկողոս Նիկողոսյանը, Սարգիս Բաղդասարյանը, ապա՝ Արա Հարությունյանը, Ղուկաս Չուբարյանը, Խաչատուր Իսկանդարյանը, Թերեզա Միրզոյանը, Հովհաննես Բեջանյանը, Ֆրիդ Սողոյանը և ուրիշներ: Խեցեգործական քանդակներ են ստեղծել Ռազմիկ Շահվերդյանը, Հռիփսիմե Սիմոնյանը, Հմայակ Բդեյանը: 1970-ական թվականներից ուշագրավ քանդակներ են կերտել Լևոն Թոքմաջյանը, Բենիկ Պետրոսյանը, Արա Շիրազը, Վլադիմիր Պետրոսյանը, Արտաշես Հովսեփյանը, Ֆերդինանդ Առաքելյանը, Գետիկ Բաղդասարյանը, Տիգրան Արզումանյանը և ուրիշներ: Հայկական քանդակագործության առաջընթացը պայմանավորել են նաև Սփյուռքի վարպետները՝ Հակոբ Գյուրջյանը, Խորեն Տեր-Հարությանը, Ռուբեն Նակյանը, Արտո Չաքմաքչյանը, Նվարդ Զարյանը, ապա՝ Դավիթ Երևանցին, Էմիլ Գազազը, Վան Սողոմոնյանը և ուրիշներ:
|