Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մատներով խաղացվող տիկնիկ
Ձողերով խաղացվող տիկնիկներ
Թելերով խաղացվող տիկնիկներ
Տիկնիկային ներկայացում դպրոցում
Ստվերապատկերների  թատրոն
Տիկնիկային թատրոնը թատերական ներկայացումների տեսակ է, 
որտեղ գործող անձինք տիկնիկներն են. լինում են տափակ, ծավալային և 
կիսածավալային. խաղացնում են դերասան-տիկնիկավարները: 

Տիկնիկային թատրոնը կամ տիկնիկների թատրոնն սկզբնավորվել է հնագույն ժամանակներից. կապված է հեթանոսական ծիսակատարությունների և կրոնական ներկայացումների հետ:
Տիկնիկային թատրոնը Հին Եգիպտոսում հայտնի էր մ. թ. ա. XVI, Հնդկաստանում և Հունաստանում՝ մ. թ. ա. V–IV, Չինաստանում՝ մ. թ. ա. I, Ճապոնիայում՝ XI, Ինդոնեզիայում՝ XI–XII դարերից: Հնում աստվածների (արևի, ջրի, պատերազմի, որսորդության և այլն) արձանիկները պատրաստել են փայտից, ծեփել կավից կամ ձևել կաշվից և ճրագի լույսի տակ՝ ձգված պաստառի վրա ցուցադրել ստվերապատկերներ: Որոշ, հատկապես Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի  երկրներում շարունակում են ցուցադրել այնպիսի ներկայացումներ, որոնք մասամբ ծիսակատարություններ են, մասամբ՝ տիկնիկային թատրոն: 
XI դարից եկեղեցիներում և մենաստաններում տիկնիկներով ներկայացվել են Աստվածաշնչի առանձին տեսարաններ, որտեղ գլխավոր կերպարը Կույս Մարիամն էր. այստեղից էլ՝ մարիոնետ  (ռոմանա-գերմանական լեզուներում նշանակում է թատերական տիկնիկ) անվանումը: 
XVI դարի վերջին Իտալիայում վերջնականապես կազմավորվել է ժողովրդական երգիծական տիկնիկային թատրոնը՝ Պուլչինելլա հերոսով, XVII դարում նմանօրինակն ունեցել են նաև Ֆրանսիայում (հերոսը՝ Պոլիշինել), Անգլիայում (Պանչ), Գերմանիայում (Հանսվուրստ, հետագայում՝ Կաշպեռլե), Չեխիայում (Կաշպարեկ), Ռուսաստանում (Պետրուշկա) և այլուր: XVI–XVII դարերում եվրոպական մի շարք երկրներում կազմակերպվել են տիկնիկային թատրոններ, որտեղ մինչև XX դարը ցուցադրվել են հեքիաթներ, առակներ, զվարճալի ու երգիծական տեսարաններ հարուստների, եկեղեցու, իշխանավորների, նաև հանրահայտ դոկտոր Ֆաուստի, Դոն Ժուանի և ուրիշների մասին պատմություններ: 
XX դարի 1-ին քառորդին պրոֆեսիոնալ տիկնիկային թատրոններ են ստեղծվել մանուկների ու մեծերի համար:
Տիկնիկները խաղացնում են 2 դերասան-տիկնիկավարներ՝ հիմնականում 4 եղանակով՝ մատներով, թելերով, ձողերով և ստվերապատկերներով: 
Մատներով խաղացվող տիկնիկը դերասանը հագցնում է մատներին և խաղացնում վարագույրի հետևում, որի վրա էլ երևում է նրա ստվերապատկերը: 
Թելերով խաղացվող տիկնիկները կոչվում են մարիոնետներ (խամաճիկներ): Դերասանի ձեռքում 2, 3, 4 խաչաձև փայտիկներ են, որոնք թելերով ամրացված են տիկնիկի գլխին, ուսերին, արմունկներին և ծնկներին: Դերասանը ձգում է թելերը կամ պտտում փայտիկները, և տիկնիկը քայլում է, թափահարում ձեռքերը, շարժում գլուխը, նույնիսկ պարում: 
Ձողերով տիկնիկը դերասանը պահում է իր գլխավերևում և վարագույրի հետևից նրան խաղացնում այնպես, ինչպես մատներին հագցրած տիկնիկին: Հանդիսականները սովորաբար չեն տեսնում ձողերը, որովհետև դրանք ծածկված են տիկնիկի հագուստներով: 
Ստվերապատկերների համար նախատեսված տիկնիկները տափակ են՝ 15 սմ-ից մինչև մարդահասակ և ավելի մեծության (ձևում են կաշվից և գույնզգույն ներկում): Խաղացվում են հատուկ շյուղերի օգնությամբ. լուսավորված էկրանին ցուցադրվում են դրանց ստվերապատկերները:
Ծավալային տիկնիկներ օգտագործում են նաև մուլտիպլիկացիոն կինոյում, հեռուստատեսության գեղարվեստական և էստրադայի տիկնիկային ծրագրերում:
Ստվերային տիկնիկային թատրոնը հայ իրականություն մուտք է գործել ուշ միջնադարում, իսկ կարագյոզ (թուրքերեն է. նշանակում է սևաչյա, նաև ներկայացման տիկնիկ-հերոսն է) անվանմամբ տարածվել է հատկապես XIX դարում՝ ձեռք բերելով իր յուրահատկությունները՝ սեփական ավանդույթների, կենցաղի ու բարքերի հիման վրա:
Երևանի տիկնիկային թատրոնը բացվել է 1935 թ-ին (1938 թ-ին կոչվել է Հովհաննես  Թումանյանի անունով): Առաջինը ներկայացվել է Սամուիլ Մարշակի «Չարաճճի Պետիկը»: Ապա բեմադրվել են Հ. Թումանյանի «Չախ-չախ թագավորը», «Շունն ու կատուն», «Տերն ու ծառան», Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը», Անտոն Չեխովի «Կաշտանկան», Գրիմ եղբայրների «Ակամա երաժիշտները», Հանս Անդերսենի «Ոսկուց և մարգարտից թանկը», Աղասի Այվազյանի «Դիպլիպիտոն», Շառլ Պեռոյի «Կարմիր գլխարկը» և այլ գործեր: 
1975 թ-ին թատրոնում բացվել է Տիկնիկների թանգարանը:
Գործում են նաև Երևանի խամաճիկների, «Ագուլիս», Գյումրիի, Վանաձորի, Շուշիի և այլ տիկնիկային թատրոններ: