Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ստոունհենջի կրոմլեխը (մեգալիթյան կառույց՝ Մեծ Բրիտանիայում)
Լուքսորի տաճարը Եգիպտոսում
Սբ Պետրոսի տաճարը Վատիկանում 
(1506–1626 թթ., ճարտարապետներ` Բրամանտե, Միքելանջելո և ուրիշներ)
Սբ Պետրոսի տաճարը Վատիկանում 
(1506–1626 թթ., ճարտարապետներ` Բրամանտե, Միքելանջելո և ուրիշներ)
Լանդշաֆտային  ճարտարապետություն
 Կամուրջ  Ճապոնիայում
Վերսալի պալատը Փարիզում (XVII–XVIII դարեր, ճարտարապետներ՝ Լուի Լևո, Ժյուլ Արդուեն Մանսար, Անդրե Լեոնտր) 
 Սանկտ Պետերբուրգի Իսաակիևյան հրապարակի ճարտարապետական համալիրը
Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին 
(1664–69 թթ.) հյուսիս-արևմուտքից
Եղեգնաձորի 
Սպիտակավոր վանքը 
(XIV դար) հյուսիս-արևմուտքից
Ագուլիսի Սբ Թովմայի վանքը (1694–95 թթ.) 
հյուսիս-արևմուտքից
Ախթալայի 
Սբ Աստվածածին եկեղեցին (XIII դարի 1-ին քառորդ) հյուսիս-արևելքից
Ճարտարապետությունը մարդու կենսագործունեության համար 
անհրաժեշտ միջավայրը ձևավորող տարածական կառուցվածքների 
համակարգն է, դրանք ստեղծելու արվեստը: 

Ճարտարապետությունն արտադրության (արդյունաբերական ճարտարապետություն՝ գործարանների, ֆաբրիկաների, էլեկտրակայանների շենքեր) և հասարակության կենսապայմանների (քաղաքացիական ճարտարապետություն՝ բնակելի տներ, հասարակական շենքեր) անհրաժեշտ մասն է: Ճարտարապետության գործառնական, կառուցվածքային ու գեղագիտական հատկանիշները (օգտակարություն, ամրություն, գեղեցկություն) փոխկապակցված են: Քաղաքների և գյուղերի կազմավորումն ու տարաբնակեցման ողջ համակարգը կարգավորում է քաղաքաշինությունը, որը ճարտարապետության անբաժանելի մասն է: Ճարտարապետության մեջ գեղարվեստական կերպարի ստեղծման հիմնական միջոցները տարածության ձևավորումն ու արխիտեկտոնիկան (կառուցման արվեստ) են: Հատկապես կարևոր են կառույցի մասշտաբայնությունը և բաղադրամասերի ու ամբողջի համամասնությունը, ինչպես նաև ճարտարապետական կոմպոզիցիան (հորինվածք)՝ գործառնական և կառուցվածքային պահանջներին համապատասխան ձևերի ամբողջական գեղարվեստաարտահայտչական համակարգը: 
Ճարտարապետական հնագույն կառույցներ՝ կացարաններ և արհեստական բնակատեղիներ, ստեղծվել են նախնադարում: Մեգալիթյան կառույցները (մեծածավալ քարերով կերտված պաշտամունքային կառույցներ՝ մենհիրներ, դոլմեններ, կրոմլեխներ) քարերի ուղղաձիգ և հորիզոնական համադրություններն են (Ստոունհենջի կրոմլեխը՝ Մեծ Բրիտանիայում):
Պետությունների կազմավորմանը զուգընթաց՝ երևան են եկել քաղաքատիպ բնակավայրերը, կառուցվել են ոռոգման համակարգեր և Աստծու ու աստվածացված տիրակալների հզորությունը խորհրդանշող կառույցներ [Եգիպտոսում՝ Գիզայի բուրգերը, Կառնակի և Լուքսորի տաճարները, Ասորեստանի և Բաբելոնի զիկկուրատները (պաշտամունքային բրգաձև շինություն), Հին Իրանի պալատները և այլն]: Հին Հունաստանում ստեղծվել է քաղաք-պետությունների (պոլիս) համակարգ: Տաճարը քաղաքի պաշտամունքային և ճարտարապետական հորինվածքի կենտրոնն  էր, որը կառուցվում էր ակրոպոլիսի (միջնաբերդ) բարձունքին: Դասական տաճարի կատարելության տիպ է պերիպտերը (սյուներով եզերված կառույց), օրինակ՝ Աթենքի Պարթենոնը: Հին Հռոմում կարևորվել են հանրապետության (հետագայում՝ կայսրության) հզորությունը խորհրդանշող կառույցները, կիրառվել են կամարային և թաղային կառուցվածքները (կոնստրուկցիա, Պանթեոն տաճարը):
Ճարտարապետությունը բարձր մակարդակի է հասել Վերածննդի դարաշրջանում. սկզբնավորվել է XV դարում, Իտալիայի Տոսկանա մարզի քաղաքներում (Ֆլորենցիա, Պիզա, Լիվոռնո, Կառարա) և զարգացել XV–XVI դարերում՝ Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Անգլիա, Իսպանիա): 
XIX դարի 2-րդ կեսին Եվրոպայում ու ԱՄՆ-ում կապիտալիստական կարգերի ամրապնդմամբ և արդյունաբերության զարգացմամբ էին պայմանավորված քաղաքների արագ աճը, արտադրության նոր տեսակների, առևտրական, տրանսպորտային և այլ կառույցների երևան գալը:
XIX դարի վերջի – XX դարի սկզբի ճարտարապետության մեջ նկատելի են տարբեր ոճերի համադրումը (էկլեկտիկա) և նոր ուղղությունների` մոդեռն, կոնստրուկտիվիզմ, նոր դասականություն (նեոկլասիկա) և այլն առաջացումը:
Նոր ժամանակների ճարտարապետության մեջ գեղարվեստական-հորինվածքային խնդիրները դարձել են առավել կարևոր և վճռորոշ, իսկ շինարարական տեխնիկայի զարգացումն ու կատարելագործումը (շարժական ծածկեր, երկակի կորության թաղեր և այլն) նոր հնարավորություններ են բացել համարձակ մտահղացումներ իրագործելու համար: Ժամանակակից ճարտարապետությունը բնութագրվում է զարգացման ուղղությունների բազմազանությամբ, առանձին շենքերի փոխարեն իշխում են քաղաքաշինական կազմավորումները, դառնում են ավելի հարմարավետ և հուսալի, շեշտվում են կառույցների ու համալիրների արտաքին տեսքը` վերասլաց են, աստիճանաձև, հաճախ ոչ ուղղաձիգ ծավալներով ու ձևերով, քաղաքաշինական համալիր խնդիրների ամբողջական և ավարտուն լուծումներով:
Նոր ժամանակներում ճանաչված ճարտարապետներ Լը Կորբյուզեն, Ֆրանկ Լլոյդ Ռայթը, Միս Վան դեր Ռոեն, Վալտեր Գրոպիուսը, Օսկար Նիմեյերը, Քենձո Թանգեն, Ալվար Աալտոն, Էրո Սաարինենը, Լուիս Կանը, Ժորժ Կանդիլիսը և ուրիշներ ստեղծել են  ճարտարապետական արժեքներ, որոնք մեծապես նպաստել են մշակութային առաջընթացին:
Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով:
 Հայկական ճարտարապետության հնագույն փուլն ընդգրկում է մ. թ. ա. IV–I հազարամյակները. պահպանվել են քարեդարյան անձավներ, պղնձեդարյան և բրոնզեդարյան բնակատեղիներ, դամբարանադաշտեր, մեգալիթյան կառույցներ, բերդշեներ, ժայռափորագրություններ: 
Հին փուլն ընդգրկում է կազմավորված հայկական պետականության ժամանակաշրջանի՝ մ. թ. ա. VI–III դարերի՝ ստրկատիրական կացութաձևի ճարտարապետությունը: Այդ ժամանակաշրջանը կարևորվում է հատկապես հայկական մշակույթի և Հայկական լեռնաշխարհում բնակվող այլ ցեղերի մշակույթների փոխառնչությամբ: Այս փուլի հիմնական պաշտամունքային կառույցները հեթանոսական մեհյաններն ու տաճարներն էին, որոնց տեղերում հետագայում կառուցվեց քրիստոնեական վաղ շրջանի շինությունների զգալի մասը: 
Վաղ միջնադարը (IV–VII դարեր) հիմնականում հայկական մոնումենտալ ճարտարապետության ազգային նկարագրի ձևավորման (IV–V դարեր) և հասունության ու կատարելության (VI–VII դարեր) շրջաններն են: 
Զարգացած միջնադարյան փուլը, ըստ ընդունված պարբերացման, ընդգրկում է IX դարի վերջից մինչև XIV դարը՝ IX–XI և XII–XIV դարերի ենթափուլերով: IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել քաղաքաշինությունը (Անի, Դվին, Կարս, Վան և այլն), ստեղծվել են վանական համալիրներ (Տաթև, Սևան, Գնդեվանք, Հոռոմոս, Խծկոնք, Հաղպատ, Սանահին և այլն): XII–XIV դարերում ընդլայնվել են եղած համալիրները, ստեղծվել նորերը, կատարելագործվել է քաղաքաշինական արվեստը, հարստացել են արտահայտչամիջոցները, շինարարական-կառուցվածքային հնարքները, կարևորվել է աշխարհիկ շենքերի (գրատուն, սեղանատուն, հյուրանոց-կարավանատուն), ճարտարագիտական և պաշտպանական կառույցների շինարարությունը, կազմավորվել են ճարտարապետական դպրոցներ Սյունիքում, Վասպուրականում, Գուգարքում, Արցախում և այլուր: 
Միջնադարյան հայկական ճարտարապետության վերջին փուլն ընդգրկում է XVII–XVIII դարերը. երևան են եկել նոր հատկանիշներ քաղաքաշինության և բնակարանային ճարտարապետության ոլորտներում, մասամբ պակասել են կառույցների մոնումենտալությունը, գեղարվեստական արտահայտչականությունը:
Նոր փուլի (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) ճարտարապետությանը բնորոշ են մերձեցումը ռուսական մշակույթին և քաղաքաշինության (Երևան, Ալեքսանդրապոլ, Գորիս, Նոր Բայազետ և այլն) զարգացումը՝ դասականության ու կանոնավոր հատակագծման սկզբունքների կիրառմամբ: Եթե միջնադարյան ճարտարապետության նախորդ փուլերում բնակավայրի դիմագիծը բնորոշողը պաշտամունքային կառույցների ճարտարապետությունն էր, ապա նոր փուլում առաջնային են դարձել քաղաքաշինությունը և ժողովրդական տան ճարտարապետությունը: 
Նորագույն փուլը խորհրդահայ ճարտարապետության շրջանն է՝ 1920–90 թթ., երբ գյուղական և քաղաքային բնակավայրերում ծավալվել է զանգվածային բնակարանաշինություն, կառուցվել են ուսումնական, մշակութային, կոմունալ-կենցաղային սպասարկման օբյեկտներ, հաղորդակցուղիներ (կոմունիկացիա) և ենթակառուցվածքներ, բարելավվել են բնակավայրերի սանիտարահիգիենային պայմանները, կարևորվել բնապահպանական խնդիրները:
Արդի փուլի (1990-ական թվականների սկզբից)՝ Հայաստանի երրորդ հանրապետության ճարտարապետությանը բնորոշ են որոշակի որակական փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, նոր շինանյութերի, կառուցվածքների ու տեխնոլոգիաների կիրառումը, ճարտարապետական ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի զուգադրումը:
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա: Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները: Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա: Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար): 
Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»: 
Պետականության բացակայության պայմաններում, նաև ճակատագրի բերումով, հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ, հայոց շինարվեստի ավանդույթները տարածելով նաև գաղթավայրերում:
   «Ճարտարապետությունը քարացած  երաժշտություն է»:
Ֆրիդրիխ Շլեգել, 
գերմանացի փիլիսոփա

   «Մեր կառուցած ամեն ինչը պետք է լինի օգտագործման համար պիտանի, դարերով ամուր և բոլոր դեպքերում՝ գրավիչ ու հաճելի»:
Լեոն Ալբերտի,
իտալացի ճարտարապետ
   «Անդրեյ Բելին առաջինը ցույց տվեց, որ Արևմուտքի ճարտարապետության նախաձևը հայկական եկեղեցին է եղել»:
Ֆյոդոր Աբրամով, 
ռուս գրող
   «Յուրաքանչյուր կառույցում պետք է հաշվի առնվեն երեք բան, առանց որոնց ոչ մի շենք չի կարող հավանության արժանանալ՝ օգտակարություն կամ հարմարավետություն, հարատևություն և գեղեցկություն»:
Անդրեա Պալլադիո, 
իտալացի գիտնական, ճարտարապետ
   1946 թ-ին Լոնդոնում հիմնադրվել է Ճարտարապետների միջազգային միությունը, որի որոշմամբ 1945 թ-ին սահմանվել է նաև Ճարտարապետության համաշխարհային օր (1996 թ-ից նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը):