Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ստեփանակերտ. 1988 թ.
Ստեփանակերտ. 1990 թ. 
Արթուր Մկրտչյան 
(1959–1992 թթ.) 
ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահը` 1992 թ-ի հունվարի 8-ից ապրիլի 14-ը (սպանվել է իր բնակարանում՝ չպարզված հանգամանքներում):
Փախստականներ (1990 թ.)
Մոնթե Մելքոնյանը և 
Քերոլայն Քոքսը Վանք գյուղում (ԼՂՀ Մարտակերտի շրջան)
Մի-24 ռազմական ուղղաթիռ
ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորները հարձակման դիրքերում
Շուշիի ազատագրման 
15-ամյակին նվիրված հուշամեդալ
Վերականգնված Տ-72 տանկը Շուշիի հուշահամալիրում (տեղադրվել է 2000 թ-ի մայիսի 9-ին)
Ցուցանակ ԼՂՀ սահմանին 
Ղարաբաղյան (Արցախյան) ազատագրական շարժումը հասարակական-
քաղաքական շարժում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման նպատակով:
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայությունը գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության տարիներին (1985–91 թթ.) վերստին օրակարգ է մտցրել 1921 թ-ից սկիզբ առած Մայր հայրենիքին վերամիավորվելու հիմնախնդիրը:

Մինչ այդ ՀԽՍՀ ղեկավարությունը (Գրիգոր Հարությունյանը՝ 1945 թ-ին, Անտոն Քոչինյանը և Գրիգոր Արզումանյանը՝ 1966 թ-ին) և Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը (1956 թ-ին) պարբերաբար դիմել են ԽՍՀՄ իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու խնդրանքով: Մասնավորապես, 1946–48 թթ-ի մեծ հայրենադարձության հետ կապված և հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել է ԽՍՀՄ ղեկավարությանը՝ փորձելով լուծել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու հարցը:
1988 թ-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ սահմանադրության, դիմել է Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին (ԳԽ)՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար: ՀԽՍՀ-ում սկսվել են արցախահայության հետ համերաշխության ելույթներ և ԽՍՀՄ-ում աննախադեպ՝ մինչև կեսմիլիոնանոց հանրահավաքներ ու ցույցեր (առաջին կազմակերպիչներից էր տնտեսագետ Իգոր Մուրադյանը): Այդ շարժմանն աջակցել են ճանաչված մտավորականներ Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Սերո Խանզադյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վիկտոր Համբարձումյանը և ուրիշներ: 
Սակայն ի սկզբանե Կենտրոնի դիրքորոշումը Ղարաբաղյան շարժման նկատմամբ բացասական էր. ազգային շարժումը կարող էր տարածվել նաև Միության մյուս հանրապետություններում, և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն փետրվարի 21-ի որոշումով արցախահայության պահանջը բնութագրել է «ազգայնամոլների» և «ծայրահեղականների» սադրանք: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները, Կենտրոնի թողտվությամբ, փետրվարի 27–29-ը Սումգայիթ քաղաքում (Բաքվից 25 կմ հյուսիս) կազմակերպել են հայ ազգաբնակչության ջարդ: Ադրբեջանի դատախազության տվյալներով՝ զոհվել է 27 հայ: Իրականում, սակայն, տանջամահ է արվել շուրջ 100 և վիրավորվել 300 հայ: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտցված խորհրդային զորքը միայն գիշերն է դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա կոտորածը: 
Կրեմլը Ղարաբաղյան հիմնախնդիրը փորձել է լուծել զուտ որպես սոցիալ-տնտեսական խնդիր. 1988 թ-ի մարտի 24-ին ԽՄԿԿ կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ-ին տրամադրվել է 400 մլն ռուբլի գումար, որը, սակայն, Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործել է հիմնականում ադրբեջանական բնակավայրերի զարգացման նպատակով:
Ղարաբաղյան շարժման առաջին օրերից ՀԽՍՀ ղեկավարությունը չի կարողացել ազդել իրադարձությունների ընթացքի վրա. 1988 թ-ի մայիսին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին փոխարինած Սուրեն Հարությունյանին նույնպես չի հաջողվել շարժումն ուղղորդել Կենտրոնի համար ցանկալի հուն:
1988 թ-ի փետրվարին ՀԽՍՀ-ում և Արցախում շարժումը ղեկավարելու և համակարգելու նպատակով Երևանում ստեղծվել է Կազմկոմիտե, իսկ մարտի սկզբին՝ Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ՝ «Ղարաբաղ» կոմիտեն, հանրապետության քաղաքներում և շրջաններում՝ տեղական «Ղարաբաղ» կոմիտեներ, իսկ ԼՂԻՄ-ում՝ «Կռունկ» կոմիտեն և «Միացում» կազմակերպությունը, որոնք էլ կազմակերպչական նոր ձև են տվել շարժմանը:
1988 թ-ի մարտին խորհրդային բանակի զորամասեր են մտցվել նաև Երևան, հայտարարվել է պարետային ժամ: 1988 թ-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ-ն, հակառակ կենտրոնական իշխանությունների դիրքորոշման, ժողովրդի ճնշմամբ, ընդառաջելով ԼՂԻՄ-ի մարզխորհրդի դիմումին, համաձայնություն է տվել մարզը ՀԽՍՀ-ի կազմի մեջ ընդգրկելուն և այդ հարցը լուծելու խնդրանքով դիմել է ԽՍՀՄ ԳԽ:
1988 թ-ի հուլիսի 18-ին Մոսկվայում հրավիրվել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստ, որին մասնակցել են նաև Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների ու ԼՂԻՄ-ի ներկայացուցիչները (ՀԽՍՀ-ից՝ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Համբարձումյանը, Վարդգես Պետրոսյանը, Հենրիկ Իգիթյանը, ԼՂԻՄ-ից՝ Հենրիկ Պողոսյանը): Խնդրանքը մերժվել է:
Ի պատասխան այդ մերժման՝ դեռևս մայիսին կազմավորված Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն (Վազգեն Մանուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան և ուրիշներ) կազմակերպել է համազգային գործադուլներ, որոնց նպատակը կենտրոնական իշխանությունների ուշադրությունը հայ ժողովրդի արդար պահանջի վրա բևեռելն էր և այն սահմանադրական եղանակով բավարարելը:
1988 թ-ի հոկտեմբեր-նոյեմբերին և 1989 թ-ի օգոստոսին տեղի ունեցած ՀԽՍՀ ԳԽ մասնակի ընտրություններում ՀԽՍՀ ԳԽ պատգամավորներ են ընտրվել Ղարաբաղյան շարժման ղեկավարներ Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ, որոնք զգալի ազդեցություն են ունեցել խորհրդարանի հետագա գործունեության վրա:
1988 թ-ի նոյեմբերի 24-ին ՀԽՍՀ ԳԽ արտահերթ նստաշրջանը որոշել է, որ այդուհետ Հայաստանում գործելու են ԽՍՀՄ միայն այն օրենքները, որոնք կարժանանան հանրապետության ԳԽ-ի հավանությանը: Կենտրոնը հակասահմանադրական և ապօրինի է համարել այդ նստաշրջանի որոշումները: Նույն գիշեր Երևանում մտցվել է արտակարգ դրություն (ԼՂԻՄ-ում այն գործում էր դեռևս սեպտեմբերից): Արգելվել են հանրահավաքները, ցույցերն ու գործադուլները: Ձերբակալվել են Շարժման ղեկավարներից մի քանիսը:
Ադրբեջանում սպառնալիքի տակ է դրվել հայ բնակչության ֆիզիկական գոյությունը: 1988 թ-ի գարնանը Կիրովաբադից (Գյանջա), Բաքվից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ այլ վայրերից հայ բնակչությանն արտաքսել են. բռնագաղթն ուղեկցվել է սպանություններով և կողոպուտով: 1988 թ-ի մարտ-դեկտեմբեր ամիսներին շուրջ 200 հզ. հայ հանգրվանել է Խորհրդային Հայաստանում, մի մասն էլ ապաստանել է ԽՍՀՄ տարբեր վայրերում, հատկապես Հյուսիսային Կովկասում:
Այդ նույն ժամանակ հայաստանաբնակ ադրբեջանցիներին կազմակերպված տեղափոխել են Ադրբեջան:
 Ղարաբաղյան շարժումը չթուլացավ անգամ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Ի պաշտպանություն ԼՂԻՄ-ի ինքնորոշման իրավունքի՝ հանդես եկան աշխարհահռչակ ֆիզիկոս Անդրեյ Սախարովը, նրա կինը՝ Ելենա Բոնները, ազգագրագետ Գալինա Ստարովոյտովան, բանաստեղծ Միխայիլ Դուդինը, գրող Անդրեյ Նույկինը և ուրիշներ:
1989 թ-ի հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության որոշմամբ դադարեցվել է ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի գործունեությունը: Վերացվել է նաև մարզկոմը՝ կուսակցական մարմինը: Ստեղծվել է Հատուկ կառավարման կոմիտե՝ ԽՄԿԿ կենտկոմի բաժնի վարիչ Արկադի Վոլսկու գլխավորությամբ. որոշ քայլեր են արվել ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի միջև տնտեսական ու մշակութային կապեր հաստատելու նպատակով: Սակայն Կոմիտեի կառավարման պայմաններում էլ Ադրբեջանը շարունակել է Ղարաբաղի շրջափակումը: 
ՀԽՍՀ բնակչության մեծ մասը բոյկոտել է պարետային ժամի պայմաններում 1989 թ-ի փետրվարին անցկացվող ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների ընտրությունները և շարունակել պայքարը Ղարաբաղյան շարժման ձերբակալված ղեկավարներին ազատելու համար: 1989 թ-ի ապրիլ-մայիսին նրանք ազատ են արձակվել: Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, հենվելով բնակչության քաղաքական ակտիվության վրա, ընդլայնել է իր ծրագիրը՝ աստիճանաբար առաջ մղելով անկախ պետականության վերականգնման խնդիրը, որի իրագործմանն էր ուղղված «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) հասարակական կազմակերպության գործունեությունը:
1989 թ-ի նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ ԳԽ-ն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում իրադրությունը նորմալացնող միջոցառումների մասին» որոշումը, ըստ որի՝ մարզը կառավարելու համար ստեղծվել է Հանրապետական կազմկոմիտե, որը գլխավորել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն: Կազմկոմիտեն հիմնականում վարել է մարզի ժողովրդագրական վիճակը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականություն, կազմակերպել ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի տարբեր շրջաններից հայ բնակչության տեղահանումն ու ակտիվիստների ձերբակալումները: 
1989 թ-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը (ընտրվել էր նույն թվականի օգոստոսի 16-ին) համատեղ որոշմամբ հռչակել են Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Ի պատասխան այդ որոշման՝ 1990 թ-ի հունվարին ադրբեջանական գրոհայինները զինված հարձակումներ են ձեռնարկել ՀԽՍՀ-ի սահմանի ամբողջ երկայնքով, սակայն հայ կամավորական և աշխարհազորային ջոկատները հակահարված են տվել նրանց:
ՀՀ ԳԽ 1990 թ-ի ընտրություններին մասնակցել է նաև արցախահայությունը: Ընտրական պայքարը հիմնականում ՀՀՇ-ի և ՀԿԿ-ի միջև էր:
1990 թ-ի օգոստոսի 4-ին հանրապետության նորընտիր խորհրդարանում ՀՀՇ-ի առաջադրած թեկնածուները մեծամասնություն են կազմել. ԳԽ նախագահ է ընտրվել ՀՀՇ վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով հայտարարվել է Հայաստանում անկախ պետականության վերահաստատման գործընթացի սկիզբը: ՀՀ նորընտիր իշխանությունների գլխավոր խնդիրներից էր Արցախին պետականորեն համակողմանի զորակցելը: Հակառակ դրան՝ Լեռնային Ղարաբաղում ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը, որ ենթարկվում էին Հանրապետական կազմկոմիտեին, կատարել են պատժիչ գործողություններ: 1991 թ-ի ապրիլ-օգոստոսին ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը, ադրբեջանական հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, իրականացրել են «Օղակ» պատժիչ-ահաբեկչական գործողությունը. հայաթափել են Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի և ԼՂԻՄ-ի 24 գյուղ: Զոհվել են հայկական ինքնապաշտպանական ջոկատների մարտիկներ Սիմոն Աչիքգյոզյանը, Թաթուլ Կրպեյանը (Հայաստանի Ազգային հերոս), Մարտիրոս Շահնազարյանը, Արթուր Կարապետյանը, Վալերի Նազարյանը, Զարզանդ (Հրաչ) Դանիելյանը և ուրիշներ:
1991 թ-ի մայիս-հունիսից մարզում սկսվել է հայ-ադրբեջանական ազգամիջյան պատերազմ: Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են նաև խորհրդային բանակում հմտացած գեներալներ Գուրգեն Դալիբալթայանը, Քրիստափոր Իվանյանը, Նորատ Տեր-Գրիգորյանը, Անատոլի Զինևիչը, Հրաչյա Անդրեասյանը և ուրիշներ: Զգալի ներդրում ունեն Արցախի և Հայաստանի կամավորական ջոկատներն ու 5-րդ կամավորական զորամիավորումը (հրամանատար՝ Մանվել Գրիգորյան, հետագայում՝ գեներալ-լեյտենանտ):
1991 թ-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ժողովրդական պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Այն ամրապնդվել է նույն թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով. Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին:
1992 թ-ից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգայնացվել է: 
1992 թ-ի մարտի 24-ին ԵԱՀԽ-ն ընդունել է որոշում Մինսկում կազմակերպվելիք խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու մասին: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 4 բանաձև է ընդունել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կոչ արել դադարեցնել պատերազմը: Ադրբեջանը, սակայն, ոչ միայն խափանել է հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԽ Մինսկի խմբի ջանքերը, այլև պաշտոնապես մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սաստկացրել ռազմական գործողությունները ողջ ռազմաճակատի երկարությամբ: Հատկապես ծանրացել է իրավիճակը մայրաքաղաք Ստեփանակերտում, որը մշտապես հրթիռահրետակոծվել է Խոջալուից, Շուշիից և Աղդամից:
1992 թ-ի ձմեռվանից ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը (ԻՊՈՒ) ձեռնարկել են թշնամու կրակակետերի ոչնչացումը: Փետրվարի վերջերին Խոջալուում վնասազերծվել են ադրբեջանական կրակակետերը: ԼՂՀ պաշտպանության նպատակով 1992 թ-ի մարտի 26-ին ստեղծվել է Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ)՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մայիսի 8–9-ի ռազմական գործողության շնորհիվ ԻՊՈՒ-ի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ ազատագրվել է Շուշին: Մայիսի 17–18-ին ազատագրվել են Բերդաձորի ենթաշրջանը, ապա՝ Լաչինը, և վերացվել է գրեթե հնգամյա շրջափակման օղակը: ՀՀ-ից սկսվել է սննդամթերքի, վառելանյութի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղ: 
Սակայն Ադրբեջանը 1992 թ-ի հունիսի 13–14-ին, որոշ արտաքին ռազմական աջակցությամբ, զավթել ու կողոպտել է Շահումյանի շրջանը, այնուհետև՝ Մարտակերտի շրջանի մեծ մասը: Ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով 1992 թ-ի օգոստոսի 15-ին ստեղծվել է Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ)՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ, որն իրականացրել է նաև գործադիր իշխանության գործառույթը: 1994 թ-ի դեկտեմբերին ԼՂՀ ԳԽ-ն Ռոբերտ Քոչարյանին ընտրել է հանրապետության նախագահ, իսկ 1996 թ-ի նոյեմբերին ընտրվել է համաժողովրդական ընտրությամբ:
1993 թ-ի գարնանը ԼՂՀ ազատամարտիկներն ազատագրել են Մարտակերտի շրջանի մեծ մասը: Շարունակելով հաղթական երթը՝ նույն թվականին ոչնչացրել են թշնամու ռազմահենակետերը Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլու, Կուբաթլուի, Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններում: 
Մարտերում նահատակվել են Լեոնիդ Ազգալդյանը, Սամվել Շահմուրադյանը, Յուրի Հովհաննիսյանը, Մուշեղ Մխոյանը, Աշոտ Ղուլյանը (Բեկոր, Արցախի հերոս), Յուրի Պողոսյանը (Հայաստանի Ազգային և Արցախի հերոս), Պետրոս Ղևոնդյանը (Արցախի հերոս), Վահագն Վարդևանյանը (Արցախի հերոս), Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդան), Արթուր Ղարիբյանը (Դուդուլ), Վլադիմիր Բալայանը, Մոնթե Մելքոնյանը (Ավո, Հայաստանի Ազգային և Արցախի հերոս) Շահեն Մեղրյանը, Տիգրան Սարգսյանը և շատ ուրիշներ:
Ադրբեջանը, մերժելով զինադադարի՝ Ռուսաստանի միջնորդությունը, 1993 թ-ի դեկտեմբերին ամբողջ ռազմաճակատով անցել է հարձակման: Նրանց բանակում կռվել են աֆղան վարձկաններ և ուրիշներ: 1994 թ-ի հունվար-մայիսին Պաշտպանության բանակի (ՊԲ, ԼՂՀ ԶՈՒ-ի անվանումը) հաջող գործողությունները ստիպել են Ադրբեջանի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար: 1994 թ-ի մայիսին Մոսկվայում Ադրբեջանը Ռուսաստանի առաջարկությամբ հարկադրված կնքել է զինադադար, որը պահպանվում է ցայսօր (2010 թ.):
Պատերազմի ընթացքում ազատագրվել է 12,4 հզ. կմ2 տարածք, և ԼՂՀ-ի շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, սակայն Ադրբեջանը ռազմակալել է Հյուսիսային Արցախը՝ ԼՂՀ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների արևելյան մասերը:
Զինադադարի կնքումով սկսվել է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ մինչև օրս ձգձգվող դիվանագիտական ու քաղաքական լարված պայքարը՝ բանակցությունների սեղանի շուրջ: 
ԼՂՀ անվտանգությունն ապահովում է ՊԲ-ն, որն ստեղծվել է 1993 թ-ի նոյեմբերի 10-ին՝ ԻՊՈՒ-ի վերակազմավորումով: ԼՂՀ ՊԲ առաջին հրամանատարը եղել է Սամվել Բաբայանը՝ 1993–99 թթ-ին (միաժամանակ՝ պաշտպանության նախարար), 2000–07 թթ-ին նույն պաշտոններում՝ գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը, 2007 թ-ից գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն է: 
Զինադադարից հետո շարունակաբար կատարելագործվում է ԼՂՀ պաշտպանական համակարգը, ստեղծվում են հակառակորդի հնարավոր գործողությունները չեզոքացնելու առավել արդյունավետ միջոցներ: Փորձագետների գնահատմամբ՝ ՊԲ-ն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ի զորու է պաշտպանելու ԼՂՀ անվտանգությունը և Ադրբեջանի ոտնձգությունները զսպող գործոն է:
ԼՂՀ անկախության ճանաչումը պետական մակարդակով հետամտում են ՀՀ ու ԼՂՀ իշխանությունները՝ միջազգային բանակցություններում: