Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Իվան III-ը պատռում է խանի հրովարտակը» 
(1862 թ., նկարիչ՝ Նիկոլայ Շուստով)
Մոնղոլական աշխարհակալ տերությունը գոյատևել է XIII դարից մինչև XIV դարի վերջին քառորդը: 
Հայաստանում մոնղոլական տիրապետությունը տևել է XIII դարից մինչև XIV դարի 2-րդ կեսը:

Մոնղոլական ցեղերը X–XI դարերում քոչվորական կյանք են վարել ներկայիս Մոնղոլիայի տարածքում և Արևելյան Սիբիրի հարավային շրջաններում: Առավել ուժեղ ցեղային միության անունով նրանք կոչվել են նաև թաթարներ: Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու մոնղոլական պետության հիմնադիրը Չինգիս խանն էր (1155–1227 թթ.): Նրա ստեղծած տերությունը ներառել է Մոնղոլիան, Հարավային Սիբիրը, Հյուսիսային Չինաստանը, Միջին Ասիան: Մայրաքաղաքը Կարակորումն էր (1235 թ.): Չինգիս խանից հետո մեծ խան ընտրված որդու՝ Հոքաթայի (Ուդեգեյ) օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են նաև Հյուսիսային Չինաստանը (1231–34 թթ.) և պատերազմ սկսել Կորեայի դեմ: 
1236 թ-ին մոնղոլական 150-հզ-անոց բանակը, Չինգիս խանի թոռ Բաթու խանի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի Բուլղարիա, նվաճել այն, 1237 թ-ին կռվել ալանների, ղփչաղների և Վոլգայի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ, 1237–40 թթ-ի ընթացքում նվաճել է Ռուսիայի իշխանությունները: 
1241 թ-ի գարնանը Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են Հունգարիա, պարտության մատնել հունգարական 60-հզ-անոց զորքին: Մոնղոլական մի այլ ջոկատ ներխուժել է Լեհաստան, պարտության մատնել լեհ-գերմանական աշխարհազորին: Արևելյան Չեխիա ներխուժած մոնղոլական առանձին ջոկատներ հետ են մղվել, 1241 թ-ի վերջին մոնղոլական ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից Ավստրիայի և Խորվաթիայի տարածքներով շարժվել է դեպի Ադրիատիկ ծով: 1242 թ-ին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը Բոսնիայի, Սերբիայի և Բուլղարիայի տարածքներով նահանջել է Կենտրոնական Եվրոպայից: Նույն թվականի վերջերին մոնղոլները վերադարձել են Վոլգայի ստորին հոսանքի տափաստանները, որտեղ հիմնել են մոնղոլական տերության արևմտյան ուլուսը (վարչական միավոր)՝ Ոսկե Հորդան (գոյատևել է մինչև 1502 թ.): Թեև ռուսական երկրները չեն մտել նրա կազմի մեջ, բայց ռուս իշխանները մոնղոլական խաների հարկատուներն էին և նրանցից հրովարտակ (յառլիկ) էին ստանում իշխանավարելու համար: 
1236–45 թթ-ին մոնղոլական զորքերը գրավել են Այսրկովկասը, Հայաստանը, Փոքր Ասիան՝ բացի Կիլիկիայի հայկական պետության և Նիկիայի կայսրության տարածքներից: Մանգու (Մունքե) մեծ խանի  օրոք նրա եղբայր Հուլավուն նվաճել է Իրանը, Միջագետքը (1256 թ.), 1258 թ-ին՝ Բաղդադը (կործանել է Արաբական խալիֆությունը), ներխուժել Ասորիք: Մեծ խան Խուբիլայի օրոք մոնղոլական արշավանքներն ուղղված էին Ասիայի արևելյան և հարավարևելյան երկրների դեմ: Դեռևս 1253 թ-ին մոնղոլները գրավել էին Տիբեթը: 
1267–79 թթ-ին նրանք նվաճել են Հարավային Չինաստանը, մինչև 1273 թ.՝ Կորեայի տարածքի մեծ մասը, 1274 և 1281 թթ-ին 2 անհաջող արշավանք ձեռնարկել Ճապոնիայի դեմ: Մոնղոլական և չինական զորքերը 1277, 1282, 1287 թթ-ի արշավանքներից հետո գրավել են Բիրման, սակայն 1291 թ-ին վտարվել են այնտեղից: Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները Վիետնամի վրա (1257–58, 1284–85, 1287–88 թթ.) անհաջողության են մատնվել: 
1300 թ-ին Բիրմա կատարած արշավանքով ավարտվել են մոնղոլական նվաճումները, որոնք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ: 1368 թ-ին մոնղոլները վտարվել են Չինաստանից: XIV դարի 2-րդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Այսրկովկասում, Հայաստանում, Միջին Ասիայում: 
XIV դարի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց:

Հայաստանը մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում

Մոնղոլներն առաջին անգամ Հայաստան և Այսրկովկաս են ներխուժել 1220 թ-ին՝ Ջեբե Նոյոն և Սուբեդեյ Բահաթուր զորավարների գլխավորությամբ: Մի քանի ճակտամարտերում (1220–22 թթ.) պարտության են մատնել հայ-վրացական միացյալ զորքին, ավերել Հայաստանի հյուսիսային, Վրաստանի հարավարևելյան շրջանները և հեռացել հյուսիս: Նրանց գլխավոր արշավանքը 1236 թ-ին էր. Հայաստան և Այսրկովկաս են ներխուժել 30-հզ-անոց բանակով՝ Չարմաղանի գլխավորությամբ, նվաճել են Հայաստանի հյուսիսարևելյան շրջանները և Արևելյան Վրաստանը: 
1242–45 թթ-ին մոնղոլները Բաչու Նոյինի ղեկավարությամբ նվաճել են Հայաստանի հարավարևմտյան նահանգները՝ չհանդիպելով կազմակերպված դիմադրության: Իշխանների մի մասը փախել է Վրաստան, իսկ մյուսները հպատակվել են մոնղոլներին՝ իրենց տիրույթները պահպանելու նպատակով: Նվաճողներին դիմադրել են Անիում, Կարինում, Երզնկայում, Կեսարիայում, Արցախում: 
Հայաստանի տարածքը սկզբնապես մտցվել է Ատրպատականի կուսակալության մեջ, որը բաժանված էր վարչական 5 միավորների՝ վիլայեթների՝ 1. Արևելյան Վրաստանի թագավորություն և Զաքարյանների ավատատիրական իշխանություն (Այրարատ, Սյունիք, Գուգարք, կոչվել են Գյուրջիստանի վիլայեթ), 2. Հայաստանի հարավարևմտյան նահանգներ՝ «Մեծ Հայք», 3. Շիրվան, 4. Առան և Մուղան, 5. Ատրպատական: 
Վիլայեթները կազմված էին ռազմավարչական առավել փոքր միավորներից՝ թումաններից: Հայաստանի հյուսիսարևելյան շրջանները ներառում էին Գյուրջիստանի վիլայեթի 8 թումանից 3-ը. այստեղ կառավարել են Զաքարյան տոհմի իշխանները, որոնք համարվել են մոնղոլների պետության ավատառուներ և վարչական կառույցի պաշտոնյաներ: «Մեծ Հայքի» վիլայեթի՝ արոտավայրերով հարուստ նահանգները մոնղոլները դարձրել են ամառանոցներ ու ձմեռանոցներ և որպես բաժնեկալվածք տվել մոնղոլ ավագանուն: Մյուս նահանգների տարածքների մի մասը պետականացվել է, մի մասն էլ շնորհվել խանական տան անդամներին: Նախալեռնային և լեռնային նահանգները, որտեղ քուրդ և սելջուկ իշխանները հպատակվել են մոնղոլներին, հանձնվել են նրանց տնօրինությանը:
«Մեծ Հայքի» վիլայեթի մեջ մտնող հայկական նախկին ավատատիրական իշխանություններից (Արծրունիներ և Մամիկոնյաններ) բեկորներ են պահպանվել Տավրոսի լեռնաշղթայի առանձին հատվածներում՝ Սասունում, Մոկքում, Ռշտունիքում, որոնք, ճանաչելով մոնղոլների գերիշխանությունը, պահպանել են իրենց ինքնուրույնությունը: 1256 թ-ին Հայաստանն ընդգրկվել է Հուլավուի հիմնած իլխանության (մոնղոլա-պարսկական պետություն) կազմում. բաժանված էր «Մեծ Հայքի» և Գյուրջիստանի վիլայեթների միջև: Հուլավուների մայրաքաղաքը նախ Մարաղան էր, ապա՝ Թավրիզը: Իլխանության կազմում էին Ատրպատականը, Պարսկաստանը, Վրաստանը, Ռումը և Իրաքը: 
Բռնազավթված երկրները տնտեսապես նվաճելու և տեղական խոշոր ավատատերերի տնտեսական հզորությունը թուլացնելու նպատակով մոնղոլները 1252–59 թթ-ին ողջ կայսրությունում (Հայաստանում՝ 1254 թ-ին) անցկացրել են աշխարհագիր՝ մարդկանց, անշարժ և շարժական ունեցվածքի, անասունների հաշվառում: Մինչև Ղազան խանի (1259–1304 թթ.) բարեփոխումները գոյություն չի ունեցել միասնական հարկման չափ, որը և կամայականությունների ու չարաշահումների տեղիք է տվել: Հայաստանի վիճակը վատթարացել է XIV դարի սկզբին, երբ մոնղոլներն ընդունել են մահմեդականություն և ուժեղացրել հարկային ու կրոնական ճնշումները: 
Հայկական իշխանությունների՝ Զաքարյանների, Վաչուտյանների, Խաղբակյան-Պռոշյանների, Օրբելյանների, Արծրունիների, Հասան-Ջալալյանների և մյուսների դերը XIV դարի սկզբից քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է: Հայ իշխանական տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին: Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվել են հայրենիքից: Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ Անին, Կարսը, Դվինը և այլն, XIII դարի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը: 
Հայ և վրաց իշխանները 2 անգամ (1249, 1259–61 թթ.) ապստամբել են մոնղոլական լուծը թոթափելու համար, սակայն անհաջող: Մոնղոլները դաժան հաշվեհարդար են տեսել ապստամբների և նրանց ղեկավարների՝ հայ իշխաններ Զաքարե Զաքարյանի, Հասան-Ջալալի, Վրաց Գոնդա թագուհու և ուրիշների հետ:
XIII դարի 90-ական թվականներից իլխանությունում սկսվել է քաղաքական և տնտեսական ճգնաժամ, իսկ 1344 թ-ին այն դադարել է գոյություն ունենալուց:
Մոնղոլական քոչվորական ավատատիրական տնտեսաձևի տիրապետությունը տևական ժամանակ կասեցրել է Հայաստանի հասարակական-տնտեսական և մշակութային զարգացումը:
Մոնղոլների մասին եզակի տեղեկություններ է հաղորդում պատմիչ Կիրակոս Գանձակեցին: 1236 թ-ին մոնղոլները գերել են պատմագրին. նրանց բանակում եղել է թարգմանիչ ու գրագիր: 1255 թ-ին Նիգ գավառի Վարդենիս գյուղում Գանձակեցին հանդիպել է Քուրդ իշխանի տանն իջևանած Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ին և գրառել նրա հայտնած տեղեկությունները: Վերջինս վերադառնում էր Կարակորումից, որտեղ Մանգու մեծ խանի հետ կնքել էր (1254 թ.) պայմանագիր:
Մոնղոլական մեծ խաների գահացանկը
Չինգիս խան (1206–27 թթ.), Հոքաթա (Ուգեդեյ, 1229–41 թթ.), Գույուք (1246–48 թթ.), Մանգու (Մունքե, 1251–59), Խուբիլայ (1260–97 թթ.):