Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ֆրեյդ Զիգմունդ
1856 թ., ք. Ֆրեյբերգ, Ավստրո-Հունգարիա (այժմ՝ ք. Պրշիբոր՝ 
Չեխիայում)
1939 թ., Լոնդոն
Զ. Ֆրեյդի կիսանդրին Վիեննայի համալսարանում 
(2006 թ., քանդակագործ՝ Պոլ Քյոնիգսբերգեր)
Զիգմունդ Ֆրեյդի պատկերով ավստրիական մետաղադրամ 
Հոգեբույժ, նյարդաբան ու հոգեբան Զիգմունդ Ֆրեյդը հոգեվերլուծության 
և նյարդային խանգարումների բուժման հոգեվերլուծական մեթոդի 
հիմնադիրն է: Մարդու հոգեկան կառուցվածքի մասին
նրա տեսությունը կոչվում է ֆրեյդիզմ:

Զիգմունդ Ֆրեյդը (Ֆրոյդ) ծնվել է հրեա բրդավաճառի ընտանիքում:
Ֆրեյդն ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1876– 1882 թթ-ին աշխատել է Վիեննայի ֆիզիոլոգիայի ինստիտուտում (1881 թ-ից՝ բժշկագիտության դոկտոր), 1882 թ-ից՝ կենտրոնական հիվանդանոցում: 1885 թ-ից դասավանդել է Վիեննայի համալսարանում (1902 թ-ից՝ պրոֆեսոր): 1885–86 թթ-ին Փարիզի Սալպետրիեր կլինիկայում աշակերտել է հայտնի նյարդաբան-հոգեբան Ժան-Մարտեն Շարկոյին, մասնագիտացել նաև հոգեախտաբանության մեջ: 
Գործունեության վաղ շրջանում Ֆրեյդն զբաղվել է գլխուղեղի անատոմիական կառուցվածքի, ֆիզիոլոգիական գործառույթների տեղորոշման, խոսքի խանգարումների և այլ խնդիրների ուսումնասիրությամբ: Նա առաջիններից է հայտնաբերել (1884 թ.) կոկաինի ցավազրկող հատկությունը՝ խթանելով տեղային անզգայացման մասին տեսության զարգացումը:
 1890-ական թվականներին հոգեբույժների ֆրանսիական դպրոցի, հատկապես Ժան-Մարտեն Շարկոյի ազդեցությամբ Ֆրեյդն զբաղվել է նյարդային խանգարումների (հիստերիա, վախ, ատելություն և այլն) ուսումնասիրությամբ և բուժմամբ: 1895 թ-ին հոգեբույժ Յոզեֆ Բրեյերի հետ հրատարակել է «Հիստերիայի հետազոտությունը» աշխատությունը, ըստ որի՝ հիստերիայի ախտանշանների առաջացման պատճառը նրանց ծնող իրավիճակի մասին պահպանված (ճնշված) հիշողություններն են, և հիվանդությունը կարելի է բուժել հիպնոսի օգնությամբ՝ կատարսիսի (մաքրագործում) միջոցով: 
Ավելի ուշ Ֆրեյդը հրաժարվել է հիպնոսից, 1895 թ-ին առաջադրել է նևրոզների բուժման հոգեվերլուծական իր եղանակը. առաջինը նա է օգտագործել «հոգեվերլուծություն» եզրույթը: 
Ըստ Ֆրեյդի՝ մարդու հոգեկանը կազմված է 3 բաղադրիչից՝ Այն (Իդ), Ես (Էգո) և Գեր-Ես (Սուպեր-Էգո): «Այն»-ը անգիտակցական (գիտակցականի սահմաններից դուրս գոյություն ունեցող) հակումներն են, «Ես»-ը իրականության սկզբունքն է, «Գեր-Ես»-ը ձևավորվում է, երբ մարդը յուրացնում է հասարակական (սոցիալական) նորմերը: Վերջինս նույնպես հոգեկանի վրա ազդում է անգիտակցականի շրջանակներում՝ առաջացնելով խղճի և մեղքի չգիտակցված զգացողություն: Ըստ Ֆրեյդի՝ անգիտակցականի դրսևորումները մշտական հակադրության մեջ են իրականության սկզբունքի հետ, որին հարմարվում է գիտակցականը: Նա պարզել է, որ հոգեխեղող իրադրությունները, կարճատև բուռն հուզումները (աֆեկտ), արգելված սեռական հակումներն ու ցանկությունները (լիբիդո) գիտակցականից արտամղվում են անգիտակցականի ոլորտը, որտեղ, հաճախ՝ քողարկված, որպես նյարդային խանգարման ախտանշաններ, շարունակում են ակտիվորեն ներգործել հոգեկանի վրա, դառնում նևրոզների, երազների մեջ հայտնվող խորհրդանշանների, տարօրինակ արարքների, լեզվական սայթաքումների պատճառ:
1897 թ-ից Ֆրեյդը հատուկ ուշադրություն է դարձրել երազների մեկնաբանությանը: 1900 թ-ին տպագրած «Երազատեսության մեկնաբանությունը» աշխատության մեջ պարզաբանել է երազների տեսակները, նրանց կապը հիշողությունների, տպավորությունների, առօրյա մտքերի ու ապրումների, նյարդային հիվանդությունների ախտանշանների հետ: 
1905 թ-ին լույս է ընծայել «Սրամտությունը և նրա առնչությունն անգիտակցականի հետ» երկը, որտեղ որպես նևրոզների պատճառ դիտարկել է սեռական խնդիրների առկայությունը: 
1908 թ-ին Ֆրեյդը Յոզեֆ Բրեյերի և հոգեբան Կարլ Յունգի հետ հրատարակել է «Հոգեվերլուծական և հոգեախտաբանական հետազոտությունների տարեգիրքը», 1910 թ-ին հիմնել է Միջազգային հոգեվերլուծական ընկերակցությունը: Նույն թվականին Ֆրեյդին հրավիրել են Ամերիկա՝ Կլարկի համալսարանում  (Մասսաչուսեթսի նահանգ) դասավանդելու, որտեղ նրա աշխատությունները թարգմանվել են անգլերեն. հոգեվերլուծության տեսության հանդեպ հետաքըրքրությունն է՜լ ավելի է մեծացել:
Հետագա տարիներին Ֆրեյդը լույս է ընծայել «Լեոնարդո դա Վինչիի վաղ շրջանի հիշողություններից մեկը» (1910 թ.), «Տոտեմ և տաբու» (1913 թ.), «Զանգվածների հոգեբանությունը և մարդկային «Եսի» վերլուծությունը» (1921 թ.), «Ես» և «Այն» (1923 թ.) և այլ աշխատություններ, որտեղ քննարկել է անգիտակցականի զանազան դրսևորումները: 
Ֆրեյդն անդրադարձել է նաև գործնական բժշկության բազմաթիվ կարևոր հարցերի, հրատարակել մենագրություններ կրոնի ու մշակութային հիմնախնդիրների մասին:
1938 թ-ին, երբ ֆաշիստական Գերմանիան բռնազավթել է Ավստրիան, Ֆրեյդը տարագրվել է Անգլիա: 
Ֆրեյդի գաղափարները միանշանակ չեն ընդունվում. կողմնակիցների կարծիքով` դրանք դարձել են համաշխարհային գիտամշակութային ժառանգության մաս և մեծ ազդեցություն թողել հոգեբուժության զարգացման վրա, իսկ հակառակորդները հիմնականում մերժում են:

   «Մարդը հզոր է այնքան ժամանակ, քանի դեռ զինված է ուժեղ գաղափարով»:
   Զիգմունդ Ֆրեյդ
   Իր վերջին՝ «Հոգեվերլուծության ակնարկ» գրքում ապագա հնարավոր քննադատների համար Ֆրեյդը գրել է. «Հոգեվերլուծության տեսությունը հիմնված է բազմաթիվ դիտարկումների ու փորձերի վրա: Միայն նա, ով այդ փորձարկումները կկրկնի իր և ուրիշների վրա, կարող է դրա մասին ինքնուրույն դատողություն անել»:
   Երբ 1933 թ-ին ֆաշիստները Բեռլինում այրել են Ֆրեյդի շատ գրքեր, նա ցավով ասել է. «Ինչպիսի՛ առաջընթաց: Միջնադարում ինձ կայրեին, այժմ բավարարվում են միայն իմ գրքերն այրելով»: