 | Շահամիրյան Շահամիր 1723 թ., ք. Նոր Ջուղա, Պարսկաստան 1797 թ., ք. Մադրաս, Հնդկաստան |
 | «Որոգայթ փառաց»-ի տիտղոսաթերթը |
Շահամիր Շահամիրյանն ազգային-ազատագրական շարժման գործիչ է, հայ բուրժուալուսավորական գաղափարախոսության հիմնադիրը: Նրա «Որոգայթ փառաց» (1773 թ.) երկը սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն է աշխարհում:
Շահամիր Շահամիրյանը Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից և հաստատվել Մադրաս քաղաքում: Նախ դերձակություն է արել, ապա զբաղվել է առևտրով և մեծ հարստություն կուտակել: Նրա հայացքների ու գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մադրասում հաստատված հայ ազատագրական ու լուսավորական գործիչ Մովսես Բաղրամյանը: Շահամիրյանը 1771 թ-ին հիմնադրել է հայկական տպարան, որտեղ 1772 թ-ին լույս է ընծայել հայ առաջին հրապարակախոսական գիրքը՝ Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի հորդորակ» աշխատությունը, ապա իր շարադրած «Որոգայթ փառաց» երկը՝ որդու՝ Հակոբի անունով: Իսկ 1783 թ-ին տպագրել է Մադրասի հայերի ինքնավարության, որի իրավունքն ինքն է ձեռք բերել, կանոնադրությունը՝ «Տետրակ որ կոչի նշավակ»: Շահամիրյանը կապեր է հաստատել հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոնների հետ: Ձգտել է շարժման մեջ ներգրավել Վրաց Հերակլ II թագավորին՝ համարելով, որ հայ-վրացական ռազմական դաշինքն ամուր հենարան է Այսրկովկասը թուրք-պարսկական նվաճողներից ազատագրելու և պաշտպանելու համար: Որպես հայ-վրացական դաշինքի խորհրդանշան՝ Շահամիրյանը Հերակլ II-ին ուղարկել է իր պատրաստած ոսկե շղթայով ու թանկարժեք քարերով ագուցված շքանշանը: Հետագայում հասկանալով, որ հայ-վրացական ուժերը, առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական օգնության, անկարող են ազատագրել և ապահովել Հայաստանի ու Վրաստանի տևական անկախությունը, կապեր է հաստատել ռուսական արքունիքի, ինչպես նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի և ուրիշների հետ: 1780-ական թվականներին, երբ ռուսական արքունիքը ծրագրում էր արշավել Այսրկովկաս, Շահամիրյանը Ռուսաստանի և ապագա հայկական պետության հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում ստեղծվելիք կարգերի մասին դաշնագրի նախագիծ է ներկայացրել արքունիքին, ըստ որի՝ ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեին հանրապետական կարգեր:
|