Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մանդելշտամ Օսիպ
1890 թ., Վարշավա, 
Լեհաստան
1938 թ., Վտորոյա Րեչկա կալանավայր (Վլադիվոստոկի մոտ), Ռուսաստան
Օսիպ Մանդելշտամի 
հուշարձանը Վորոնեժում (2008 թ., քանդակագործ` Լազար Գադաև)
Բանաստեղծ, արվեստի տեսաբան ու թարգմանիչ Օսիպ Մանդելշտամի պոեզիան ռուս գրականության բարձրագույն նվաճումներից է: 

Օսիպ Մանդելշտամը 1907 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Տենիշևյան ուսումնարանը, 1907–10 թթ-ին սովորել է Սորբոնի և Հայդելբերգի, 1911 թ-ին՝ Սանկտ Պետերբուրգի համալսարաններում: Տպագրվել է 1910 թ-ից: Վաղ շրջանի բանաստեղծություններում նկատելի է սիմվոլիզմի ազդեցությունը: Այնուհետև, մերժելով սիմվոլիստներին, դարձել է XX դարի սկզբին ռուս գրականության մեջ հայտնի ակմեիստական (այս հոսանքի ներկայացուցիչները գերադասում էին կյանքի ռեալիստական պատկերումը) գրական ուղղության հիմնադիրներից: Ըստ Մանդելշտամի՝ պոեզիան պետք է արտացոլի միայն ճշմարտացին ու իրականը: 
1913 թ-ին հրատարակել է «Քար», 1922 թ-ին՝ «Tristia» («Երկրորդ գիրք» վերնագրով՝ 1923 թ-ին) բանաստեղծությունների ժողովածուները: 
Մանդելշտամը Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917 թ.) ընդունել է հուզականությամբ. անցյալը համարել է անձեռնմխելի, որը պետք է պահպանել, իսկ ներկան` արտահայտել նորովի («Խոսք մշակույթի մասին», «Խոսք բնության մասին», ակնարկներ):
1918–21 թթ-ին Մանդելշտամն աշխատել է մշակութալուսավորական հիմնարկներում, եղել Ղրիմում և Վրաստանում: 1922 թ-ին վերադարձել է Մոսկվա: Չի մասնակցել այդ թվականներին բավական հայտնի գրական խմբավորումների տեսական բանավեճերին: Դա էլ պատճառ է դարձել հասարակությունից նրա մեկուսացման: 1921–25 թթ-ին գրած բանաստեղծություններում ավելի ցայտուն են դրսևորվել բանաստեղծի մերժվածության և միայնության թեմաները: Պատասխանելով իր դեմ ուղղված մեղադրանքներին՝ ընդգծել է, որ «հեղափոխությանը բերած իր պարգևներն ընդունելի չեղան» («Սևահող», «Բանաստեղծություններ անհայտ զինվորի մասին»): Գրողը հրատարակել է նաև «Ժամանակի աղմուկը» (1925 թ.) ինքնակենսագրական պատմվածքների և «Բանաստեղծություններ» (1928 թ.) ժողովածուները, «Եգիպտական մակնիշ» (1928 թ.) վիպակը:
Մանդելշտամը Միջագետքը, Հայաստանն ու Անդրկովկասը համարել է քաղաքակրթության օրրաններ: Նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի և հայ մշակույթի հանդեպ: 1930 թ-ի մայիսից մինչև նոյեմբեր եղել է Հայաստանում (այցելել է պատմաճարտարապետական հուշարձաններ ու կոթողներ), այդ թվում՝ Շուշիում, որի հայ բնակչությունը կոտորվել էր 1919–20 թթ-ի ջարդերի ժամանակ: Լքված ու ավերված Շուշին ծանր տպավորություն է թողել բանաստեղծի վրա, որն էլ արտացոլվել է նրա «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» էսսեների (1933 թ.) ժողովածուի մեջ. բանաստեղծը խորհրդածում է նաև պատմության, լեզուների, լուսավորականության, ֆրանսիական իմպրեսիոնիզմի շուրջ: Այդ տարիներին մտերմացել է Եղիշե Չարենցի, Աշոտ Հովհաննիսյանի, Արտաշես Կարինյանի և ուրիշների հետ: Հայաստանյան ուղևորությունից հետո Մանդելշտամը գրել է բանաստեղծությունների (13) շարք (1931 թ.)՝ նվիրված հայ ժողովրդին, հայոց լեզվին ու մշակույթին, Հայաստանի պատմությանը և եվրոպական մշակույթի վրա նրա ազդեցությանը,  1935–37 թթ-ին` բանաստեղծությունների վորոնեժյան շարքը (տպագրվել է 1965–66 թթ-ին), որտեղ «փնտրել է ժողովրդի սիրտը տանող ճանապարհները»:
Մանդելշտամը գրել է նաև գրականագիտական և արվեստի տեսությանը նվիրված արժեքավոր հոդվածներ («Բառ և մշակույթ», «Խոսք բնության մասին», երկուսն էլ՝ 1928 թ.), էսսեներ («Զրույցներ Դանտեի մասին», 1933 թ.), ուսումնասիրություններ՝ նվիրված Պյոտր Չաադաևին, Ֆրանսուա Վիյոնին, Անդրե Մարի Շենիենին, թարգմանել է Վալտեր Սկոտի, Շառլ դը Կոստերի, Ռոբերտ Ստիվենսոնի և ուրիշների ստեղծագործություններից:
Անհատի պաշտամունքի տարիներին Մանդելշտամը հալածվել է. առաջին անգամ ձերբակալվել է 1933 թ-ին: Մահացել է երկրորդ ձերբակալությունից (1938 թ.) հետո՝ բանտում: 
Վլադիվոստոկում և Վորոնեժում կանգնեցվել են նրա հուշարձանները:

   «Հայաստանը Երկրի գիրքն է .... նրանով սովորել են առաջին մարդիկ»:
Օսիպ Մանդելշտամ

   «Մանդելշտամի խելահեղ սիրահարվածությունը Հայաստանին վկայում է նրա անմահ բանաստեղծությունների շարքը»:
Աննա Ախմատովա, 
ռուս բանաստեղծուհի