Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բեյրութի Մելանքթոն և Հայկ Արսլանյան 
ճեմարանի շենքը (Լիբանան)
Վենետիկի Մուրատ-
Ռափայելյան վարժարանի շենքը (Իտալիա) 
Նիկոզիայի Մելգոնյան կրթական հաստատության շենքը (Կիպրոս)
Նիսի Պարսամյան 
վարժարանի շենքը 
(Ֆրանսիա)
Մանկավարժությունը գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափությունների, կրթության, ուսուցման և դաստիարակության 
ձևերի, մեթոդների ու բովանդակության մասին:

Մանկավարժության հիմնական հասկացություններն են՝ 
– անձի ձևավորումը՝ ինչպես նպատակաուղղված գործողությունների, այնպես էլ շրջապատի՝ հաճախ հակասական ազդեցության ներքո, 
– դաստիարակությունը՝ ընտանիքի, տարբեր կազմակերպությունների համատեղ ջանքերով աշխարհայացքի ձևավորումը, աշխատանքային, մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական դաստիարակությունը, 
– կրթությունը՝ գիտելիքների յուրացման ընթացքն ու արդյունքները, հմտությունների ու կարողությունների մշակումը, 
– ուսուցումը՝ մարդուն կրթելու անընդմեջ գործընթացը՝ գիտելիքների հաղորդումը և յուրացումը:
Մանկավարժության բաժիններն են ընդհանուր մանկավարժությունը (ենթաբաժիններն են դիդակտիկան՝ կրթության ու ուսուցման տեսությունը, և դաստիարակության տեսությունը), դպրոցավարությունը, բուհական մանկավարժությունը, մանկավարժության պատմությունը, սոցիալական մանկավարժությունը, համեմատական մանկավարժությունը, զինվորական մանկավարժությունը, ուղղիչ-աշխատանքային մանկավարժությունը (զբաղվում է դատապարտյալների վերադաստիարակության հարցերով) և հատուկ մանկավարժությունը (ենթաբաժիններն են օլիգոֆրենոմանկավարժությունը, սուրդոմանկավարժությունը, տիֆլոմանկավարժությունը, որոնք զբաղվում են, համապատասխանաբար, մտավոր թերզարգացած և լսողական ու տեսողական խանգարումներով երեխաների դաստիարակությամբ և ուսուցմամբ, ինչպես նաև լոգոմանկավարժությունը, որն զբաղվում է խոսքի զարգացման անկանոնության շտկման ու վերացման խնդիրներով):
Դեռևս անտիկ շրջանում Դեմոկրիտի, Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի փիլիսոփայական աշխատություններում կարևոր տեղ է հատկացվել դաստիարակության հարցերին. Հին Հունաստանում և Հին Հռոմում փիլիսոփայության ուսուցմանը զուգահեռ կարևորվել է մտավոր, հոգեկան ու ֆիզիկական դաստիարակության համակարգը: 
Վաղ միջնադարում ուսուցումն ու դաստիարակությունն ունեին հիմնականում հոգևոր-կրոնական բովանդակություն: XIV–XVI դարերում մի շարք առաջադեմ մտածողներ փորձել են մարդու միտքը ձերբազատել կրոնական դոգմաներից: Այս շրջանի հումանիստների (Թոմաս Մոր, Տոմազո Կամպանելլա, Էրազմ Ռոտերդամցի, Ֆրենսիս Բեկոն, Ֆրանսուա Ռաբլե, Միշել Մոնտեն և ուրիշներ) աշխատություններում արծարծվել են մարդու բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման խնդիրները՝ հիմնված անտիկ աշխարհի ժառանգության և զարգացող գիտական մտքի վրա: Ավելի ուշ չեխ մտածող Յան Կոմենսկին ստեղծել է մանկավարժական կուռ համակարգ: «Մեծ դիդակտիկա» (1633–38 թթ.) աշխատության մեջ հիմնավորել է մարդուն մինչև կյանքի վերջը կրթելու գաղափարը և կարևորել գրքի՝ կրթության հիմնական միջոցի ստեղծման անհրաժեշտությունը:
XVIII–XIX դարերում մանկավարժական մտքի զարգացման վրա նկատելիորեն ազդել են Կլոդ Հելվեցիուսը, Դենի Դիդրոն, Ժան-Ժակ Ռուսոն, Իմանուիլ Կանտը, Յոհան Ֆիխտեն, Գեորգ Հեգելը և ուրիշներ: Շվեյցարացի մանկավարժ Յոհան Պեստալոցցին ուսուցման ու դաստիարակության տեսությունը կառուցել է հոգեբանության տվյալների հիման վրա: Ըստ գերմանացի մանկավարժ Ֆրիդրիխ Դիստերվեգի՝ կրթության գործընթացը կազմակերպելիս պետք է հաշվի առնել տվյալ երկրի ու ժողովրդի մշակույթը, պատմությունը, տնտեսական առանձնահատկությունները: Այդ շրջանում հրապարակվել են գերմանացի փիլիսոփա, հոգեբան և մանկավարժ Յոհան Հերբարթի պահպանողական հայացքները, մասնավորապես՝ դաստիարակության գործընթացում պատժամիջոցների կիրառումը:
Ռուսաստանում մանկավարժության՝ որպես առանձին գիտության, ձևավորումը կապված է Կոնստանտին Ուշինսկու անվան հետ, որի հայացքների ազդեցությամբ ու նրա հետևորդների (Նիկոլայ Պիրոգով, Լև Տոլստոյ, Վլադիմիր Ստոյանին և ուրիշներ) գործունեության շնորհիվ ռուս մանկավարժական միտքը զարգացել է նորովի:
Խորհրդային իշխանության տարիներին մեծ տեղ է տրվել դաստիարակության մարքս-լենինյան (կոմունիստական) տեսությանը: Դպրոցն անջատվել է եկեղեցուց, ստեղծվել է կրթության և ուսուցման միասնական պետական համակարգ, մշակվել է անգրագիտության վերացման ծրագիր: Այս շրջանում իրենց գործունեությամբ աչքի են ընկել Նադեժդա Կրուպսկայան, Անատոլի Լունաչարսկին, Անտոն Մակարենկոն, Վասիլի Սուխոմլինսկին և ուրիշներ: 
1920-ական թվականներին միութենական բոլոր հանրապետություններում ստեղծվել է մանկավարժական գիտահետազոտական հիմնարկների ցանց, որոնց միավորել է ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիան: Հրատարակվել են բազմաթիվ աշխատություններ, թերթեր, ամսագրեր (ՀԽՍՀ-ում՝ «Սովետական մանկավարժ»՝ 1926 թ-ից, «Սովետական դպրոց»՝ 1939 թ-ից, և այլն), լույս են տեսել «Մանկավարժական բառարանը» (2 հատոր, 1960 թ.), «Մանկավարժական հանրագիտարանը» (4 հատոր, 1964–68 թթ.): ԽՍՀՄ-ում մանկավարժական կադրեր է պատրաստել մոտ 200 բուհ (ՀԽՍՀ-ում՝ 4):
Հին Հայաստանում երեխաները դաստիարակվել են հիմնականում ընտանիքում, նաև աշխատանքի ընթացքում, դաստիարակչական նշանակություն են ունեցել հրապարակային հանդիսությունները, ծեսերը, մարզական խաղերը, ավանդույթները: Հելլինիզմի շրջանում բացվել են աշխարհիկ ու պետական դպրոցներ, որտեղ երեխաներն ստացել են մտավոր և ռազմաֆիզիկական դաստիարակություն:
Հայ ժողովրդի համար բախտորոշ էր գրերի գյուտը, որին հաջորդել է լուսավորական շարժումը: Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում հիմնել է դպրոցներ, որտեղ էլ զարգացել է հայ մանկավարժական միտքը:
V–VII դարերի հայ պատմագիրների ու փիլիսոփաների աշխատություններում առկա են մանկավարժական փորձի իմաստավորման ու դրսևորման առաջին քայլերը, տեղեկություններ կան ժամանակի լուսավորական շարժումների, դպրոցների հիմնադրման, ուսուցման, մանկավարժական մտքի զարգացման մասին: Այդ առումով ուշագրավ են Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրության», Անանիա Շիրակացու «Քննիկոն» և այլ աշխատություններ:
X–XV դարերում ստեղծված ուսումնագիտական կենտրոնները, բարձր տիպի դպրոցները հող են նախապատրաստել մանկավարժական գիտելիքների տեսական ընդհանրացումների համար: Այդ ամենն արտացոլվել է ժամանակի անվանի գիտնականների աշխատություններում, րաբունապետների գործունեության մեջ: Ֆրենսիս Բեկոնից և Յան Կոմենսկուց ավելի քան 400 տարի առաջ Հովհաննես Սարկավագը կարևորել է փորձը՝ այն համարելով իմաստնության աղբյուր և ճշգրտման միջոց: Միջնադարում հայ մանկավարժական մտքի զարգացմանը մեծապես նպաստել են Հովհաննես Երզնկացին, Գրիգոր Տաթևացին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Ներսես Մշեցին, Ստեփանոս Օրբելյանը, Եսայի Նչեցին, Հովհաննես Որոտնեցին, Սիմեոն Ջուղայեցին, Մխիթար Սեբաստացին և ուրիշներ:
Հայ մանկավարժական միտքն առավել զարգացել է XVIII–XIX դարերում: Այս շրջանի անվանի մանկավարժ-մտածողներն սկզբունքորեն մերժում էին ուսուցման ընթացքում պատժամիջոցների կիրառման «տերթոդիկյան» ձևը (կապված էր ծխական դպրոցի վարժապետ տեր Թոդիկի անվան հետ): Հարություն Ալամդարյանը և Մեսրոպ Թաղիադյանն իրենց կրթական ծրագրերում լայնորեն օգտագործել են եվրոպական մանկավարժության առաջադիմական մեթոդները: Հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանն իր մանկավարժական գրքերում զարգացրել է այն միտքը, թե հարկավոր է ձերբազատվել սխոլաստիկ օրենքներից, մեռած (գրաբար) լեզվով դասավանդումից և ուսուցանել կենդանի խոսքով, զննական միջոցներով՝ մանկան մտավոր կարողություններին ու ժամանակի պահանջներին համապատասխան: Դպրոցի ժողովրդականացմանը և աշխարհաբարը կրթական լեզու դարձնելուն նշանակալիորեն նպաստել են Ղազարոս Աղայանի կազմած «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը` 1–4-րդ դասարանների համար, Առաքել Բահաթրյանի, Սեդրակ Մանդինյանի, Սարգիս Բեկ-Նազարյանի մանկավարժական աշխատությունները:
XIX դարի 2-րդ կեսին Միքայել Նալբանդյանի և Հարություն Սվաճյանի ջանքերով ձևավորվել է հայ ժողովրդավարական մանկավարժական ուղղությունը: Նալբանդյանը լուսավորությունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը: Այդ շրջանում բուռն զարգացում է ապրել նաև արևմտահայ մանկավարժական միտքը՝ ի դեմս նշանավոր գործիչներ Նահապետ Ռուսինյանի, Նիկողայոս Զորայանի, Սերովբե Վիչենյանի, Ռեթեոս Պերպերյանի, Սիպիլի, Սրբուհի Տյուսաբի և ուրիշների:
Հետեղեռնյան շրջանում սփյուռքահայ բազմաթիվ կրթօջախներ և նշանավոր մանկավարժ-մտավորականներ (Հովհաննես Հինդլյան, Երվանդ Քասունի և ուրիշներ) զգալի ջանքեր են գործադրել հայապահպանման և Սփյուռքում ազգային մանկավարժության ավանդույթների զարգացման համար:
Խորհրդային շրջանում մանկավարժական գործունեությամբ առավելապես աչքի են ընկել Հովհաննես Տեր-Միրաքյանը, Գուրգեն Էդիլյանը, Արշավիր Շավարշյանը, Տիգրան Ռաշմաճյանը, Մուշեղ Սանթրոսյանը, Շավարշ Սիմոնյանը և ուրիշներ:
1990-ական թվականների վերջերին ՀՀ-ն անդամագրվել է Բոլոնյան կրթական համակարգին՝ կարևորելով նաև հայ մանկավարժական մտքի բազմադարյան փորձն ու նվաճումները, ազգային առանձնահատկությունները: