 | Մելիք-Փաշաև Ալեքսանդր 1905 թ., Թիֆլիս 1964 թ., Մոսկվա |
Դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Մելիք-Փաշաևը դիրիժորական կատարյալ տեխնիկայով, ոճի նուրբ զգացողությամբ, երկի ինքնատիպ մեկնաբանությամբ օպերային արվեստը հարստացրել է բազմապլան և մոնումենտալ ներկայացումներով:
Ալեքսանդր Մելիք-Փաշաևը երաժշտական կրթությունն ստացել է տանը: 1921–31 թթ-ին, ընդհատումներով, եղել է Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնի դաշնակահար, ապա՝ դիրիժոր. ղեկավարել է Վիկտոր Դոլիձեի «Լեյլա», 1924 թ-ին Լենինականի օպերա-օպերետային խմբում` Շառլ Գունոյի «Ֆաուստ», Ժորժ Բիզեի «Կարմեն», Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերային ներկայացումները: 1928– 1930 թթ-ին սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական բաժնում (տեսության դասատու՝ Քրիստափոր Քուշնարյան): Մելիք-Փաշաևը 1931 թ-ից Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր էր, 1953–62 թթ-ին՝ գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է ռուս, արևմտաեվրոպական կոմպոզիտորների 50-ից ավելի օպերային ներկայացումներ. լավագույններից են Ջուզեպպե Վերդիի «Աիդան», «Օթելլոն», Ժ. Բիզեի «Կարմենը», Լյուդվիգ վան Բեթհովենի «Ֆիդելիոն», Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղությունը»: Մելիք-Փաշաևի ստեղծագործական նվաճումներից են նաև Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», Ալեքսանդր Բորոդինի «Իշխան Իգոր», Պ. Չայկովսկու «Պիկովայա դամա» և «Չերևիչկի», Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով», Զաքարե Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի», Ջոակինո Ռոսսինիի «Վիլհելմ Տել», Ջակոմո Պուչչինիի «Չիո Չիո-սան» օպերային ներկայացումները: 1929 և 1932 թթ-ին՝ սիմֆոնիկ համերգներով, 1958 թ-ին Մեծ թատրոնի խմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել Երևանում (ղեկավարել է «Իվան Սուսանին», «Իշխան Իգոր» օպերային ներկայացումները և Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան): 1950–60-ական թվականներին ներկայացումներ է ղեկավարել նաև Պրահայի, Օստրավայի, Լոնդոնի, Բուդապեշտի և այլ քաղաքների օպերային թատրոններում: Մելիք-Փաշաևը գրել է «Տասներկուերորդ գիշեր» (ըստ Վիլյամ Շեքսպիրի) օպերան, սիմֆոնիա, ռոմանսներ՝ Ալեքսանդր Պուշկինի և Իլյա Էրենբուրգի խոսքերով: Մելիք-Փաշաևի անունով կոչվել է Արտաշատի երաժշտական դպրոցը: Մելիք-Փաշաևն արժանացել է ԽՍՀՄ Պետական (1942 և 1943 թթ.), Ֆրանսիայի Մեծ (1953 և 1962 թթ.), Ամերիկայի արվեստների ակադեմիայի (1964 թ.) մրցանակների:
«Մինչև վերջ տրվել թատրոնին, սովորել անընդհատ և կատարելագործվել մշտապես. կարծում եմ՝ այսպես պետք է ապրի և ստեղծագործի յուրաքանչյուր ազնիվ արվեստագետ, որ նվիրվել է թատերարվեստին»: Ալեքսանդր Մելիք-Փաշաև
|