Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մոսկվայի զինանշանը

Տարածքը մոտ 1081 կմ2 է, բնակչությունը՝ 10,53 մլն [արվարձաններով՝ 
14,5 մլն (2009 թ.)]:
Առաջին անգամ հիշատակվել է 1147 թ-ին:
Մոսկվայի  տեխնիկական համալսարանի գլխավոր մասնաշենքը
Ռուսաստանի Դաշնության Կառավարության շենքը Մոսկվայում
«Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի ընդհանուր տեսքը
Մոսկվայի օղակաձև ավտոմայրուղին 
Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանը Մոսկվայի Կարմիր հրապարակում 
(1818 թ., քանդակագործ՝ Իվան Մարտոս) 
Մոսկվայի Նովոդևիչի վանքը
Մոսկվայի Մեծ թատրոնի շենքը
Մոսկվայի Սբ Խաչ հայկական եկեղեցին (հիմնադրվել է 1779 թ-ին, քանդվել 1930-ական թվականներին)
Մոսկվայի Հայկական նրբանցքը
ՀՀ դեսպանության շենքը Մոսկվայում
Մոսկվայում կառուցվող հայկական վանական համալիրի մանրակերտը
Մոսկվան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է, աշխարհի 
խոշորագույն քաղաքներից, համանուն մարզի կենտրոնը, հերոս քաղաք: 

Մոսկվան գտնվում է Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում: Մոսկվայով է հոսում նույնանուն գետը՝ Յաուզա, Սետուն և այլ վտակներով: Միջին բարձրությունը ծովի մակերևույթից 120 մ է: Կլիման չափավոր ցամաքային է, տարեկան տեղումների միջին քանակը՝ 540–650 մմ: 
Մոսկվան արդյունաբերական, մշակութային, կրթական ու գիտական խոշոր կենտրոն է, երկրի եվրոպական մասի տրանսպորտային գլխավոր հանգույցը: Քաղաքում կան երկաթուղային, ավտոմոբիլային ճանապարհներ, գետային նավակայաններ, 4 օդանավակայան («Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Բիկովո»), մետրոպոլիտեն (1935 թ-ից): Արդյունաբերության առաջատար ճյուղերն են ավտոմեքենաշինությունը («Զիլ», «Մոսկվիչ» արդյունաբերական միավորումներ՝ ԱՄ-ներ), հաստոցաշինությունը («Կրասնի պրոլետարի», «Հաստոցաշինական գործարան» ԱՄ-ներ), սարքաշինությունը («Մանոմետր», «Գեոֆիզպրիբոր» ԱՄ-ներ), մետաղագործությունը («Սերպ ի մոլոտ» և այլ գործարաններ), էլեկտրատեխնիկական («Դինամո» և այլ գործարաններ), քիմիական և նավթամշակման («Կաուչուկ», «Կրասնի բոգատիր» ԱՄ-ներ) արդյունաբերությունները, շինանյութերի արտադրությունը: Առաջատար ճյուղերից են նաև տեքստիլ («Տրյոխգորնայա մանուֆակտուրա», «Կրասնայա ռոզա» և այլ կոմբինատներ) ու սննդհամի («Կրասնի օկտյաբր», «Ռոտ ֆրոնտ» և այլ ֆաբրիկաներ) արդյունաբերությունները:
Մոսկվայում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիան և ճյուղային՝ գյուղատնտեսական, բժշկական գիտությունների, կրթության, գեղարվեստի ակադեմիաները, ավելի քան 1000 գիտահետազոտական ինստիտուտներ ու կոնստրուկտորական բյուրոներ, 80 բուհ, ավելի քան 60 պրոֆեսիոնալ թատրոններ՝ Մեծ և Փոքր, Մաքսիմ Գորկու անվան, Անտոն Չեխովի անվան գեղարվեստական, Վլադիմիր Մայակովսկու անվան, Եվգենի Վախթանգովի անվան, Մոսսովետի անվան ակադեմիական, Տիկնիկների կենտրոնական, «Սատիրիկոն», «Սովրեմեննիկ», «Լենկոմ», «Տագանկայի», Ռուսական բանակի կենտրոնական և այլն: Գործում են Ռուսական պետական, Արտասահմանյան գրականության, Պատմության և բազմաթիվ այլ գրադարաններ, «Տրետյակովյան պետական պատկերասրահ» թանգարանային միությունը, Պատմության, Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի և այլ թանգարաններ (74), Լուժնիկիի կենտրոնական մարզահամալիրը և այլ մարզական կառույցներ, որտեղ տեղի են ունեցել XXII օլիմպիական խաղերը (1980 թ.):
Մոսկվայի տարածքում առաջին բնակավայրերը հայտնի են 1-ին հազարամյակի վերջերից: XIII դարի 2-րդ կեսից քաղաքը դարձել է Մոսկովյան իշխանության, XIV դարից՝ Մոսկվայի մեծ իշխանության կենտրոն, XV դարի վերջից՝ Ռուսական միասնական պետության մայրաքաղաք:
1712 թ-ին Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի մայրաքաղաք հռչակվելուց հետո Մոսկվան պահպանել է երկրորդ մայրաքաղաքի և տնտեսական ու մշակութային կարևոր կենտրոնի նշանակությունը: 
1812 թ-ի Հայրենական պատերազմի ժամանակ Նապոլեոն I-ի զորքերը գրավել են Մոսկվան և գրեթե հիմնովին ավերել:
1862 թ-ի գյուղացիական բարեփոխումից հետո քաղաքում աճել է արդյունաբերական ձեռնարկությունների թիվը: XX դարի սկզբին Մոսկվան Ռուսաստանի արդյունաբերական և մշակութային խոշորագույն կենտրոններից էր: 1918 թ-ին Մոսկվան դարձել է ՌԽՖՍՀ-ի, 1922– 1991-ին՝ ԽՍՀՄ-ի, 1991 թ-ից՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը:
Մոսկվայի հնագույն մասն ունի ճառագայթաօղակաձև հատակագիծ: Քաղաքի պատմական կենտրոնը Կրեմլի համալիրն է՝ Կարմիր հրապարակով և Վասիլի Երանելու տաճարով (1550–60 թթ.): Պահպանված հուշարձաններից են Անդրոնիկի (մոտ 1360 թ.), Նովոդևիչի (մոտ 1524 թ.), Դոնսկոյ (մոտ 1591 թ.), Կոլոմնայի Համբարձման եկեղեցին (XVI դար) և այլ մենաստանների, Կուսկովո, Օստանկինո, Կուզմինկի, Ցարիցինո դաստակերտների համալիրները: Պահպանվել են նաև XVII դարի եկեղեցիներ և առանձին շինություններ, XVIII դարի և XIX դարի 1-ին կեսի դասական ոճի բնակելի և հասարակական շենքեր՝ Պաշկովի տունը (այժմ՝ Ռուսական պետական բանկի գլխավոր մասնաշենք), «Ազնվականների հավաքատեղին» (այժմ՝ Միությունների տուն), Մոսկվայի համալսարանի հին շենքը, Մեծ թատրոնը: 
XIX դարի 2-րդ կեսին – XX դարի սկզբին Մոսկվայում երևան են եկել նոր տիպի շենքեր՝ եկամտաբեր տներ, առևտրական ֆիրմաներ, բանկեր, կայարաններ:
1920–30-ական թվականներին Մոսկվայի կենտրոնը վերակառուցվել է, ստեղծվել են խոշոր մայրուղիներ, որի հետևանքով ավերվել են պատմական և ճարտարապետական արժեքավոր հուշարձաններ:
1950-ական թվականների կեսերին տիպային նախագծերով զանգվածաբար կառուցապատվել են քաղաքի շրջանները, ստեղծվել նոր միկրոշրջաններ՝ Հարավարևմտյան, Նովիե Չերյոմուշկի, Խիմկի-Խովրինո (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան և ուրիշներ), Չերտանովո, Տրոպարյովո, Տյոպլի Ստան և այլն: Հետագա տարիներին կառուցվել են նաև խոշոր հասարակական շինություններ, բարձրահարկ շենքեր (այդ թվում՝ համալսարանի նոր շենքը՝ Վորոբյովյան բլուրների վրա), Լուժնիկիի կենտրոնական մարզահամալիրը, Կրեմլի պալատը (ճարտարապետներ՝ Աշոտ Մնդոյանց և ուրիշներ), Նոր Արբատի համալիրը, օլիմպիական մի շարք մարզական կառույցներ:
Մոսկվայում կանգնեցված են Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու (1818 թ.), Ալեքսանդր Պուշկինի (1880 թ.), Կլիմենտ Տիմիրյազևի (1923 թ.), «Բանվորի և կոլտնտեսուհու» (1937 թ.), Տիեզերագնացների (1980 թ.) և բազմաթիվ այլ հուշարձաններ ու խմբաքանդակներ:
Մոսկվայում հայերի բնակության մասին առաջին տեղեկությունները հայտնի են XIV դարի վերջից: XIV–XVI դարերում հայերն  ապրել են քաղաքի Կիտայգորոդի շրջանում, որտեղ ունեցել են խանութների շարք, Հայկական առևտրական տուն, կառուցել են եկեղեցի: XVII դարում հայերը Մոսկվայում պատկառելի թիվ են կազմել. նրանք հիմնականում կենտրոնացած էին Իլյինսկի դարպասների (ներկայումս Հայկական նրբանցքը և նրա շրջակայքը) և Սոլյանկա փողոցի միջև ընկած տարածքում: XVII դարում Մոսկվայում են ստեղծագործել հայ նկարիչներ Բոգդան Սալթանովը և Բելսկիների ընտանիքը:
XVIII դարի կեսին քաղաքի Պրեսնյա արվարձանում կառուցվել է Սբ Աստվածածին, 1779 թ-ին՝ Ստոլպովի (այժմ՝ Հայկական) նրբանցքում՝ Սբ Խաչ (երկուսն էլ չեն պահպանվել), 1815 թ-ին՝ Վագանկովյան գերեզմանատանը՝ Սբ Հարություն եկեղեցիները:
1815 թ-ին բացված Լազարյան ճեմարանը մեծապես նպաստել է XVIII դարի 2-րդ և XIX դարի 1-ին կեսին ծավալված լուսավորական շարժմանը: Մոսկվայում են գործել Միքայել Նալբանդյանը, Մկրտիչ Էմինը, Գրիգոր Խալաթյանը, Ստեփանոս Նազարյանը, Սմբատ Շահազիզը, հայտնի ռազմական գործիչներ Իվան Լազարևը, Վալերիան Մադաթովը, Միքայել Լոռիս-Մելիքովը և ուրիշներ:
Մոսկվայում առաջին հայերեն գիրքը տպագրվել է 1819 թ-ին, իսկ 1829 թ-ին հիմնադրվել է Լազարյան ճեմարանի տպարանը: Մոսկվայի հայկական մամուլի առաջնեկներն էին Ստեփանոս Նազարյանի և Միքայել Նալբանդյանի «Հյուսիսափայլը» (1858–64 թթ.), Մսեր ու Զարմայր Մսերյանցների «Ճռաքաղ» (1858– 1862 թթ.), «Համբավաբեր Ռուսիո» (1861–64 թթ.), «Փարոս» (1872–76 թթ.) և «Փարոս Հայաստանի» (1879–81 թթ.) պարբերականները:
XIX դարի վերջին – XX դարի սկզբին Մոսկվայում լույս են տեսել «Հանդես գրականական և պատմական» տարեգիրքը, «Էմինյան ազգագրական ժողովածուն» և գրական ու գիտական այլ աշխատություններ: Ռուսերեն տպագրվել են Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», «Հայ ժողովրդի պատմության քննությանը վերաբերող ակտերի ժողովածուն» (3 հատոր), «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» հասարակական-քաղաքական և գրական ժողովածուն (1897 թ., ստացված եկամուտները հատկացվել են արևմտահայ որբերին): 
XIX դարի 2-րդ կեսին հայ վաճառականներից շատերը (Թամանցևներ, Բոյաջիևներ, Լիանոզովներ, Ջամգարովներ, Անանովներ, Տարասովներ և ուրիշներ) Մոսկվայում ունեին առևտրական ընկերություններ ու խանութներ: Քաղաքում գործել են հայկական բազմաթիվ հասարակական ընկերություններ (ուսանողական, կրթական, մշակութային, բարեգործական և այլն), քաղաքական կուսակցություններ ու կազմակերպություններ: 
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին վիրավորներին, հայ կամավորներին և գաղթականներին օգնելու նպատակով հայ համայնքը կազմակերպել է Մոսկվայի հայկական կոմիտեն: 1916–18 թթ-ին լույս է տեսել «Արմյանսկի վեստնիկ» (ռուսերեն) շաբաթաթերթը, որը հանդես էր գալիս հայ ժողովրդի պատմական իրավունքների պաշտպանությամբ: Հրատարակվել է նաև 1998–2002 թթ-ին:
1916 թ-ին Մոսկվայում Վալերի Բրյուսովի նախաձեռնությամբ հրատարակված «Հայ պոեզիան...» անթալոգիան ռուս մտավորականության բողոքի ձայնն էր ընդդեմ Հայոց ցեղասպանության:
1921 թ-ին Լազարյան ճեմարանի շենքում բացվել է Հայ մշակույթի տունը, որտեղ գործել են թատերական, երաժշտական և գեղարվեստական ստուդիաներ, կազմակերպվել ներկայացումներ, համերգներ, գեղարվեստական ցուցահանդեսներ: Մոսկվայում գործել  են հանրահայտ հայեր` պատմաբաններ Ալեքսեյ Ջիվելեգովը, Հովսեփ Օրբելին, ռեժիսորներ Եվգենի Վախթանգովը, Ռուբեն Սիմոնովը, դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, դերասան Ռուբենս Չինարովը, կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանը, կրկեսի արտիստ Հարություն Հակոբյանը, կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Միքայել Թարիվերդիևը, երգիչներ Զարա Դոլուխանովան, Պավել Լիսիցյանը, ճարտարապետներ Աշոտ Մնդոյանցը, Կարո Հալաբյանը, նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը, ֆիզիկոսներ Աբրահամ Ալիխանովը, Գուրգեն Ասկարյանը, Իոսիֆ և Ալեքսեյ Սիսակյանները, քիմիկոս Նիկողայոս Ենիկոլոպյանը, կենսաքիմիկոս Նորայր Սիսակյանը, կենսաբան Միքայել Չայլախյանը, տնտեսագետ Ստեփան Սիտարյանը, ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը, մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ծովակալ Հովհաննես Իսակովը, գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը, պետական գործիչներ Ալեքսանդր Մյասնիկյանը, Անաստաս Միկոյանը, Հովհաննես Թևոսյանը, գրող Մարիետա Շահինյանը, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը և ուրիշներ, ստեղծագործում են բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, քանդակագործներ Նիկողայոս Նիկողոսյանը, Ֆրիդ Սողոյանը, դերասան Արմեն Ջիգարխանյանը, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը, կոմպոզիտորներ Կարեն Խաչատրյանը, Կոնստանտին Օրբելյանը, մեխանիկոս Սամվել Գրիգորյանը, ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը, կենսաֆիզիկոսներ Լև Փիրուզյանը, Լևոն Չայլախյանը, տնտեսագետ  Աբել Աղանբեգյանը, էստրադայի արտիստ Եվգենի Պետրոսյանը, մարզիկ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը և ուրիշներ: 
Մոսկվայում է 1805 թ-ին Մինաս Լազարյանի նախաձեռնությամբ հիմնադրված Հայկական Վագանկովո գերեզմանատունը (Վագանկովո գերեզմանատան հայկական հատվածը), որը եղել է Լազարյաններ հայ ազնվականների տոհմական գերեզմանատունը: Այդտեղ թաղված են նաև բազմաթիվ հայ նշանավոր գործիչներ, այդ թվում՝ Սմբատ Շահազիզը, Տիգրան Պետրոսյանը, Միքայել Թարիվերդիևը, Զարա Դոլուխանովան, Մարիետա Շահինյանը և ուրիշներ:
1966 թ-ից Մոսկվան դարձել է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի նորաստեղծ թեմի կենտրոնը:
1990-ական թվականների սկզբին Մոսկվայի հայ համայնքը խիստ ստվարացել է. ԽՍՀՄ փլուզումից հետո ազգամիջյան ընդհարումների և տնտեսական ծանր պայմանների հետևանքով Մոսկվա են տեղափոխվել հայեր Ադրբեջանից, Աբխազիայից, Միջին Ասիայից, նաև Հայաստանի Հանրապետությունից:
1996 թ-ին ստեղծվել են Մոսկվայի կենտրոնական և Հարավային շրջանների հայկական մշակութային, 1998 թ-ին՝ Հայ եկեղեցուն կից Մոսկվայի մյուս շրջանների ինքնավար միությունները: Նորոգվել է Սբ Հարություն եկեղեցին: 
1997 թ-ի փետրվարին գումարվել է Մոսկվայի հայերի ազգային մշակութային ինքնավարության հիմնադիր խորհրդաժողովը: 2000 թ-ի մայիսի 25-ին ձևավորվել է «Մոսկվայի հայ համայնք», իսկ հունիսի 16-ին՝ «Ռուսաստանի հայերի միություն» (նախագահ՝ Արա Աբրահամյան) կազմակերպությունները: 2001 թ-ին Մոսկվայում կազմակերպվել է նաև «Հայերի համաշխարհային կոնգրես» կազմակերպությունը:
Մոսկվայում բնակվում է շուրջ 1 մլն հայ (2009 թ.): Քաղաքում գործում են «Արեգակ» հայկական երիտասարդական կենտրոնը, «Մաշտոց» հայկական լուսավորական ընկերութունը, «Հյուսիսափայլ» հայ-ռուսական մշակութային լուսավորական միավորումը, Մոսկվայի հայկական և «Արարատ» մշակութային, Հայաստանի հետ բարեկամության ընկերությունները, Ռուս-հայկական համագործակցության աջակցման հիմնադրամը, «Արվեստ» հայկական ակումբը, Վետերանների խորհուրդը, «Այգեձոր» հայրենակցական միությունը: 
Հրատարակվում են «Նոյյան տապան», «Հյուսիսափայլ» (երկուսն էլ՝ ռուսերեն), «Միաբանություն» (ռուսերեն-հայերեն) և այլ թերթեր, «Հայաստանը և աշխարհը», «Հայկական նրբանցք», «Գործարար» (բոլորն էլ՝ ռուսերեն) և այլ պարբերականներ: Գործում են ռուս-հայկական միջնակարգ դպրոց, «Վերածնունդ» գիմնազիան, ռուս-հայկական թատրոն: