Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Մորգենթաու Հենրի
1856 թ., ք. Մանհայմ, Գերմանիա
1946 թ., Նյու Յորք
Ամերիկացի դիվանագետ, ազգությամբ հրեա Հենրի Մորգենթաուն 
Մեծ եղեռնի տարիներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանն էր. դատապարտել է 
Հայոց ցեղասպանությունը՝ որպես «ռասայական բնաջնջման գործողություն»:

Հենրի Մորգենթաուն 1865 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, 1877 թ-ին ավարտել է Կոլումբիայի իրավաբանական քոլեջը, հետագայում եղել է ԱՄՆ-ի ժողովրդավարական կուսակցության գործուն անդամներից: 1913–16 թթ-ին նա ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը: 
1915 թ-ից Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի փոխնախագահն էր: Երբ հայտնի է դարձել, որ արևմտահայերի տեղահանության իրական նպատակը նրանց լիակատար բնաջնջումն է, Մորգենթաուն հանդիպել է երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթ և Էնվեր փաշաների հետ, փորձել է կասեցնել կոտորածն ու տեղահանությունը: Դիմելով Թալեաթին` Մորգենթաուն ասել է. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը»: Իր հուշերում, որոնք գրված են Հալեպում ԱՄՆ-ի հյուպատոսի զեկուցագրերի հիման վրա, նա առանձին գլուխներ է նվիրել արևմտահայերի ողբերգությանը:
1916 թ-ին Մորգենթաուն թողել է դեսպանի պաշտոնը` ասելով. «Ես այլևս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր և բարեկիրթ են, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել»: 
Մորգենթաուի «Հայկական ջարդերի առթիվ» (1918 թ.), «Ինչու պետք է կործանել Օսմանյան կայսրությունը» (1918 թ.), «Հայաստանը կանչում է» (1918 թ.), «Կոչնչանա՞ արդյոք Հայաստանը» (1920 թ.), «Հայերի կոտորածները 1915-ին» (1922 թ.) հոդվածները և «Հայաստանի ողբերգությունը» (1918 թ.), «Բոսֆորի գաղտնիքներ. 1913–1916» (1918 թ.), «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» (1918 թ., հայերեն՝ 1919 թ.) գրքերն արժանահավատ վկայություններ են Մեծ եղեռնի մասին: Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր: Մորգենթաուն դատապարտել է նաև եվրոպական տերությունների անտարբերությունը հայերի հալածանքների նկատմամբ, որն էլ իր հերթին խրախուսել է թուրք ջարդարարներին:
1919 թ-ին Մորգենթաուն գլխավորել է Լեհաստանում հրեաների դրությունն ուսումնասիրող հանձնաժողովը, 1923 թ-ին նշանակվել է Ազգերի լիգայի փախստականների գործերով հանձնաժողովի նախագահ, կազմակերպել Թուրքիայից հույների տեղափոխումը Հունաստան և Հունաստանից թուրքերի տեղափոխումը Թուրքիա: 
Մորգենթաուն եղել է միջազգային Կարմիր խաչի կազմակերպիչներից և ղեկավարել Ամերիկյան Կարմիր խաչը, զբաղվել է բարեգործությամբ, հատկապես խոշոր նվիրատվություններ է արել թանգարաններին: Նա գործուն մասնակցություն է ունեցել նաև հրեական հասարակական-կրոնական կյանքին, եղել հրեական «Բնեյ Բրիտ» կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ: 
Հայոց ցեղասպանության թանգարանին կից Հուշապատի վերջնամասում, ի թիվս այլ մտավորականների և գործիչների, որոնք բողոքել են Հայոց ցեղասպանության դեմ, ամփոփվել է նաև Մորգենթաուի շիրմից բերված հողով սափորը:
Տես նաև Մեծ եղեռն:

   «Ես վստահ եմ, որ մարդկության պատմության ողջ ընթացքում չի եղել այդպիսի սարսափելի իրադարձություն, ինչպիսին սա է: Անցյալի զանգվածային սպանություններն ու հալածանքներն աննշան են թվում 1915 թ-ին հայ ժողովրդի կրած տառապանքների համեմատ»:
 Հենրի Մորգենթաու
   «Մորգենթաուն առաջին ամերիկացին է, որն աշխարհին իրազեկել է հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի գործած զանգվածային հանցագործությունների մասին»:
 Ամերիկայի Հայկական ազգային ինստիտուտ