Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Ներսես Ե Աշտարակեցի
1770 թ., գ. Աշտարակ (այժմ` Արագածոտնի մարզկենտրոնը)
1857 թ., 
ք. Վաղարշապատ 
(այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)

«Ներսես Ե Աշտարակեցի» (նկարիչ՝ Հակոբ 
Հովնաթանյան)
Ներսես Ե Աշտարակեցու հուշարձանը Աշտարակում (2009 թ., քանդակագործ` Գետիկ Բաղդասարյան)
Ներսես Ե Աշտարակեցին ազգային-ազատագրական շարժման գործիչ է, Ամենայն հայոց կաթողիկոս 1843–57 թթ-ին:

Ներսես Ե Աշտարակեցին (ավազանի անուն-ազգանունը` Թորոս Շահազիզյան) սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում: Երևանյան առաջին արշավանքի (1804 թ.) ժամանակ օգնել է ռուսական զորքերին: 
1814 թ-ին նշանակվել է Վրաստանի հայոց հոգևոր թեմի առաջնորդ. ծավալել է տնտեսական և կրթական գործունեություն, 1824 թ-ին Թիֆլիսում հիմնադրել է Ներսիսյան դպրոցը: 1826 թ-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկական կամավորական խմբեր, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը: Երևանի գրավումից հետո նշանակվել է երկրամասի ժամանակավոր վարչության անդամ: Նշանակալի դեր է կատարել Պարսկաստանից հայերի ներգաղթը կազմակերպելիս: 
Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արքեպիսկոպոսի ձգտումները հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է Այսրկովկասից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ (1828 թ.): 
Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Ե Աշտարակեցին վերադարձել է Էջմիածին, պայքարել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգությունների դեմ, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ: 
1847 թ-ին կաթողիկոսը Վաղարշապատում հիմնել է ընդարձակ անտառ: Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի հարաբերությունները: 1840-ական թվականների կեսից նրա առաջնահերթ նպատակը դարձել է ռուսական ցարի հաստատած «Պոլոժենիե»-ով («Կանոնակարգ») կաթողիկոսի ոտնահարված իրավունքները վերականգնելը: Այդ պայքարում նա հաճախ անտեսել է «Պոլոժենիե»-ն և գործել ինքնուրույն: 
Իր ձեռքում կենտրոնացնելով եկեղեցական ողջ իշխանությունը՝ Ներսես Ե Աշտարակեցին չի համալրել Սինոդի կազմը, սահմանափակել է թեմակալ առաջնորդների իրավունքները և աչալրջորեն վերահսկել աթոռապատկան եկամուտները: Ավելին` կազմել է տվել «Պոլոժենիե»-ին հակադիր՝ Հայ եկեղեցու նոր կանոնադրություն (ավանդական կարգի հիման վրա), որով եկեղեցու գործերի վարչությունը կենտրոնացվել է կաթողիկոսի ձեռքում՝ ի չիք դարձնելով ցարական կառավարության հետապնդած նպատակները: Կաթողիկոսը, ազատվելով Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու պատրանքներից, աջակցել է ազգային-պահպանողական մի հոսանքի, որի խնդիրն ամենից առաջ Հայ եկեղեցու ազգային ոգու և ավանդական կարգի պահպանումն էր:
Եկեղեցու և կառավարության հարաբերություններում վարել է զգուշավոր քաղաքականություն` հատկապես հայ ժողովրդի և տվյալ տերության (Ռուսաստան, Թուրքիա, Պարսկաստան) փոխհարաբերություններում: Իր կոնդակներով, գրություններով հայության տարբեր հատվածներին շարունակաբար հորդորել է զերծ մնալ տվյալ տերության դժգոհությունը հարուցող քայլերից:
Ներսես Ե Աշտարակեցին պարգևատրվել է Ռուսաստանի Սբ Աննայի առաջին աստիճանի (1816 թ.) և Ալեքսանդր Նևսկու (1828 թ.) շքանշաններով:
Ներսես Աշտարակեցու անունով կոչվել են դպրոց և փողոց Աշտարակում, կենտրոնական հրապարակում կանգնեցվել է նրա հուշարձանը (2009 թ., քանդակագործ` Գետիկ Բաղդասարյան,  ՀՀ նախագահի մրցանակ` 2010 թ.):
   «Մեծագործությանց ձեռք զարնող երևելի անձանց թվում Հայոց Ներսես արքեպիսկոպոսից նշանավորը չկա Թիֆլիսի մեջ»:
Գամբա, 
ֆրանսիացի ճանապարհորդ
   Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է` 
«Պաշտպան հայրենյաց»: