 | Ներսիսյան Հրաչյա 1895 թ., ք. Նիկոմեդիա (այժմ՝ Իզմիթ), Թուրքիա 1961 թ., Երևան (թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում) |
 | Հ. Ներսիսյանը Մեք Գրեգորի դերում (Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») |
 | Հ. Ներսիսյանը Պրոտասովի դերում (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ») |
 | Հ. Ներսիսյանը Աթանեսի դերում («Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 թ., կինոնկար) |
Դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանը հայ թատրոնի խոշոր դեմքերից է. համամարդկային իդեալներով ներշնչված նրա արվեստը մեծ ավանդ ու խոր հետք է թողել թատրոնի և կինոյի պատմության մեջ:
Հրաչյա Ներսիսյանը սովորել է Կոստանդնուպոլսի ֆրանսիական Սեն Բարբ և ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ ինքնուրույն սովորել է լեզուներ. բնագրով կարդացել է ֆրանսիացի, անգլիացի և թուրք գրողների երկեր, խոսել է արաբերեն ու իտալերեն: Ապագա դերասանի նկարագրի ձևավորմանը նպաստել է ծանոթությունը Դանիել Վարուժանի և Կոմիտասի հետ: 1915 թ-ին Կոստանդնուպոլսում Ներսիսյանը մասնակցել է Հայ դրամատիկ և Արշակ Պենկլյանի օպերետային խմբերի ներկայացումներին: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին ծառայել է թուրքական բանակում որպես թարգմանիչ. Մերձավոր Արևելքի երկրներում ականատես է եղել հայերի կոտորածներին: 1918 թ-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս և վերստին խաղացել Ա. Պենկլյանի խմբում: 1919 թ-ից ռեժիսոր և դերասան Մկրտիչ Ջանանի «Հայ դրամատիկ» թատերախմբի դերասան էր. խաղացել է Օթարյանի, Մուրադի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի») դերերը: Թատերախմբի հաջորդ ղեկավարին՝ ռեժիսոր Օվի Սևումյանին, Ներսիսյանը համարել է իր «առաջին և մեծ ուսուցիչը»: Նա 1920 թ-ին Հովհաննես Աբելյանի (Լիր) հետ հանդես է եկել Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացման մեջ՝ Էդգարի դերով: 1923 թ-ին Ներսիսյանը հայրենադարձել է: Նույն թվականից եղել է Երևանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) դերասան: Թատրոնում հղկված և բյուրեղացած դերասանական տաղանդով նա դարձել է հայ բեմի և կինոյի առաջնակարգ դերասաններից, արժանացել համաժողովրդական ճանաչման ու սիրո: Բեմական գործունեության առաջին իսկ շրջանում Ներսիսյանն ստեղծել է հուզական ու անմիջական հզոր կերպարներ: Նա վերամարմնավորման արվեստի մեծ վարպետ էր, որին միաժամանակ մատչելի էին ողբերգական, դրամատիկական, կատակերգական և գրոտեսկային (գեղարվեստական ժանր է, որտեղ ընդգծված և խտացված են կերպարի ու երևույթների հատկանիշները և համադրված՝ կատակերգականն ու ողբերգականը) դերերը: Անձնավորման արվեստի հարուստ արտահայտչամիջոցներով հավաստի և համոզիչ կերպարներ է ստեղծել թե՜ դասական, թե՜ ժամանակակից պիեսներում: 1920-ական թվականների լավագույն կերպավորումներից են Խլեստակովը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Հայնրիխը (Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»), Անտոնիոն, Համլետը (Վ. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Համլետ»), Ժադովը (Ալեքսանդր Օստրովսկու «Արդյունավետ պաշտոն»), Քեբոտը (Յուջին Օ՜ Նիլի «Սերը ծփիների տակ»), Բերսենևը (Բորիս Լավրենյովի «Բեկում») և այլն: Ներսիսյանի դերասանական վարպետությունը 1930-ական թվականներին լիովին բացահայտվել է Ֆալստաֆի, Օթելլոյի (Վ. Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո»), Պլատոն Կրեչետի (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), Էլիզբարովի (Շիրվանզադեի «Պատվի համար») դերակատարումներով: Մարդկային հոգու խորքը թափանցելու նրա զարմանալի կարողությունն առավել արտահայտվել է Օթելլոյի անձնավորմամբ:  | Հ. Ներսիսյանը Պաղտասար աղբարի դերում (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար») |
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին Ներսիսյանն անձնավորել է Գևորգ Մարզպետունու (Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»), Սաֆոնովի (Կոնստանտին Սիմոնովի «Ռուս մարդիկ») և հայրենասիրական այլ կերպարներ: 1940–50-ական թվականների լավագույն դերերից են Անհայտը (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Պրոտասովը (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»), Լիրը (Վ. Շեքսպիրի «Լիր արքա») և այլն: Ներսիսյանն իր ստեղծած կերպարներում ընդգծել է այն, ինչն արժանի է պաշտպանության և կարեկցանքի, վերապրումի բարձր արվեստով իր դերերին հաղորդել է նուրբ հուզականություն: Նրա գլուխգործոցներից է Պաղտասար աղբարի դերակատարումը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), որը բնութագրվել է՝ «լաց՝ ծիծաղի միջից»: Ներսիսյանի վերջին դերակատարումը թատրոնում Մեք Գրեգորն էր (Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»): Ներսիսյանը հայկական կինոյի առաջին դերասաններից է. դերակատարումներին բնորոշ են անսպասելի և ժամանակին համահունչ լուծումները: Նկարահանվել է շուրջ 30 ֆիլմում՝ Ռուստամ («Նամուս», 1925 թ.), Համբո («Գիքոր», 1934 թ.), Պեպո («Պեպո», 1935 թ.), Հակոբյան («Զանգեզուր», 1938 թ.), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ»,1944 թ.), Էլիզբարով («Պատվի համար», 1956 թ.), Վարունց («Առաջին սիրո երգը», 1958 թ.), Ղամբարյան («Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 թ.), Ներսես աղբար («Տժվժիկ», 1961 թ., վերջին դերը կինոյում) և այլն: Ներսիսյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1941 թ.): Հրաչյա Ներսիսյանի անունով Երևանում կոչվել է փողոց:
«Նրա (Հ. Ներսիսյանի) տաղանդը նման էր դիցաբանական ոսկե թռչունին, որը, չնայած այրվում ու մոխրանում է, սակայն միշտ վերածնվում է սեփական մոխրից: Նա մեծ արտիստ էր»: Վահրամ Փափազյան, դերասան «Հրաչյա Ներսիսյանը բնության այն շնորհներից է, որ մարմնավորում է վեհ մարդկայնությունը, դերասանական տաղանդն ու խորաթափանց իմաստնությունը»: Մարտիրոս Սարյան, նկարիչ
|